ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԼՂՀ-Ի ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍՆ ԵՆ

Պատմութիւնն ապացուցել է, որ ազգային-ազատագրական շարժումները, որպէս կանոն, աւարտւում են յաղթանակով, քանզի դրանք  կախուած են լինում ոչ թէ անհատներից կամ քաղաքական կազմակերպութիւններից, այլ ունենում են համաժողովրդական բնոյթ` հիմքում ունենալով համազգային միասնութիւնը: Արցախեան շարժումը դասւում է ազգային-ազատագրական շարժումների շարքը, հետեւաբար այն պէտք է դիտարկել իր ներդաշնակութեան եւ միասնականութեան մէջ` պայքարի ելակէտ ընդունելով ինքնորոշման միջազգային իրաւունքի սկզբունքը:

Ազրպէյճանաղարաբաղեան պատերազմի արդիւնքում ազատագրուած հայկական տարածքների խնդրին պէտք է մօտենալ հէնց այս տեսանկիւնից եւ անվերապահօրէն ընդունել, որ դրանք Արցախի Հանրապետութեան անբաժանելի մասն են` ամրագրուած երկրի Հիմնական օրէնքով: ԼՂՀ ԱԺ կրթութեան, գիտութեան, մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ մարմնամարզի մնայուն յանձնաժողովի նախագահ, Արցախի պետական համալսարանի պատմութեան ամպիոնի դասախօս Արմէն Սարգսեանի համոզմամբ, այդ տարածքները պէտք է դիտարկել պատմական եւ իրաւական հարթութիւններում եւ ոչ որպէս ազրպէյճանական կրակակէտերի ճնշման միջոց ու անվտանգութեան գօտի: Նրա խօսքերով, եթէ 1994թ. մայիսեան զինադադարը կնքուեց Ռուսաստանի միջնորդութեամբ, ապա հետագայում Արեւելք-Արեւմուտք յարաբերութիւնների հաւասարակշռութեան արդիւնքում ղարաբաղեան խնդրի քննարկումները տեղափոխուեցին ԵԱՀԿ Մինսքի խումբ, եւ կարգաւորման գործընթացում ներառուեցին Միացեալ Նահանգներն ու Ֆրանսան` որպէս  համանախագահող պետութիւններ: Շարունակելով միտքը` մեր զրուցակիցը նշեց, որ խնդրի կարգաւորման ամենայարմար ժամանակաշրջանը եղել է 1994 թուականը, երբ ազրպէյճանական կողմն օր օրի կրում էր ռազմական պարտութիւններ: Ազրպէյճանի նախագահ Հ. Ալիեւը հարկադրուած էր յարաբերութիւններ հաստատել ԼՂՀ ղեկավարութեան հետ: Բաւական էր զինադադարի կնքումն ուշանար 2-3 շաբաթ, եւ Ազրպէյճանում տեղի էր ունենալու հերթական յեղաշրջումը: Ալիեւն ամէն ինչի պատրաստ էր իշխանութիւնը ձեռքից բաց չթողնելու համար:

«Եթէ հաշուի առնենք այն հանգամանքը,- շեշտեց պատմաբանը,- որ 1992թ. Միացեալ Նահանգների  Քոնկրեսի կողմից ընդունուել էր 907 բանաձեւը, ըստ որի, դադարեցուել էին բոլոր տեսակի օգնութիւններն Ազրպէյճանին, եւ վերջինս փաստացիօրէն յայտնուել էր նախայարձակի դերում, ապա կարելի է հասկանալ իրավիճակի ողջ նպաստաւորութիւնը հայկական կողմի համար»:

Մեր զրուցակցի համոզմամբ, կատարուել էր ոչ թէ փոխզիջում, այլ` միակողմանի զիջում, որը հետագայում հնարաւորութիւն է ընձեռել Ազրպէյճանին սպառազինութիւնների մրցավազք ծաւալել` կողմերին կանգնեցնելով ռազմական գործողութիւնների վերսկսման վտանգի առաջ:

Դառնալով ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ շրջանառուող կարծիքներին, յանձնաժողովի նախագահն ասաց, որ դրանք երեքն են:

Առաջին տեսակէտն առաջադրուել էր Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի եւ նրա համախոհների կողմից: Ըստ այս տեսակէտի,   հնարաւոր չէ ԼՂՀ ճանաչում միջազգային ուժերի կողմից, եւ` «Ղարաբաղի անկախութեան հարցում մենք դաշնակիցներ չունենք», հետեւաբար լաւագոյն տարբերակը բարձր ինքնավարութեան ապահովումն է Ազրպէյճանի կազմում: Նման տեսակէտի կիրառման պարագայում, բնականաբար, վերջակէտ կը դրուէր Արցախի ազգային-ազատագրական պայքարին: Տարիներ անց մենք կ՛ունենայինք հայաթափուած Ղարաբաղ` Ազրպէյճանի կազմում: Նախկին նախագահի սխալ եզրայանգումներից մէկը, որ շարադրուած է «Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն» հանրայայտ յօդուածում, հետեւեալն էր. «Սթաթիւս քոն երկար ժամանակ հնարաւոր չէ պահպանել, որովհետեւ դա թոյլ չէին տայ ո՛չ միջազգային հանրութիւնը, ո՛չ էլ Հայաստանի տնտեսական կարողութիւնները»: Ժամանակը ցոյց տուեց այդ եզրակացութեան անհիմն լինելը: Դրան ընդդիմացաւ ոչ միայն ողջ հայ ժողովուրդը, այլեւ Լ. Տէր Պետրոսեանի խմբակի որոշ անդամներ: Այդ տեսակէտը չդարձաւ գերիշխող եւ իր աւարտն ունեցաւ 1998թ. իշխանափոխութեամբ:

Երկրորդ տեսակէտը, որը հայկական պաշտօնական դիւանագիտութիւնը փորձեց դարձնել ռազմավարութիւն, ԼՂՀ անկախութեան ճանաչումն էր` «փոխզիջումային» տարբերակով: Ազատագրուած տարածքները վերադարձւում են Ազրպէյճանին` բացառութեամբ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի, ինչն ապահովում է ցամաքային կապը հայութեան երկու հատուածների միջեւ: Ուրեմն ԼՂՀ անկախութեան ճանաչում եւ ազատագրուած տարածքների վերադարձ` բացառութեամբ Լաչինի միջանցքի:

– Չնայած երկրորդ տարբերակը մէկ քայլ առաջ էր նախորդի համեմատ, բայց ռազմավարական առումով շատ վտանգաւոր է երկու հայկական պետութիւնների համար,- ընդգծեց Ա. Սարգսեանը:

– Նախիջեւանի եւ Ազրպէյճանի միջեւ Զանգեզուրն առանց այն էլ իւրայատուկ միջանցք է, որին կարող էր աւելանալ երկրորդը` Լաչինը: Սա մեծ հարուած կը լինէր հայկական զոյգ պետութիւնների ապագային, մանաւանդ որ Ալիեւներն անընդհատ յայտարարում են, թէ Զանգեզուրն ազրպէյճանական հող է: Վերջինիս Հայաստանի կազմում լինելը լուրջ խոչընդոտ է թուրքալեզու ժողովուրդների միասնութեան ճանապարհին: Հետեւաբար, պատմական ցանկացած պահի, երբ Ազրպէյճանը հնարաւորութիւն կ՛ունենայ պատերազմ սկսել, նախեւառաջ կը փորձի իր նկրտումներն իրականացնել` կապուած Զանգեզուրի հետ, իսկ հայկական կողմը, զուտ ռազմական առումով, խոցելի կը դառնայ երկու միջանցքներով:

Երրորդ տարբերակը ԼՂՀ անկախութեան ճանաչումն է` նրա այսօրուայ փաստացի սահմաններով: Այդկերպ նախ գնահատական կը տրուի պատերազմ սանձազերծողին` Ազրպէյճանին, կայուն խաղաղութիւն կը հաստատուի տարածաշրջանում, կը կանխուի նոր պատերազմի հնարաւորութիւնը: Մեր զրուցակիցը, որպէս նախադրեալներ, վկայակոչեց Քոսովոն, որի անկախութիւնը ճանաչուեց իր տարածքային ամբողջականութեամբ, Աբխազիան ու Հարաւային Օսեթիան: Ի դէպ, աբխազական զօրքերն ազատագրեցին վրացիների ձեռքում գտնուող որոշ տարածքներ, որից յետոյ ճանաչուեց Աբխազիայի անկախութիւնը: Նոյն ձեւով ճանաչուեց Հարաւային Սուտանի անկախութիւնը: Իսկ ինչո՞ւ ԼՂՀ անկախութիւնը չճանաչել իր սահմանադրութեամբ ամրագրուած տարածքներով:

Ա. Սարգսեանն իր մեկնաբանութիւնն այնուհետեւ տեղափոխեց գերտէրութիւնների շահերի հարթութիւն: Մի կողմից մենք պէտք է աւելի զգուշ ու գործնապաշտ լինենք, միւս կողմից` հայկական քաղաքականութիւնը պէտք է զերծ լինի երկչոտութիւնից: Հարկ է միջազգային հանրութեանը ցոյց տալ հետեւեալը. եթէ Արեւմուտքն ու Արեւելքը չեն ճանաչում ԼՂՀ անկախութիւնը` իր տարածքային ամբողջականութեամբ, նշանակում է` Քոսովոյի, Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի ճանաչումով նրանք ոչ թէ կեանքի են կոչել ինքնորոշման իրաւունքի միջազգային օրէնքը, այլ բացառապէս ելել են իրենց քաղաքական շահերից` հանդէս գալով ինքնորոշման իրաւունքի դրօշի ներքոյ: Սերպիան եւ Վրաստանը կորցրին այն, ինչը փաստօրէն իրենց չէր պատկանում: Այս իրավիճակում Արեւմուտքն ու Արեւելքը կա՛մ կը փորձեն միմեանց հետ ժամանակաւոր «լեզու գտնել» նշուած երեք հանրապետութիւնների ճանաչման հարցում` ժամանակ շահելու մտադրութեամբ, ինչն այսօր նշմարելի է, կամ էլ նրանց միջեւ առճակատումը կը խորանայ, եւ կը սկսեն խաղարկել Աճարիայի, Ջաւախքի եւ Արցախի հարցերը` ապագայի համար:

Ամփոփելով իր տեսակէտը` մեր զրուցակիցը շեշտեց, որ ճիշդ ռազմավարութիւն իրականացնելու դէպքում կարելի է հասնել ԼՂՀ անկախութեան ճանաչմանը` ներկայ սահմաններով: Պարզապէս Մինսքի խմբի շրջանակներում չի կարելի պարփակուել: Պէտք է սկսել նաեւ Արցախի միջազգային ճանաչման գործընթաց` մշակելով յստակ ռազմավարութիւն եւ մարտավարութիւն: Ա. Սարգսեանն առաջնահերթ է համարում միջազգային ատեաններում կատարուածի իրական պատկերի վերհանումը` մատնանշելով Ազրպէյճանի պատասխանատուութիւնը հակամարտութեան սրման, դրա հետեւանքների եւ չկարգաւորուած լինելու առումով, միաժամանակ հակազդելով նրա կողմից իրականացուող անհեռանկարային եւ արկածախնդրային քաղաքականութեանը:

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

Share this Article
CATEGORIES