ՄԵՐ ՈՒՇԱՑԱԾ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՈՎ

Արդէն ետեւում են մնացել բեմային լոյսերն ու կերպարանափոխութիւնները, ներկայացումների յաջողութիւնները` ծափերն ու գովեստները, հանդիպում-հարցազրոյցներն ու հաղորդումները, եւ ժամանակն է, որ իմ տուածի դիմաց իմ ստացած տպաւորութիւնները` մեր երկրի ու մեր ժողովրդի այսօրուայ վիճակի եւ մեր բոլորին յուզող մեր ապագայի մասին, կիսեմ քեզ հետ, սիրելի՛ ընթերցող:

Ինչպէս միշտ, այս անգամ էլ իմ անկողմնակալ խորհրդածութիւնների հաւաքածուն ինձ հրահրում է հաղորդակցուելու քեզ հետ:

Մայիսի առաջին կէսն էր, աւարտուել էին ապրիլեան միջոցառումներն ու ձեռնարկները, ժողովուրդը «հանգստացել» էր սիրտ կեղեքող եղեռնեան մանրամասներ լսելուց, չորացել էին Եղեռնի զոհերի կոթողին դիզուած յիշատակի ու յարգանքի լեռ դարձած ծաղիկները, եւ ժողովուրդը կրկին ամբողջովին մխրճուել էր իր կենցաղային հոգսերի մէջ, երբ ես Հայաստան էի ոտք դնում, կրկին ապրիլեան թեմայով, իմ մենաներկայացմամբ:

Սովորաբար ապրիլեան իմ ձեռնարկները ձգւում են մինչեւ մայիսի վերջը, յաճախ էլ կրկնւում տարուայ մէջ, բայց Հայաստանի համար ես յատուկ միտումով մայիս ամիսն եմ սահմանել:  Չեմ ուզում ապրիլեան Եղեռնին նուիրուած խճողուած, իրարայաջորդ միջոցառումներից «ազատուած» ժողովրդին միանգամից հանգիստ թողնել, նրան ամբողջովին կտրել իրեն հաց ու ջրի չափ այնքան կարեւոր նիւթից` մեր ազգի դէմ կատարուած հրէշաւոր ոչնչացումից բխող մեր անելիքներից: Ուզում եմ որոշ դադարից յետոյ, արդէն բաւական տեղեկութեամբ լեցուած ժողովրդի միտքն ու ուշադրութիւնը, կրկին կենտրոնացնել նոյն հարցի շուրջ, աւելի խոր հետեւութիւնների յանգելու, է՛լ աւելի լայն ու մանրամասն տեղեկութիւն փոխանցելու, նրան մղելու իր առաջնային խնդրի` ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹԵԱՆ ՀՐԱՏԱՊՈՒԹԵԱՆ անհրաժեշտութեան գիտակցումին ազգային կեանքում:

Ես մեկնում էի Ֆրանց Վերֆելի «Մուսա Լերան 40 օրերը» թատրերգութեան վերածած իմ գործը ներկայացնելու:

Այս գործը աշխարհի տարբեր ծայրերում եմ ներկայացրել, իսկ 2005 թ.-ին նաեւ` Երեւանի Սպենդիարեանի անուան օփերային թատրոնում, բնականաբար կազմակերպողները մտահոգ էին, որ ժողովուրդը մէկ անգամ արդէն տեսած լինելով` երկրորդ անգամ չի գալու ներկայացման: Բայց ինչպէս ամսաթուի, այդպէս էլ ներկայացման իմ ընտրութեան հարցում նրանք կրկին սխալ դուրս եկան: Ժողովուրդը ոչ միայն երկրորդ անգամ եկաւ լսելու, այլ կարծես եկաւ պահանջ զգալով, եկաւ նորոգուելու, լեցուելու, մաս դառնալու այն պատգամին, որը տարել էի ինձ հետ` հազարաւոր մղոններ կտրելով, երկրագնդի մէկ այլ ծայրից` Ամերիկայից:

