ՀԱՅՏ ՓԱՐՔ. ՑՈՐԵՆԸ ՈՐՈՄԻՑ ԶԱՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Օրեր առաջ, երբ երաժշտական աշխարհի ամենահեղինակաւոր` Չայքովսքու անուան միջազգային մրցոյթում թաւջութակահարների անուանակարգում Հայաստանը ներկայացնող Նարեկ Հախնազարեանը նուաճեց գլխաւոր մրցանակը, չկարողացայ զսպել անկեղծ ուրախութիւնս ու Ֆէյսպուքի իմ էջին «Շնորհաւորենք միմեանց ու հպարտանանք» բովանդակութեամբ երկտող տեղադրեցի:

Մեծ եղաւ զարմանքս, երբ բազմաթիւ արձագանգողների մէջ գտնուեցին մարդիկ, ովքեր ոչ միայն հպարտանալու առիթ չտեսան, այլեւ «փուչ հպարտութեան ու ազգային սնապարծութեան» շարքը դասեցին զգացումս: Ես չվիրաւորուեցի, ոչ էլ զղջացի, դարձեալ շարունակեցի ուրախ լինել Նարեկի համար ու հպարտանալ` բայց արդէն անկեղծ ու դառն զարմանքով ինքս ինձ հարց տալով, որ եթէ յաղթանակներն ու ձեռքբերումները մեզ չեն միաւորում ու չեն սնում մեր ազգային արժանապատուութիւնը, ապա էլ ի՞նչը:

Տարօրինակ, հակասութիւնների ու ծայրայեղութիւնների ժողովուրդ ենք` չեմ դադարում մտածել ես ու ուղեղումս տրոփում են յաւերժական, բոլոր ժամանակներում յատկապէս հայերիս համար կենսունակ «Ո՞վ է մեղաւոր» եւ «Ի՞նչ անել» հարցերը: Մեր ցորենն ու որոմը ովքե՞ր եւ ե՞րբ ենք զատելու: Ինչո՞ւ ենք այսքան անհաւատ: Ու լրահոսում յայտնւում է երկրիս մասին միջազգային կառոյցներից մէկի հերթական պատկեր-վիճակագրութիւնը` Հայաստանում ճգնաժամային գործօններից ամենավտանգաւորն ու կենսունակը մեր անհաւատութիւնն ու անվստահութիւնն են: Չեմ կարող չհամաձայնել ու կրկին ինքս ինձ հարց չտալ` ինչո՞ւ այսքան շնական, անկարեկից, ինքնակենտրոն ու անսէր դարձանք:

Քայլում եմ տաքութիւնից գրեթէ անէացած Սայաթ Նովայի փողոցում ու աչքիս է զարնում ազդագիրը` յուլիսի քսանչորսին Նարեկ Հախնազարեանը ելոյթ կ՛ունենայ Հայաստանի ֆիլհարմոնիք նուագախմբի հետ: Ի՜նչ ճիշդ է ու ազնիւ` հրճւում է հոգիս. ի հարկէ հայրենիքում, ի հարկէ սեփական հողի վրայ պիտի կիսել յաղթանակը: Հողը յաղթանակ է սիրում:

Շարունակում եմ քայլել Սայաթ Նովայի, Աբովեան փողոցներով ու նկատում, որ երեւանցիների գրեթէ համատարած մռայլ, անժպիտ, անտարբեր ու հոգսաշատ պատկերներն ընդմիջւում են պայծառ, տրամադրութեան բոլորովին այլ գոյն ունեցող դէմքերով: Երկրորդ վայրկեանին գլխի եմ ընկնում` այո, «Ոսկէ ծիրանի» հիւրերն են` վայելում են արեւի ու պարզապէս այս աշխարհում ապրելու ջերմութիւնն ու հաճելիօրէն աշխուժացնում մայրաքաղաքի կենտրոնը` պոհեմի, ազատութեան ու հայեացքի այլ երանգ աւելացնելով մեր ամէնօրեայ, յոգնած ու արդէն սովորական դարձած անյոյս մոխրագոյնին:

Իսկապէս, տարօրինակ, ծայրայեղութիւնների ժողովուրդ ենք` չեմ դադարում զարմանալ ու մտածել` առանց աչք թարթելու մէկ օրուայ մէջ փոշիացրինք «Հայֆիլմ»ը, կաթուածահար հայ շարժապատկերն ապրում է անորոշ ներկայով ու նոյնքան մշուշոտ ապագայով, եւ ունենալով ընդամէնը մէկ կինոթատրոն` արդէն ութերորդ «Ոսկէ ծիրան»  միջազգային փառատօնն ենք յաջողում ու դեռ կարողութիւնն ու համոզումն ունենում Հայաստան բերելու Զանուզի, Տաւիանի, Քիառուստամ, Կուէռա կամ Արտան եւ ուրիշներ:

