ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՈՎ. ՆԱՒԹԻ ԵՒ ՄԵԾԱՀՈԳՈՒԹԵԱՆ ԱՐՔԱՆ

Այսօր շատ է խօսւում բարեգործութեան մասին: Բարեգործութիւնն այլեւս դարձել է հայ ժողովրդի նոր կենսագրութեան անբաժանելի մասը: Սակայն պատմութիւնը ցոյց է տալիս, որ  հայ իրականութեան մէջ միշտ էլ եղել են բազմաթիւ մեծահարուստներ, որոնք աչքի են ընկել իրենց առատաձեռն, ազգօգուտ բարեգործութիւններով: Նոյն պատմութիւնը ցոյց է տալիս նաեւ, որ հայ բարեգործներից  ոչ մէկը չի վայելել Ալեքսանդր Մանթաշեանցի (Մանթաշով) ժողովրդականութիւնը: Մինչեւ այսօր էլ խօսւում է Մանթաշովի բարեգործութիւնների, նրա կերպարի, նրա կատարած ազգանուէր գործերի մասին:   Նոյնիսկ ժողովրդական հասկացութիւն կայ, որով բարերարներին, առատաձեռն մարդկանց կամ ազգի նուիրեալներին համեմատում են Մանթաշովի հետ: Մանթաշովը դարձել է հայ ժողովրդի բարեգործի խորհրդանիշը:

Ալեքսանդր Մանթաշովը ծնուել է Թիֆլիսում,  1842 թուականի մարտի 3-ին: Նրա հայրը` Յովհաննէս Մանթաշովը, սպառողական առարկաների վաճառական էր: Մանթաշովը  սովորել է Թիֆլիսի Գալուստ վրդ. Փափազեանցի մասնաւոր դպրոցում եւ ստացել հիմնաւոր կրթութիւն: Նա տիրապետում էր մի քանի լեզուների` հայերէն, ռուսերէն, վրացերէն, գերմաներէն եւ անգլերէն:

Մանթաշովի մանկութիւնն ու պատանեկութիւնն անցել են պարսկական Թաւրիզ քաղաքում, որտեղ նրա հայրը զբաղւում էր գործուածքեղէնի վաճառքով: Լինելով ընտանիքի միակ արու զաւակը` Ալեքսանդրը դեռեւս մանկուց առեւտրային գործերու օգնել է հօրը:

1868 թուականին Յովհաննէսը որդու հետ շրջագայում է Եւրոպայում եւ առեւտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառականական տների հետ: 1869 թուականին Ալեքսանդրը  տեղափոխւում է Մանչեսթըր, որն այդ ժամանակ սպառողական առարկաների խոշոր կեդրոններից էր: Այդտեղից էլ նա հօրը գործուածքեղէն է մատակարարում: Մանչեսթըրեան շրջանը կարեւոր դեր է ունենում երիտասարդ Մանթաշովի ձեւաւորման գործում: Այստեղ նա ոչ միայն ծանօթանում է  սպառողական առարկաների գործարկի այբուբենի հետ, այլեւ խորասուզւում է եւրոպական գործարարութեան բարդութիւնների մէջ: Նա նաեւ հնարաւորութիւն է ունենում հաղորդակից դառնալու անգլիական մշակոյթին: Վերադառնալով Թեհրան, որտեղ հայրը վաղուց էր ծաւալել իր առեւտրական գործունէութիւնը, 1878  թուականին նա  իրենց առեւտուրը տեղափոխում է Թիֆլիս: Էրիվանեան հրապարակի վրայ գտնուող «Կովկաս» հիւրանոցի առաջին հարկում նրանք գործուածքեղէնի խանութ են բացում, յետոյ` երկրորդը եւ սկսում են զբաղուել գործուածքեղէնի մեծածախ առեւտրով: 1886 թուականին մահանում է Ալեքսանդրի մայրը, եւ հայրը, խոր վիշտ ապրելով` մէկ տարի յետոյ նոյնպէս կնքում է իր մահկանացուն:

Հայրը որդուն ժառանգութիւն էր թողել բաւական մեծ գումար` 200 հազար ռուսական ռուբլի դրամագլուխ: Հօր մահից յետոյ Ալեքսանդրը գնում է թիֆլիսեան առեւտրային դրամատան արժէթղթերի մեծ մասը, որը կարեւոր դեր ունէր ողջ Կովկասի առեւտրում, եւ դառնում` նրա գլխաւոր բաժնէտէրը, իսկ հետագայում զբաղեցնում է նաեւ դրամատան վարչական խորհրդի նախագահի պաշտօնը: Ի դէպ, «Տիմկոմ» դրամատունը Կովկասի միակ ելեւմտական հաստատութիւնն էր, որի արժեթղթերը գնահատւում էին Ս. Փեթերսպուրկի սակարանում:

90-ականների սկզբին Մանթաշովն արդէն առաջին գիլդիայի վաճառական էր եւ Թիֆլիսի Քաղաքային տումայի իրաւասու: Հէնց այդ ժամանակ էլ նա սկսում է հետաքրքրուել նաւթով: Ալեքսանդրը շատ հեռատես էր. կանխազգալով  նաւթարդիւնաբերութեան մեծ հեռանկարները`  նա տեղափոխւում է Պաքու եւ  սկսում զբաղուել նաւթի արդիւնաբերութեամբ…  Դա համաշխարհային նաւթապիզնըսի ձեւաւորման շրջանն էր: Ընդերքի սեւ հեղուկը ձեռներէցներին նոր հսկայական հեռանկարներ էր խոստանում: Անհրաժեշտ էր պարզապէս դրամ ներդնել եւ հմտօրէն կառավարել գործը: Մանթաշովը հէնց այդպէս էլ անում է: Նրա գլխաւոր հաշուապահի նախաձեռնութեամբ ոչ մի թուղթ գործավարութեան մէջ չէր մտնում առանց «Աստծով» մակագրութեան:

Մանթաշովը գործի մէջ շատ համարձակ էր. Միքայէլ Արամեանցի հետ միասին նա գնում է վնասաբեր նաւթահորեր, որոնք շատ շուտով սկսում են շահոյթ բերել: Նաւթի վերամշակման համար մանթաշովեան ընկերութիւնը Պաքւում կառուցում է քերոսենի եւ քսաիւղերի գործարան, նաւահանգիստ եւ էլեւաթէօր` նաւթն ու մազութը մղիչով տեղափոխելու համար: Նրա ընկերութեանն էին պատկանում Պաթումում գտնուող տարաներ արտադրող գործարանը եւ նաւթամբարը, Զապրաթում` մեքանիկական արհեստանոցը, Օտեսայում` նաւթատար կայանը եւ 100 վակոն սիթեռները, որոնք շրջանառւում էին Ռուսաստանի հարաւ-արեւմտեան երկաթուղային ճանապարհներում: Մանթաշովը Անգլիայում գնում է 3 քարիւղատար նաւեր, որոնցով նաւթը մատակարարւում էր Հնդկաստան, Չինաստան, Ճափոն եւ այլ երկրներ:

1899 թուականին հիմնւում է «Ալեքսանդր Մանթաշով եւ քօ» առեւտրի տունը, որն անմիջապէս ներկայացուցչութիւններ, գրասենեակներ եւ պահեստներ է բացում Եւրոպայի եւ Ասիայի ամենախոշոր քաղաքներում` Զմիւռնիայում, Թեսաղոնիկէում, Կ. Պոլսում, Գահիրէում, Փոր Սայիտում, Դամասկոսում, Լոնտոնում, Վարշաւայում, Մատրիտում, Պոմպէյում, Պէյրութում եւ Շանկայում: Շուտով Մանթաշովը դառնում է մի շարք համաշխարհային նաւթային ընկերութիւնների բաժնետէր, որոնց թւում էր «Նոպել եղբայրներ» ընկերութիւնը: 1904 թուականին Պաքուի նաւթն արդիւնահանման ծաւալով զիջում էր միայն «Նոպէլ եղբայրներ»ին եւ Ռոտշիլտ եղբայրների «Կասպիական սեւծովեան ընկերութեանը»:

(Մի անգամ, Մանթաշովը ճանապարհորդում էր Վիեննա-Փարիզ գնացքով: Նրա ուղեկիցը մի քչախօս մարդ էր: Մանթաշովի` նրա հետ զրուցելու բոլոր փորձերն անարդիւնք են անցնում: Եւ միայն, երբ խօսք է գնում Պաքուի նաւթարդիւնաբերութեան մասին, քչախօս ուղեկիցն աշխուժանում է: Զրոյցի ընթացքում նա նաւթահանման վերաբերեալ մի քանի մասնագիտական հարց է տալիս եւ ի միջի այլոց ասում, որ իրեն Պաքւում յայտնի միակ մարդը Ալեքսանդր Մանթաշովն է: Մանթաշովը ժպտում է անծանօթին եւ ներկայանում: Դրանից հետո զրուցակիցն այլեւս չի խօսում: Մի քանի օր յետոյ Մանթաշովը յայտնի միլիոնատէր պարոն Ռոտշիլտի կողմից մակագրուած ընդունելութեան հրաւէր է ստանում: Այդ հրաւէրի երկտողից Մանթաշովը հասկանում է, թէ ով էր գնացքի իր քչախօս ուղեկիցը):

Մանթաշովը ֆինանսաւորել է Պաքու-Պաթումի նաւթամուղի շինարարութիւնն ու 1907 թուականին կառուցել աշխարհում առաջին 835 քմ երկարութիւն ունեցող նաւթամուղը. հէնց այդ ժամանակ էլ գործարարը հռչակուել է «նաւթի արքայ»: 1899-1909 թուականներին նրա ընկերութիւնն իր հիմնական դրամագլխի ծաւալով (22 միլիոն ռուբլի) ամենախոշորն էր ռուսական արդիւնաբերութեան մէջ:

Ասում են, մինչեւ նաւթի հանք գտնելը,  Մանթաշովն անձամբ էր այն ուսումնասիրում: Նա համոզուած էր, որ հարուստ հանքատեղին անսպասելիօրէն կարող է սպառուել եւ, հակառակը, անհեռանկարային հորատանցքից նաւթի շատրուան ժայթքել: Երկրաբանների, նաւթագործ մասնագէտների, ճարտարագէտների շքախմբով շրջապատուած` նա ուսումնասիրում էր հողակտորը, բազմաթիւ հարցեր էր տալիս, ուշադիր զննում էր հողի գոյնը, փխրունութիւնը եւ այլն, մինչեւ անգամ հոտոտում էր այն: Հետաքրքրւում էր հարեւան հողակտորների վիճակով: Մէկ էլ յանկարծ կանգ էր առնում եւ ձեռնափայտը գետնին խփելով` ասում. «Հէնց այստեղ էլ հորատէք»: Ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թէ ինչո՛վ էր պայմանաւորուած տուեալ կէտի ընտրութիւնը: Սակայն նրա որոշումը միշտ վերջնական էր լինում: Իսկ ամենազարմանալին այն էր, որ երբ սկսում էին նրա նշած տեղում հորատել, գետնից նաւթի շատրուան էր դուրս գալիս:

ԲԱՐԵՐԱՐՆ ՈՒ ՄԱՐԴԸ

Առեւտուրն ու դրամ դիզելը չեն դառնում Ալեքսանդր Մանթաշեանցի կեանքի գլխաւոր նպատակը. իր  առեւտրական գործունէութեանը զուգընթաց` նա շատ կարեւոր էր համարում ազգօգուտ հասարակական աշխատանքները, որոնք իրականացնում էր Թիֆլիսի բարեգործական ընկերութեան միջոցով: Մինչեւ 1895 թուականը նա ընկերութեան փոխնախագահն էր, այնուհետեւ ցմահ դառնում է  նրա պատուաւոր նախագահը: Կրօնասիրութիւնը Մանթաշեանցի մօտ պատահական արտայայտութիւն չէր, այլ` որոշակի հիմքեր ունեցող համոզմունք, որն արտացոլւում էր նրա իւրաքանչիւր քայլում: Նրա նուիրական իղձն էր խոշոր նուիրաբերում կատարել Էջմիածնին: Նրա առաջարկով կազմւում է նոր վեհարանի նախագիծ` ընդարձակ սրահներով եւ ընդունարաններով: Այդ աշխատանքների համար Մանթաշեանցը տրամադրում է 250.000 ռուբլի… Յաճախակի լինելով Փարիզում` նրա մէջ յղանում է այնտեղ հայկական եկեղեցի կառուցելու միտքը: Դրա համար 450.000 ֆրանքով մի տարածութիւն է գնում Փարիզի կենտրոնում: Այնուհետեւ եկեղեցու շինարարութեան համար տրամադրում է 1.540.000 ֆրանք. եկեղեցին կառուցելուց յետոյ նուիրաբերում է հայ գաղութին` լրացուցիչ վճարելով 120.000 ֆրանք նոտարական ծախս: Այս գործի համար Ֆրանսայի նախագահն Ալեքսանդր Մանթաշովին պարգեւատրել է «Պատուոյ լեգէոն»ի շքանշանով»:

… Համարելով, որ հայ ազգը եւ հայ եկեղեցին մի միութիւն են, նա իր բարեգործութիւնների մեծ մասը հատկացնում էր ազգային-եկեղեցական հաստատութիւններին: Պատահական չէ, որ նրա միջոցներով Կովկասի տարբեր վայրերում կառուցուել  են մի շարք նոր եկեղեցիներ:         Բացի կրօնական խնդիրներից, Ալեքսանդր Մանթաշեանցի սրտին շատ մօտ էին ազգային կրթական եւ մշակութային հարցերը: Նա հնարաւոր բոլոր միջոցներով նպաստում էր հայկական դպրոցների հիմնադրմանը, սահմանում կրթական թոշակներ, օգնում թերթեր, ամսագրեր հրատարակելու գործին, նպաստներ յատկացնում ոչ միայն մտաւորականներին, այլեւ` կարիքաւոր բոլոր խաւերին: Նրա հիմնած կրթական հաստատութիւններից մէկն էլ Թիֆլիսի առեւտրական դպրոցն էր, որը կրում էր նրա անունը: 1900 թուականից սկսած` առաջնահերթ էր դարձել Ներսիսեան դպրոցի համար նոր շէնք կառուցելու խնդիրը: 1909 թուականին դրուեց շէնքի հիմնաքարը: Շինարարական աշխատանքների ընդհանուր գումարը հասաւ 300.000-ի, որը մեծ բարերարը տրամադրեց սիրով. «Ուսանողը մեր ապագան է», սա էր Մանթաշեանցի համոզումը. 1881 թուականից սկսած` նա տարեկան 200 ուսանող-որդեգիր էր պահում, որոնց մեծ մասը սովորում էր արտասահմանի լաւագոյն համալսարանններում: Այդ ուսանողներից էին` Նիկողայոս Ադոնցը, Ալեքսանդր եւ Կոնստանդին Խատիսեան եղբայրները,  Ստեփան Շահումեանը, Կոմիտասը, Արմենակ Շահմուրադեանը, Սիամանթոն, Քրիստափոր Պետրոսեանը, Յակոբ Մանանդեանը, Հայկանուշ Դանիելեանը եւ բազմաթիւ այլ տաղանդաւոր երիտասարդներ: Նա նիւթապէս օգնել է նաեւ բազմաթիւ հայ գրողների, այդ թւում` Յովհ. Թումանեանին, Ալ. Շիրվանզադէին, Մուրացանին, Մինաս Չերազին, Արշակ Չոպանեանին, Սիամանթոյին, Յովհաննէս Շահնազարին եւ այլոց…

Ալեքսանդր Մանթաշեանցի կատարած բարեգործութիւնների թիւն անվերջանալի է.  ահա յայտնի գործերից եւս մի քանիսը. կառուցել է Թիֆլիսի քարվանսարան, առեւտրական խանութների շարքը, ծերանոցը (այժմ` մանկական հիւանդանոց), Տիտուպէի ձիաբուծական գործարանը, «Պօ – Մոնտ» հիւրանոցը, բազմաթիւ բնակելի տներ` Պաքւում եւ Թիֆլիսում: Նրա նախասիրութիւններից էր թատրոնը: Հէնց Մանթաշովի միջոցներով է կառուցուել «Պիտոյեւեան» թատրոնի շէնքը, որը ներկայումս կրում է Շոթա Ռուսթաւելու անունը: Փարիզի «Աքատեմիք նասիոնալ տէօ միւզիք»-ում  նա սեփական օթեակ ունէր: Մանթաշովը երազում էր նմանատիպ մի թատրոն կառուցել Երեւանում, բայց չհասցրեց: Հայկական ֆիլհարմոնիք փոքրիկ դահլիճը քաղաքին արուած նրա նուէրն է:

Հասարակութեանն անյայտ  բարեգործութիւնները նոյնպէս անթիւ են, որոնց մասին միայն մերձաւորները գիտէին: Ահա թէ ինչո՛ւ նրա ազգասիրութեան մասին Ալեքսանդր Շիրվանզադէն գրել է. «…Սիրտը` ահա գլխաւորը, որ կատարում էր միակ դերը եւ վեհ դերը Մանթաշեանցի բարեգործութիւնների մէջ: Նա տալիս էր` առանց ետին հաշիւների, առանց գաղտնի մտածումների, առանց սին փառամոլութեան: Տալիս էր, որովհետեւ այդպէս էր թելադրում նրա զգայուն հոգին»:

Բազմանդամ ընտանիք է ունեցել Ալեքսանդր Մանթաշեանցը. ընտանիք կազմելով` նա մտածել է ազգի բազմացման, լաւ ու արժանի զաւակներ ունենալու մասին: Ամուսնանալով Թիֆլիսի ճանաչուած ընտանիքի դուստր Տարեա Թամամշեանի հետ` Մանթաշեանցն ունենում է ութ երեխայ` 4 աղջիկ եւ 4 տղայ: Ալեքսանդր Մանթաշեանցը մեծ նշանակութիւն էր տալիս հայ աւանդական ընտանիքի ամրութեանը: Իր հարստութիւնը բաժանելով ութ զաւակների միջեւ` նա հաստատել է մի կարեւոր նախապայման. որդիները կը զրկուեն ժառանգութեան իրաւունքից, եթէ չամուսնանան հայ օրիորդների հետ: Բացի այդ, կտակով նա իր ժառանգներին զրկել էր անշարժ գոյքը վաճառելու իրաւունքից: Այդ ամէնը պէտք էր ժառանգաբար անցնէր թոռներին, որոնք կարող էին ունեցուածքին տէր դառնալ միայն 30 տարեկան հասակում: Այսինքն նրանք կապուած պէտք է լինէին իրենց ծննդավայրին, նրա հող ու ջրին: Մանթաշեանցի հայրենասիրութեան վկայութիւնն էր նաեւ այն, որ ընտանիքի անդամները տանը պարտաւոր էին խօսել միմիայն հայերէն:

… Սակայն նրանց վիճակուած չէր վայելելու իրենց երեխաների ապագան. տառապելով շաքարախտով` Մանթաշեանցի կինը 1910 թուականին մահանում է. ծանր տանելով սիրելի կնոջ կորուստը` Մանթաշեանցը դառնում է մռայլ ու մենակեաց: Աղջիկներն ամուսնացած էին, տղաները սովորում էին Ս. Փեթերսպուրկում: 1911 թուականի գարնանը Մանթաշեանցի առողջական վիճակը բարդանում է. երիկամները դադարում են գործել, եւ մեծ բարերարը կնքում է իր մահկանացուն: Նրա աճիւնը Փեթերսպուրկից տեղափոխւում է Թիֆլիս. գնացքի իւրաքանչիւր կանգառում հաւաքուած հայազգի բազմութիւնն իր յարգանքի տուրքն էր մատուցում` ծաղկեպսակներով ու ծաղիկներով ծածկելով հայ ազգի նուիրեալի աճիւնը: Թիֆլիսի մեծահարուստներից մէկը` Արկադի Միրովը, այսպէս է ձեւակերպել Մանթաշեանցի հայասիրութիւնը. «…մի կտուրի տակ միաւորել բոլոր հայերին եւ բոլորին անխտիր դարձնել հարուստ»: Ռուսաստանի, Կովկասի, եւրոպական մի շարք քաղաքների հայաշատ գաղութների հայկական եկեղեցիներում տեղի են ունեցել հոգեհանգստի արարողութիւններ: Յուղարկաւորութեանը մասնակցել է բազմահազարանոց թափոր, 24 քահանայ: Կառքերի առջեւից տանում էին 170 պսակ: Հետաքրքիր է նաեւ Մանթաշեանցի կտակը, ըստ որի, նրա աճիւնն ամփոփւում է Թիֆլիսի` իր իսկ կառուցած հայկական վանքի եկեղեցում: 1938 թուականին Լաւրենտի Բերիայի կարգադրութեամբ քանդւում, հողին են հաւասարեցւում այդ եկեղեցին, Մանթաշեանցի եւ այնտեղ թաղուած հայ անուանի գործիչների գերեզմանները:

Խորհրդային կարգերի հաստատումից յետոյ Ալեքսանդր Մանթաշեանցի բոլոր զաւակները վտարանդւում են Ֆրանսա եւ բնակութիւն հաստատում Փարիզում: Յայտնի է, որ կրտսերի` Յովսէփի որդին` Սանդրիկը, վերջերս Փարիզից եկել էր Հայաստան` ծանօթանալու իր նախնիների երկրին:

ԴՐՈՒԱԳ

Մանթաշովը չէր սիրում ի ցոյց դնել իր հարստութիւնը եւ բաւականին համեստ կեանք էր վարում: Նա ոսկի չէր սիրում եւ չէր էլ կրում, նրա միակ զարդը բաճկոնի գրպանի բնական ծաղիկն էր: Թիֆլիսում նա նոյնիսկ սեփական կառք չունէր, քանի որ սիրում էր զբօսնել կամ էլ հանրակառքով շրջել:

Պատմում են, որ զբօսանքների ժամանակ Մանթաշովն իր մօտ 20 ոսկեայ դրամ էր պահում, որը հաւասար էր 5 ռուբլու: Ամէն անգամ Թիֆլիսի ռէալական քոլեճի մօտով անցնելիս, նա, իբր թէ պատահաբար, մօտենում էր կարիքի մէջ գտնուող աշակերտներին եւ հետաքրքրւում. «Ինչպէ՞ս է հօրդ առողջութիւնը: Անպայման կը հաղորդես նրան իմ ողջոյնը»: Իրականում այդ դրուագը քողարկում էր այն պահը, երբ Մանթաշովը, շրջապատի համար աննկատ եւ, առանց զրուցակցի հպարտութիւնը վիրաւորելու, նրա գրպանն էր դնում ոսկեդրամը: Նա միաժամանակ բաւականին մարդամօտ, աշխոյժ եւ կատակասէր անձնաւորութիւն էր: Մի անգամ, երբ նա վճարում է սափրիչին, վերջինս ասում  է. «Ձեր տղան սափրուելու համար երկու անգամ շատ է տալիս»: Իսկ Մանթաշովն այսպէս է պատասխանում. «Նա Մանթաշովի որդին է, իսկ ե՞ս ով եմ…»:

Ի ԴԷՊ

Ի դէպ, մշակութային մեծ արժէք է իրենից ներկայացնում Մանթաշովի կտակը, որը առաջին անգամ հրատարակուել է 1931 թուականին` նրա մահուան 20-ամեակի առթիւ, Առաքել Սարուխանի «Ալեքսանդր Մանթաշեանց. մեծ վաճառականն ու բարեգործը» գրքում: Վերջերս Երեւանում մեծ բարեգործի ծննդեան 170-ամեակի առթիւ կրկին վերահրատարկուեց նշուած գիրքը, որտեղ ներկայացուած են ոչ միայն Մանթաշովի ողջ կեանքն ու գործունէութիւնը, այլեւ` Պաքւում հայերի կատարած բազամաթիւ ներդրումները,  Պաքուի «Հայոց մարդասիրական ընկերութիւնը», «Հայկական կուլտուրական միութիւնը» եւ այլն:  Գիրքը մի իւրօրինակ վկայարան է Մանթաշովի եւ Պաքուն կերտած բազմաթիւ հայորդիների մասին:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
CATEGORIES