Ապրիլեան իմ ներկայացումների ասելիքից, որը սովորաբար նուիրուած է լինում Տէր Զօրից մեծ տանջանքներով փրկուած իմ պաշտելի մեծ մօր` Մարիձա Աստուրեանի եւ մեր միլիոնաւոր զոհերի յիշատակին, այս տարի ես անցել էի արդէն մեր ուշացած պահանջատիրութեան անհրաժեշտ հրատապութիւնը առաջնահերթ խնդիր դարձնելուն:

Երկար տարիներ զուր կորցնելով Թուրքիոյ մեր Ցեղասպանութեան լինել-չլինելը հաստատելու նրա բծախնդիր մշակած խաղում, այդ խաղին կուլ գնացող մեր կառավարութեան եւ ժողովրդի լուռ համաձայնութեան վտանգաւոր արդիւնքը տեսնելով` դրանից բխող մեզ սպառնացող վերջնական մեծագոյն կորուստի զգացողութիւնը ինձ ստիպեց մեր պահանջատիրութեան հրատապութիւնը հարց դարձնել, հրապարակագրութիւնից այն անմիջական բեմ հանել` ապաւինելով արուեստի անժխտելի ազդեցութեանը, բեմական խօսքի ուժով ժողովրդի մտքի մէջ դրոշմել իր եւ իր սերունդների ապագային տէր կանգնելու անհրաժեշտութիւնը,  100 տարուայ մօտեցող մեր անտեսուած պահանջատիրութեանը քաղաքական դիմագիծ տալ, այն դարձնել իւրաքանչիւր հայի արժանապատիւ գոյատեւելու գործընթաց:

Իմ ներկայացումների նախամուտքը ես արդէն երկար տարիներ է դարձրել եմ մարդկային, հասարակական, քաղաքական հարցադրումների մեկնակէտ, որտեղ առաջադրուող խնդիրները ներկայացման նիւթի հետ շաղախուելով` հանդիսատեսին եմ ներկայացնում համոզուած, որ այդ ամէնը իրար շաղկապուած դաջուելու են նրանց մտքի եւ հոգու ոլորտներում եւ անխուսափելիօրէն, վաղ թէ ուշ, ազդեցութիւն գործելու: Իսկ այդ երեկոյ իմ ներկայացումը սկսեցի մեր անտեսուած պահանջատիրութեան վերլուծմամբ, ցաւով եւ ամօթով յիշեցնելով, որ «մեր անկախ պետականութեան 20 տարիների ընթացքում ոչ միայն չմշակուեց մեր պահանջատիրութեան ծրագիրը, այլ ամէն ինչ արւում է ներելու եւ զիջելու թշնամուն` մեր եւ մեր սերունդների իրաւունքները»: Այդ օրուայ ներկայացումով ուզում էի մէկ անգամ եւս յիշեցնել ու կենտրոնացնել հանդիսատեսի ուշադրութիւնը այն իրականութեան վրայ, թէ ինչպէ՛ս «օտար մի գրող մեր զոհերի, նոյնիսկ ապրողներիս անունից, ոչ միայն դատապարտեց աշխարհին նրա բռնած գիտակցական մեղսակից լռութեան համար, այլ առաջին անգամ գոռաց չարաչար ոտնակոխուած մեր իրաւունքների մասին, իսկ մենք այսօր դեռ լռում ենք, եւ աւելի՛ն` մեղսակից դառնում մեր իրաւունքները ի սպառ ջնջելու մեր կառավարութեան դատապարտելի քայլերին»:

Իւրաքանչիւր անգամ այս գործը ներկայացնելիս իրապէս զարմանում եմ եւ իմ զարմանքը կիսում այդօր ներկաների հետ «թէ` ինչպէ՛ս օտար մի մարդ, աւստրիացի մի գրող մեր պահանջատիրութեան առաջին խօսնակը դարձաւ` իր գլխաւոր հերոսի բերանով յայտարարելով. «Ինչո՞ւ ես պիտի հեռանամ իմ պապենական հողից», իսկ մենք այդ պապենական հողերը հեշտօրէն ուզում ենք զիջել թշնամուն, որ մի քիչ աւելի թուացեալ «բարեկեցիկ» կեանք ապրենք: Նոյն հերոսի բերանով այս մեծ գրողը մեր անունից յայտարարեց. «Հայրենակիցնե՛ր, մենք մեր պապենական հողերից ոչ թէ պիտի փախչենք, այլ` հեռանանք իբրեւ անպարտելի զինուորներ»: Մէկ անգամ եւս յիշեցնելով ներկաներին, որ մենք չենք փախել մեր հողերից եւ նրանք ոչ թէ գրաւել, այլ բռնագրաւել են այդ հողերը, ուստի լիիրաւ տիրոջ դիրքից ելնելով է, որ պահանջատէր ենք դառնալու` առանց վայրկեան իսկ կորցնելու:

Այս սուր դիտողականութեամբ իմ ներկայացումը սկսելով` անդրադառնում եմ նաեւ այն հարցին, որ մեր ժողովրդի հերոսամարտերից միայն այս մէկն է, որ աշխարհաճանաչ դարձաւ, անմահացաւ` շնորհիւ Վերֆել անունով մի փառահեղ օտար ստեղծագործողի: Մինչդեռ մեր միւս հերոսամարտերը միայն երգեր դարձան, որով յաճախ ոգեւորւում ենք, երիտասարդութեան մէջ հայրենասիրութեան կրակը իբր թէ անմար պահում: Իսկ մեր նորօրեայ արցախեան հերոսամարտը, որը ամբողջովին փոխեց միայն կոտորուողի մեր հոգեբանութիւնը, դեռ սպասում է մի օտար գրողի, որ անմահանայ: Այդ օր դահլիճում տասնեակ մտաւորականների կողքին էին նաեւ մեր արցախեան հերոսներից շատերը, այդ հերոսամարտում զոհուածների ընտանիքի հրաւիրեալ անդամները, զօր. Արկադի Տէր Թադեւոսեանը` Քոմանտոսը եւ կարծես ողջ ներկայացումը իրական դիպուած լինէր:

Ես երջանիկ էի, որ այդ օր իւրաքանչիւր հայ հեռացաւ դահլիճի կիզիչ մթնոլորտից իր հետ տանելով իր հոգում խլրտացող մի նոր հարց. արդեօ՞ք ինքը իրաւունք ունի լռութեան մատնելու իր արդար պահանջատիրութիւնը: Արդեօ՞ք իր չէզոքութեամբ նա մեղսակից չէ այսօրուայ կառավարութեան պահանջատիրութեան պետականօրէն մշակուած ծրագիր չունենալու բացթողումին: Եւ բաւական չէ՞ յոյս դնել, ապաւինել օտարների «գթասիրտ» օգնութեանը:

Յաջորդ օրերի թերթերի եւ ձայնասփռուած  հարցազրոյցներում զգացի, որ ինձ հետ խուսափում են քաղաքական հարցեր շօշափելուց, բայց ես շարունակում եմ մեր ուշացած պահանջատիրութեան հարցը կառավարութեան հրատապ ծրագիր դարձնելու իմ կոչը:

