ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆԸ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Նրանով հանդերձ, որ Թուրքիան աշխարհի 17-րդ տնտեսական ուժն է համարւում եւ ունի զարգացող տնտեսութիւն ու նաեւ այն, որ ըստ այդ երկրի պատասխանատուների, աշխարհի տնտեսական տագնապը չի ազդել երկրի տնտեսութեան վրայ, սակայն թուրք իշխանաւորները մտահոգ են երկրի տնտեսութեան համար: Մտահոգութիւններից գլխաւորներն են` անգործութիւնը, երկրի արտաքին պարտքերը, յորդումը եւ թուրքական լիրայի արժէքը:

* Ըստ Թուրքսաթի (Թուրքիայի վիճակագրական տուեալների կառավարական գործակալութիւն), անգործութիւնը երկրում 2011 թուականի մարտին եղել է 10.8 տոկոս, որը անցեալ տարուայ նոյն ժամանակաշրջանի համեմատ` նուազել է 2.9 տոկոսով, սակայն աշխատաւորական արհեստակցական միութիւնների տեղեկագրերի համաձայն, անգործութիւնը երկրում 17.8 տոկոս է. անգործութեան տոկոսը աւելի բարձր է երկրի հարաւարեւելեան եւ քիւրտաբնակ շրջաններում:

Թուրքիան ունի 75 միլիոն բնակչութիւն, որի շուրջ կէսը 28 տարեկանից փոքր է: Ըստ տնտեսագէտների, դա նշանակում է, թէ երկրում պիտի ստեղծուի տարեկան 700 հազար գործ, եթէ կառավարութիւնը ուզում է կայուն պահել անգործութեան տոկոսը:

Ընդհանրապէս, կառավարութիւնների համար հեշտ չէ այդ ծաւալով գործ առաջացնելը:

* Կենտրոնական դրամատունը շարունակում է ցածր պահել տոկոսների սակագինը, որպէսզի թուրքական լիրայի արժէքը չբարձրանայ: Ըստ տնտեսագէտների, թուրքական լիրայի ցածր գնով պահելուց միայն շահում են երկրի արտածողական արդիւնաբերութիւնները` համաշխարհային շուկայում, քանի որ թուրքական ապրանքների գինը որոշւում է թուրքական լիրայով, ուստի ցածր արժէք ունեցող լիրայով ապրանքների գնումը ձեռնտու է արտասահմանցի գնորդի համար. դա նշանակում է ապրանքի շատ արտածում` երկրից դուրս եւ, հետեւաբար, եթէ արտածումները աշխուժ լինեն, երկրում կը ստեղծուի աշխատանք: Դարձեալ ըստ տնտեսագէտների, յորդումը մինչեւ 2011 թւականի վերջը հասնելու է 7.5 տոկոսի. որեւէ երկրի տնտեսութիւնը ինչ-որ մի ժամանակաշրջան կարող է դիմանալ յորդումին եւ բարձր յորդումը Թուրքիայի նման երկրում, որ ունի զարգացող տնտեսութիւն, կարող է հասարակական տագնապների դուռ բացել: Ապրիլին Կենտրոնական դրամատունը յորդումը յայտարարել էր 6.9 տոկոս. ըստ տնտեսագէտների, Կենտր. դրամատունը տոկոսների սակագինը բարձրացնելու է տարեվերջում, երբ սպասւում է, որ նաեւ բարձրանայ յորդումը:

Կենտրոնական դրամատունը շարունակում է ցածր պահել թուրքական լիրայի արժէքը, միայն այն պատճառով, որ օգնած լինի արտածողական արդիւնաբերութիւններին: Բնականաբար, եթէ ստիպւած լինի լիրան փրկելու համար բարձրացնել դրա արժէքը, հէնց նոյն արտածողները կը լինեն առաջին տուժողները:

* Թուրքիան ունի 299 միլիառ տոլար արտաքին պարտք, որի 58 միլիառ տոլարը պէտք է հաշուեփակ անի մինչեւ 2011 թուականի աւարտը: Այդ պարտքերից 193 միլիառ տոլարը պատկանում է տնտեսութեան մասնաւոր բաժնին, եւ կառավարութիւնը որեւէ յանձնառութիւն չունի այդ ուղղութեամբ: Սակայն պարզ է, որ եթէ տնտեսութեան մասնաւոր բաժինը երկրում տագնապի մատնուի, ապա տագնապալից հետեւանքներից խուսափելու համար` կառավարութեան պարտականութիւնն է, որ միջոցներ ձեռնարկի երկիրը տագնապից փրկելու համար:

Նկատի ունենալով այն, որ Թուրքիայում արտադրութիւնները չունեն բարձր յաւելարժէք եւ երկրում գոյութիւն չունի լայն միջին ու բարօր խաւ, եւ ներքին խնայողութիւնը գտնւում է ցածր մակարդակում, ուստի` երկիրը իր պարտքերը մարելու համար հարկադրաբար պէտք է պարտք ստանայ ներքին եւ արտաքին շուկաներից: Արդէն տարիներ է, որ Թուրքիան տարեկան 35 միլիառ տոլար տոկոս է վճարում իր ներքին եւ արտաքին պարտքերի դիմաց:

Ըստ Անգարայի Առեւտրի պալատի տեղեկագրի, Թուրքիայի ընտանիքներից 56.6 տոկոսը պարտք է դրամատան: Դրամատներից վարկ ստանալը շատ հեշտ է ժողովրդի համար. նրանք

վարկ են վերցնում ինքնաշարժ կամ բնակարան գնելու կամ որեւէ ապրանք գնելու համար, նոյնպէս վարկային քարտերի պատճառով ժողովուրդը պարտք է վարկային քարտերի ընկերութիւններին. այդ պարտքերը շուրջ 4.469 միլիառ թուրքական լիրա են գնահատւում:

Դա նշանակում է, որ բացի այն, որ ժողովրդի մօտ դրամ չկայ, չունեն նաեւ խնայած գումար եւ, աւելի վատը` դեռ իրենց գոյապրուստը հոգալու համար անընդհատ պարտք են վերցնում եւ մնում են պարտքի տակ:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

«ԱԼԻՔ» օրաթերթ

Share this Article
CATEGORIES