Իսկապէս տարօրինակ, ծայրայեղութիւնների ժողովուրդ ենք: Փառատօնին մասնակից մէկ ժապաւէն եմ յատկապէս ուզում դիտել` թուրք Նուրի Պիլկէ Ճելեանի «Մի անգամ Անատոլիայում» ժապաւէնը: Շոգն ու բազմաթիւ կիսատ գործեր դահլիճից այն կողմ եմ թողել: Մտքիս մէջ քստմնելի արձանագրութիւններն են, Կարսի Հայ-թուրքական բարեկամութեան յուշարձանի քանդումը, տատիս Էրկրից բերած Աւետարանը, իսկ պաստառին թուրքական մաշկազերծ իրականութիւնն է: Գրեթէ երկու ժամ աղջամուղջի միջով մեքենան դէպի Տիգրանակերտ է սլանում: Մերկ բլրակներ, սարալանջին կքուած միայնակ ընկուզենի, կիրճից պոկուած աշնան քամու սուլոց, քարը ճեղքած աղբիւր` այս ամէնն ինձ հարազատ լինելու չափ ծանօթ է, այնքան ծանօթ, որ թւում է, թէ մի անգամ եղել եմ այնտեղ: Հերոսների դէմքին հայկական հետք եմ փնտռում, իսկ դեռատի աղջկայ հայեացքն ու աչքերն այնքան անպաշտպան են ու զուլալ, որ մտածում եմ` ինքը մեղաւոր չէ, անտեղեակ է դաւին: Դահլիճից դուրս եմ գալիս ու մտքիս մէջ իսկոյն փշալարի պատկերով կարմիր սահմանն է կանգնում:

Իսկ «Մոսկուա» շարժապատկերի սրահի  բացօթեայ հարթակում ճազպենտն է նուագում ու ռեկթայմի հրաշալի հնչիւնները սահում են անտարբեր ու անհաղորդ երեւանցիների ականջի տակով ու ծորում իր դէմքը կորցրած Աբովեան փողոցով:

Տեսնես` եւրոպացիները գլխի կ՛ընկնե՞ն, որ Երեւանը պեթոնից ու ապակուց կազմուած էս նեարդային ու անդէմ կենտրոնը չէ ու հէնց այդ պահին Տէրեան 11 հասցէում հին Երեւանի վերջին պատառիկը` Աֆրիկեանների տունն է ջնջւում քաղաքի երեսից: Տարօրինակ, հակասութիւնների ժողովուրդ ենք` չեմ դադարում մտածել ես ու ուղեղումս տրոփում են արդէն չորրորդ տարին չմարող ու պատասխան չունեցող հարցերը` ովքե՞ր են մեր քաղաքի տէրերը ու ինչո՞ւ են այսքան օտար նրան, այս ի՞նչ աներեւոյթ ձեռք է յամառօրէն ջնջում ու սպաննում քաղաքիս կենսագրութիւնը ու նոյնքան երեսպաշտօրէն, նեարդերս սղոցելու չափ շնականօրէն խօսում մշակութային ժառանգութեան պահպանութիւնից: Ու միտքս թռչում է Էտինպուրկ` Եւրոպայի մշակութային մայրաքաղաքներից մէկը, ուր պանդոկներն ու փապերը միջնադարեան հանդերձանք ունեն, եւ ոչ թէ այն պատճառով, որ «ընտրանի եւրանորոգումը» չի հասել Սկովտիա կամ էլ անճարակ ու յետամնաց սկովտիացիները փողի ու հողի գինը չգիտեն, այլ այն պարզ պատճառով, որ այդտեղից Ռոպերթ Պըռնզն ու Վալթեր Սքոթն են անցել:

Յուլիսեան անխիղճ արեւն աւելի ամայի, մերկ ու շնական է դարձնում Հիւսիսային պողոտան ու նոյնիսկ արեւի տակ գրեթէ դեղձի պէս շողացող պողոտայի շէնքերը խորթ ու սառն են, չեն գրաւում ինձ, որովհետեւ իմ պարզ մարդկային համակրանքն ու կարեկցանքը ոտքի վրայ մեռնող հին Երեւանի վերջին, անտէր ու անպաշտպան սեւ շէնքի կողմն է:

Անցորդներից մէկը հին բարեկամի պէս բարեւում է ինձ ու դժուարութեամբ յիշում եմ մեր լաւագոյն թարգմանիչներից մէկին` տարիներ առաջ հայ ընթերցողը նրա թարգմանութեամբ Ուիլիըմ Ֆոլքներ ու Էտկար Փօ կարդաց: Պարզուեց` Հայաստանից չէր հեռացել, ու ապրելու համար դեղատոմսեր ու միջազգային պայմանագրեր է թարգմանում: Պայմանագրեր, ուր անպայման առատօրէն հանդիպում են ժողովրդավարութիւն, կայունութիւն եւ զարգացում բառերը, բայց, հաստատ, այդպէս էլ ո՛չ իր կեանքն է փոխւում, ո՛չ էլ Հայաստանի իրականութիւնը բարեփոխւում: Ուր որ է կ՛արթնանայ դատաւորս: Ինչո՞ւ եմ ամէն չկայացած ճակատագրի համար մեղաւոր զգում ու փորձում արդարանալ: «Ե՞րբ է գալու մեր ժամանակը». այս չհնչած ու անպատասխան հարցն ունենք մեր մտքում ու մեր աչքերի մէջ, բայց գրեթէ բարեկիրթ-շինծու լաւատեսութեամբ շտապում ենք բաժանուել իրարից` ձեւի համար, հին օրերի հանգոյն մէկ-երկու գրքի ու ժապաւէնի  անուն տալով:

Իսկապէս տարօրինակ, ծայրայեղութիւնների ժողովուրդ ենք` դարձեալ մտածում եմ ես ու յիշում, որ անգրախանութ Երեւանը, ուր գրքերը լաւագոյն դէպքում հինգ հարիւր օրինակով են լոյս տեսնում ու ինքնարժէքից էլ պակաս վաճառւում զուգարանաբոյր ստորգետնեայ անցումներում կամ մոլորւում-մնում տպարաններում, 2012 թուականին յայտարարուել է գրքի մայրաքաղաք ու ազգովին, նաեւ դրսից եկած հիւրերի հետ հայ գրատպութեան հինգհարիւրամեակն ենք նշելու: Կարծեմ` նաեւ հայ գրատպութեան հինգհարիւրամեակը արժանավայել նշելու «մտահոգութեամբ» աշխատանքից ազատեցին Ազգային գրադարանի տնօրէնին: Գուցէեւ` ազնիւ մտահոգութիւն, բայց ո՞ւր էր, ինչո՞ւ էր լռում այդ մտահոգ աչքը, Հայաստանը տարածաշրջանի մշակութային կենտրոն դարձնող այս նոյն կառավարութիւնը, երբ Ուսանողական զբօսայգում, համալսարանների ու Ազգային գրադարանի քթի տակ հերթական շքեղ քեպապանոցն էին կառուցում` «պատրոնդաշի» ու խաւարի դատապարտելով գիտական ընթերցասրահը: Միտքս թռչում է` այս անգամ Պոսթըն, ուր Ազգային գրադարանն իսկապէս ազգային արժէք է` գրեթէ մայր տաճարի ակնածանքով: Բայց մի՞թէ այս համոզումն ու գիտակցումն ունենալու համար Պոսթըն պիտի գնալ: Մի՞թէ այդ մենք չենք, որ փուչ բաժակաճառի ենք վերածել մշակութային ժառանգութեան պահպանութիւնն ու սիրում ենք պոռոտախօսել, թէ այլք ծառերին էին, երբ մենք գիր ու գրականութիւն ունէինք:

Տարօրինակ, ծայրայեղութիւնների ժամանակներում ենք ապրում: Փառատօները մէկը միւսին են յաջորդում, շնորհահանդէսներ, պրեմիերաներ, «աննախադէպ ու բացառիկ» համերգներ աւետող ազդերից ու ազդագրերից Օփերան երիզող ճաղավանդակը ճկւում է, բայց մշակոյթն այդպէս էլ մեր կեանքում ներկայութիւն ու ընդհանրական արժէք չէ:

Ու մեզ շարունակում են սնել ու մեր մասնատուած, արժեզուրկ իրականութիւնը որպէս օրինաչափութիւն ներկայացնել հեռուստաընկերութիւնները, որոնց թւում է, թէ մենք իւրայատուկ յիմար ազգ ենք եւ օրը երեք անգամ նոյն անհայրենիք սերիալը պիտի դիտենք:

Շտապում եմ գրասենեակ, ուր ինձ է սպասում սենեկային երգչախմբի մենակատար ընկերս: Սեպտեմբերին նրա աղջիկն առաջին անգամ դպրոց պիտի գնայ ու հաստատ 42 հազար դրամ աշխատավարձով կօշիկ ու պայուսակ չի գնի:

Ես ինձ դարձեալ մեղաւոր եմ զգում, չեմ կարող ու չեմ փորձում արդարանալ` գրպանն եմ խցկում քսանհազարանոցը: Մեր մտքում ու մեր աչքերի մէջ չհնչած ու անպատասխան հարցն ունենք` «Ե՞րբ է գալու մեր ժամանակը»:

Իսկապէս տարօրինակ, ծայրայեղութիւնների ժողովուրդ ենք: Ազգիս մի մասը մաշւում է, հիւծւում` բացասական սպասումների մէջ, աչքը սահմանին երկրից փախչելու հնարներ փնտռում, մի մասն էլ իր ժամանակին է սպասում` մեր ժողովրդի իմաստուն ու որակեալ հատուածի ժամանակին, երբ ցորենն ու որոմը միմեանցից զատելու ուժ ու կարողութիւն կ՛ունենանք:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

www.aravot.am

21-7-2011

Share this Article
CATEGORIES