Ընդհանրապէս ժողովուրդը միայն տարուած է իր առօրեայ ապրուստով, նրան բոլորովին չի հետաքրքրում իր բռնազաւթուած հողերի ճակատագիրը: Չի հետաքրքրում նոյնիսկ մեր տարածքների, դրանց օգտագործումից ստանալիք եկամուտները, որով ինքը նիւթական աւելի բարեկեցիկ կեանք կ՛ունենայ: Իսկ եթէ այս ամէնը կառավարութեան ծրագիր դառնար, նա ինքնապատառ վազելու, թիկունք  էր կանգնելու կառավարութեանը, ինչպէս, որ թիկունք կանգնեց եւ դեռ սպասում է Թուրքիոյ հետ յարաբերութեան վերակենդանացմանը, սահմանների ազատ բացմանը: Դրա համար էլ նա դժգոհ է ներկայ կառավարութեան ոչ թէ արտաքին, այլ ներքին քաղաքականութիւնից, քանի որ վատ է ապրում: Նա ամբողջովին կլանուած է իր նիւթական կեցութեամբ: Դրանից ելնելով էլ դժգոհ է ամէն ինչից, եւ քանի որ իր դժգոհութիւնը արհամարհւում է նաեւ այս կառավարութեան կողմից, այդ երկարատեւ արհամարհանքից մի տեսակ չարացած արմատական դժգոհութիւն է ձեռք բերել, որն արդէն բնաւորութիւն դարձրած` ապրում է: Հասարակ քաղաքացուց մինչեւ հեռուստատեսային ներկայացումները, սովորական պարզ վիճաբանութիւնները, գրական-հասարակական հանդիպումները` ամէն ինչում այդ չարացած դժգոհութեան նկատելի դրոշմը կայ:

Շուտով 20 տարի է լրանալու խորհրդային կարգերի փլուզումից, բայց դեռ ժողովուրդը եւ իշխանութիւնը շարունակում են հարցերին նայել, այն վերլուծել անցեալ, իրենց համար արդէն միս ու արիւն դարձած հոգեբանութեան եւ մտածողութեան սահմաններում: Այսինքն կառավարութիւնը կողոպտում է, ժողովուրդը կառավարութիւնից է սպասում իր ապրուստը:  Այս մասին խօսուել է միշտ, բայց երբեք միջոցներ չեն ձեռնարկուել ժողովրդի գործելակերպը, մտածելակերպն ու հոգեբանութիւնը ձերբազատելու հին կարգերի պահանջներից:  Նրանք այնքան են տարուած իրենց պահանջով, որ ամէն ինչ բացասական են ընդունում, մինչեւ իսկ չեն ուզում նկատել, ընդունել նոյնիսկ իրենց օգտին կատարուող փոփոխութիւնները:

Երեւանի նոր քաղաքապետը արգիլել է ոչ առողջապահական, մաքրութեան պայմանները չգոհացնող, փողոցների անկիւններում, շէնքերի կամարների տակ մանր առեւտուրը, յատկապէս` պտղի, բանջարեղէնի, ուտեստեղէնի: Փակում է մսի այն կրպակները, ուր կեղտոտութիւն ու առողջութեան համար անհաւատալի, ահաւոր վտանգաւոր վիճակ է տիրում, ուր միսն ու ձկնեղէնը վաճառւում է առանց համապատասխան քննութեան, սառնարանների բացակայութեամբ:  Նրանք չեն ուզում ընդունել, որ դա արւում է իրենց առողջութեան համար:

Քաղաքը մաքրւում է ամէն անկիւնում յայտնուած մանր չարչիական կրպակներից: Ինչպէս աշխարհի զարգացած երկրներում, այստեղ էլ փոքր առեւտուրը կենտրոնանում է ծաւալով մեծ տեղերում, դրանով, ճիշդ է, վերանում է փոքր առեւտուրը, անգործութիւնն է աւելանում, բայց միւս կողմից քաղաքը վերանորոգւում, ժամանակակից տեսք է ստանում, առեւտրի այլ ձեւերն են զարգանում: Այս երեւոյթը ամբողջ աշխարհում է դժուարութիւն յարուցում, բայց քանի որ մեր ժողովուրդը կենտրոնացած է միայն իր ապրուստի վրայ, չի ուզում ընդունել դրանից դուրս կատարուող որեւէ փոփոխութիւն: Նա միայն ուզում է ինքը ունենալ, քաղաքը, երկիրը, նրա պահպանութիւնը, նորոգումը, զարգացումը ամենեւին իրեն չեն հետաքրքրում, եւ չի ուզում յարմարուել նոր յարաբերութեան: Միւս կողմից էլ այս նորութիւնները միակողմանի շահի աղբիւր ծառայելով, անօրէն գործարքներով միայն մի որոշ աւազակների անյատակ գրպանները ուռճացնող, աւելի են սրում ժողովրդի ատելութիւնը նոր յայտնուող երեւոյթների հանդէպ: Այսպիսով, ժողովուրդը կարծես բոլորովին կորցրել է  կողմնորոշման, ստեղծելու, դժուարութիւն յաղթահարելու ընդունակութիւնը, հային յատուկ լուսաւոր հաւատը:

Կողմնորոշման կորստի փայլուն վկայութիւններից հիմնականը ԼՏՊ-հաւաքներին նրա շուարած ներկայութիւնն է:

Քաղաքի երթեւեկութիւնը թէեւ ահաւոր խճողման է հասել, յատկապէս շատացել են մեծ մեքենաները` ԷՍԵՈՒվիները (դեռ բողոքում են, որ դրամ չունեն), բայց մխիթարական է գոնէ, որ բարելաւուել են երթեւեկութեան կանոնները: Փողոցային անցումները աւելի ապահով են դարձել, մարդիկ համբերութեամբ սպասում են իրենց երթեւեկի կանաչ լոյսին: Սա հսկայական փոփոխութիւն է, յատկապէս` իրենց կեանքի ապահովութեան համար: Բայց նրանց չես կարող մատնացոյց անել որեւէ լաւ փոփոխութիւն, մէկ է` իրենց նիւթականն են առաջ քշելու, կարծես Տարֆուրի սովեալների վիճակին մատնուած լինեն:

Իմ հապճեպ հաւաքագրումը ընդհատւում է, քանի որ Արցախ եմ մեկնում նոյն ներկայացումը` այնտեղ էլ տալու: Սա իմ երկրորդ այցն է, երկրորդ ներկայացումը` Ստեփանակերտում: Ինը տարի առաջ Ստեփանակերտի Մայր թատրոնում տեղի ունեցաւ իմ ներկայացումը:

Այդ տարի դեռ Երեւան-Արցախ ճանապարհաշինութիւնը չէր աւարտուած, «Հայաստան» հիմնադրամը միայն կէս ճանապարհն էր յղկած, կուպրապատուած: Այսօր այն ծայրէիծայր յղկուած ու վերջացած է, բայց ինչպէս երեւում է ճանապարհաշինական ընկերութիւնները, ըստ իրենց սովորութեան, իրենց գործը թերի են կատարել: Ճանապարհի մեծ մասը վերանորոգում են, որի պատճառով դժուարանում է երթեւեկը: Բնական է` այն անվերջ վերանորոգուելու է, բայց ասֆալթի բարակութիւնը ինքնին ամէն ինչ է ասում:  Այդպիսի բանուկ, ծանրաբեռնուած ճանապարհ, բնութեան սուր եղանակի փոփոխութիւններով, պահանջում է աւելի հոգատար եւ ճիշդ կառուցում: Ի վերջոյ, հսկայական դրամ է յատկացւում, սփիւռքը իրեն է կոտորում դրամ հասցնելու համար: Մի՞թէ բարեխղճութիւնը, մարդկային կեանքի ապահովութիւնը, իր տեղը այսքան զիջելու է գրպանատիրութեան պահանջին:

Անշուշտ բոլորին յայտնի է այդ ճանապարհի զգլխիչ գեղեցկութիւնը, եւ չեմ ուզում ձեր ժամանակը խլել այդ նկարագրութեամբ, միայն փորձում եմ ձեր ուշադրութիւնը կենտրոնացնել մէկ այլ հարցի վրայ: Ճանապարհի աջ կողմում ընկած Սիւնիքի գեղատեսիլ լեռներում մենք զբօսաշրջութեան անկրկնելի ձգողական վայրեր ունենք, որոնք միայն մենք գիտենք, մէկ էլ հաւանաբար` զբօսաշրջային ընկերութիւնները:  Բացի մի քանի եկեղեցիներից ու մատուռներից, բնութեան այդ հրաշքները երբեք չեն դարձել մեր կառավարութեան հոգածութեան նիւթ:  Ամբողջ ճանապարհին բացակայում են այդ հրաշք վայրերը նշող, մարդու ուշադրութիւնը մագնիսացնող, պատկերազարդ ցուցանակ- ազդագրեր` Տաթեւի վանքի, Շաքիի ջրվէժի, Քարահունջի, Գորիսի լեռներում փորուած ժայռաբնակ տների մասին:

