ՓՈՐ ՍԱՅԻՏ, ԵԳԻՊՏՈՍ. ՄՈՒՍԱ ԼԵՐԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԻԳՐԱՆ ԱՆԴՐԷԱՍԵԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՆԳԼԻԱՑԻ ՈՒ ՖՐԱՆՍԱՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ (ՄՈՒՍԱ ԼԵՐԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 96-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ)

Մարտանաւեր էին խարսխում եգիպտացիների Սայիտ անունով մի արաբ տիրակալի նաւահանգիստ Փոր Սայիտում: Քարափին հոծ բազմութիւն էր հաւաքուել` հայեր, արաբներ, ղպտիներ: Ով դու «Մուսա Լեռնական» արմէն-հայ, որ քու երկրի ազատութեան մարտերին մասնակցած մէկի շառաւիղն ես, նրանց տիեզերական յաւերժութեան ճանապարհից քաղիր նրա ոգու հուրը, անէացած գնա՛ այդ նաւերի մէջ, դու էլ նրանց հետ պատուի կանգնիր աշխարհին, տար ընթերցողներին քու պատմութեան այդ ճակատամարտի անցքերի յորձանուտը եւ փառաւորիր նրանց դիւցազներգութիւնը: Ահա այսպէս, երբ նաւերը իրենց թաց կողերը հպում էին ծովի կրաձոյլ եզերքի պատերին, զինուորական նուագախումբն էր իր պղնձեայ փողերը դէպի արեւ պարզած` բազում աստղերից ճառագած արեւակէզ յաղթանակի ողջոյնն էր աւետել, այդ նաւերի երկրի մարտական գովերգն էր այն` «Մարսէյեզ»ը: Ինչո՞ւ այդպէս. չէ՞ որ յաղթական մարտերից վերադարձած քաջերին էին ողջունում, չէ՞ որ նրանք էլ իրենց թմբուկների որոտներով ազատութեան համար կռուի էին դուրս եկել: Նաւերի տախտակամածի բազրիքներին յենած,  յաղթ բազուկները դէպի երկինք պարզած` պատուի էին կանգնել: Իրենց լեռնականի բամբ ձայների կանչերով ողջոյն են յղել դիմաւորողներին, «թելեֆոն»ի տղաքն էին նաւերի թնդանօթների փողերին, աջ ձեռքերնին վերեւ պարզած` կարծես հրաման էին արձակում կրակ տեղալու թշնամու վրայ: Նաւի հրամանատարի հետ պատուի էին կանգնել` Տիգրան Անդրէասեանը, Եսայի Եաղուպեանը, Պետրոս Տմլագեանը, Պետրոս Տուտագլեանը: Իրենց անձնական զէնքերից պայթած կարմիր լոյսերի ողջոյն էին յղել հիւրընկալ երկրին:

Օտարները զարմացել էին, թէ այդ գեղջուկները ինչո՞ւ էին մարտանաւերով իրենց երկիր հասել, թէ` ինչո՞ւ նրանց ազգակիցները նման խանդաղատանքով դիմաւորում նրանց: Իջել էին նաւերից, ետ նայել, մնաք բարեաւ շշնչացել իրենց լեռներին: Բզկտուած հոգով այրիներ, տարեցներ, մայրեր` իրենց մանչերը գրկերնին, թեւերից կախ ընկած` ողջագուրել էին նրանց, նզովել իրենց երկրների տանուտէրերին, որ թշնամու դէմ կռուի կանգնելու փոխարէն` հնազանդութիւն էին ցուցաբերել: Առանձին խմբերով, նորէն ըստ իրենց երկրի գիւղերի բնակութեան, առաջնորդել են իրենց աւազի վրայ բացուած վրաններ, որին վրանաքաղաք պիտի կոչէին: Ազգի վրէժը գիտութեան լոյսով լուծելու ոգով հրավառ երկու աստուածաշնորհ այրեր` Գրիգոր ու Կարապետ, այդ վրաններից բերել էին Կիպրոսի իրենց լուսոյ տաճար, իրենց սան-որդիների ամառային հանգիստը անցկացնելու հայոց Մակարայ վանքի բլուրին: Մուսալեռցի սաներս հպարտութեամբ քնում էինք նրանց հովանիի տակ, շոյում նրանց մուտքերի քղանցքները, մեր նախնիների անվեհեր ոգին եւ նրանց քաջութեան շունչը սաների սրտերին:

Դեռեւս երկու օր առաջ իրենց կանաչ հիւղակներում էին եղել, իրենց լեռների կանաչ ովկիանից յառնած զեփիւռն էր համբուրել նրանց, իրենց զէնքերի կարմիր կրակն էր լոյս սփռել դէմքերին: Տաք էր եղել այդտեղ, տաք էր աւազը, ինչո՞ւ էին իրենց պոկել կանաչ լեռներից: Իրենց կամքով չէր, պիտի հանդուրժէին: Ծառեր չկային այստեղ, հապա այս մարդիկ ի՞նչ էին պաշտել: Արեւի քուրայի կարմիրում իրենց կարմիր լեռն էին փնտռել, գնային` այրուէին այնտեղ, ո՛չ, դեռ գալիք մարտերի վրէժխնդրութեամբ պիտի պոռթկային:

Վրանների ճամբարը անուանել էին վրանաքաղաք, իր կազմակերպչական կառոյցներով` դպրոց Սիսվան, երեւի իրենց նախնիների Սիս ու Վան մայրաքաղաքների անուններով, վրան-եկեղեցիներ, բուժարան, քաղաքապետարան, իրենց գիւղերի անուններով թաղեր: Հայկական կարմիր խաչը, Հայկական բարեգործական ընդհանուր միութիւնը, Եգիպտոսի հայերը փութացել էին օգնութեան:

Եգիպտոսի անգլիական ու ֆրանսական միութիւնների պատասխանատուներ, իմանալով այդ լեռնականների սխրանքի մասին, վրանաքաղաք էին այցելել եւ նրանց մարտի յորդորող ու Պաշտպանական խորհուրդը ղեկավարող աւետարանչական պատուելի Տիգրան Անդրէասեանի հետ հարցազրոյց վարել, որի հոգում վառուած էր եղել իր նախնիների պատերազմի աստուծոյ ծնունդի եղէգան կարմիր բոցը: Հարցազրոյցը անգլերէնով հրատարակուել էր Լոնտոնի հայկական «Արարատ» լրագրում, որը, խիստ հաւանաբար, մինչեւ հիմա հրատարակուող Լիբանանի Հնչակեան կազմակերպութեան «Արարատ» լրագրի նախաշաւիղն էր եղել:

Այսպէս, Եողունոլուգ գիւղից Տիգրան Անդրէասեան, միսիոնարները եւս մի հայու հոգուց պոկել էին իր նախնիների առաքելական եկեղեցին, պատուելի օծել եւ գործուղել Զէյթուն` որպէս տեղի բողոքական համայնքի հովիւի: Զէյթունը իր քառասունմէկ յաղթական կռիւներից յետոյ, 1915 թուականին չէր պատրաստուել դիմակայելու թշնամուն, պարտուել էր: Տիգրանը, իր կնոջ հետ, ականատես էր եղել տարագրութեան ճանապարհների հայերի սարսափահար տառապանքներին: Շնորհիւ միսիոնարների միջնորդութեան` կարողացել էր ժամանել հայրենի Եողունոլուգ գիւղի հայրական տուն:

Տիգրանը մեծ հիացմունքով ու հոգեկան հրճուանքով է նկարագրել հայրենի գիւղի հմայքը, նրա ջանասէր մարդկանց, նրա լանջերին յառնած այգիները եւ, ըստ ճանապարհորդների պատմածի, այն եղել է շատ նման Իտալիոյ Նափոլի քաղաքի շրջակայքի գիւղերին:

Կրճատ շարադրում եմ նրա հարցազրոյցի ճշգրիտ բովանդակութիւնը, որը դեռ երկու օրեր առաջ տեղի ունեցած դէպքերի իսկական վկայութիւնն է: Զարմանալի է, որ նա չի յիշատակել մարտերի խիզախ մասնակիցների անուններ, Պաշտպանական խորհուրդի կազմը եւ ճակատամարտերի այլ մանրամասնութիւններ, թէ՞ հարցազրոյցը թարգմանողները անփոյթ կերպով այն չեն սղագրել:

