ԴՌՆԵՐԻ ՅԵՏԵՒՈՒՄ. ՄԱՅՐ, ՈՎ ԱՊՐԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԶԱՒԱԿՆԵՐԻՆ

Դրան յետեւից լսուող հեռուստացոյցի բարձր ձայնը խորացրեց տագնապս: Ի հարկէ, ուրիշ ի՞նչ կարող է մայրն առաջարկել իր հաշմանդամ երեխաներին, երբ ընտանիքի միակ ծնողն ու խնամողն է: Մէկը միւսին նմանող օրերին կապոյտ պաստառը երեխաների առջեւ այլ աշխարհի դռներ է բացում:

Դրան փականի շխկոցի հետ լսուեց Մերիի ջերմ ողջագուրանքները, եւ նրա հիւրընկալ ձայնին հետեւելով` քայլեցինք դէպի խոհանոց: Տագնապի զգացումը մասամբ նուազեց, երբ մօր կողքին տեսայ որդուն` Սամուէլին: Մայրը շտապեց տեղեկացնել, որ թէեւ առաջին անգամ ենք իրենց հիւր եկել, սակայն սպասուած ու ցանկալի ենք Սամուէլիկի համար: Դեռ դրան յետեւից` նա գիտի, թէ ո՛ւմ է ուզում ներս թողնել, իսկ ում` ոչ: Զրոյցի ընթացքում տղան ուրախ թռչկոտում էր ու  փորձում` մեզ ներքաշել իր խաղի մէջ:

Ուշադիր հետեւում էի Մերիի խօսքին ու մտածում, թէ ե՞րբ վերջապէս խոր  կարեկցանքի զգացում կ՛ապրեմ. մօր իւրաքանչիւր խօսքը զարմանք ու հիացմունք էր առաջացնում միայն: Ինձ համակող զգացումների շարքում կարեկցանքը տեղ չունէր:

Այսօր Մերին միայնակ է խնամում իր երկու հաշմանդամ երեխաներին` Սիրանուշին եւ Սամուէլին: Նրանց հայրը նոր ընտանիք է կազմել, նոր կեանք սկսել, որտեղ զաւակներն այլեւս տեղ չունեն: Սիրանուշն իր կեանքի 11 տարիներն անցկացրել է հաշմանդամի սայլակին: Վաղ հասակում բժիշկները խորհուրդ էին տուել վիրահատել աղջնակին, սակայն մայրը հրաժարուել էր` ապաւինելով իրեն եւ ամենակարող Աստծուն: Տարիների մարձումներն ու վարժութիւնները տուել են իրենց արդիւնքը, եւ Սիրանուշը տանը ինքնուրոյն տեղափոխւում է պապիկի նուիրած նոր քայլակի օգնութեամբ: Նա գոհ է, որ իր հին քայլակն էլ մէկ ուրիշին է քայլեցնում:

Ընդամէնը մի քանի տարի առաջ Սիրանուշի ձեռքի մատներն անօգնական կախուած էին. այսօր դրանք նուագում են Բաբաջանեանի, Չայքովսքու, Պեթհովենի, Պախի, ստեղծագործութիւնները,  եւ այնպէս, որ ուզում ես գրկել Մերիին ու շնորհաւորել, ասես` դա շնորհալի զաւակի սովորական յաջողուած համերգային ելոյթ է, եւ ընդամէնը… Սիրանուշի կատարումը յուզում է, բայց չի զարմացնում մինչ այն պահը, երբ յանկարծ գիտակցում ես, որ աղջկայ ոտքերն անդամալոյծ են, իսկ տանը երբեւէ դաշնամուր չի եղել: Երկու տարի առաջ մայրը որոշել էր, որ մեքենական վարժութիւնները  բաւական չեն մատների բնական շարժը վերականգնելու համար  եւ երկար պայքարից յետոյ յաջողել էր գտնել այն ուսուցչին, ով համաձայնել էր աղջկան դաշնամուր նուագել սովորեցնել: Այսօր արդէն Սիրանուշը մօր օգնութեամբ լինում է տարբեր համերգասրահներում եւ իր կատարումներով հիացնում հանդիսատեսին: Մերիին երախտագիտութեամբ է յիշում այն օրը, երբ Սիրանուշի հայրը, թէեւ թերհաւատ, բայց աղջկան նուիրեց իր օրկը: Գործիքը տան այն փոքրաթիւ իրերի շարքում է, որոնց ընտանիքում առանձնակի խնամքով են վերաբերւում:

Սիրանուշի  նկարները եւս գեղեցիկ են ու լուսաւոր: Դրանցից մի քանիսը տեղ են գտել «Համահայկական նկարչական օր» փառատօնի կողմից  հրատարակուած սեղանի օրացոյցներում: Մերին մեծ ոգեւորութեամբ ու հպարտութեամբ է խօսում դրանց մասին, եւ շատ քիչ` այն մասին, թէ որքա՛ն ժամանակ, ջանք ու նուիրում է անհրաժեշտ եղել, որպէսզի դուստրը կարողանայ ապրել, ստեղծագործել, զարմացնել ու հիացնել:

Մերիի համար որդին հպարտութեան նոյնպիսի աղբիւր է, ինչպիսին որ դուստրը: Ուղղակի խնդիրներն այստեղ բոլորովին այլ բնոյթի են. տանը ստեղծել միջավայր, որը ցանկալի է որդու համար, իսկ դրսում` զգօն լինել, անդադար հետեւել, որ Սամուէլիկն իր չափից աւելի հետաքրքրասիրութեամբ ու աշխուժութեամբ անյարմարութիւն չպատճառի շրջապատին: Այն, ինչ ինձ համար ուղղակի տղայական չարաճճիութիւն էր, Մերիի եւ բժիշկների որակմամբ օթիզմ է, հիւանդութիւն, որը թէեւ կարճատեւ շփումների ընթացքում կարող է ընկալուել, որպէս թոյլ շեղում կանոնից, իրականում խնդիր է, որը յատուկ խնամք ու հոգածութիւն է պահանջում ողջ կեանքի ընթացքում:

Ամէն անգամ, մի բնակարանից միւսը տեղափոխուելիս, Մերին քնքշանքով ու զգուշութեամբ դասաւորում է որդու արած նկարները, ապա առանձին-առանձին թերթի մէջ փաթաթում Սամուէլիկի կաւէ աշխատանքները, յետոյ` նոյն քնքշանքով ու զգուշութեամբ դրանք յետ դասաւորում նոր բնակարանում յարմարեցուած դարակների վրայ: Նոյն սիրով էլ մայրը դասաւորում է որդու գրքերը: Գրադարանը մեծ չէ, բայց դրանք` հիմնականում ամենատարբեր նկարազարդ հանրագիտարաններ ու գիտադարաններ, իրենց ուրոյն տեղն ունեն Սամուէլիկի կեանքում: Մայրը արդէն չի զարմանում, թէ ինչպիսի՛ արագութեամբ ու անզուսպ ծարաւով է որդին կլանում կարդացածը: Նրան  հետաքրքրում է ամէնը, ինչն ունի իր պատկերաւոր դրսեւորումը, այդ թւում` անասունները, լճերն ու պետական դրօշները, աստղերը երկնքում եւ ամենասովորական խոհանոցն ու սննդի պատրաստումը` երկրի վրայ:

Մայրը պատմում է, որ Գայի անուան դպրոցում (թիւ 129) սովորելու առաջին տարիներին դպրոցի մանկավարժներն ու աշակերտները մեծ վերապահումով էին վերաբերւում Սիրանուշի եւ Սամուէլի կարողութիւններին եւ նրանց` իրենց դպրոցում սովորելու իրողութեանը: Այսօր քոյր ու եղբայր ոչ միայն մօր, այլեւ ողջ դպրոցի հպարտութիւնն են: Մի բան, որ մայրն էլ դժուարանում է հասկանալ, այն է, որ երկու զաւակներն էլ դպրոցից դուրս նախընտրում են խօսել միմիայն ռուսերէն, թէեւ բոլոր առարկաներից ունեն գերազանց առաջադիմութիւն եւ փայլուն տիրապետում են թէ՛ հայերէնին եւ թէ՛ ռուսերէնին: Մայրը, որ ռուսերէն եւ անգլերէն լեզուների մասնագէտ է, երեխաներին ամէն կերպ խրախուսում է օգտագործել մայրենին, բայց եւ այն կարծիքին է, որ ընտրութիւնը վերջին հաշուով զաւակներինն է:

Իսկ հեռուստացոյցն ու շարժուն գծանկարները ոչ թէ լցնում են երեխաների օրուայ դատարկութիւնը, այլեւ` պարապմունքներից ու ընթերցանութիւնից ազատ ժամերին սնում նրանց պրպտուն միտքն ու անյագ հետաքրքրասիրութիւնը:

Աջակցութեան մասին Մերի Մարտիրոսեանի բազմաթիւ նամակներից մէկն էլ ուղղուած էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Մերիի ընտանեկան հանգամանքներին ծանօթանալուց յետոյ, հիմնադրամի լոսանճելըսաբնակ բարերարներից Լեւոն Քիրաճեանը ցանկութիւն յայտնեց իւրաքանչիւր ամիս ընտանիքին նուիրաբերել 200 տոլար` նրանց բնակվարձն առնուազն մէկ տարի վճարելու նպատակով:

Սակայն ընտանիքի խնդիրները սրանով չեն սահմանափակւում:

ՅԱՍՄԻԿ Վ. ԳՐԻԳՈՐԵԱՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամ

 

 

Share this Article
CATEGORIES