Այս տարի ես եղայ նաեւ Թազմանիայում եւ հիացումով ու նախանձով ընդունեցի նրանց` իրենց ունեցածը խելացիօրէն, կազմակերպուած ցուցադրելու, հրամցնելու, մարդկանց գրաւելու կարողութիւնը: Մղոններ ես կտրելու դիտելու համար լճի մի փոքրիկ հատուած, որին «շամփեյնի բաժակի» են նմանեցրել ու այդպէս անուանելով` հսկայական դրամ են շահում բնութեան ձրիօրէն ստեղծած գեղեցկութիւնը այդ երկիր մտնողին ցոյց տալու համար: Կամ` մագլցել ժայռեր ու դիտել շուրջդ թափուած կարմրագոյն ժայռեր: Մղոններով ծուռ ու մուռ անտառով քայլել` առանց ձեռք իսկ տալու որեւէ բոյսի կամ քարի, պարզ հիանալ, դարերի խորհուրդը ապրել ու հեռանալ` առանց որեւէ բան պակասեցնելու, մտածելով նաեւ սերունդներին այն հասցնելու մասին:

Այդ բոլոր տեսարժան վայրերը այցելելու համար հարկ չունես զբօսաշրջական կենտրոններ վազելու: Ամէն տեղ` ցուցանակներ, ազդագրեր, տեղեկութիւններ: Եւ աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գալիս են այդ հեռաւոր անկիւնը` նրանց արժէք դարձրած բնութեան հարստութիւնը վայելելու, երկիրը հարստացնելու, այդ ամէնը պահպանելու:

Աշխարհում քանի՞ երկիր ունի Գորիսի ժայռաբնակ տները` հսկայ ժայռերի մէջ իրար վրայ հիասքանչ «ճարտարապետութեամբ» դասաւորուած, ցցուած, արձանաձեւ ժայռախմբերով շրջապատուած, մարդկային պարզ ու խելացի մտքի աշխատանքով ստեղծուած ու դարեր պահպանուած:  Վստահաբար դա էլ, մեր ազգային այլ հարստութիւնների` հանքերի, բնական նիւթերի արտահանման հետ, թողնում ենք, որ օտարները գան, գնեն, պահպանեն մեզ համար, դրամները իրենց շահ դարձնեն, իսկ մենք նայենք ու դժգոհենք ու գնալով սնանկանանք:

Կրկին Արցախի մշակոյթի նախարարութեան հրաւէրով եմ ոտք դնում Արցախ, իսահակեանագէտ, բանասիրական գիտութիւնների փրոֆեսէօր Աւիկ Իսահակեանի, իր կնոջ` Սարեան թանգարանի տնօրէն, արուեստաբան Ռուզան Սարեանի, իմ ամուսնու եւ մի քանի այլ ընկերների հետ:  Աւիկի եւ Ռուզանի մեծ մայրերը Արցախից են եղել, բնականաբար միս ու արիւն է իրենց համար մեր այս հարազատ երկրամասը:

Իւրաքանչիւրս տարբեր ալեկոծումներով ենք Գորիսից մտնում Լաչինի անվերջանալի թուացող լեռնային ոլորապտոյտները: Գարնան սկիզբ է, ամէնուրեք կանաչ թաւշեայ գոյնն է իշխում:  Բնութիւնը լեռների ու բլուրների երկրաչափային գեղեցկութիւնը չի խնայել, առատօրէն բաշխել է մեր այս երկրամասին: Ընդհանրապէս ողջ Արցախը կախարդիչ գեղեցկութեամբ է պարուրուած: Այդ կախարդանքով սքանչանում, լիանու%

Share this Article
CATEGORIES