Յուլիսի 13-ին Անտիոք քաղաքի թրքական իշխանութիւնները ազդարարագիր էին ուղարկել Մուսա Լերան վեց գիւղերին` ութ օրուայ ընթացքում պատրաստ լինելու տեղահանութեան: Գիւղերի աւագանիի անդամները համատեղ քննարկել էին ստեղծուած իրավիճակը: Թէեւ թրքական ուժերին դիմակայելու յաջողութեան յոյսը նուազ էր թուացել իրենց, սակայն որոշել էին «Ոչ» ասել տարագրութեանը. ո՞ւր եւ ինչո՞ւ: Նկատի ունենալով, որ նախալեռներում գտնուող գիւղերի պաշտպանութիւնը անհնարին էր իրականացնել, վճռել էին ազատ ապրելու, իրենց կանանց արժանապատուութեան, մանկանց ու ծնողների կեանքի փրկութեան համար բարձրանալ իրենց լեռներ, ապաւինել նրա բարձունքներին, որի իւրաքանչիւր արահետ ծանօթ էր իրենց: Սակայն Պիթիաս գիւղի աւետարանչական հովիւ Յարութիւն Նուխուտեանը, որի հոգուց պոկել էին իր նախնիների ռազմի ոգին, անհնար էր համարել դիմադրութիւնը եւ վաթսուն ընտանիքներ իր գիւղից եւ նշանակալի թուով ընտանիքները Հաճի Հապապլի գիւղից տարագրութեան էր տարել, որոնցից շատերը իրենց մահն էին գտել արաբական անապատներում:

Ազդարարութեան աւարտի ութերորդ օրուայ վերջին` յուլիսի քսանին, արդէն լերան բարձունքին էին եղել: Իրիկնադէմից սկսած ամբողջ գիշեր տեղատարափ անձրեւ էր տեղացել, թրջուել էին, սակայն իրենց արի հոգիները տաք էին, կռուի էին գնալու: Առաւօտեան արեւն էր ժպտացել նրանց, աշխատանքի ընդունակ բոլոր լեռնականները սկսել են խրամատներ փորել, ռազմական նշանակութեան դիրքեր կառուցել, լերան զառիվայր բարձունքներին ժայռեր կուտակել, ստեղծել հզօր պատնէշներ, որտեղ հրաձիգների խմբեր էին տեղաբաշխել, պատրաստ` դիմակայելու թշնամու յարձակումներին:

Նոյն օրը, փրկութեան պատերազմը դիմագրաւելու համար, լեռ բարձրացած ժողովուրդի ընդհանուր ժողով են գումարել: Ժողովականների իսկ առաջարկութեամբ, քուէաթերթիկներով գաղտնի քուէարկութիւն էին կատարել` Պաշտպանական խորհուրդ ընտրելու համար, որը հետագային պիտի իրականացնէր գերագոյն իշխանութիւն: Հա՛յ, քեզ չկարողացան հանդուրժել արեւմտեան քաղաքակրթութեան փարած լինելու համար, իսկ մօտակայ մահմետական գիւղերի բնակիչները քուէաթերթիկներով գաղտնի ընտրութիւն կատարելու երազանքն անգամ ունեցե՞լ էին արդեօք: Խորհուրդի կազմի մասին ոչ մէկ տեղեկութիւն է յիշատակուել, որը անմիջապէս ձեռնամուխ է եղել պաշտպանական միջոցառումներ իրականացնելու աշխատանքներին:

Յուլիսի 21-ին երկու հարիւր զինուորներով թրքական առաջապահ մի պահակախումբ յարձակում էր սկսել լեռնականների դիրքերի վրայ: Հրամանատարը` Սուէտիոյ «Միւտիւր» (կառավարիչ) ալպանացի ծագումով Խալիտը խոստացել էր, որ մէկ օրուայ ընթացքում լեռը մաքրելու էր ապստամբներից: Թուրքերը, յամառ դիմադրութեան հանդիպելով ու մարդկային կորուստներ կրելով, ետ էին քաշուել իրենց զինուորական կայան: Յաջորդ օրերին թրքական կանոնաւոր զօրքի ստորաբաժանումներ ծաւալուն յարձակումի էին ձեռնարկել: Թշնամին իր հետ բերած հրանօթով հարուածել էր ապստամբների ճամբարը: Մի յանդուգն ռազմիկ` Պետրոս Գալուստեան, թփերի ճիւղերով քողարկուած, մօտեցել էր հրանօթին, տարբեր դիրքերից հրացանի հինգ կրակոցներով սպաննել չորս թնդանօթաձիգներին: Հրամանատարը շտապել էր հեռացնել թնդանօթը:

