«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹԻՒՆԸ ՊԷՏՔ ԷՐ ՏԵՍՆԵՐ ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ԻՐԱԿԱՆ ԴԷՄՔԸ». ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՖԼՈՐԱՆՍՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԱԶԳԻ ՏԱՂԱՆԴԱՒՈՐ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ՎԻԳԷՆ ԱՒԵՏԻՍԻ ՀԵՏ

Յուլիսի 15-28-ը Շուշիում անցկացուեց «Յակոբ Գիւրջեան» քանդակի միջազգային առաջին սիմփոզիումը, որի նախաձեռնութեան հեղինակը եւ սիմփոզիումի նախագահը Վ. Աւետիսն է:

ՀԱՐՑՈՒՄ.- Դեռեւս մէկ տարի առաջ, երբ խօսում էինք Շուշիում քանդակագործութեան միջազգային սիմփոզիում անցկացնելու մասին, թւում էր, թէ խօսքն անիրատեսական երազի մասին: Նախ շնորհաւորում եմ նախաձեռնութեան կայացման համար, եւ թոյլ տուէք հարցնել արդիւնքի մասին: Արդեօ՞ք ակնկալում էիք այն արդիւնքը, ինչի մասին խօսում էինք մէկ տարի առաջ:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Այն գործերը, որոնց մէջ կայ հրաշքի ներկայութիւնը, սովորաբար լինում են հետաքրքիր եւ ճշմարիտ: Կարծում եմ` Շուշիում կայացած քանդակագործութեան սիմփոզիումով կատարուեց այդ հրաշքը, եւ ուրախութեամբ կարող եմ նշել, որ այսօր արդէն Շուշիում կայ 16 քանդակ: Թւում է, թէ դրանք ընկել են երկնքից, եւ ինչպէս ցանկացած աշխատանքում` մոռացւում են դժուարութիւնները, իսկ փոխարէնը յիշւում են փաստերը: Տուեալ պարագայում քանդակները փաստեր են, որոնք այլեւս կը մնան Շուշիի պատմութեան էջերում: Աւելի՛ն. արդիւնքը նոյնիսկ գերազանցեց իմ սպասումները: Քանդակը արուեստի մի ձեւ է, որով նաեւ տարածւում է որոշակի տեղեկատուութիւն: Սրանք երկու կարեւոր հարցերն էին, իսկ երրորդ կարեւոր հարցն այն էր, որ Ֆլորանսայի մասնաւոր սթիւտիոներից  մէկը, որ բաւական լայն կապեր ունի ԶԼՄ-ների եւ նորաձեւութեան աշխարհում, նկարահանուեց ժապաւէն` սիմփոզիումի մասին: Ի դէպ, վերջերս նրանք ասացին, որ աշնանը կրկին վերադառնալու են Շուշի` ժապաւէնի համար անհրաժեշտ տեսանիւթեր պատրաստելու համար: Ընդ որում` Ազրպէյճանի կառավարութիւնը սպառնալիքներով լի նամակ էր ուղարկել ժապաւէն արտադրող այդ սթիւտիոյին, որպէսզի այն պաշտօնապէս չցուցադրի այդ ժապաւէնը: Փաստօրէն, սպառնալիքներով նամակը ոչ միայն չի վախեցրել ժապաւէն արտադրողներին, այլեւ նրանց ստիպել է աւելի մեծ եւ հզօր խմբով կրկին այցելել Արցախ: Սա արդէն խօսում է մեծ յաղթանակի մասին:

Հ.- Նախքան սիմփոզիումի մեկնարկը` դուք կանխատեսում էիք ազրպէյճանական ջղագարութեան դրսեւորում: Ին՞չ արձագանգ ստացաք ազրպէյճանական կողմից:

Պ.- Շուշիում քանդակագործութեան միջազգային սիմփոզիումի կազմակերպումը մի գործընթաց է, որը շարունակուելու է: Կայ ուժ եւ հակաուժ, եւ երբ ուժը հակաուժի ազդեցութիւնից աւելի է զօրանում` իր մէջ վերցնելով հակաուժի անհիմն արգելակները: Արդիւնքում` ուժն աւելի է հզօրանում: Այս գործընթացը տեղի ունեցաւ սիմփոզիումի դէպքում:

Հ.- Իսկ քանդակագործներին ուղղուած հասցէական նամակներ ստացե՞լ էք:

Պ.- Երբ յայտնի դարձան սիմփոզիումի մասնակիցներին անունները, նրանցից մէկը երկու ժամ յետոյ ստացաւ անանուն հեռախօսազանգ`  այն զգուշացումով, որ նա չմեկնի Արցախ:

Հ.- Չհարցրե՞ց` ինչո՞ւ:

Պ.- Ոչ միայն չհարցրեց, այլեւ ի պատասխան այդ սպառնալիքին` ասաց, որ աշխարհում ոեւէ մէկն իրաւունք չունի իր ազատութեանը խառնուել` միաժամանակ սպառնալով, որ յաջորդ հեռախօսազանգի դէպքում ինքը դիմելու է դատարան: Ինչեւէ, թւում է` այս միջադէպը չնչին է, բայց եւ կազմեց այն մեծ ծրագրի մասը, որ միջազգային հանրութիւնը տեսնի Ազրպէյճանի իրական դէմքը, եւ այն իրողութիւնը, որ տիրում է Արցախ աշխարհում:

Հ.- Ի դէպ, սիմփոզիումի մասնակից-քանդակագործներից ոմանք գիտակցում էին, որ մասնակցելով Շուշիում տեղի ունեցած սիմփոզիումին, այլեւս մուտք չեն ունենայ Ազրպէյճան: Այսինքն քանդակագործութեան սիմփոզիումն աւելի շատ քաղաքական տողատակ ունէր, այո՞:

Պ.- Սիմփոզիումի մասնակիցների շուրջ 98 առ հարիւրը տեղեկացուած էր, թէ որտեղ է գալու: Զբօսաշրջիկային գործակալութիւնները, տեղեկացուած լինելով, նախապէս զգուշացրել էին մասնակիցներին` չգնալ, քանի որ Արցախում պատերազմական իրավիճակ է: Չնայած այդ հանգամանքին, բոլոր մասնակիցները եկան մէկ մարդու պէս: Նրանցից միայն մի մասնակից չեկաւ` Հռոմի Գեղարուեստի ակադեմիայի նախագահը, որը պէտք էր գար որպէս պատուաւոր հիւր: Ես որեւէ կերպ չեմ կարողանում արդարացնել նրա չգալը:

Հ.- Իսկ ե՞րբ են տեղադրուելու քանդակները:

Պ.- Համաձայն ծրագրի` քանդակների բացումը կը լինի յաջորդ սիմփոզիումի ժամանակ: Քաղաքապետարանի եւ մշակոյթի նախարարութեան հետ համատեղ մտածում ենք, թէ ինչպէ՛ս կը տեղադրենք քանդակները: Կան մի քանի առաջարկներ: Օրինակ, կայ առաջարկ, որ քանդակները տեղադրուեն քաղաքի տարբեր մասերում, միւս առաջարկն այն է, որ բոլոր քանդակները տեղադրուեն մի այգում, այսինքն այգին կը վերածուի, այսպէս ասած, այգի-թանգարանի:

Հ.- Ի դէպ, ինչպիսի՞ն էր արցախցիների վերաբերմունքը, ինչպէ՞ս ընդունեցին սիմփոզիումի մասնակիցներին:

Պ.- Սիմփոզիումը ենթադրում էր ոչ միայն ֆիզիքական աշխատանք քարի հետ, այլեւ` արուեստի պատմութեան դասախօսութիւններ, ժապաւէնի ցուցադրութիւն, քանդակի եւ որմնանկարի, գեղանկարչութեան դասընթացներ, անգամ` իտալերէնի արագացուած դասընթաց: Բացի թուարկածներից, երեխաների համար կազմակերպուեց քանդակների մրցոյթ, որի յաղթողներն արժանացան մշակոյթի նախարարութեան կրթաթոշակի: Ինչ վերաբերում է արցախցիների արձագանգներին, կարող եմ ասել, որ դրանք ուղղակի հոյակապ էին: Երիտասարդ արուեստագէտներն օրուգիշեր այնտեղ էին, աշխատում էին: Ի դէպ, նշեմ, որ մասնակիցների թւում էին նաեւ 4 արցախցի եւ 1 երեւանցի քանդակագործներ, որոնց շփումը յայտնի արուեստագէտների հետ ոչ պակաս կարեւոր էր, ինչպէս` քանդակների ստեղծումը: Փրոֆեսէօրների մեծ մասը Շուշի քաղաքապետարանին ցանկութիւն յայտնեց շարունակել համագործակցութիւնը քաղաքաշինութեան ոլորտում: Բոլորի համար Շուշին մի մարգարիտ էր, որի ապագան շատ կարեւոր է: Արուեստագէտները խոստացան նաեւ մեծ նուէրներ ուղարկել Շուշիում կառուցուող Ժամանակակից արուեստի թանգարանին, ինչպէս նաեւ` գրադարաններին: Ինչպէս գիտէք, Արցախի մշակոյթի նախարարութիւնը տեղափոխուել է Շուշի, եւ վստահաբար ասել, որ Շուշին օրէցօր ծաղկում է:

Հ.- Վիգէն, մինչ սիմփոզիումի կազմակերպման վերջին պահը նիւթական լուրջ խնդիրներ առաջացան, եւ դա այն պարագայում, երբ մասնակիցների Հայաստան գալու օրն արդէն յստակ էր: Արդեօ՞ք դա չի խօսում Հայաստանի մշակոյթի նախարարութեան  արուեստի նկատմամբ վերաբերմունքի մասին:

Պ.- Նախ նշեմ, որ այստեղ աշխատեցին մշակոյթի երկու նախարարութիւններ` Արցախի եւ Հայաստանի: Սիմփոզիումի առաջին վայրկեաններից մինչ վերջին վայրկեանը Արցախի մշակոյթի նախարարութիւնն ու անձամբ նախարարը իմ կողքին էին: Ինչ վերաբերում է Երեւանին, կարող եմ ասել, որ կրկին ամէն բան լաւ էր: 15 օրուայ ընթացքում  գտնուեց այն գումարը, որ անհրաժեշտ էր մասնակիցների հիւրանոցների համար: Այդ գումարի մեծ մասը յատկացրեց Հայաստանի մշակոյթի նախարարութիւնը, իսկ միւս մասը` Երեւանի քաղաքապետարանը:

Հ.- Բայց դա վերջին պահին արուեց, այդպէս չէ՞, եւ սիմփոզիումի կազմակերպչական ամբողջ բեռը դրուեց ձեր ուսերին:

Պ.- Այո՛, դա իմ պարտքն էր: Ես ուզում էի ցոյց տալ, որ նիւթական փոքր միջոցներով հնարաւոր է այդքան մեծածաւալ գործ անել: Միեւնոյն ժամանակ հասկանում եմ, որ իմ նախաձեռնութեանը սկզբից չէին հաւատում թէ՛  Արցախի եւ Հայաստանի մշակոյթի նախարարութիւնները, թէ՛ Երեւանի քաղաքապետարանը, սակայն արդիւնքն իսկապէս հրաշալի էր: Իսկ սիմփոզիումի  ամբողջ պատասխանատուութիւնն ես էի ստանձնել,  այսինքն` եթէ այն ձախողուէր, ուրեմն ես կը ձախողուէի:

Հ.- Մտավախութիւն չունէի՞ք:

Պ.- Անկեղծ ասած` մտավախութիւն չունէի, քանի որ ես եկել էի յաղթելու: Գիտէի, որ լինելու են պատնէշներ, որոնք պարտաւոր էի յաղթահարել: Սիմփոզիումի խորհուրդը նաեւ այն էր, որպէսզի դիւանակալական կառոյցներին ցոյց տրուէր, թէ ինչպէս պէտք է աշխատել` արագութիւն, գործի նկատմամբ լրջութիւն: Կարծում եմ` դա եւս յաջողուեց, թէեւ եղան փոքրիկ տարաձայնութիւններ: Օրինակ, մասնակիցներից մէկին ես յետ ճանապարհեցի Իտալիա, քանի որ այն արժէքները, որոնցով պէտք էր աշխատէին արուեստագէտները, նա չունէր, եւ պարզապէս արժանի չէր Շուշիում արուեստի գործ թողնել: Ի հարկէ, քանդակի հետ ֆիզիքական աշխատանքը կարեւոր է, բայց սա այն դէպքն է, որ կարեւոր է հոգու պարտքը դէպի Շուշին. եթէ տուեալ արուեստագէտը հոգու պարտք չի զգում Շուշիում, հետեւաբար նա անելիք չունի այնտեղ: Հէնց այդտեղ է շեշտադրումը, որ Շուշիում անհոգի մարդը տեղ չունի, ինչպէս նաեւ տեղ չունի անհոգի արուեստագէտի գործը: Ընդհանրապէս արուեստը չի ընդունում պատահական մարդկանց, առաւել եւս` Արցախը, որ շատ զգայուն եւ մաքուր հող է:

Հ.- Առաջին անգամ 1992թ. էիք Շուշիում: փոխուե՞լ է Շուշին:

Պ.- Շուշիի հոգին չի փոխուել, այն ապաքինման գործընթացի մէջ է, ինչին իրենց մեծ ներդրումն են բերում նաեւ շուշեցիները: Յատկապէս նկատելի էր շուշեցիների հանգստութիւնն ու խաղաղութիւնը, եւ արդէն զգացւում էր, որ նրանք տէր են իրենց քաղաքին:  Քաղաքն օրէցօր գեղեցկանում է, եւ գեղեցկանում են նաեւ մարդիկ: Ես տեսայ շուշեցիների նոր ու գեղեցիկ սերունդը, որը տիրոջ իրաւունքով է վերաբերւում իր քաղաքին: Դա հրաշալի սկիզբ է:

Հ.- Իսկ Հայաստանի դէպքո՞ւմ:

Պ.- Հայաստանը եւս գեղեցկանում է: Երեւանում եւս նկատում եմ հոգեւոր խաղաղութիւն, հանգստութիւն եւ ժպիտներ: Չնայած` Հայաստանի ընկերային վիճակը վատացել է, բայցեւայնպէս մարդկանց նեարդները բաւական հանգստացել են: Այս անգամ Երեւանում նկատել եմ յղկուածութիւն:

Հ.- Վիգէն, տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում խօսում են յեղափոխութեան մասին: Վերջերս էլ քաղաքապետարանի որոշմամբ արգելուեց կրպակների առեւտուրը, որը տեղի տուեց հասարակութեան դժգոհութիւնների եւ բողոքների արտայայտմանը:

Պ.- Ո՛չ, որեւէ յեղափոխութիւն էլ չի լինելու: Յեղափոխութիւն անում են պոլշեւիկները, իսկ հայերը պոլշեւիկ չեն: Համբերութեամբ, աշխատասիրութեամբ եւ հաւատքով կարելի է անել աւելին, քան` ըմբոստութեամբ, խուլիկանութեամբ: Հայ ազգը խուլիկան չէ:

Հ.- Հայ չի՞ փոխուել:

Պ.- Ես ինքս ուրախացայ, երբ լսեցի կրպակատէրերի բողոքները: Նրանք ճիշդ են, թէ սխալ` դա չէ կարեւոր, այլ այն, որ նրանք ըմբոստացել են, պաշտպանում են իրենց իրաւունքները: Եթէ իւրաքանչիւր պետութեան մէջ ժողովուրդն իր իրաւունքները չպաշտպանի, ապա կը մնայ անտէր: Ժողովուրդը պէտք է  պարտադրի իր կարծիքը կառավարութեանը, որը պարտաւոր է, այսպէս ասած` հաշուի նստել ժողովուրդի հետ: Պէտք է պայքարել: Եթէ այսօր այդ պայքարի արդիւնքը չի երեւում, ապա ապագայում հաստատ կը տեսնենք: Ինչ վերաբերում է կրպակների առեւտուրն արգելելուն, ես ինքս կողմ եմ այդ որոշմանը, բայց միեւնոյն ժամանակ պէտք է նկատենք, որ քաղաքականայ գործիչները, պետական պաշտօնեաները աշխատում են ապագայի համար, ինչից, բնականաբար, տուժում է ներկան: Որպէս օրինակ նշեմ եգիպտական բուրգերը: Ժամանակին դրանց շինարարութիւնից տուժում էին եգիպտացիները, մինչդեռ այսօր եգիպտական բուրգերը համարւում են աշխարհի հրաշալիքներից մէկը: Ներկան միշտ տուժած է լինում: Այսօր Երեւանի քաղաքապետը ստիպում է երեւանցիներին տուժել, որպէսզի վաղուայ Երեւանն աւելի գեղեցիկ, կազմակերպուած լինի: Միւս կողմից` պէտք է հաշուի առնել, որ Հայաստանում թոշակառուներն ստանում են շատ ցածր թոշակ: Իսկ մարդիկ ստիպուած են իրենց կարիքները, ընդհանրական ծախսերը հոգալու համար զբաղուել կրպակային առեւտրով, հետեւաբար այդ մարդկանց նկատմամբ պէտք է  փոքր-ինչ ներողամիտ լինել: Ի հարկէ քաղաքաշինութիւնը պէտք է շարունակել, եւ եթէ քաղաքապետն ուզում է այդ գործով զբաղուել, թող դիմէր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանին` բարձրացնելու կենսաթոշակները մինչեւ 1000 տոլար, որից յետոյ թող փակուէին բոլոր կրպակները: Քաղաքապետը պէտք է մտահոգուած լինի առաջին հերթին իր քաղաքացիների ընկերային ապահովուածութեամբ, ապա` քաղաքի գեղեցկութեամբ: Քաղաքապետը նախ պէտք է բարձրացնէր քաղաքացիների ընկերային  ապահովութիւնը ապահովելու հարցը, ապա գազանաբար յարձակուէր կրպակների վրայ: Իսկ կրպակները ծնուել են քաղաքացիների ընկերային  վատ վիճակից:

Հ.- Կեանքը, կարծես, փոխուել է ամբողջ աշխարհում: Դրանից ի՞նչ ազդեցութիւն է կրում քանդակագործութիւնը:

Պ.- Արուեստը դուրս է քաղաքական եւ ընկերային  հարցերից: Կեանքն ինչքան էլ փոխուի, որեւէ անդրադարձ չի կարող ունենալ արուեստի վրայ, այսինքն չի կարելի ենթադրել, որ եթէ կեանքը լաւանայ, արուեստի գործերը եւս կը գեղեցկանան, կամ` հակառակը: Դա ժամանակից դուրս եւ դէպի իտէալը ձգտող երեւոյթ է:

Հ.- Միեւնոյն ժամանակ` ապագայի մասին մեծ տեղեկութիւն հաղորդող:

Պ.- Տարիներ առաջ մի քանդակ էի արել: Պատմաբաններից մէկը դա հաւանել էր: 3 տարի անց սեպտեմբերի 11-ի դէպքերից յետոյ այդ նոյն պատմաբանն ինձ այսպիսի բան ասաց. «Վիգէն, տարիներ առաջ քո այն քանդակի մէջ ես տեսայ այն փոփոխութիւնը, որ կատարուեց աշխարհի հետ»:

Հ.- Այնուամենայնիւ, հետաքրքիր է տիեզերքի եւ արուեստագէտի անտեսանելի կապը:

Պ.- Արուեստագէտն այդ տեղեկութիւնը փոխանցնողն է: Ես գիտնականներին եւս համարում եմ արուեստագէտներ: Դա Աստծոյ շնորհն է: Կայ գիտնականի երկու տեսակ` աստուածատուր եւ սովորած: Աստուածատուր գիտնականները քիչ են լինում:

Հ.- Ի վերջոյ, բոլոր մարդիկ էլ սէր եւ ջերմութիւն են փնտռում:

Պ.- Ջերմութիւնն ու սէրը պէտք չէ փնտռել, պէտք է գործել: Դա է գաղտնիքը: Դու ինքդ պէտք է տաս:

Հ.- Այսինքն` հէնց այս պահի՞ց:

Պ.- (Ժպտում է,- Մ.Մ)…..

Հարցազրոյցը`
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Երեւան
Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES