ՄԱԿ-Ի ԳԼԽԱՒՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 66-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ ԱԶՐՊԷՅՃԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱՅ ԳՐՈՀԵԼՈՒ Է ՄԻ ՔԱՆԻ ՃԱԿԱՏՆԵՐՈՎ

Սեպտեմբերի 13-ին մեկնարկում է Միացեալ ազգերի կազմակերպութեան (ՄԱԿ) Ընդհանուր ժողովի 66-րդ նստաշրջանը: Սեպտեմբերի

21-ից 27-ը տեղի կ՛ունենան կազմակերպութեան անդամ 193 երկրների նախագահների, վարչապետերի, արտաքին գործերի նախարարների կամ ՄԱԿ-ում նրանց մշտական ներկայացուցիչների ելոյթները: Հայաստանը ներկայանալու է ամենաբարձր` նախագահի մակարդակով:

Մի կողմից հայ-թուրքական յարաբերութիւններում ստեղծուած փակուղին, միւս կողմից` ղարաբաղեան հակամարտութիւնում առաջընթացի բացակայութիւնը հիմնաւորապէս ենթադրել են տալիս, որ Հայաստանը, Ազրպէյճանը եւ Թուրքիան միջազգային ամենահեղինակաւոր կառոյցի` ՄԱԿ-ի ամպիոնն օգտագործելու են միմեանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելու:

Ինչպէս ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի նախկին մի քանի նստաշրջաններում, այս անգամ եւս օրակարգի վրայ կայ երկու հարց, որոնցից մէկը անուղղակի, միւսը` ուղղակի, վերաբերում է ղարաբաղեան հակամարտութեանը: Ազրպէյճանական լրատուամիջոցները հաղորդում են, որ «Ձգձգուող հակամարտութիւնները ՎՈՒԱՄ-ի տարածքում եւ դրանց ազդեցութիւնը միջազգային խաղաղութեան, անվտանգութեան ու  զարգացման վրայ» եւ «Իրավիճակը Ազրպէյճանի բռնագրաւուած տարածքներում» բանաձեւերը նորից քննարկման են ներկայացուել, քանի որ դրանք քուէարկման չէին դրուել Ընդհանուր ժողովի նախորդ` 65-րդ նստաշրջանում:

Յիշեցնենք, որ ՎՈՒԱՄ-ին անդամակցում են` Վրաստանը, Ուքրանիան, Ազրպէյճանը եւ Մոլտովան, որոնք էլ գրեթէ ամէն տարի համատեղ ներկայացնում են բանաձեւի նախագիծ յետխորհրդային տարածքի «սառեցուած» հակամարտութիւնների վերաբերեալ` Մերձ տնեսթր, Աբխազիա, Հարաւային Օսեթիա, Լեռնային Ղարաբաղ: Եւ բնական է, որ իրենց իսկ կողմից հրահրուած պատերազմներում պարտուած Ազրպէյճանը, Վրաստանը, ինչպէս նաեւ Մոլտովան եւ Ուքրանիան, համերաշխութիւն են յայտնում եւ աջակցում միմեանց:

Բայց Ազրպէյճանը այսքանով չի բաւարարւում: Գրեթէ ամէն տարի Պաքուն փորձում է ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում քուէարկութեամբ անցկացնել «Իրավիճակը Ազրպէյճանի գրաւեալ տարածքներում բանաձեւը: 2008 թուականի նախագահական ընտրութիւններից յետոյ, երբ Հայաստանը ներքաղաքական ծանր օրեր էր ապրում, Ազրպէյճանը կարողացաւ օգտագործել առիթը. մարտի 14-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի նստաշրջանում 39 «կողմ«, 7 «դէմ» եւ 100 «ձեռնպահ» ձայներով ընդունեց Պաքուի ներկայացրած բանաձեւը, որում Հայաստանի եւ Արցախի հասցէին տեղ էին գտել մի շարք անընդունելի ու տհաճ ձեւակերպումներ: Հայկական կողմի համար սփոփանք էր այն, որ ԵԱՀԿ Մինսքի խմբի բոլոր երեք համանախագահող պետութիւնները` Միացեալ Նահանգներն, Ռուսաստանը եւ Ֆրանսան, դէմ քուէարկեցին` ցոյց տալով իրենց անհամաձայնութիւնը Պաքուի նախաձեռնութեանը:

 

ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի նախորդ` 65-րդ նստաշրջանում Պաքուն օրակարգ էր բերել նոր` «միջազգային մարդասիրական իրաւունքի եւ միջազգային չափորոշիչների պահպանումը Ազրպէյճանի գրաւեալ տարածքներում» անունով բանաձեւի նախագիծը, սակայն վերջին պահին հանեց օրակարգից: Յետագայում մամուլում եղան ոչ անհիմն ենթադրութիւններ, որ դա արուել է պայմանաւորուածութեան արդիւնքում. Պաքուն օրակարգից հանում է բանաձեւի քուէարկութիւնը, իսկ Երեւանն ու Ստեփանակերտը համաձայնութիւն են տալիս, որպէսզի ԵԱՀԿ-ն փաստահաւաք առաքելութիւն անցկացնի Արցախում` այն եօթ տարածքներում, որոնք Ազրպէյճանը միջազգային հանրութիւնը համարում է գրաւեալ:

2011 թուականի սեպտեմբերի 13-ին մեկնարկելիք ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում Հայաստանի եւ Արցախի համար գլխաւոր մարտահրաւէրը, սակայն, լինելու է ոչ միայն եւ ոչ այնքան Ազրպէյճանի ու նրա դաշնակիցների կողմից օրակարգ բերուած երկու բանաձեւերը` «Ձգձգուող հակամարտութիւնները ՎՈՒԱՄ-ի տարածքում եւ դրանց ազդեցութիւնը միջազգային խաղաղութեան, անվտանգութեան ու զարգացման վրայ» եւ «Իրավիճակը Ազրպէյճանի բռնագրաւուած տարածքներում», այլ Ազրպէյճանի` ՄԱԿ-ի Ապահովութեան խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ դառնալու հնարաւորութիւնը:

Շաբաթներ առաջ գրել էինք, որ մօտ տասը տարի առաջ Հայաստանը եւ Ազրպէյճանը ցանկութիւն յայտնեցին դառնալ ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ: Վերջերս յայտնի դարձաւ, որ Հայաստանը այլեւս չի ցանկանում քուէարկուել 2012-2013 թթ. ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ դառնալու համար, մինչդեռ Ազրպէյճանը լուրջ դիւանագիտական աշխատանքներ է տանում եւ փորձում դառնալ համաշխարհային ամենահեղինակաւոր եւ ներկայացուցչական կազմակերպութեան` ՄԱԿ-ի կարեւորագոյն կառոյցի` Ախ-ի, ոչ մշտական անդամ: Ազրպէյճանը այդ տեղի համար պայքարելու է Հունգարիայի եւ Սլովենիայի հետ: Հայաստանի հրաժարումից յետոյ Ազրպէյճանը ընտրուելու որոշ հնարաւորութիւններ ունի, թէեւ կրկին, այդ հնարաւորութիւնները մեծ չեն:

Պատկերացնել կարելի է, թէ ինչպիսի՛ հակահայկական քայլեր է ձեռնարկելու Ազրպէյճանը, եթէ ընտրուի ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ:

Մի քանի օր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով Ազրպէյճանի ձգտումներին, յայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի գլխաւոր նպատակն ու խնդիրը խաղաղութեան հաստատումը, պահպանումն ու ամրապնդումն է: «Մի երկիր, որը վարում է ռազմատենչ քաղաքականութիւն, պատերազմի քարոզչութիւն, մի երկիր, որի ղեկավարութիւնը պարծենում է, որ վերջին 6 տարում 20 անգամ աւելացրել է իր ռազմական պիւտճէն, մի երկիր, որն ուժի կիրառման սպառնալիքը դարձրել է իր քաղաքականութեան կարեւոր մաս սպառնում է հէնց խաղաղութեանը, կարո՞ղ է յաւակնել դառնալ ԱԽ-ի ոչ մշտական անդամ»:

Հայաստանի արտաքին քաղաքականութեան սխալն այն էր, որ պէտք էր պայքարէր այն տեղի համար, որի համար այսօր պայքարում են Ազրպէյճանը եւ Եւրոպական Միութեան երկու անդամներ: Պայքարել ոչ միայն ընտրուել փորձելու, այլ` խոչընդոտելու Ազրպէյճանի հնարաւոր անդամակցութիւնը: Հաւանաբար պաշտօնական Երեւանը մտածել է, որ եթէ չհանէր իր թեկնածութիւնը, եւ այդ պայմաններում Ազրպէյճանը ընտրուէր ոչ մշտական անդամ, ապա դա կ՛ընկալուէր Հայաստանի արտաքին քաղաքականութեան ձախողում եւ պարտութիւն:

Այսօր արդէն ուշ է, իսկ նախարար Նալբանդեանի խօսքերը` ուղղուած միջազգային հանրութեանը, ընկալելի չեն, որովհետեւ միջազգային հանրութիւնը ոչ թէ առաջնորդւում է Հայաստանի կողմից հնչող զգուշացումներով, այլ բացառապէս` իր շահերով ու ցանկութիւններով: Հաշուի առնելով, որ ՄԱԿ-ն ունի 193 անդամ, որոնց մի մասը, ելնելով զուտ մահմետական համերաշխութիւնից, քուէարկելու է Ազրպէյճանի օգտին, ապա իրաւամբ ռազմատենչ մեր հարեւանը ունի ընտրուելու որոշ հնարաւորութիւններ:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

 

Share this Article
CATEGORIES