Համախումբ յարձակման համար թուրքերը զօրահրաման էին ուղարկել շրջակայ իսլամական գիւղերին` ժողովուրդին սրբազան պատերազմի կոչելու: Անտիոքի զինանոցից հրացաններ ու զինամթերք էին յանձնել նրանց: Արիւնահեղութեան ծարաւի մուսուլմանների չորս հազարանոց ամբոխը դարձել էին նշանակալի թշնամի: Սակայն նրա գլխաւոր ուժը երեք հազարանոց զօրամասն էր եղել:

Լեռնականների հետախոյզները տեղեկացրել են ռազմակայան, որ թշնամին բարձունքների յարակից կիրճերում էր յայտնուել, սկսել առանձին լեռնագագաթների վրայ գրոհել, որտեղ տեղաբաշխուած էին միայն փոքրիկ խմբեր: Թշնամու առաջախաղացումները կեղծ յարձակում էին հանդիսացել: Այնուհետեւ մէկ կիրճի միջով զանգուածային յարձակում են ձեռնարկել եւ տիրել ճամբարի դիմացի բարձունքների տարածքին: Խիտ անտառների ու մացառուտների միջով թշնամու վաշտեր կարողացել են առաջ շարժուել եւ հասնել ճամբարից հինգ հարիւր մեթր հեռաւորութեան սահմանագծին, որի մէջտեղը խորը ու խոնաւ կիրճ էր եղել: Թշնամին որոշել էր ճամբարել այդտեղ, քան թէ մթութեան մէջ շարունակել յարձակումը:

Պաշտպանական խորհուրդը շտապ նիստ է գումարել: Մութ տագնապ էր իջել ճամբարի վրայ, իրենց զէնքերի լոյսով պիտի վառուէին այդ գիշեր: Չորս հազարից աւելի արմէններ էին կանաչ հիւղակներում, առաւօտեան արեգակի լոյսով փրկութեան ծիածան պիտի կապէին իրենց հոգիներում, յաղթանակի շեփորների ու թմբուկի կանչերով պիտի ողջունէին լեռն իրենց: Որոշել էին կէս գիշերին թրքական զօրքի շուրջը սողոսկելով` շրջապատման գործողութիւն իրականացնել, միաժամանակեայ յանկարծակի հրաձգութեամբ գրոհել թշնամու վրայ, իրենց զէնքերի կրակով մարել նրանց հոգիների լոյսը եւ մարտի ընթացքի բերումով, ձեռնամարտի բռնուել նրա հետ: Որոտացել էին զէնքեր բազում, կարծես երկինքն էր պատռուել ու գեհէնի կրակն էր թափւում թշնամու վրայ: Քաջերի շառաչուն գրոհը արդէն մի քանի վայրկեանների ընթացքում, խուճապ ու խառնաշփոթութիւն է ստեղծել թշնամու ճամբարում, զինուորները ժայռերի ու կոճղերի վրայից թաւալուելով փախչում էին: Թշնամու բանակատեղիի վրայ հայերի կողմից զանգուածային յարձակման տպաւորութիւն էր ստեղծուել, սպաները հակասական հրամաններ են արձակել, բանակը կէս ժամից յետոյ նահանջի հրաման է ստացել, իսկ հրամանատարը սուրն ու կօշիկները թողած` փախչել է: Մինչ լուսաբաց անտառը մաքրուել է փախչող զինուորներից, զէնքի, զինամթերքի ու պարէնի որոշ ռազմաւար է վերցուել: Այդ մութ գիշերին լեռնականները իրենց պատերազմի աստուծոյ եղէգան փողի փրկութեան լոյսն էին վառել այդ կիրճում:

