ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿԵԱՆԻ ԱՆԱՒԱՐՏ ԷԱՄԱՐՏԸ
Սպիտակ թուղթը պատերազմի դաշտ է, բառերը` զինուորներ, գրողը` սպարապետ, որ տագնապներու եւ յուսախաբութիւններու, ցաւերու եւ սէրերու, մորմոքներու եւ տեսիլներու, կարօտներու եւ երազներու հրեղէն արգանդէն խոյացող նախադասութիւնները կ՛առաջնորդէ ըստ իր երակներուն մէջ ուռճացող փոթորիկներուն անսխալ կողմնացոյցին եւ կը մղէ իր գոյութեան ու լինելութեան անաւարտ էամարտը: Գրականութեան մատոյցներէն մինչեւ պատերազմի դարանակալ հորիզոնները եւ հեռո՛ւ-հեռո՜ւ հորիզոններու ականեալ որոգայթներէն մինչեւ գիրին ամրոցները մեկնող-վերադարձող ճանապարհներէն լուռ ու հաստատաքայլ անցած Էդուարդ Խաչիկեան լաւապէս ծանօթ է այս ճշմարտութեան: Այս գաղտնիքին հանգոյցները լուծած ազատամարտիկ-գրողները, անոնք կոչուին Ռոբերտ Եսայեան կամ Վահագն Մուղնեցեան, Վրէժ Իսրայէլեան թէ Վարդան Աւետիսեան, քաջ գիտեն, որ կեանքի եւ գիրի պսակադրումը սպիտակ թուղթի մարտադաշտին վրայ այլ բան չէ, եթէ ոչ յաղթանակի բերկրանքներով եւ անոր յաջորդած մոխրագոյն ժամանակներու հիասթափութիւններով խաչաձեւուած ամէնօրեայ ներքին պատերազմին ամբողջացումը առաջին հերթին եւ ստեղծագործական յարատեւ գոյամարտին գեղարուեստական կատարելագործումը` ամէն բանէ առաջ ու վերջ, եւ` բոլո՛ր ժամանակներուն:
«Զէնքը չթողուց, որ երգիչ դառնամ» վարկածը տեղ չունի հոս: Էդուարդ Խաչիկեանի եւ իր զինակից գրչեղբայրներուն պարագային, անհեթեթ է գրիչն ու սուրը իրարմէ հեռացնելու կամ իրարու հակադրելու ամէն տեսակի ճիգ ու փորձ: Արցախեան գոյամարտի կարմիր մկրտարանին մէջ իրենց արեան դարաւոր գաղտնիքները եւ վաւերական գրողի համամարդկային դիմագիծն ու կոչումը յայտնագործած այս գաղափարապաշտ գրողներուն համար, ազատամարտիկ-գրող բարդ հաշիւին պատասխանը յստակ է եւ մեկին:
Ինչ ալ գրէ Էդուարդ Խաչիկեան, պատմուածք, վիպակ, վէպ թէ փորձագրութիւն, անհանդարտ էութեան մը խոր խորերէն բարձրացող մորմոքներն ու երազներն են, որ կը հոսին լաւայի մը ուժգնութեամբ եւ գրաւչութեամբ: Նոյնիսկ իր կարճ-կարճ պատմուածքները ամփոփած «Ապրելու սահմանից անդին», «Դժոխքից յետոյ` դժոխքից առաջ», «Չաու-չաու սեւ շունը» անուն հատորներուն սղագրուած ստեղծումները կը ձգտին վեր առնել արցախեան հերոսամարտի մրրկայոյզ դրուագներուն անտեսանելի էանկարները եւ մեր օրերու հայաստանեան անդէմ իրականութեան իրերամերժ տիպարներուն ու կեանքի ընթացքին մառախլապատ փարատոքսը: Եւ ճիշդ այս պատճառով, Էդուարդ Խաչիկեան իր խորաթափանց հոգիին լուսարձակը կը կեդրոնացնէ իր պարզ, ազնիւ, կրքոտ, հանդարտաբարոյ, խորամանկ, տաքարիւն կամ անջիղ հերոսներուն երկփեղկուած ներաշխարհներուն խորը` լոյսին բարձրացնելու համար անոնց ապրած տառապանքներուն կամ կիսաւարտ կենսափորձերուն բազմաշերտ կենսափիլիսոփայութիւնը:
