ԾՈՎԵՐԻ ԱՓԵՐԻՆ ԿՈՐՍՈՒԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒՐՈՒԱԳԻԾԸ

Աշխարհի խոշորագոյն ծովերից մէկի` Միջերկրականի ափեր հասած «Արմենիա» առագաստանաւն անցնող օրերին հպարտութիւն  ներշնչեց իւրաքանչիւր հայի, ով իր մէջ կրում է մեր ժողովրդի հարուստ ծովային անցեալը: Իսկ հայ ժողովուրդն ծովագնացութիւն եւ ծովային պատմութիւն է ունեցել.  Տիգրան Մեծի եւ Լեւոն Երկրորդի ժամանակ հայերն ունեցել են նաւատորմեր, որոնք  բազմաթիւ ծովափերի վրայ տիրացած են եղել  լիիրաւ իրաւունքների: Կիլիկեան Հայաստանը համարւում էր Չինաստանից եւ Հնդկաստանից եկող եւ դէպի Եւրոպայի նաւահանգիստներ տանող Մետաքսի ճանապարհի ծովային դարպասը:  Միեւնոյն ժամանակ, Կիլիկեան Հայաստանը  մի  երկիր էր,  որ միջազգային ծովային օրէնսդրութեան մէջ առաջադէմ փոփոխութիւններ կատարեց:

Նոյն ինքը` Լեւոն Երկրորդն է եղել Համաշխարհային ծովային  իրաւունքի հիմնադիրներից մէկը:  Լեւոն Երկրորդը նաեւ մեծ աշխատանք է տարել միջնադարեան ծովահէնութեան դէմ պայքարում. ասում են` նա անձամբ էր նաւարկում ծովում եւ որսում ծովահէններին…

Կիլիկեան Հայաստանի ծովային հարուստ կենսագրութիւնն այլեւս անցեալ է. այսօր հայը չունի գէթ մի փոքր ծովային տարածք, սակայն, ինչպէս սահմանում է Ծովային միջազգային իրաւունքում գոյութիւն  ունեցող «Բաց ծովի ազատութիւն» հասկացութիւնը, ծովը բոլորի համար է:  Ծովային  բոլոր միջազգային համաձայնագրերում յստակ նշուած է. «Պետութեան կարեւորագոյն իրաւունքներից մէկը, անկախ նրա աշխարհագրական դիրքից, հանդիսանում է այն իրաւունքը, որով  նաւերը կարող են  բաց ծով դուրս գալ տուեալ երկրի   դրօշի տակ»: Այդ համաձայնագրերում նոյնիսկ նշուած է, որ ծով չունեցող երկրները կարող են տարբեր ծովերում ստեղծել եւ ունենալ իրենց արհեստական կղզիները, կառուցուածքներն ու կայանքները, իրաւունք ունեն կատարել ձկնորսութիւն եւ ծովային գիտական հետազօտութիւններ»:

Բայց մինչ այդ իրաւունքներից օգտուելը` հայերն այժմ իրականացրել են հոգեւոր խորհուրդ ունեցող մի երազանք` երկու անգամ նաւով կատարել են ճանապարհորդութիւն, որից մէկը`  շուրջերկրեայ. «Կիլիկիա» եւ «Արմենիա» նաւերը հայի նոր կենսագրութեան եւ հայոց նորագոյն պատմութեան մէջ նորոգել են ծովերի ափին կորսուած հայրենիքի ուրուագիծը… Ինչպէս Լիբանանում յայտարարեց այս ճանապարհորդութիւններն իրականացրած արշաւախմբի ղեկավար, գրող, հրապարակախօս, Արցախի հերոս, «Մեսրոպ Մաշտոց»ի շքանշանակիր Զօրի Բալայեանը,   իրենք համարում են, որ ինչ-որ իմաստով իրականացել է «Ծովից ծով» գաղափարի մի մասը`  երկու տարի առաջ դուրս են եկել բաց ծով եւ այսօր նորից իրենց արշաւն աւարտում են ծովում:

«Կիլիկիա» եւ «Արմենիա» նաւերի նաւարկութան ընթացքում  Զօրի Բալայեանը գրել է մի քանի գիրք: Արդէն լոյս են տեսել ճանապարհորդական նօթագրութեան սեռի գրքերից երեքը, իսկ մի քանիսն էլ սպասում են հրատարակութեան:  Յատկանշական մի փաստ. բոլոր ճանապարհորդութիւնների ընթացքում Զօրի Բալայեանից անպակաս է եղել իր գրամեքենան: Նա յօդուածները մեքենագրել է հին ժամանակների այդ գործիքով` մի տեսակ աւանդականութեան եւ հնութեան շունչը պահելով ծովային ճանապարհորդութեան ընթացքում: Այս փաստը զարմանք է յարուցում այն առումով, որ այսօր ամբողջ աշխարհը «գրում է» համակարգչով, սակայն հայ գրողի համար իր գրամեքենան այնքան հարազատ ու անբաժան է, որ այն իր հետ  նաւ է հանել:

Մեր ձեռքի տակ է Զօրի Բալայեանի գրած վերջին յօդուածներից մէկը, որում ամփոփուած են նաւի վրայ ծագած նրա խոհերի ու մտորումների մէկ մասը, եւ որտեղ առանձին հատուած կայ` նուիրուած սփիւռքին:

 

ԶՕՐԻ ԲԱԼԱՅԵԱՆ. «ՍՓԻՒՌՔԸ ՅԱՒԵՐԺԱԿԱՆ
ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ Է` ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ»

Դարձեալ պարտքեր: Իմ պարտքերը: Գրառումներիս տետրերը պարզապէս միանգամից վերածուել են նաեւ մուրհակների, որոնք ինձ ստիպում են ապրել «մարուած պարտքերի» սկզբունքով: Իսկ այդ տետրերի քանակն աճում է անպատմելի արագութեամբ: Բայց նախ կ՛ուզենայի ասել, որ բոլոր ուղղութիւնների վրայ գտնուող, տարբեր ովկիանոսների ջրերով ողողուող համարեա թէ բոլոր մայրցամաքներում, որտեղ հայկական համայնքներ կան, շատ յաճախ, ասես պայմանաւորուած, մարդիկ սկզբում զարմանք են յայտնում եւ ապա` խորհուրդներ տալիս: Խօսքն այն մասին է, թէ ինչո՛ւ չեմ օգտւում համակարգչից, թէեւ դիմում եմ համակարգչի ծառայութիւններին: Ես, ի հարկէ, այդ մասին ոչ մէկին չեմ ասում: Պարզապէս ամէն ինչ ակնյայտ է, քանզի ամէնուր յետս քարշ եմ տալիս գրամեքենան, ինչն ինքնին զարմանք է առաջացնում, որն էլ իր հերթին հարցեր է ծնում եւ մանաւանդ` խորհուրդներ այն մասին, թէ որքան յարմար է համակարգչով աշխատելը: Համաձայնում եմ, բայց շարունակում եմ իմն առաջ տանել: Շատ աւելի բարդ է համացանցի հարցը: Չէ՞ որ, ճիշդն ասած, ձեւացնում եմ, երբ ասում եմ, թէ ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ հասկանում այդ համացանցերից, որոնք արդէն խաչուղիներով «համաշխարհային սարդոստայն» կամ «աղբանոց» են կազմել: Աւելի՛ն. հիանալի գիտեմ եւ այն, թէ դա այսօր որքան կարեւոր է համամոլորակային մակարդակով: Երեւակայական մի շտեմարան է: Աղեքսանդրիայի գրադարանը` լուցկու տուփում: Միաժամանակ անպայման յաւելում են, թէ իբր անհրաժեշտութիւն չկայ գրադարան գնալու, տանը գրքեր պահելու, աւելացնելով արդէն մի նախադասութիւն, որն ակամայ վիրաւորանք է հասցնում համաշխարհային մշակոյթին. «Ամբողջ Տոսթոեւսքին կարելի է գրպանում ունենալ»: Անձամբ ես հոգեպէս հանգիստ ու ապահով եմ զգում` իմ տան գրադարանում տեսնելով Տոսթոեւսքու վէպերի տասնվեց հատորները, չհաշուած` նոյն ծաւալի նամակագրական ժանրի ժառանգութիւնը: Իսկ ինչ վերաբերում է նրան, թէ համացանցում կարելի է կարդալ ամէն ինչի մասին, ապա ես բացարձակապէս չեմ հաւատում, թէ ներկայումս մոլորակը, այդ թւում նաեւ` Հայաստանը, այն օգտագործում են գրքեր կարդալու համար: Սակայն ես այլ բան եմ ուզում ասել: Այն, որ համարեա վեց տասնամեակ ձգուող իմ ստեղծագործական աշխատանքի ընթացքում ես չեմ կարողանում այլ կերպ վարուել: Ահա միայն մէկ օրինակ: Երկար ժամանակ է` ինչ «Արմենիա»ն լողում է Խաղաղական ովկիանոսի հէնց այն վայրերում, որտեղ անխիղճ կերպով սպաննել, ոչնչացրել են ամբողջ քաղաքակրթութիւններ: Դա նշանակում է` ամբողջ ժողովուրդներ: Եւ վերջին մոհիկանները դէպի չգոյութիւն են մեկնել իրենց աստուածներով հանդերձ, մեծ թուով աստուածներ, առանց որոնց` կեանքն անպատկերացնելի էր: Չէ՞ որ մի բանի պէտք է հաւատային մարդիկ: Այդ թւում` նաեւ ծովայինները:

Համարձակօրէն կարելի է պնդել, որ նոյնիսկ ոչ թէ պարզապէս նաւազների, այլ հէնց ծովագնացների առաջին աստուածը, աւելի ճիշդ` աստուածուհին, եղել է Իսիտան, եգիպտական Օզիրիս աստծոյ կինը եւ քոյրը: Այսօր համացանցից հաստատ կարելի է իմանալ, որ այդ աստուածները բաւական իմաստուն կերպով «դերաբաշխում» էին կատարել: Ամուսինը մեռնող եւ յարութիւն առնող բնութեան աստուածն էր, կինը` ոչ միայն ծովագնացների, այլեւ, ինչը լիովին տրամաբանական է ծովայինի համար, ջրի, քամու, առագաստի եւ դեռ ի յաւելումն` ամուսնական հաւատարմութեան: Ի դէպ, Օզիրիսի եւ Իսիտայի որդի Հօրը արեւի աստուածն էր: Ընդհանրապէս Եգիպտոսում արեւի աստուածները շատ էին, այդ թւում եւ` Ռան, որի անունը շատ հազարամեակներ անց այդքան բարձրաձայն փառաբանեց Թուր Հէյերտալը:

Եւ իրօք, հաւանաբար շուրջերկրեայ նաւարկութեան նախապատրաստուելիս, բացի ամենայնից, կարելի է համացանցից տեղեկանալ, որ մեզ համար պահապան-հրեշտակներ կը լինեն Օզիրիսի ընտանիքի բառացիօրէն բոլոր անդամները: Բայց ահա ինչպէ՞ս իմանալ` ի՞նչ է հարկաւոր անել խելացի, իմաստուն եւ վստահ կերպով դժուարութիւններին նախապատրաստուելու եւ դրանք յաղթահարելու համար: Այստեղ արդէն անհրաժեշտ է մարդկութեան դարերով կուտակած փորձը: Այստեղ արդէն պէտք է դիմել փիլիսոփաներին ու պատմագէտներին: Եւ նաեւ պէտք է իմանալ նրանցից` ում: Յանուն հետաքրքրութեան` ծանօթներիցս շատերին հարցրեցի այդ մասին: Եւ շատերն էլ պատասխանեցին, որ բացի ծովային գործի եւ առագաստավարութեան գիտելիքներից, առաջին հերթին պէտք է քաջութիւն հաւաքել: Եւ հէնց այստեղ էլ մի իսկական «շիլա-շփոթ» սկսուեց: Բոլորը տարբեր կերպ էին մեկնաբանում քաջութեան իմաստն ու էութիւնը` աւելի յաճախ այն նոյնացնելով համարձակութեան, խիզախութեան, սեփական անձն ու մերձաւորներին մահից չվախենալով պաշտպանելու կարողութեան հետ: Իմ կարծիքով, ճշմարտութեանն աւելի մօտ էին նրանք, ովքեր գտնում էին, թէ քաջութիւնն այն է, երբ քո առջեւ նպատակ ես դնում եւ ոչինչ չես խնայում այն իրագործելու համար: Սակայն սա նոյնպէս վէճերի ու տարակարծութիւնների տեղիք է տալիս: Դիմենք մի մարդու, որը ե՛ւ պատմաբան էր, ե՛ւ փիլիսոփայ, ե՛ւ նոյնիսկ` հրապարակախօս: Դա Հերոդոտոսն է, որին Կիկերոնը անուանել է պատմահայր:

