«ԱԿՈՒՆՔ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՕՎԱՃԸՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄՈՒՍԹԱՖԱ ՍԱՐԸԿԻՒԼԻ ՀԵՏ

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի նախաձեռնութեամբ, Տերսիմի Մնձուրի բնութեան եւ մշակոյթի փառատօնին մասնակցած Մկրօ Սարգսեանի անուան «Մարաթուկ» պարի եւ երգի ազգագրական համոյթի անդամներից, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի աշխատակիցներից, բժիշկներից եւ մտաւորականներից բաղկացած հայկական պատուիրակութեան ներկայացուցիչները Տերսիմի Օվաճըք քաղաքի կենտրոնի սրճարաններից մէկում հանդիպեցին Օվաճըքի քաղաքապետ Մուսթաֆա Սարըկիւլի հետ: Մեր ընթերցողներին ենք ներկայացնում Մուսթաֆա Սարըկիւլի տուած հարցազրոյցը Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալվրցեանին:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ.- Յարգելի՛ Սարըկիւլ, այս օրերին տեղի է ունենում Մնձուրի բնութեան եւ մշակոյթի փառատօնը: Օվաճըքում ինչպիսի՞ միջոցառումներ են կազմակերպւում փառատօնի շրջանակներում:

ՄՈՒՍԹԱՖԱ ՍԱՐԸԿԻՒԼ.- Ամէն տարի չորս օր տեւող փառատօնը սկսւում է Թունճելիից (Տերսիմ) եւ առանձին-առանձին շարունակւում այստեղի գաւառներում: Այն դէպքում, երբ փառատօնը միւս գաւառներում տեւում է մէկական օր, մեր գաւառում երկու օր է կազմակերպւում: Այս փառատօնի տարբերութիւնը միւս աւանդական փառատօններից նրանում է, որ այն մի փոքր աւելի է նուիրուած լինում բնութեանը, շրջակայ միջավայրին, թէկուզ եւ քիչ, սակայն կրում է նաեւ քաղաքական բնոյթ: Հետեւաբար մենք էլ այստեղ աւելի շատ ենք թեթեւ քաղաքական բովանդակութեամբ քննարկումներ անում, բնութեանը եւ շրջակայ միջավայրի բնաբանով ասուլիսներ կազմակերպում: Բացի այդ` երեկոյեան նոյն ձեւաչափին համապատասխան, այսինքն՝ բնութեան, շրջակայ միջավայրի եւ քաղաքական ձեւաչափերին համապատասխան երկու օր համերգային միջոցառումներ են կազմակերպւում, որոնց մասնակցում է արուեստագէտներից բաղկացած մի խումբ: Փառատօնի շրջանակներում օրուայ ընթացքում կազմակերպւում են նաեւ այցեր` շրջակայ գիւղեր, եւ այն աւարտւում է այստեղ կայացած փոքրիկ միջոցառումներից յետոյ:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ.- Ինչո՞ւ են բնութեան բնաբանով եւ քաղաքական բնոյթ ունեցող քննարկումները կազմակերպւում յատկապէս Օվաճըքում:

ՄՈՒՍԹԱՖԱ ՍԱՐԸԿԻՒԼ.-  Մնձուրի ազգային այգին սկսւում է Տերսիմից եւ ձգւում մինչեւ Օվաճըք: Այսինքն ողջ ձորահովիտը գտնւում է այս տարածքում: Աղբիւրն էլ բխում է դարձեալ մեզ համար սուրբ արժէք եղող Մնձուրի ակնաղբիւրներից: Հետեւաբար, թէ՛ բնութեան մէջ քիմիական նիւթերով հանքերի որոնման եւ թէ՛ ջրի հանդէպ կիրառուող այս կայսերապաշտական քաղաքականութեան պատճառով անընդհատ աշխատանքներ են կատարւում յանուն ջրի, շրջակայ միջավայրի եւ բնութեան պահպանման: Արդէն իսկ նման աշխատանքներ անելով՝ դառնում ենք ընդդիմութիւն, դա էլ իր հետ բերում է քաղաքականացուելու, քաղաքական ծրագիր իրագործելու հանգամանք: Միւս կողմն էլ այն է, որ այս շրջանն առանց այդ էլ ե՛ւ աշխարհագրական ճնշումների տակ գտնուող մի տարածք է, ե՛ւ, միեւնոյն ժամանակ, դաւանանքի առումով յարում է ալեւի-գըզըլպաշ հաւատքին: Բացի այդ` սոյն շրջանը լիովին ձախակողմեան դիրքորոշում ունեցող, լրիւ ձախ յարող անձանց շրջանն է:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ.- Ի՞նչ նիւթեր են շօշափւում այս տարուայ քննարկումներում:

ՄՈՒՍԹԱՖԱ ՍԱՐԸԿԻՒԼ.-  Երէկ մի քննարկում է կայացել, որն ուղղուած էր Տերսիմի ընկերային ու քաղաքական հիմնախնդիրներին: Այսօր եւս քննարկում ենք նախատեսում: Այսօրուայ քննարկումը գիտական ուսումնասիրութիւններ կատարած գիտնականների միջեւ է լինելու: «Ջրամբարները, ջրաելեկտրակայանները եւ բնութեան խանդը Մնձուրի հանդէպ» նիւթով այս քննարկումը տեղի է ունենալու այսօր, ժամը 17:00-ին: Քննարկմանը կը մասնակցեն Պոլսոյ մի քանի համալսարաններից ժամանած դասախօսներ, շրջակայ միջավայրի մասնագէտներ, ջրի պահպանմամբ զբաղուող քաղաքական խմբեր: Դա լինելու է ոչ թէ խնդրի լուծմանը, այլ զուտ խնդրին ուղղուած մի քննարկում, սակայն ի հարկէ կը ներկայացուեն նաեւ այլընտրանքներ:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ.- Օվաճըքում հայեր կա՞ն արդեօք:

ՄՈՒՍԹԱՖԱ ՍԱՐԸԿԻՒԼ.- Կան: Որքանով որ տեղեակ եմ, Օվաճըքում 30-ից աւել հայկական ընտանիքներ են ապրում: Այստեղի հայերը հիմնականում զբաղւում են գիւղատնտեսութեամբ եւ անասնապահութեամբ: Կան նաեւ մանր արհեստով զբաղուող հայեր:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ.- Շատ շնորհակալութիւն:

ՄՈՒՍԹԱՖԱ ՍԱՐԸԿԻՒԼ.- Մենք ենք շնորհակալ: Բարո՜վ էք եկել Օվաճըք:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ.- Բարո՜վ տեսանք իրար:

30.08.2011
Օվաճըք-Տերսիմ

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ
ԱՐԵՒՄՏԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԵՐՈՒ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆ

Share this Article
CATEGORIES