«ԼԸ ՄՈՆՏ». ՎԵՐԱԳՏԱԾ ՀԱՅՈՒԹԻՒՆ

«ՆԻՈՒԶ. ԷՅ. ԷՄ.»Ը ՄԱՍՆԱԿԻ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԿԻՅՈՄ ԲԵՐԵԷԻ ՅՕԴՈՒԱԾԸ` ՀՐԱՊԱՐԱԿՈՒԱԾ ՖՐԱՆՍԱԿԱՆ «ԼԸ ՄՈՆՏ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒՄ

2004 թուականին իրաւաբան Ֆեթհիէ Չեթինի Թուրքիայում հրատարակած «Իմ տատիկի գիրքը» բեկում մտցրեց: Նա պատմեց 1915-ի Հայոց ցեղասպանութեան ժամանակ թուրքերի առեւանգած իր Հրանուշ տատու պատմութիւնը: Բռնի դաւանափոխած ու թրքացած հայուհուն անուանափոխել էին Շեհեր: Նրա թոռնուհին` Ֆեթհիէ Չեթինը մարդու իրաւունքների անդուլ պաշտպան է, 2007-ին սպաննուած Հրանդ Տինքի ընտանիքի շահերի պաշտպանն է: Նա առաջիններից էր, որ թապուներով ապրող թուրքական հասարակութիւնում բարձրագոչեց իր հայկական արմատների մասին: Ինքնաբերաբար երեւան եկան հարիւրաւոր այդպիսի պատմութիւններ` բացայայտելով մոռացուած իրողութիւնը. Ցեղասպանութիւնը վերապրած,  թրքացած, իսլամ ընդունած հայերի զաւակների առկայութիւնը:

Տատերից յետոյ Ֆեթհիէ Չեթինն այս անգամ ընկերաբան Այշէ Կիւլ Ալթինայի հետ զբաղւում է թոռների ճակատագրով: Այլ կերպ ասած` երկու սերունդ անց փորձում են պեղել մոռացուած անցեալը, հարցականի տակ դնել պաշտօնական պատմութիւնը եւ նրանց կեանքի վրայ դրած լռութիւնը: Նրանք փնտռում են հայկական ինքնութիւնը կորցրած կամ թաքցնող հայերին:

Դուք կարող էք նրանց հանդիպել դպրոցներում, Ազգային ժողովի միջանցքներում, հիւանդանոցներում, համայնքի ղեկավարի գրասենեակում կամ մզկիթներում: Նա կարող է լինել ձեր օթոպիւսի վարորդը, բուժքոյրը, որն արիւն է վերցրել ձեզանից, լրագրողը, որի յօդուածները դուք սիրում էք կարդալ, ձեր համակարգիչը տեղադրած մասնագէտը® կամ` ձեր շրջանի մզկիթի իմամը: Քչերն են ցանկանում խոստովանել, բացայայտել իրենց իսկական ինքնութիւնը: Գիրքում 24 մարդկանց կեանքի պատմութիւններ են, հայութեան մասնիկ ունեցող ընտանիքների դիմանկարներ:

Եըլտըզ Օնենը մարդու իրաւունքների պաշտպանութեան միութիւնների գործիչ է: Նա համաձայնեց վկայութիւններ տալ:

Նա ծնուել է Տերիքում` Թուրքիայի արեւելքում գտնուող քրտական շրջանում: Այդ գործունեայ երիտասարդ կինն ասում է, որ իրեն մեծացրել են որպէս քրտուհու: Նրա տատը հարուստ հայ առեւտրականի դուստր է եղել եւ վերապրել է Ցեղասպանութիւնը որդիներից մէկի հետ: Հազարաւոր հայ աղջիկներ այդ նոյն պատմութիւնն ունեն: Նրան առեւանգել են քրտերը, ամուսնացրել եւ դաւանափոխել: Եըլտըզ Օնենը պատմում է, որ ինքը ծնուել է այդպիսի միութիւնից: Տատը երկու որդիների է մեծացրել` մէկին հայկական աւանդոյթով, միւսին` որպէս քիւրտ: Պահպանողական մուսուլման հայրը հայ եղբայր է ունեցել:

Եւ միայն Հրանդ Տինքի սպանութիւնից յետոյ է նա մտածել, որ պէտք է զգայ իրեն հայ:

Ցեղասպանութիւնից յետոյ ողջ մնացածների երկրորդ սերունդը, անկախ նրանից մնացել են Թուրքիայում, թէ արտագաղթել են, տարիք են առել երկուութեան մէջ` միւսների մէջ տարալուծուելու եւ հիւանդագին պատմութիւնից պաշտպանուելու ձգտումով:

Սակայն այսօր թոռներից ոմանք պահանջում են հաշուետու լինել եւ հարցականի տակ են դնում պատմութիւնը, որը չի կարող դիմակայել: Ֆեթհիէ Չեթինի կարծիքով, միայն հիմա են նրանք հասկանում, թէ ի՛նչ ազդեցութիւն է ունեցել թուրք ազգայնամոլութիւնն իրենց դաստիարակութեան վրայ: Հայերի բացայայտուող պատմութիւնները խաթարում են թուրքական ինքնութեան միջուկային սահմանումը:

Փաստաբանի կարծիքով, գոնէ մէկ հայ նախնի ունեցող թուրքերը մի քանի հարիւր հազար են: Նրանց ինքնութիւնը հիբրիդային է` թուրքական, քրտական, հայկական, ալեւիական:

Ոմանք հայ են մնացել, թէեւ իսլամ են դաւանում: Միւսներն ասում են, որ քիւրտ են, բայց վերադառնում են քրիստոնէութեանը: Սեփական ինքնութիւնը որոշելու անհաւանական բազմազանութիւն կայ: 96 տարուայ ընթացքում Թուրքիան այդ թեման լռութեան է մատնել, այդ մասին մոռացել են նաեւ աշխարհասփիւռ հայերը: 1915-ին հայ ինքնութիւնից զրկուած հայ կանայք պատմութեան իրաւատէրեր են:

Թոռների յուշերը կեանքի են կոչում 20-րդ դարի առաջին Ցեղասպանութեան այդ մոռացուած զոհերին: Շարադրման ուժն ուղղուած է տատերի շնորհիւ թապուն վերացնելուն եւ Թուրքիայում պատմական հաշտեցման գործընթացին:

 

 

 

Share this Article
CATEGORIES