Պարզ, խիտ, ջղապիրկ, թախիծով, բայց միաժամանակ առնական շունչով եւ պատկերաւոր լեզուամտածողութեամբ յատկանշուող արձակ էջեր երկնած այս արձակագիրը, ժամանակը, վայրը եւ հերոսներուն հոգեբանական շէնքը հաստատագրելու իր բնատուր հմտութեան շնորհիւ կը յաջողի ո՛չ միայն ըլլալ հայրենի մերօրեայ կեանքին մէջ արժանաւոր վկայագիրը, այլեւ` ներկան անցեալի փորձառութիւններուն ու դասերուն լոյսերով ընթերցող տագնապահար, տեսլապաշտ ու գեղագէտ արձակագիր մը: Այս արժանիքը յատուկ տարողութիւն ու խորութիւն կը ստանայ մանաւանդ հեղինակին փորձագրութիւններուն եւ «Տրդատ մեծ» ու «Սարգիս զօրավար» պատմավէպերու էջերուն, ուր ահագնացող տագնապին կնճռոտ ճակտի գիրին դէմ ճակատ կը յարդարեն հայ ոգիին անպարտելի, վճռակամ եւ նպատակասլաց գունդերը եւ իրենց անհաւասար կռիւը կը մղեն ճակատագիր կոչուած թշնամիին դէմ, եթէ նոյնիսկ այս գերահզօր աժդահան «աշխարհ է գալիս մեզնից առաջ, ծանօթանում մեր անցնելիք ճանապարհին, ապա տեղաւորուելով մեր մէջ` դառնում է ուղեկից: Եւ երբ որոշում է հարուածել, զարկում է անվրէպ` փամփուշտի անկասելիութեամբ…»:
Վասնզի` կեանքի նոր ըմբռնողութեամբ ու տեսիլքով հզօրացած գիրը, ի պատիւ Էդուարդ Խաչիկեան անուն ազատամարտիկ-գրողին, վեր կը բարձրանայ նոյնիսկ ճակտի գիրէն եւ իր ինքնութեան ու լինելութեան պայքարը կը յաջողի վերածել կեանքէն իսկ գերահզօր անաւարտ էամարտի` ինքնիշխան ու ամենազօր արարչութեան, որուն մէկ համեստ, բայց հաւատաւոր զինակիրն ու գրագէտն է Էդուարդ Խաչիկեան:
Ս. ԿԻՐԱԿՈՍԵԱՆ
ԱՒԵՏԵԱՑ ԵՐԿԻՐ
Թախիծը խտանում է իմ մէջ` մենութեան դռները բախելով, եւ մորմոքի մարդահալած շունը ժնգժնգացնում է ատամները: Չէ՛, վստահաբար ծերանում եմ, քանզի մաշկիս տակ լերդանում է արիւնը, ինչպէս զառամած աւիշը` կեղեւի ներսում: Ապրուած օրերս էլ խաշամի պէս դիզուել են ոտքերիս տակ` տերեւազուրկ ծառը ես եմ:
Հագնում եմ տրտմութեան շապիկը, դուրս գալիս բացօթեայ պատշգամբ. հեռացող արեւը նարնջի պէս կլոր է, իսկ դեղինն իմ մէջ խառնակ զգացումներ է արթնացնում` ինչպէս կեանքի ու մահուան անմեկնելի խորհուրդը:
Անթարթ նայում եմ Արարատի կողմը, բայց մթնասեւ թանձրոյթը շղարշել է սարերի վերձիգ կերպարանքը: Եւ միտքս, խաւարի գիշերաքողը պատռելով, թռչում-անցնում է լեռնապարը` աւետեաց երկրում թափառելու…
Ճշմարտութիւններ փոշիացնող սոփեստական մսաղացը, հին ու նոր կեղծիքներն իրար արած, անմռունչ աղում է` պատմութեան դէմքը խորշոմեցնելով: Պարզւում է` Նոյի Հաբեթ որդուց սերած հնամենի ազգը, որ մագաղաթէ աղբիւրներում Թորգոմա տուն է կոչւում, նոր հազարամեակ է մտնում բոկոտն` ճամբին արեան հետքեր թողնելով: Պարզւում է նաեւ, որ տասնմէկերորդ դարում միջինասիական անապատից Այսրկովկաս թափանցած սելջուկ թուրքերը… զտարիւն բնիկներ են:
Ասում են` յիմարն է միայն անպատեհ ծիծաղում, իսկ ես հիմա քրքջում եմ: Հռհռում եմ ջղագար, քանզի անպատկառութիւնը վիրաբուժի նշտարի անողոքութեամբ կտրատում է ջլերս, քանզի աշխարհի հզօրները սուտն ու կեղծիքն իրար խառնած, յամառօրէն լռում են:
… Տրանսպորտային միջպետական հաւաքից յետոյ հիւրընկալուել էի ստամբուլցի մի թուրք պաշտօնեայի ու նրա հնէաբան ընկերոջը: Խօսում էինք տարբեր բաներից, հնարաւորինս խուսափում շօշափել ցաւոտ հարցը: Բայց երրորդ, թէ չորրորդ բաժակից յետոյ Օսմանը, դէմքին լպրծուն ժպիտ դաջելով, սկսեց պատմել պապերից` ճղափերթ անելով տոհմածառը: Ասում էր, որ իրենց ազգի նախնին` Ջեմալը, երկու հազարամեակ առաջ Աղթամար կղզու վրայ դաստակերտ է ունեցել, իբր Սուրբ Խաչ եկեղեցին նախկինում մզկիթ է եղել, իսկ նախապապ Նազիմը` մոլլա:
Ականջի ծայրով լսում էի, իսկ աչքերս պաղել էին պատի քարտեզին. պատմութեան ոտնահետքերը, կորսուած յիշողութեան նման, անհետացել էին ժամանակակից Թուրքիայի ատլասից, ու մտովի մատներս թիզ անելով` չափում էի վերից վար, ապա` լայնակի, փորձում տարանջատել Մայր Հայաստանը: Յետոյ նեարդերս պրկուեցին, ու խաղը պառաւեց:
Քուրդ թարգմանիչը, որ ջահել տղայ էր, նրա ասածները փոխանցում էր հեգնադէմ ու խօսուն աչքերով հասկացնում, թէ պաշտօնեան փչում է, իբր` բոլորին է յայտնի, որ Թուրքիոյ արեւելեան տարածքները պատկանել են քրդերին. նրանք են հնամենի այն կաղնին, որ արմատակալել է հողում:
Ստամբուլցի մեծահարուստ թուրքը շարունակում էր ճամարտակել` հրճուանքի ճիչն աչքերում, իսկ ես պատուհանից յառուել էի Բոսֆորի խաղաղ ջրերին, որոնց ցոլանքում տեսլանում էին գերանակապ սիւներ ու ջղաձգուող ոտքեր` երազկոտ ու մերկ: Իսկ Օսմանն արդէն հարբել էր. ճօճուելով պատշգամբ գնաց` սթափուելու: Ճաղատ հնէաբանը լուռ գինովանում, թանձրանում էր մաղձով. պեղումների ժամանակ յայտնաբերուած ենթադրեալ թուրք նախնու երեք հազարամեայ գանգը, որ պէտք է նրան փառքերի արժանացնէր, տիպաբանական փորձաքննութեան ժամանակ անվերապահօրէն հերքուել էր…
Է՛, յետո՞յ, որքան կարելի է տանել մտագարների զառանցանքն ու հոգեկեր լռութիւնը. լսել ժպիտի միջից ծարացող վայրահաչ կեղծիքը, որն արտաբերւում է կերուկուշտ մարդու ալարկոտութեամբ:
Մի դրան տես` Աղթամարը տոհմական կալուածք է համարում, հայոց եկեղեցին` մզկիթ, միւսն իրեն, որ խառնակ տարիներին թուրքին հաւասար հայ է կոտորել` զառամեալ կաղնի. երրորդը չի խօսում, որովհետեւ ակնյայտ ճշմարիտը ոսկորի պէս դէմ է առել կոկորդին:
Եւ հիմա, կերուկուշտ թուրքի ասածներն յիշելով` նորից քինոտւում եմ. քսանմէկերորդ դար ենք ոտնամտել, բայց չենք կարողանում ազատուել զոհի բարդոյթից: Հա՛, մարդը չսպիացող վէրքին վարժւում է այնպէս, ինչպէս հողը` տապանաքարի ծանրութեանը, բայց երբ ցաւը համատարած է դառնում` անհնար է դիմանալ:
Հանրութեան աչքի առաջ սպանդ կատարուեց, բայց աշխարհը կոյրի ակնոցով էր: Դահիճն ու զոհը: Չէ՛, մարդասպանը երբեք չի հասկանայ զոհի տառապանքը, քանզի այլոց ցաւը վայելում է մոլագարի երանութեամբ: Իսկ տասնհինգին ոչ ոք` ո՛չ մեր լաւատես մտաւորականները, ո՛չ անմտութեան չափ միամիտ հայ երեսփոխանները, ո՛չ մատուռում մխացող հաւատքի կերոնները եւ ո՛չ էլ մեր աստուածավախ մամիկները` բարձերի տակ պահած նարեկներով, չէին կարող կասեցնել արնածոր եաթաղանը:
Լինելին եղաւ ու ազգը քառատուեց:
Եղեռնից տարիներ են անցել, իսկ երկինքը դեռ չի լսել ապաշխարանքի մրմունջներ: Դրա համար էլ խեղճութիւնը նոյն, մատղաշ հարճն է, որին բռնաբարում են ոնց պատահի, բարոյականութիւն էլ չկայ, վէտվէտուն ստուեր է` հնամաշ գրքերում:
Միտքս կրկին ծանրանում է թուրքի բարբաջանքով եւ քունքերս սկսում են լսելի տրոփել: Ինձ մի պահ թւում է` անչափ բեռնուած երիվար եմ, որ կամ պէտք է կքի բեռի ծանրութիւնից, կամ աքացի տայ` անզօրութիւնից փրփրելով:
Օսմա՛ն, մեկուսի մտմտում եմ, էդ օրօրուելդ ամենեւին էլ գինուց չէր` այս երերուն հողի վրայ պէտք է լուսնոտի պէս քայլես, քանզի ոտքի տակից փախչող աւազ է: Աղթամարի կղզին: Վա՜յ, քեզ մարդ ասողին, ո՞նց չչորացաւ լեզուդ: Չէ՛, ո՛չ քո նախնի Ջեմալը, ո՛չ էլ քո ապուպապ Նազիմը չէին կարող տեսնել հրաշագեղ Վանը, քանզի երկու հազարամեակ առաջ ձի եւ ուղտ էին արածացնում մրրկածուփ հեռաստաններում, իսկ դղեակի ձեւի մասին նրանց պատկերացումը` խանական վրանն էր, որ քամահար թրթռում էր աւազաբլուրների ստորոտում: Սուրբ Խաչ եկեղեցին: Շատ հնարաւոր է, որ տաճարի զանգերն աւելի շատ գոյժ, քան աւետիս են հնչեցրել, հնարաւոր է, Օսմա՛ն, որ պապդ կոտորածի տարիներին տեսել է վերջին ժամհարի աննկուն դէմքը` երկինք համբարձուելիս: Այդքանը: Իսկ դու ասում ես` մզկի՜՛թ…
Երեւի` թուրք պատմաբաններն Անիի աւերակներ այցելելիս, հայհոյում են իրենց անհեռատես ծերերին, որոնք խօսուն, քարէ վկաներ են թողել եկեղեցաբոյր ոստանում, որ չեն կարողացել հիմնայատակ աւերել այն, ինչը հասցրել էին անել Մշոյ Առաքելոց վանքի եւ նրա շեմին ննջող տապանաքարերի հետ, որոնց տեղում հիմա, իբրեւ ընդերքից բխող անէծք` թառանչում է Լուսաղբիւրը:
Ներսումս մի բան է կոտրւում` ինչպէս ցօղունը ներբանի տակ: Պատմութեան խորքը մխրճուած հայեացքս խճճուել է անել բաւիղներում, դրանից էլ ջղագարւում են խոհերս, կուչուձիգ լինում` սառնամանիքին սրսփացող շնիկի նման:
Օսմա՛ն, մի շուրջդ նայիր` ամէնուր խօսուն վկաներ են` հնամենի տաճարներ, հազարամեայ կոթողներ: Նախնիներդ չնուաճեցին Հայաստան աշխարհը, այլ բիւզանդական քստմնելի դիւանագիտութիւնը: Հէնց կայսրութիւնը հայաթափեց երկիրը` չգիտակցելով, որ Հայոց հարստութեան` Շիրակ-Անիի թագաւորութեան կործանումն իր համար աքիլլեսեան գարշապար է դառնալու:
Ինչ որ է` շեղուեցի:
Ուրեմն սելջուկները Հայաստան մտան մ. թ. 1054 թուականին, բայց թրքական ցեղերի` Փոքր Ասիայում յայտնուելուց շատ առաջ լեռնաշխարհը հայկական էր կոչւում, Բզնունեաց ու Գեղամայ լճերը, իբրեւ անցեալի վկաներ, իրենց ներսում պահում էին ձկնորսանաւերի թիակների շփշփոցը, սարերն ու լեռները` ծերպերում ղօղանջող զանգերի դրմբոցը, իսկ մատենագրուած մատեաններում Արտաշէս ու Տիգրան աշխարհակալ արքաների վիպերգութիւնն էր, որոնք տէրութեան սահմանները հասցրին Միջերկրականից մինչեւ Կասպից ծով:
Արթնացի՛ր, Օսմա՛ն, լեթարգիական քնից, սա պապերիդ երկիրը չէ, Ջուանշիրի անապատը չէ, որտեղից քոչել են քո ժանիքաւոր նախնիները, նրանց հետ` լեշակեր բորենին, որն հիմա առոք-փառոք ապրում է Ատրպատականի դիահոտ տարածքում:
Նայի՛ր շուրջդ, թո՛ւրք, ամէն ինչ այստեղ քեզ օտար է, թշնամական. լճերն ու գետերը հայեցի են ծփում, լեռներն ու քարափները թախծում են հայերին, Մուշի կամ Սասունի վերեւում թեւածող անգղը նոյնչափ հայ է, որքան տարագոյն աչքերով Վանայ կատուն:
Ափսոս, գրի հետ սէր չունես, ծանօթ չես ասորական, յունական կամ պարսկական աղբիւրներին: Այլապէս կ՛իմանայիր, որ մատենագիրներ Հերոդոտոսն ու Ստրաբոնը փաստում են, որ «էրմենիները», այսինքն մենք` հայերս, մ. թ. ա. 7-րդ դարում Յասոնի հետ նաւարկած Արմենոսի գլխաւորութեամբ Փոքր Ասիա ենք մտել Բալկաններից ու տարածքներ նուաճելով` հաստատուել Արածանու եւ Վերին Տիգրիսի լեռնահովիտներում, այն նոյն տարածքում, ուր Զեւսը մենամարտեց տիտան Տիւփոնի հետ: Տնաւորուել, դրացի ենք դարձել խալդերին, խեթերին եւ մեդացիներին ու մեր Աւետեաց երկիրն ի պատիւ Արմենոսի կոչել Արմենիա:
Եթէ, Օսմա՛ն, հնէաբան ընկերդ ճկոյթիս չափ պատմութիւն իմանար, մութ սենեակում չէր փնտռի չեղած կատուին, քանզի Թուրքիայի տարածքում յայտնաբերուած հնամենի ամէն բան յիշեցնում է իրական տէրերին, որոնք դեռեւս հազարամեակներ առաջ տիրապետել են զէնք կրելու արհեստին, իմացել գարեջուր պատրաստելու գաղտնիքը, սեղանները զարդարել անուշահամ գինիներով ու մշակուած ընդեղէնով, նաեւ` քնջութով, դառը նուշով, բեւեկնի իւղով…
Տէ՛ր Աստուած, մի՛ ստիպիր մեզ, որ տէր կանգնենք եղածին, ջուր ծեծելու պէս անիմաստ պնդենք, որ Նոյի տապանը նստել է Արարատին, որ աշխարհագիր Ռուֆուսի վկայութեամբ 40,000 զրահազէն հետեւակ եւ 7000 այրուձի ունեցող արմենների բանակը, Մեծ Հայքի ու Փոքր Հայքի արքաներ Օրոնտես Երուանդի եւ Միթրաուտեսի գլխաւորութեամբ պարսիկների հետ միասին մարտնչել է Ալեքսանդր Մակեդոնացու դէմ Գավգամելայի ճակատամարտում, որ մ. թ. ա. 166 թ. Արաքսի գողտրիկ գետածոցում Արտաշատի յատակագիծը կազմել, ապա եւ` ճարտարապետել է կարթագենացի նշանաւոր զօրավար Հաննիբալը, որ…
Թեւաթափ վերադառնում եմ սենեակ ու բազկաթոռի մէջ ընկղմուելով` ջանում վերգտնել ներքին անդորրս, սակայն հոգիս օտարի կացարան է, որի բանալին չունեմ:
«Տէ՛ր Աստուած,- կիսաձայն մղկտում եմ,- ների՛ր նուաստիս կասկածամտութեան համար, բայց իրա՞ւ Դու մեզ այսքան անատամ, անժանիք ես կերտել, որ սոսկ հմտանանք արարման գործում, մի՞թէ Արտաշէս ու Տիգրան արքաների հրաբորբ արիւնը դարերի ճամբին ձեւախեղուելով` վերածուել է սովորական ջրի…»:
– Աւետեաց երկիրը ձեզ եմ կտակել,- լսում եմ Ձայնը,- որը կատարեալ է` ինչպէս աստուածաշնչեան քերթուածքը: Երբ ժամը գայ ու հնչեն ծնծղաները` Ինքս եմ առաջնորդելու:
Դէպի սթափութիւն վերադարձս ջղակեր խանձահոտ է, որ մէջս է լցւում ինքնահրկիզուող քամու բարկ շնչառութեամբ: Բայց արթնացման հետ ցնդում է նաեւ երազախաբութեան պատրանքը` երեսուն հազար քառ. քիլոմեթր իրականութիւն եւ տասնչորս հազար քառ. քիլոմեթր էլ որձութեան հաւաստում թողնելով:
Բացակայ հայեացքս հիմա պատի ժամացոյցին է, եւ նրա միալար ձայնը խլացնում է հոգուս ծկլթոցը. հարկաւ` մեծանում եմ: Սկսել եմ գարնան հալոցքի պէս մաշուել ու րոպէ առ րոպէ խունանում է սպասումներիս կորագիծը:
Կեանքիս անաւարտ կտաւի վրայ Բախտը մայրամուտի փոխարէն մշուշ է նկարել եւ անյատակ լռութիւն: Հաւանաբար ուզում է, որ համրութեան մէջ իմաստաւորեմ ապրածիս ու ապրուելիքի խորհուրդը: Իսկ ես չեմ ուզում` իմ տեսածն ինձ բաւ է: Ես թազբեհի այն սադափէ քարն եմ, որ բազմիցս անցել է «խեր-շառ-աստուած»ի միջով:
ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿԵԱՆ
(Հատուած)
ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿԵԱՆ
Գրող-ազատամարտիկ, հրամանատար, ոստիկանութեան գնդապետ Էդուարդ Ալբերտի Խաչիկեան ծնած է 5 հոկտեմբեր 1957-ին, Թիֆլիս: 1975-1977 տարիներուն ծառայած է ԽՍՀՄ Զինուորական Ուսումնարանին մէջ: Աւարտած է Երեւանի պետական համալսարանը (1980): 1988-1990 տարիներուն պաշտօնավարած է «Գարուն» ամսագրի մէջ, 1991-1994 եղած է Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն Խորհուրդի պաշտպանութեան եւ ներքին գործերու հարցերու մշտական յանձնաժողովի գլխաւոր փորձագէտ, 1994-1998` երթեւեկութեան փոխ-նախարար, 1998-էն մինչեւ օրս` Արմաւիրի մարզային վարչութեան ոստիկանութեան պետի տեղակալ:
1990-1993, իբրեւ «Անկախութեան բանակ»ի եւ «Միացեալ Հայաստան» կամաւորական ջոկատներու անդամ` մասնակցած է ՀՀ Արարատի (Եռասխ), Նոյեմբերեանի (Ոսկեպար), Տաւուշի (Պառաւաքար), ԼՂՀ Շահումեանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Վիրինշէն), Մարտակերտի (Մաղարիս, Յակոբ Կամարի, Յարութիւնագոմեր, Կարմիրաւան) շրջաններու ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերուն: Պարգեւատրուած է աւելի քան երկու տասնեակ շքանշաններով, որոնց կարգին` «Մարշալ Բաղրամեան – 100» մետալով:
Իր գրչին կը պատկանին ղարաբաղեան ազատագրական մարտերուն նուիրուած «Արծիւներ» (1990) եւ «Անաւարտ օրագիր» ժապաւէններուն (1992), ինչպէս նաեւ` «Անիծեալներ» ֆիլմին բեմագրութիւնները: Հրատարակած է պատմուածքներու, փորձագրութիւններու (էսսէ), վիպակներու եւ վէպերու… հատորներ, որոնցմէ կ՛արժէ նշել «Ապրելու սահմանից անդին», «Դժոխքից յետոյ, դժոխքից առաջ», «Գոմորեան գիշեր», «Չաու-չաու սեւ շունը» պատմուածքներու ժողովածուները եւ «Սեւ սպիտակի մէջ», «Դեղին մորմ սեւ աշուն», «Բժիշկ Սանեանի մահը», «Տրդատ մեծ» եւ «Սարգիս զօրավար» պատմավէպը: