ՄՈՍԿՈՒԱՅԻ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ (16 ՄԱՐՏԻ, 1921 Թ.) ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹԻՒՆՆ ԸՍՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ

ՄՈՍԿՈՒԱՅԻ ՔԵՄԱԼԱ- ՊՈԼՇԵՒԻԿԵԱՆ
ԳՈՐԾԱՐՔԻ 90-ԱՄԵԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Այդ ժամանակ` 1921 թուականի մարտի 16-ին, պոլշեւիկները պայմանագիր կնքեցին Քեմալի հետ, որով Թուրքիային յանձնեցին Հայաստանի Հանրապետութեան մի մասը, երկու այլ մասեր տուեցին Ազրպէյճանին, եւ մնացորդի վրայ փակցրեցին «Սովետական Հայաստան» պիտակն ու բռնակցեցին Ռուսաստանին:

Ճէյմս Ճերարտ, Միացեալ Նահանգների
դեսպան Գերմանիայում (1913-17թթ.)

Մարտի 16-ին լրանում է Մոսկուայի ռուս-թուրքական, այսպէս կոչուած, պայմանագրի (16 մարտի, 1921) հերթական տարելիցը: Յիրաւի տարելիցը, քանի որ նշեալ պայմանագրից է ածանցւում Կարսի պայմանագիրը (13 հոկտեմբերի, 1921թ.), որով, ըստ ոմանց թիւր պատկերացման, որոշւում է հայ-թուրքական սահմանը:

Sասնեակ գրքեր ու հարիւրաւոր յօդուածներ են գրուել Մոսկուայի պայմանագրի մասին, սակայն, որքան էլ տարօրինակ է, միջազգային իրաւունքի տեսանկիւնից երբեք չի կատարուել պայմանագրի փորձաքննութիւն` որոշելու համար նրա վաւերական կամ ոչ վաւերական (valid or not valid)  լինելը:

Ըստ ՄԱԿ-ի պաշտօնական ուղեցոյց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնութիւններ են միջազգային իրաւունքի ենթակաների միջեւ, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխութեան են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրաւունքներն ու պարտաւորութիւնները»: (International treaties are agreements between subjects of International Law – creating, amending or terminating their mutual rights and obligations): [1] Սա ամրագրուած է Պայմանագրային իրաւունքի վերաբերեալ 1969 թուականի Վիեննայի ուխտի (Vienna Convention on Treaty Law, 1969) մէջ: Ուխտի յօդուած 2 {1} {ա}-ն պայմանագիրը բնորոշում է որպէս «պետութիւնների միջեւ գրաւոր կերպով կնքուած եւ միջազգային իրաւունքի վրայ խարսխուած միջազգային համաձայնութիւն» (an international agreement concluded between States in written form and governed by international law) : Այսինքն, պայմանագրի օրինականութեան համար վճռորոշ է միջազգային իրաւունքին համապատասխանելը: Ըստ այդմ, անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից իւրաքանչիւրը լինի միջազգայնօրէն ճանաչուած պետութեան օրինական կառավարութեան լիազօր ներկայացուցիչը:

Ինչպէս գրուած է Մոսկուայի պայմանագրի նախաբանում, այն կնքուել է «Ռուսաստանի Սոցիալիստական ֆետերաթիւ Սովետական Հանրապետութեան կառավարութեան եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարութեան» միջեւ: Քանի որ ցանկացած պայմանագրի կարգավիճակ ածանցւում է այն ստորագրողների իրաւական կարգավիճակից, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է յստակեցնել նրանցից իւրաքանչիւրի կարգավիճակը 1921 թուականի մարտի 16-ի դրութեամբ:

I. Ռուսաստանի Սոցիալիստական Ֆետերաթիւ Սովետական Հանրապետութեան կարգավիճակը 1921 թուականին:

Պայմանագիրը կնքելու պահին չկար «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆետերաթիւ Սովետական Հանրապետութիւն» ճանաչուած պետութիւն, հետեւաբար միջազգային իրաւունքի ենթակայ: Բնականաբար նրա կառավարութիւնը չունէր որեւէ միջազգային պայմանագիր կնքելու իրաւասութիւն: Ռուսաստանի Սոցիալիստական ֆետերաթիւ Սովետական Հանրապետութեան, արդէն Խորհրդային Միութեան տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսուել է միայն 1924 թուականից` Մեծ Բրիտանիայի ճանաչումով (1 փետրուար,1924): [1] Մինչեւ 1924 թուականը տեղի ունեցած, այսպէս կոչուած, «ճանաչումները», չեն առաջացրել որեւէ իրաւական հետեւանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչուած երկրներից կամ վարչախմբերից: Որպէսզի ճանաչումն օրինապէս համարուի այդպիսին, այն պէտք է կատարուի իր հերթին օրինականօրէն ճանաչուած միջազգային իրաւունքի ենթակայի կողմից: Օրինակ, 1920 թուականին խորհրդային կառավարութիւնը ճանաչել է Պալթեան երկրները, սակայն այդ ճանաչումը չի ընդունուել Դաշնակից ուժերի կողմից, այն հիմնաւորմամբ, որ խորհրդային կառավարութիւնն իր հերթին օրինապէս[1] ճանաչուած չէր: Նման մօտեցումը երկրորդուել է դատական վճիռներով: Այսպէս, Ռուսաստանի Սոցիալիստական ֆետերաթիւ Սովետական Հանրապետութիւնը ընդդէմ Սիպրարիոյի (RSFSR vs. Cibrario) դատական գործում (1923), Միացեալ Նահանգների դատարանը մերժել է ընդունել սովետական կառավարութեան հայցը այն հիմնաւորմամբ, որ վերջինս ճանաչուած չէ: Նմանատիպ վճիռ, նոյն հիմնաւորմամբ կայացրել է Շուետի Գերագոյն դատարանը Խորհրդային կառավարութիւնն ընդդէմ Էրիքսընի (Soviet Government vs. Ericsson) դատական գործում (1921):

Վերոյիշեալ եւ տասնեակ այլ դատական վճիռներ եւ կառավարական որոշումներ վերահաստատում են միջազգային իրաւունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարութիւններն իրաւական տեսանկիւնից գոյութիւն չունեն, հետեւաբար որեւէ իրաւական գործունէութիւն (պայմանագրերի կնքում, քաղաքացիութեան շնորհում կամ զրկում, մասնակցութիւն դատական գործընթացին եւ այլն) չեն կարող ծաւալել:

II. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը 1921 թուականին:

Ըստ էութեան, խորհրդային իշխանութեան եւ կառավարութեան վերաբերեալ վերոգրեալը, ամբողջովին վերաբերում է նաեւ, այսպէս կոչուած, «թուրքիայի Ազգային մեծ ժողովի» կառավարութեանը, որի անունից թուրքական կողմը ստորագրել է Մոսկուայի պայմանագիրը: Յիշարժան է, որ անգամ քեմալականները որեւէ յաւակնութիւն չունէին օրինական իշխանութիւնների առկայութեան դէպքում իրենց համարելու Թուրքիայի լիազօր ներկայացուցիչներ: Նրանք պայմանագրերը կնքում էին ոչ թէ Թուրքիայի կամ Թուրքիայի կառավարութեան անունից, այլ «թուրքիայի Ազգային մեծ ժողով» կառոյցի «կառավարութեան»: Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպութիւն էր (NGO), եւ նրա մէջ միաւորուած էին նախկին պատգամաւորներ, պաշտօնանկ զինուորականներ ու պաշտօնեաներ: Նմանօրինակ կազմակերպութիւններ եղել են ու կան աշխարհի զանազան երկրներում, այդ թւում նաեւ Հայաստանում: Մուսթաֆա Քեմալի վարչախումբը որեւէ իրաւական հիմք չունէր միջազգային յարաբերութիւններում ներկայացնելու թուրքական պետութիւնը: Աներկբայօրէն, առնուազն մինչեւ 1922 թուականի նոյեմբերը, այսինքն սուլթան Մուհամմետ Դ.ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարութեանն էր վերապահուած Թուրքիայի անունից միջազգային յարաբերութիւնների մէջ մտնելու իրաւունքը, եւ միայն սուլթանն էր կարող, ըստ Օսմանեան կայսրութեան սահմանադրութեան 7-րդ յօդուածի, լիազօրել որեւէ անձի` հանդէս գալու երկրի անունից:

Ընդհանրապէս քեմալականների շարժումը սկզբնաւորուել ու ընթացել է օսմանեան սահմանադրութեան ոտնահարումով եւ միջազգային իրաւունքի խախտումով, որոնք են երկրի օրինական իշխանութեան` սուլթան-խալիֆի, դէմ ապստամբութիւնը եւ Մուտրոսի զինադադարի (30 հոկտեմբեր, 1918) ոտնահարումը: Մուսթաֆա Քեմալը 1921 թուականին պարզապէս փախուստի մէջ գտնուող քրէական յանցագործ էր: Այդ իսկ պատճառով դեռեւս 1920 թուականի ապրիլի 11-ին կայսրութեան բարձրագոյն կրօնաւորի` շէյխ-ուլ-իսլամի, ֆեթուայով (կոնդակով) Մուսթաֆա Քեմալը մահուան էր դատապարտուել: Նրա նկատմամբ նոյն տարուայ մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաեւ թուրքական ռազմական դատարանը: Այս դատավճիռը 1920 թուականի մայիս 24-ին հաստատուել էր սուլթանի կողմից: Ի դէպ, Քեմալի եւ քեմալականների նկատմամբ քրէական հետապնդումը կարճուել է միայն 1923 թուականի յուլիսի 24-ին` ներման համապատասխան յայտարարագրով:

Ի լրումն սրա, Մոսկուայի պայմանագրի Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրաւունքի եւս մի խախտում է, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին եւ որեւէ պարտաւորութիւն կամ իրաւունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնութեան»: Այս հիմնադրոյթն ամրագրուած է Պայմանագրային իրաւունքի մասին Վիեննայի ուխտի 34-րդ յօդուածում. «A treaty does not create either obligations or rights for a third State without its consent»:

Այսպիսով, ըստ վերոշարադրեալի, Մոսկուայի պայմանագիրը.

ա) Անօրինական է ու անվաւեր:

բ)  Այն չէր կարող որեւէ պարտաւորութիւն պարունակել Հայաստանի Հանրապետութեան համար, առաւել եւս որոշել հայ-թուրքական սահմանը (պայմանագրում յօդուած 1) կամ Նախիջեւանը որպէս հովանաւորեալ շրջան յանձնել Ազրպէյճանին (պայմանագրում յօդուած 3), քանի որ Մոսկուայի պայմանագիրը կնքուել է միջազգային իրաւունքի դարեր ի վեր գործող պարտադիր եւ անբեկանելի մի քանի հիմնադրոյթների (jus cogens) բացայայտ ոտնահարումով: Իսկ ինչպէս ամրագրուած է Պայմանագրերի իրաւունքի մասին Վիեննայի ուխտի 53-րդ յօդուածում, «պայմանագիրն անվաւեր է, եթէ կնքուելու պահին հակասել է միջազգային հանրային իրաւունքի անբեկանելի հիմնադրոյթին»: (Article 53. A treaty is void, if at the time of its conclusion, it conflicts with a peremptory norm (jus cogens) of general international law).

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
«Մոտուս վիվենտի» կենտրոնի ղեկավար

(Սոյն յօդուածը գրուել եւ տպագրուել է դեռեւս չորս տարի առաջ: Քանի որ այս ընթացքում ոչինչ չի փոխուել, յօդուածն ընթերցողի ուշադրութեանն ենք ներկայացնում նոյնութեամբ):

report.am

 

Share this Article
CATEGORIES