ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 20 ՏԱՐԻ

Լուսանկարը՝ Սանահին Թորոսի

2011 թուականը մեր երկրում անցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման 20-ամեակի նշանաբանով: 1991 թուականի  սեպտեմբերի 2-ի Հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին, որը շրջադարձային իրադարձութիւն դարձաւ Արցախի բազմադարեայ պատմութեան մէջ, սկիզբ դրեց արցախեան ազգային-ազատագրական պայքարի նոր` անկախ  պետականութեան կառուցման փուլին:

Ինքնիշխան պետութեան ստեղծման գործընթացը չի կարելի դիտել Խորհրդային Միութիւնում 1980-ական թուականների կէսին տեղի ունեցած իրադարձութիւններից կտրուած: 1988 թուականին, աննշան քաղաքական  ազատականացման առաջին նշանների հետ, որը  «վերակառուցման» քաղաքականութեան  արդիւնքը դարձաւ, Լեռնային Ղարաբաղի  հայկական բնակչութիւնը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայաստանին  վերաենթարկելու հարց բարձրացրեց: Իսկ անկախ  պետութիւն ստեղծելու գաղափարն իրական հեռանկար ձեռք բերեց այն բանից յետոյ, երբ իր վերջին օրերն ապրող Խորհրդային Միութեան տրոհումն անխուսափելի դարձաւ: Հէնց այդ ժամանակաշրջանում Ժողովրդական  պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի  մարզային եւ Շահումեանի շրջանային  խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունուեց Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին:

Ինքնուրոյն  պետականութեան ճանապարհին յաջորդ իրաւական քայլը դարձաւ 1991 թուականի դեկտեմբերի 10-ին` Խորհրդային Միութեան  պաշտօնապէս  տրոհումից ընդամէնը մի քանի օր առաջ անցկացուած հանրաքուէն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան մասին, որը ժողովրդի ազատ  կամարտայայտութեան հիման վրայ իրաւաբանօրէն ձեւակերպեց հանրապետութեան  կայացումը որպէս անկախ պետութիւն: Անկախ  դիտորդների կողմից ընդունուած Ակտ հանրաքուէի արդիւնքների մասին  հաստատեց ժողովրդական կամարտայայտութեան  տուեալ  ժողովրդավարական իրաւական ակտի իսկութիւնն ու օրինականութիւնը: Այդպիսով,  անկախութեան մասին հանրաքուէն ապահովեց  Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան լիակատար օրինաւորութիւնը Խորհրդային Միութեան տրոհման իրաւական  համաթեքսթում, այլ խօսքով` Լեռնային Ղարաբաղը Ազրպէյճանի կազմից դուրս եկաւ Խորհրդային Միութեան օրէնսդրութեանը, ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ միջազգային իրաւունքի չափանիշերին խստիւ  համապատասխան:

Կարեւոր է ընդգծել, որ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման, ապա եւ  սեփական պետականութեան ստեղծման համար պայքարի բոլոր փուլերում  ղարաբաղցիներն  անշեղ կերպով հետեւել են օրէնքի` ինչպէս այդ  ժամանակ գործող Խորհրդային Միութեան  օրէնսդրութեան, այնպէս էլ միջազգային  իրաւունքի չափանիշերին: Պատահական չէ, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական  ընդդիմախօսներն այդպէս էլ մինչ օրս չեն  կարողացել ոչ մի փաստարկ բերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման  անօրինաչափութեան օգտին:

Անկախ եւ ժողովրդավարական պետութեան ստեղծման ուղղութիւն վերցնելով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ղեկավարութիւնը սկսեց քայլեր ձեռնարկել պետական  շինարարութեան գործընթացի հետեւողական զարգացման ուղղութեամբ եւ պետական հաստատութիւններն ստեղծել իշխանութիւններն  օրէնսդրականի, գործադիրի եւ դատականի բաժանելու` համընդհանուր կերպով ընդունուած  սկզբունքի հիման վրայ: Երիտասարդ հանրապետութիւնը պաշտպանելու անհրաժեշտութիւնը հրամայաբար առաջին գիծ  քաշեց նաեւ մարտունակ բանակ ստեղծելու խնդիրը` որպէս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ նրա ժողովրդի անվտանգութեան հիմնական երաշխաւորի:

Ամբողջութեամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախ պետականութեան պատմութեան ընթացքում հանրապետութիւնում  անցկացուել են նախագահի չորս  համաժողովրդական ուղղակի ընտրութիւններ (1996, 1997, 2002, 2007 թուականներին) եւ  խորհրդարանական հինգ ընտրութիւններ: Դրանք բոլորն էլ անցել են միջազգային անկախ  դիտորդների ներկայութեամբ, ովքեր անփոփոխ կերպով դրանց բարձր գնահատական են տուել ինչպէս կազմակերպման, այնպէս էլ  քուէարկութեան ընթացակարգերի տեսակէտից, նշել դրանց համապատասխանութիւնը  համընդհանուր կերպով ընդունուած միջազգային չափանիշերին ու ժողովրդավարական  ընտրութիւնների անցկացման սկզբունքներին: Նախագահական ու խորհրդարանական  ընտրութիւններից բացի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում երեք տարին մէկ անցկացւում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններ: Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրութիւնները  կ՛անցկացուեն արդէն այս տարի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան  պետականութեան հետագայ ամրապնդմանն ուղղուած կարեւորագոյն քայլ դարձաւ 2006 թուականի դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքուէում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան սահմանադրութեան ընդունումը: Հիմնական օրէնքի ընդունումը, որն ունի բարձրագոյն  իրաւաբանական ուժ, դարձաւ 1991 թուականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման գործընթացի եւ դրան յաջորդած  պետական շինարարութեան 15-ամեայ ժամանակաշրջանի տրամաբանական աւարտը:  1991 թուականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման  մասին Հռչակագիրը եւ 1992 թուականի յունուարի  6-ին հանրապետութեան պետական անկախութեան մասին Հռչակագիրն ընդունելով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովուրդը փաստօրէն արտայայտուեց անկախ  ժողովրդավարական պետութեան հիմքերի կառուցման օգտին: Պատահական չէ, որ այդ  երկու հռչակագրերը դարձել են հիմնական փաստաթղթեր եւ հետագայում ընկել ներկայիս սահմանադրութեան  հիմքում:

Վերը շարադրուածն ընդհանրացնելով, կարելի է  արձանագրել, որ Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետութիւնը հանդիսանում է տէ ֆաքթօ կայացած անկախ պետութիւն, որը պետական շինարարութեան բարդ գործընթացներով անցել է Ազրպէյճանի ռազմական նախայարձակումի եւ շարունակուող արտաքին սպառնալիքի ծանր պայմաններում: Հանրապետութիւնում ստեղծուել  եւ արդիւնաւէտ կերպով գործում են պետական իշխանութեան եւ կառավարման գործունակ մարմինները, իշխանութիւնը ժողովրդի կողմից  իրականացւում է ազատ ընտրութիւնների միջոցով:

Վտանգաւոր հակառակորդին  դիմակայման  պայմաններում  իր  հիմնաւորութիւնն ապացուցած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգային ճանաչումն  այլընտրանք չունի: Ղարաբաղեան կողմի դիրքորոշումը հիմնուած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման ընթացակարգի  իրաւաբանական անբասիրութեան վրայ,  ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի վրայ: Նորանկախ պետութիւնների կազմաւորման  ժամանակակից միտումները, որտեղ աւելի ու աւելի է գերակշռող դեր խաղում ժողովուրդների ինքնորոշման միջազգային հիմնարար իրաւունքը,  թոյլ են տալիս յուսալ, որ ազրպէյճանա-ղարաբաղեան  հակամարտութիւնը եւս իր լուծումը կը գտնի ներկայումս  ընթացող  աշխարհակարգաւորման  գործընթացների  համաթեքսթում:

«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»

Share this Article
CATEGORIES