ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ԼԻՊԻԱՅԻ ԸՆԴՎԶՈՒՄԸ
Թունուզի եւ Եգիպտոսի ժողովրդական բողոքի ալիքները նաեւ հասան Լիպիա, Թունուզի եւ Եգիպտոսի Հանրապետութեան նախագահներ` Պըն Ալին եւ Հիւսնի Մուպարաքը հեռացան իշխանութիւնից, սակայն Լիպիայի Հանրապետութեան նախագահ Մոամմար Քազզաֆին, որ 1969 թուականից (քառասուն տարուց աւել) է, որ նստած է իշխանութեան աթոռին, թւում է, թէ չի ցանկանում թողնել աթոռը:
Այս տագնապալի օրերում Թուրքիան, որ Եգիպտոսին տեսնում է որպէս իր մրցակիցը` արաբական աշխարհում, առիթը յարմար նկատելով` սկսեց յորդորել Հիւսնի Մուպարաքին, որ լսի իր ժողովրդի ձայնը, այսինքն անուղղակի կերպով ցանկանում էր, որ Մուպարաքը հեռանայ իշխանութիւնից, սակայն Լիպիայի պարագայում Թուրքիան նման քայլերի չի դիմել, որեւէ յորդոր չի կատարել Քազզաֆիի համար, թուրք իշխանաւորները Լիպիայի հարցով միայն մտահոգութիւն են յայտնել իրենց (այսինքն` թուրք) քաղաքացիների ապահովութեան համար, որոնք այժմ ապրում են Լիպիայում:
ԱՄԵՐԻԿԱ-ԹՈՒՐՔԻԱ-ԼԻՊԻԱ
Սակայն հետաքրքիր է դառնում Թուրքիայի դիրքը, երբ աւելացնենք այն հարցը, որ Թուրքիան Ամերիկայի բարեկամն է, իսկ Ամերիկան էլ յայտնել է, որ պատրաստ է ամէն միջոցի դիմել Լիպիայի կառավարութեանը խորտակելու համար, եւ քանի որ Ամերիկան ու Լիպիան յարաբերութիւններ չունեն միմեանց հետ եւ Ամերիկան չունի ուղղակի լծակներ` Լիպիայում, ուստի այս հարցում օգտուելու է տարածաշրջանի իր բարեկամներից: Արդէն Պարաք Օպաման եւ Էրտողանը բազմաթիւ հեռախօսազրոյցներ են ունեցել Լիպիայի հարցով եւ ուշի-ուշով հետեւում են Լիպիայի իրադարձութիւններին:
Թուրքիայի «Պուկիւն» օրաթերթը իր փետրուար 26-ի համարում անդրադարձել է այն լուրին, թէ Թուրքիայի վարչապետ Էրտողանը երկրի բանակին հրահանգել է, որ կազմ ու պատրաստ վիճակում լինեն, հարկ եղած դէպքում Լիպիայում զինուորական միջամտութիւն կատարելու համար, եթէ անդրադառնան, որ վտանգուած է Լիպիայում ապրող թուրք քաղաքացիների ապահովութիւնը:
ԹՈՒՐՔԻԱ-ԼԻՊԻԱ ԿԱՊԵՐ
Լիպիան օսմանական Թուրքիայի մաս էր կազմում 1551 թուականից մինչեւ 1911 թուականը. այս թուականին Իտալիան գրաւեց Լիպիան: Թուրքիան եւ Լիպիան համարեա լաւ կապեր են ունեցել միմեանց հետ: 1974 թուականին, երբ Թուրքիան յարձակուեց Կիպրոսի վրայ եւ գրաւեց Կիպրոսի հիւսիսը, Քազզաֆին պաշտպանեց այդ քայլը, բայց ընդհանրապէս քանի որ Թուրքիան միշտ եղել է Արեւմուտքի ու Ամերիկայի բարեկամը եւ Քազզաֆին դէմ է եղել Արեւմուտքին, երկու երկրները շատ էլ ջերմ բարեկամութիւն չեն ունեցել, սակայն վերջին տարիների ընթացքում զարգացել են երկու երկրների առեւտրական եւ տնտեսական կապերը: Երկու երկրների առեւտրական փոխանակումները անցեալ տարի հաշտուել են շուրջ 2,4 միլիառ տոլար, շուրջ 200 թուրքական շինարարական ընկերութիւններ աշխատում են Լիպիայում` իրականացնելով շուրջ 15,3 միլիառ տոլարի նախագծեր, եւ շուրջ 25,000 թուրքեր ներկայում աշխատում ու ապրում են Լիպիայում, որոնց ապահովութիւնը մեծ մտահոգութիւն է Թուրքիայի համար:
ԷՐՏՈՂԱՆ ԵՒ ՔԱԶԶԱՖԻԻ ՄՐՑԱՆԱԿ
Անցեալ տարուայ նոյեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանն արժանացաւ «Մոամմար Քազզաֆիի մարդու իրաւունքների հիմնարկ»ի մրցանակին: Ֆոնտը հիմնադրուել է 1988 թուականին` Քազզաֆիի միջոցով, եւ մրցանակներ է շնորհում միջազգային դէմքերին ու կազմակերպութիւններին, որոնք աշխատում են մարդու իրաւունքների, խաղաղութեան ու ազատութեան տարածման համար:
Այժմ Թուրքիայի մի շարք կազմակերպութիւններ, որոնք նաեւ աշխատում են մարդու իրաւունքների պաշտպանութեան համար, երկրի վարչապետից պահանջել են, որ մրցանակը յետ ուղարկուի Քազզաֆիի` յայտնելով, որ քանի դեռ այդ մրցանակը գտնւում է վարչապետի գրասենեակում` Լիպիայում տեղի ունեցող մարդու իրաւունքները ոտնահարող արարքների պատասխանատուութիւնը ծանրութիւն է անելու նաեւ վարչապետի վրայ:
Էրտողանն էլ պատասխանել է, թէ մրցանակը յետ չի վերադարձնելու, քանի որ այդպիսով վտանգելու է այժմ Լիպիայում գտնուող թուրք քաղաքացիների ապահովութիւնը:
ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
«Ալիք»