Կարծում եմ, որ մեր երիտասարդութեանը նոյնիսկ շատ անհրաժեշտ է իմանալ, թէ իր հետազօտութիւններում նա ինչպէս է նկարագրում քաջարի մարդու էութիւնը: Հերոդոտոսի նկարագրութիւններում բարձրագոչ բառեր չկան: Նա պարզապէս դատողութիւններ է անում` հիանալի տիրապետելով նիւթին: Թող ոչ մէկին չզարմացնի, որ մեծ յոյնի կարծիքով, քաջ մարդն առաջին հերթին պէտք է նաեւ երկչոտ լինի: Երկչոտութիւնը բոլորովին էլ վախկոտութիւնը չէ: Եթէ քո առջեւ դրել ես դժուարին խնդիր, չափազանց հեռաւոր կամ չափազանց բարձր նպատակ, ապա առաջին հերթին պէտք է երկնչես հէնց խնդրից, հէնց նպատակից: Ըստ Հերոդոտոսի, միայն երկնչիլը քեզ կը պարտաւորեցնի «ծանրութեթեւ անել բոլոր պատահականութիւնները»: Եւ միայն դրանից յետոյ, արդէն խնդիրը լուծելու կամ նպատակին հասնելու ճանապարհին պէտք է «խիզախութիւն» դրսեւորես: Ես չգիտեմ` համացանցում կա՞յ Հերոդոտոսի ամբողջական աշխատութիւնն այն թեմայի վերաբերեալ, որ հիմա փորձում եմ առաջարկել մեր երիտասարդ սերնդին: Բայց պետական արխիւ յանձնած իմ ձեռագրերում դրանք կան: Եւ ժամանակից դեղնած տետրերիցս մէկում դրանցից քաղած հերոդոտոսեան ընդհանուր ցուցումը հետեւեալն է. «Մարդկանց, որոնք վճռել են գործել, սովորաբար ուղեկցում է յաջողութիւնը եւ, ընդհակառակը, հազուադէպ է ժպտում նրանց, ովքեր զբաղուած են միայն նրանով, որ անվերջ չափուձեւում են եւ յապաղում»:

Հերոդոտոսը գտնում է նաեւ, որ առանձնայատուկ քաջութիւն են հանդէս բերում հայրենիքից զրկուած, ստիպողական վերաբնակեցման պայմաններում գտնուող մարդիկ: Զարմանալի բառակապակցութիւններ են` «առանձնայատուկ քաջութիւն», «ստիպողական վերաբնակեցում»: Բայց չէ՞ որ դա մեր ՍՓԻՒՌՔ-ի մասին է: Ցաւօք, մենք հազուադէպ ենք մտորում, թէ ինչեր են վերապրել մեր նախնիները` ե՛ւ դարերի խորքում, ե՛ւ միջնադարում, ե՛ւ տասնիններորդ եւ թէ՛ քսաներորդ դարերում: Տասնեակներով նիւթեր ունեմ կուտակած: Եւ բոլորն էլ` ողբերգական: Նշանակում է` կուտակել եմ պարտքերս, որոնց մասին նշեցի տեղեկագրութեան սկզբում: Դժուար թէ կարողանամ բոլորը մատուցել տեղեկագրութեան շրջանակներում: Այնինչ ուզում եմ ներկայացնել բոլորը` առանց բացառութեան: Յոյսս գիրքն է: Ահա թէ ինչո՛ւ խօսք բացեցի քաջութեան մասին: Չէ՞ որ փրկուեցին հազարաւոր, հարիւր հազարաւոր, միլիոնաւոր մեր հայրենակիցներ` շնորհիւ հէնց հայ տղամարդկանց քաջութեան: Այո՛, սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող մեր ծովարշաւը նուիրուած է հայ մօրը, որը կարողացաւ օտար ափերում հայի մէջ պահել հային: Բայց եաթաղանից հրաշքով մազապուրծ ընտանիքների կեանքը վերջնականապէս փրկեցին տղամարդիկ: Իմ նիւթերում կան դէպքեր, երբ ճանապարհին, ծովում, բաց ովկիանոսում մեռնում էին ծեր ծնողները, մեռնում էին փոքրիկ երեխաները տարբեր հիւանդութիւններից, այդ թւում եւ` անբուժելի ծովային հիւանդութիւնից: Շատերը գրպանում մի սենթ անգամ չունէին: Եւ մեր տղամարդկանց առջեւ ծառացան դժուար լուծուող խնդիրներ: Կար նպատակ` փրկել ողջ մնացածներին, բնակութիւն հաստատել յաճախ շատ հեռւում, աշխարհի ծայրին: Մենք, այնուամենայնիւ, դեռեւս մինչեւ վերջ եւ ըստ արժանւոյն չենք գնահատել սփիւռքի մեծութիւնն ու պատմական դերը` ողջ հայ ժողովրդի փրկութեան գործում: Իմ նիւթերի հերոսների մէջ կան մարդիկ, որոնց հայրերը, պապերը եւ նախապապերը եկեղեցիներ, դպրոցներ, ազգային հաստատութիւններ են կառուցել, բարեգործական հիմնադրամներ ստեղծել, գրքեր, թերթեր հրատարակել: Ես արդէն չեմ խօսում թատրոնների, երգ ու պարի խմբերի, պետական հաստատութիւններին փոխարինող ամբողջական կառոյցների եւ շա՜տ ու շա՛տ այլ բաների մասին: Իսկ երկար ու ձիգ դարերի ընթացքում քանի՜-քանի անգամ են փոխուել, ինչպէս բազմիցս է ընդգծուել, այսպէս կոչուած սփիւռքի կեդրոնները: Եւ այդ ամէնը կատարուել է անվերջանալի Ցեղասպանութեան խորապատկերին ոչ թէ պարզապէս Օսմանեան կայսրութիւնում (հրէշաւոր մի կաղապար, որ մեզ պարտադրուեց սուսլովեան 60-ականներին, որպէսզի բացառուէր իսկական անուանումը` «Թուրքիա»), այլ մեր հայրենիքում` Արեւմտեան Հայաստանում եւ արդէն Հոկտեմբերեան յեղափոխութիւնից յետոյ` Արեւելեան Հայաստանում:

Աշխարհագրօրէն սփիւռքն, ի հարկէ, օտարութիւն է, որն ինչպէս Գենցէն է ասում` հարազատ չի դառնայ: Բայց ինքը` սփիւռքը, հարազատ է: Դա համաշխարհային պետութիւն է` կազմուած հարիւրաւոր հայաստաններից` իրենց եկեղեցիներով ու դպրոցներով: Սփիւռքում, ինչպէս ոչ մի տեղ, հայը գործուն կերպով գիտակցում է, որ բաւարար չէ իմաստուն լինել, այլ պէտք է կարողանալ օգտուել դրանից: Սփիւռքում հայը սովորել է փիլիսոփայութիւնը երկնքից իջեցնել հողի վրայ: Լինել սթափ, նոյնիսկ երբ հարբած է: Սփիւռքը յաւերժական յիշողութիւն է հայրենիքի մասին: Դա յաւերժական կարօտախտ է, որ գործողութիւն է ծնում, առանց որի` երբեք չի իրականանայ երազանքը:

Նիւթերից մէկի հերոս Վարդգէս Դալլաքեանը պատմում է, թէ ինչպէս էր իր հայր Ասատուրը յաճախ կրկնում, որ թունաւոր օձ է խայթել իրեն դեռեւս իր Մարիամ մօր արգանդում, որը յղի ու բոկոտն անցել էր Տէր Զօրի այրող աւազներով: Մարիամին անընդհատ թուացել էր, թէ իրեն օձեր են խայթում: Դա մտրակներն էին, որոնցով թուրքերը հարուածում էին իրենց զոհերին: Ասատուրն ասել էր նաեւ այն մասին, որ հայկական եկեղեցիների զանգերի մէջ լսում է ժողովրդի մորմոքը: Եւ այդ մարդը, որ անկասկած սփիւռքի ընդհանրական կերպարն էր, արել էր ամէն ինչ, որ մօր հետ նոյնիսկ օտարութեան մէջ զգայ, ասես` ապրում է Հայաստանում:

Ողջ օրը հոգիս այրելուց յետոյ, Վարդգէսի պատմութիւնը գիշերն էլ քունը խլեց աչքիցս: Անընդհատ մտածում էի այն թունաւոր օձի մասին, որ խայթել էր յղի Մարիամին Տէր Զօրում, եւ այն մասին, թէ ինչպէ՛ս էր որդին մօր արգանդում զգացել այդ ցաւը: Վառեցի փոքրիկ լամբս: Նորից նայեցի գրառումս եւ յանկարծ հասկացայ, որ շատ տարիներ առաջ Ասատուրի արտաբերած այդ միտքը բանաստեղծական տողի ուժ ունի եւ պահանջում է հնչեցնել  հայոց եկեղեցու մորմոքուն զանգի պէս: Եւ այն, ինչ գրեցի իմ ձեռքով, ասես տող առ տող շարուեց Ասատուրի թելադրանքով.

Ես դեռ մայրական մարմնում ամփոփուած`
Զգացի խայթն ու թոյնը քոպրայի
Եւ օտար հողում լոյս աշխարհ եկած,
Դարձայ պատկերը սփռուած հայի:
Իմ եկեղեցու զանգից ուժ առայ
Ու խորհրդի մէջ Տիրամօր-Մանկան,
Թէկուզ եւ զատուած, բայց քեզ հետ եղայ,
Ես` Մանուկ-Սփիւռք, դու` Մայր-Հայաստան…

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
CATEGORIES