Ո՞Վ Է ՄԵՂԱՒՈՐ, ՈՐ ՏՈՄՍԵՐԸ ԹԱՆԿ ԵՆ. «ԶՈՒԱՐԹՆՈ՞ՑԸ», ԹԷ՞ «ԱՐՄԱՒԻԱՆ»

Արդէն համակերպուել ենք` տոլարը կ՛արժեւորուի, թէ կ՛արժեզրկուի, նաւթը կը թանկանայ, թէ կ՛էժանանայ, Հայաստանում ամէն ինչ կայուն թանկանում է: Երկրի ղեկավարները վաղուց արդէն «կայուն զարգացում» արտայայտութիւնը պէտք է փոխարինէին «կայուն թանկացման» հետ: Ողջ աշխարհում ինքնաթիռով ճամբորդելը դադարել է շքեղութիւն լինել: Սակայն Հայաստանը այս դէպքում էլ է աշխարհից դուրս:

Համեմատութեան համար նշենք, որ Քիեւ- Երեւան օդանաւային գինը սեպտեմբերի տուեալներով 317 տոլար է, այնինչ նոյն օրը Քիեւ-Թիֆլիսն ընդամէնը 203 տոլար: Հնարաւոր է ասեք` Թիֆլիսն աւելի մօտ է Քիեւին: Բերենք մէկ այլ օրինակ. Թէլ Աւիւ-Երեւան տոմսը արժէ 297 տոլար, Թէլ Աւիւ-Թիֆլիսն` 217: Այս դէպքում հաստատ հեռաւորութիւնը չէ պատճառը:

Քրասնոտար-Երեւան չվերթի տոմսն արժէ 310 տոլար: Մի քիչ անհեթեթ է նման փոքր հեռաւորութեան համար:

Ինչո՞ւ են Հայաստանում այդքան թանկ օդանաւային տոմսերի սակագները: Եթէ հարցնես ազգային միակ ու անկրկնելի օդանաւային ընկերութեան «Արմաւիային», կ՛ասի` միակ ու անկրկնելի «Զուարթնոցն» է մեղաւոր: Դժուար չէ գուշակելը` ի՛նչ կ՛ասի «Զուարթնոցը»:

«Արմաւիայի» մամլոյ խօսնակը` Նանա Աւետիսովան, բոլորին խորհուրդ է տալիս տոմսը գնել նախօրօք, քանի որ այդ դէպքում այն կը լինի աւելի էժան: Սա ողջ աշխարհում ընդունուած երեւոյթ է, սակայն մեզանում հասնում է անհեթեթութեան: Պատկերացնո՞ւմ էք, եթէ նոյն ձեւով գնէինք, օրինակ, երթուղային միքրօ օթոպիւսների տոմսերը. շուտ նստողը վճարեր 50 դրամ, եւ երթուղայինի մէջ մնացած տեղերի նուազմանը զուգահեռ գինը աստիճանաբար աճեր: Իսկ ի՞նչ տարբերութիւն: Մի՞թէ երկուսն էլ փոխադրամիջոց չեն: Պարզւում է, որ ոչ, եւ եթէ մեքենան դադարել է շքեղութիւն լինելուց, ինքնաթիռին մօտ ապագայում դա չի սպառնում:

Բացի այն, որ պէտք է տոմսը շուտ գնել, եթէ ուզում եք ճանապարհորդել մատչելի, ստիպուած կը լինէք դա անել ուշ գիշերը: Սա այն դէպքում, որ ողջ աշխարհում գիշերային չվերթները գրեթէ վերացուել են: Դա մեկնաբանում են ե՛ւ անվտանգութեամբ, ե՛ւ յարմարաւէտութեամբ: «Չվերթի չվացուցակի ընտրութեան ժամանակ կատարւում են բազմաթիւ մանրակրկիտ հետազօտութիւններ, հաշուի է առնւում նաեւ տարանցիկ փոխադրումների հնարաւորութիւնը», արդարանում են «Արմաւիայում»: Գնելով ինքնաթիռի տոմս` ուղեւորը վճարում է օդանաւի ինքնարժէքի, սպասարկման ծախսերի, վառելանիւթի համար, ինչպէս նաեւ անձնակազմի աշխատավարձերը, տարբեր տեսակի հարկեր, տուրքեր, օդկայանում վերգետնեայ սպասարկման վճար: «Զուարթնոցը» եւրոպական եւ անգամ ռուսաստանեան օդակայաններից կրկնակի շատ գումար է վերցնում վերգետնեայ սպասարկման համար` պատճառաբանելով դա ուղեւորների հոսքի քչութեամբ:

Սեպտեմբերի 16-ին կը բացուի «Զուարթնոց» օդակայանի նոր վերջնակէտը` շատ աւելի մեծ ու գեղեցիկ: Օդկայանը տարանցիկ վերջնակէտը` փոխադրումների հնարաւորութիւն կ՛ունենայ, ինչ կարող է 3 անգամ մեծացնել ուղեւորահոսքը: Բնական կը լինէր ենթադրել, որ դա կը նուազեցնէր մէկ ուղեւորից գանձուող սպասարկման վարձը: Սակայն «Զուարթնոցը» մնում է ինքն իրեն հաւատարիմ: Օդակայանի մամլոյ խօսնակ Գէորգ Աբրահամեանը վստահեցնում է, որ` «նոր վերջնակէտի բացումից յետոյ ոչ մի գնային փոփոխութիւն չի լինելու»: Այսպիսով, նոր վերջնակէտը գուցէ եւ գեղեցիկ է ու յարմարաւէտ, բայց` ոչ մատչելի:

Այս երկուսի գործելաոճը կարելի է համեմատել ոչ վաղ անցեալում Հայաստանում տիրող բջջային կապի մենաշնորհի հետ: Այն ժամանակ ոչ մէկի մտքով անգամ չէր կարող անցնել, թէ հնարաւոր է խօսել 250դր/ր-ից ցածր սակագնով: Սակայն երբ դաշտում յայտնուեց

2-րդ բջջային ընկերութիւնը, գները կտրուկ նուազեցին, եւ այսօր բջջայինով կարելի է խօսել անգամ անվճար: ԽՍՀՄ-ը փլուզուել է, սակայն երկաթէ վարագոյրը դեռ մնում է: Ժամանակն է օդային փոխադրումների ոլորտը ազատել մենաշնորհից: Ժամանակն է ճամբորդելու:

ՓԱՆ ԱՐՄԻՆԻԸՆ ԿԱՅՔԷՋ

Share this Article
CATEGORIES