ԱՆԹՈՆԻԱ ԱՐՍԼԱՆԻ ԱՆԼՌԵԼԻ ՁԱՅՆԸ` «ԱՐՏՈՅՏՆԵՐԻ ԱԳԱՐԱԿ»ԻՑ

Հօրաքոյրս կրկնում էր. «Երբ չարութիւն անէք եւ ինձ յոգնեցնէք, կը գնամ Պէյրութ` Արուսեակի մօտ, Հալէպ` Զարեհ հօրեղբօրս  մօտ, Պոսթըն` Ֆիլիփի եւ Միլտրիթի, Ֆրեզնօ` քրոջս` Նուարդի մօտ, Նիւ Եորք` Անիի, կամ էլ Քոփաքապանա` զարմիկիս` Միշելի մօտ: Բայց նրա մօտ` ամենավերջում, քանի որ ասորու հետ է ամուսնացել»:

Անթոնիա Արսլան. հանրահռչակ «Արտոյտների ագարակը»ը գրքի հեղինակ:

Հայերս ամէնուր ենք` մայր հայրենիքից դուրս, ու ամէն մէկս մեր պատմութիւնն ունենք Ցեղասպանութիւնից փրկուած մեր նախնիների մասին: Մենք ունենք անցեալ, որը ցաւոտ է: Պատահական չէ, որ երբ իրար ուզում ենք` լաւ խօսք ասել, ասում ենք` «ցաւդ տանեմ»: Այդ ցաւը մենք կրում ենք մեր մէջ ու պատմում աշխարհին: Իտալիայի Փատովայի համալսարանի գրականութեան փրոֆեսէօր Անթոնիա Արսլանը` Ցեղասպանութիւնից փրկուած  իր ընտանիքի պատմութիւնը թղթին յանձնեց` գրելով մի վէպ, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանութիւնը ողջ Եւրոպայում: Ահա պատմութիւնն` ամփոփ.

Տասներեքամեայ Երուանդը ուղեւորւում է Վենետիկ` սովորելու վարժարանում: Գրեթէ 40 տարի անց պատրաստւում է ուղեւորուել Անատոլիա, դէպի «Արտոյտների ագարակ», որտեղ վերջապէս կը կարողանայ միաւորուել հարազատների հետ: Երուանդի ընտանիքը վերանորոգել է ագարակը ու մեծ տօնախմբութիւն են նախապատրաստում` անգամ դաշնամուր են պատուիրել, սակայն 1915թ.ի մայիսն է: Իտալիան ներքաշուել է պատերազմի մէջ ու փակել սահմանները, իսկ երիտթուրքերի կուսակցութիւնը դաւանում է Թուրքիայի գաղափարին, որ ազգային փոքրամասնութիւնների համար տեղ չկայ:

Երուանդը չի մեկնի Անատոլիա  ու ոչ մի տօն էլ չի լինի: Փոխարէնը` միայն մահ ու սարսափ: Սպաննում են տղամարդկանց ու տղայ երեխաներին, իսկ կանանց հարկադրաբար տեղահան անում ու տանում դէպի անապատ.  քաղց, բռնութիւններ, ոչնչացում: Հրաշքով մահից մազապուրծ եղած երեք աղջիկներին ու աղջկայ շորեր հագած մանչուկին յաջողւում է հասնել Իտալիա`  Երուանդի մօտ: Հէնց Երուանդն էլ հոգ է տանում ու մեծացնում նրանց ու պահպանում նրանց «մութ յիշողութիւնները», որոնք այսօր Երուանդի թոռնուհին Անթոնիան ներկայացնում է սրտաշարժ «Արտոյտների ագարակ»ը վէպով:

Անթոնիա Արսլանի գիրքը աննախադէպ յաջողութիւն ունեցաւ: «Ընդամէնը 2000 հայ ունեցող Իտալիայում գիրքը վաճառուեց 300,000 օրինակով», փաստում է հեղինակը:  Հերոսները` անաւարտ ճակատագրով  մարդիկ, պատմութիւն ունէին պատմելու, ու մարդիկ ունկնդիր եղան նրանց ձայնին` շնորհիւ Անթոնիա Արսլանի: «Գիրքն արժանացաւ 22 մրցանակի. թարգմանուեց 20 լեզուներով: Հիմա էլ Իտալիայի դպրոցներում է դասաւանդւում», յաւելում է հեղինակը: Գրքի յաջողութեան հետ եկան նաեւ գրքի հիման վրայ ժապաւէն նկարելու առաջարկներ ողջ աշխարհից, նաեւ` Հոլիվուտից: Անթոնիան չտրուեց գայթակղութիւններին ու ընտրեց այն առաջարկը, որը կ՛ապահովէր, որ գիրքը չի դառնայ հերթական բեմագրութիւն, որը երբեք չի նկարահանուելու: Հայուհին ուզում էր աշխարհին իր ընտանիքի պատմութեամբ ներկայացնել իր ազգի պատմութիւնը: Անթոնիան ժապաւէնի իրաւունքը տուեց հանրայայտ Թաւիանի եղբայրներին: Փաուլօ եւ Վիթորիօ Թաւիանի եղբայրներին յաջողուեց գիրքը ժապաւէնի վերածել, չնայած մեծ  ճնշումներին` թուրքերի կողմից: Ժապաւէնում խաղում են հանրայայտ դերասաններ` Փաս Վեկան, Ալեսանտրօ Փրեսիոսին եւ Արսինէ Խանճեանը:

Ձեզ ենք ներկայացնում մեր բացառիկ հարցազրոյցը` իր ընտանիքի պատմութեամբ Հայոց ցեղասպանութեան մասին պատմող  հանրահռչակ «Արտոյտների ագարակը» գրքի հեղինակ Անթոնի Արսլանի հետ:

 

ԱՆՈՒՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Գիրքը կարդալուց ու ժապաւէնը դիտելուց յետոյ, դեռ շոքի մէջ եմ: Ցաւոտ է շատ, բայց միաժամանակ չես կարող լինել հայ ու չիմանալ, թէ ինչի՛ միջով են անցել նախնիներդ: Դուք շատ մեծ ներդրում ունեցաք ձեր այս գրքով պատմութիւնը սերնդից սերունդ փոխանցելու գործում: Արդեօ՞ք առաքելութիւն էիք զգում` գիրքը գրելիս:

ԱՆԹՈՆԻԱ ԱՐՍԼԱՆ.- Սա իմ ընտանիքի պատմութիւնն է: Նրանց կեանքն ու երազանքներն անաւարտ մնացին, ես իմ գրքով ուզում էի լսելի դարձնել նրանց ձայնը: Ես ուրախ եմ ու շնորհակալ Թաւիանի եղբայրներին, որ գիրքը վերածուեց ժապաւէնի:  Թաւիանի եղբայրները, որ շատ յարգուած են Իտալիայում, ետ չկանգնեցին գաղափարից` չնայած Թուրքիայի կողմից ստեղծուած խոչընդոտներին ու արգելքներին:  Ամենակարեւորը` աւարտին հասցրեցին ժապաւէնը, ու հայերիս համար կարեւոր այս պատմութիւնը աշխարհին ներկայացաւ նաեւ ժապաւէնի միջոցով: Թաւիանի եղբայրները մաքուր իտալացի են, բայց լիովին կիսում են մեզ հետ մեր ցաւը: Ինչպէ՞ս կարելի է անտարբեր լինել ու հերքել:

ԱՆՈՒՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Գիրքը միանգամից մեծ հանրաճանաչութիւն ձեռք բերեց: Սպասո՞ւմ էիք նման յաջողութեան: Երբ ամէն ինչ արւում է, որպէսզի մարդկանց զուարճացնեն, դուք գրեցիք  տխուր մի պատմութիւն, որին հանդէպ անտարբեր չկարողացան մնալ մարդիկ:  Ի՞նչ կ՛ասէք այդ մասին:

ԱՆԹՈՆԻԱ ԱՐՍԼԱՆ.- Ես ցեղասպանութիւն տեսած իմ ընտանիքի երրորդ սերունդն եմ ներկայացնում: Ես ուզում էի կիսել իմ ցաւը` պատմելով իմ ընտանիքի կեանքը. մարդիկ, դէպքեր ու իրավիճակներ, որ ընկալելի են մարդ արարածի համար: Գիքրը յաջողուեց, որովհետեւ միւս մարդիկ իրենց տեսան գրքի կերպարների մէջ:  Իրական մարդիկ, իրական պատմութիւն ու ապրումներ, որ բոլորս էլ զգացել ենք: Ու երբ մարդիկ տեսնում են, թէ ի՛նչ է լինում իրենց սիրելի ու հարազատ դարձած այդ հերոսների հետ, այդ  ժամանակ է, որ արձագանգը շատ ուժգին է: Ես նման յաջողութիւն չէի ակնկալում, բայց գիրքն արդէն 30-րդ հրատարակութեան մէջ է: Վաճառուել է աւելի  քան 300,000 օրինակով, ընդ որում Իտալիայում կայ ընդամէնը 2000 հայ: Պատկերացնո՞ւմ էք:

ԱՆՈՒՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Գրքի աննախադէպ յաջողութիւնից յետոյ գիրքը ժապաւէնի վերածելու բազմաթիւ առաջարկների միջից  ընտրեցիք Թաւիանի եղբայրների առաջարկը` չնայած առաւել շահաւէտ առաջարկների: Ինչո՞ւ:

Անթոնիա Արսլան

ԱՆԹՈՆԻԱ ԱՐՍԼԱՆ.- Թէ՛ Փաուլոն ու թէ՛ Վիթորիոն երկուսն էլ կարդացել էին գիրքը:  Յետոյ զանգահարեցին ու խօսեցինք: Երկար մտածելուց յետոյ որոշեցի նրանց տալ իրաւունքը, քանի որ Իտալիայում էին` ինձ աւելի մօտ: Դա ինձ հնարաւորութիւն կը տար վերահսկել ընթացքը, ինչը հնարաւոր չէր լինի,  եթէ Միացեալ Նահանգներում նկարուէր ժապաւէնը: Նաեւ վստահ էի, որ նրանք չեն սառեցնի իմ ու ազգիս համար կարեւոր այս պատմութիւնը:

 

Ի դէպ, վերջերս կարդացի մի աշխատութիւն` Մուսա լերան 40 օրուայ մասին, որում հեղինակը ներկայացնում է բոլոր այն բեմագրութիւնները Ամերիկայում, որ գրուել են Մուսա լերան 40 օրուայ մասին, բայց այդպէս էլ ժապաւէն չեն դարձրել:

Ես ինձ հարց տուեցի. «Մի՞թէ իմ գիրքն էլ փորձում են ինձանից գնել, որ դրանով ամէն ինչ աւարտուի: Ու որոշեցի Թաւիանի եղբայրներին տալ ժապաւէնի իրաւունքը: Գիտէի, որ կը յաջողին: Ի դէպ, նրանք հրաշալի ժապաւէններ են նկարել պատմական թեմաներով, մասնաւորապէս 2-րդ Համաշխարհային պատերազմի մասին: Խօսքս «Փայլող աստղերի գիշեր» ժապաւէնի մասին է:

ԱՆՈՒՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Դուք ասացիք, որ Թաւիանի եղբայրներին յաջողուեց աւարտին հասցնել ժապաւէնը` չնայած թուրքերի կողմից ճնշումներին: Աւելի կը մանրամասնէ՞ք` խնդրեմ:

ԱՆԹՈՆԻԱ ԱՐՍԼԱՆ.- Այո՛, իսկապէս ճնշումները շատ ակնյայտ էին` ժապաւէնը նկարելիս, ինչը չեմ կարող ասել գրքի մասին: Գիրքը ակնթարթային ու աննախադէպ յաջողութիւն ունեցաւ: Միանգամից ինչ հրատարակուել էր,  վաճառուեց: Պայթիւնի էր նման: Մի քանի ամսուայ մէջ ութ անգամ վերահրատարակուեց գիրքը: Գիտեմ նաեւ` ինչո՛ւ. «Արտոյտների ագարակ» գրքի վերնագիրը ոչինչ չէր ասում  Ցեղասպանութեան մասին:

Գիրքն առանց ճնշումների տարածուեց, բայց Թաւիանի եղբայրների վրայ լուրջ ճնշումներ սկսուեցին: Նրանք ահազանգ էին ստացել Իտալիայում Թուրքիայի դեսպանութիւնից. ասել էին, որ ժապաւէնը կ՛արգելեն ցուցադրել Թուրքիայում: Դրան ի պատասխան` Թաւիանի եղբայրներն ասել էին, որ դա ոչնչով իրենց չի կարող կանգնեցնել, եւ ժապաւէնը չի կարող դադարեցուել: Մի շարք այլ քայլեր էլ արուեցին Թուրքիայի կողմից, որպէսզի կանխեն ժապաւէնի նկարահանումներն ու յաջողութիւնը:

ԱՆՈՒՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Թուրք պաշտօնեաներն անձամբ փորձե՞լ են խոչընդոտել նկարահանումները:

ԱՆԹՈՆԻԱ ԱՐՍԼԱՆ.-  Ժապաւէնի նկարահանումներն արուել են Պուլկարիայի Փլովտիւ քաղաքում, որը հռոմէական քաղաք էր: Հին անուանումն էր «Ֆիլիփոփոլիս»: Այդ քաղաքում հրաշալի հայկական հատուած կայ, որտեղ  արուեցին նկարահանումները:

Ես նկարահանման վայրում չէի, երբ դա տեղի ունեցաւ, բայց տեղեակ եմ բոլոր մանրամասներին: Նկարահանումներին մօտ երեք շաբաթ ժամանակ էր մնացել: Թուրքիայի այդ օրերի արտաքին գործերի նախարարը` Ապտիւլլա Կիւլը, որ հիմա այդ երկրի նախագահն է, յայտնուել էր նկարահանման հրապարակում, հետաքրքրուել ժապաւէնով եւ նկարահանման մանրամասներով` նպատակ ունենալով խանգարել: Բայց դա էլ չվախեցրեց Թաւիանի եղբայրներին: Նրանք որոշել էին կեանքի կոչել ժապաւէնը` հակառակ բոլոր խոչընդոտներին:  Անգամ երբ տնտեսապէս ժապաւէնը դժուարութիւններ սկսեց ունենալ, արտադրիչ Կրացիա Ուոլփին  իր անձնական գումարները ներդրեց, որպէսզի գործը կիսատ չմնայ:

ԱՆՈՒՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Ժապաւէնի 10 միլիոնանոց պիւտճէին եւրոպական ո՞ր երկրներն աջակցեցին:

ԱՆԹՈՆԻԱ ԱՐՍԼԱՆ.- Չորս միլիոն ներդրեց Իտալիան, երկուքական միլիոն` Ֆրանսան ու Սպանիան, Գերմանիան հրաժարուեց, երբ սկսուեցին ճնշումները: Պուլկարիան աւելացրեց պակասող մէկ միլիոնը, իսկ Եւրոմիութիւնն էլ մօտ մէկ միլիոն ներդրեց` կարեւորելով ժապաւէնի պատմական նշանակութիւնը:

ԱՆՈՒՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Էլ ի՞նչ ունէք աւելացնելու:

ԱՆԹՈՆԻԱ ԱՐՍԼԱՆ.- Հպարտ եմ, որ հայ եմ ու ուրախ եմ Լոս Անճելըսում նման կայացած համայնք տեսնելու համար:  Մի ուրիշ հարազատութիւն ու ջերմութիւն եմ զգում: Ուրախ եմ, որ Իտալիայում, որտեղ ընդամէնը մօտ 2000 հայ կայ, գրքիս շնորհիւ գիտեն հայերիս ու մեր պատմութեան մասին:  Ի դէպ,  գրքի յաջողութիւնից յետոյ Իտալիայում հայ լինելը շատ յարգուած եւ պատուաւոր բան է դարձել:  Երբեմն ինձ մօտենում են մարդիկ, որ ունեն տիպիկ իտալական անուն, ասենք` «Ճուզեփփէ Ռոսիի» ու հարցնում են. «Կարո՞ղ է պատահել, որ ես հայ եմ, որովհետեւ ես ինձ հայ եմ զգում»: Առաջ միամտաբար ասում էի. «Հաւանաբար ոչ», ու ծիծաղում էի: Հիմա ասում եմ. «Կարդացէք հայերի մասին հնարաւոր բոլոր աղբիւրները, միգուցէ գտնէք ձեր արմատները»:

ՏԵՂԵԿԱՆՔ

Անթոնիա Արսլանի «Արտոյտների ագարակ»ը վէպն արժանացել է 22 տարբեր մրցանակների, այդ թւում «Լոս Անճելըս Թայմզ»ի «Լաւագոյն գիրք» մրցանակին: «Արտոյտների ագարակ»ը թարգմանուել է 20 լեզուով:

Անթոնիա Արսլանը  Իտալիայի Փատովայի համալսարանի գրականութեան փրոֆեսէօր է:    Դանիէլ Վարուժանի «Հացին երգը» ու «Ցորեանի ծովեր» ժողովածուների թարգմանութիւնները վերանայելիս` Անթոնիան վերագտաւ իր հայկական խոր ու չբացայայտուած ինքնութիւնը: Հրատարակութեան պատրաստեց Հայոց ցեղասպանութեան մասին «Մեծ եղեռն. հայերի ցեղասպանութիւնը» հատորը եւ Իտալիայում ապաստանած վերապրեալների վկայութիւնների` «Յուշեր.  հայ վերապրեալների իտալական ձայներ» ժողովածուն:  2004 թուականի վերջին գրեց  իր ընտանիքի պատմութեամբ Հայոց ցեղասպանութեան մասին առաջին վէպը` «Արտոյտների ագարակ»ը, որն էլ նրան համաշխարհային ճանաչում բերեց:

Share this Article
CATEGORIES