Թուրքը, վստահ չլինելով ռազմական ուժով ընկճելու լեռնականների դիմադրական ոգին, զօրաշարժի է ենթարկել շրջակայ բնակավայրերի մահմետական բնակչութեան տասնհինգ հազարանոց հրոսախումբ` դիմադրութեան մասնակիցներին սովամահ անելու նպատակով շրջափակելու լեռը: Լերան խիստ զառիթափ կողերը ընկնում էին ալեկոծ ծովի ջրերին, կարծես` ռազմի երթից յոգնած ոտքերը հովացնելու այնտեղ: Ոչ մէկ նաւահանգիստ կար նրա կողերին փարած եւ ոչ էլ այլ հաղորդակցութիւն` ուրիշ նաւահանգիստների հետ:

Լեռը պաշարուել էր, սպառւում էր իրենց հետ բերած ուտելիքի պաշարը: Դիմադրութեան երեսուն օրերի մարտերից յետոյ, սկսել էին սնուել մանրեղջերաւոր անասունների հաշուին` օգտագործելով նրանց կաթը հիւանդների ու փոքրերի համար եւ ամէն օր մորթելով մի քանի այծ ու ոչխար: Դէպի իրենց գիւղերի արտեր գիշերային յանդուգն արշաւներից բերած հացահատիկը եւ մրգերը չէին կարող լրիւ բաւարարել իրենց սննդի պահանջը: Անասունների հօտի մսամթերքի հաշուարկով եզրակացրել էին, որ այն կարող էր բաւականացնել միայն երկու շաբաթ:

Թէեւ երկարատեւ դիմադրութիւնը փրկութեան ստոյգ յոյս չէր ներշնչում, սակայն վճռել էին շարունակել այն եւ մտածել նաեւ ծովով շրջափակումից դուրս գալու մասին: Սուրհանդակների միջոցով խնդրագիր էին ուղարկել Հալէպի ամերիկեան հիւպատոսին` ծովով օգնութիւն ուղարկելու համար: Քիչ հաւանական էր եղել, որ այն հասած լինէր հասցէատիրոջը: Մի քաջ լողորդ երիտասարդ էին ուղարկել յիսուն քիլոմեթր դէպի հիւսիս գտնուող Ալեքսանտրեթ նաւահանգիստ` իմանալու համար, որ արդեօ՞ք դաշնակից ռազմանաւեր խարսխում էին այնտեղ: Նա անցնելով թրքական շրջափակման  սահմանագիծը` մօտակայ բլուրներից դիտարկել էր նաւահանգիստը. այնտեղ ռազմանաւ խարսխած չէր եղել:

Երեք օրինակներով կոչ էին պատրաստել` ուղղուած անգլիական, ֆրանսական, ռուսական, ամերիկեան եւ իտալական ռազմանաւերի հրամանատարներին: Ծովափին երեք յանդուգն ու վարժ լողորդների էին հերթապահ նշանակած եղել` հսկելու համար ափամերձ ջրերում երեւացած նաւերի անցքին: Ահա` կրճատումներով այդ կոչը:

«Մենք, հայկական վեց գիւղերի ժողովուրդը, բոլորը միասին մօտաւորապէս հինգ հազար հոգի, Մուսա Տաղի Տամլաճըկ կոչուած այս հատուածում, որը Սուէտիայից հիւսիս-արեւմուտք, ծովածոցի կողքով երեք ժամուայ ճանապարհ է:

«Մենք, թրքական բարբարոսութիւնից եւ տանջանքներից ապաստան ենք գտել այստեղ եւ մեզանից շատերը մոլեգնած են մեր կանանց պատուի համար:

«Պարոն, դուք պէտք է իմացած լինէք  բնաջնջման այս քաղաքականութեան մասին, որ թուրքերը գործադրում են մեր ազգի նկատմամբ: Հայերին ցիրուցան անելու քողի տակ, իբր թէ` ըմբոստութիւնը կանխելու, մեր ժողովուրդի զաւակները վտարուած են իրենց տներից, զրկուած` իրենց պարտէզներից, իրենց այգիներից եւ իրենց բոլոր սեփականութիւններից:

«Մօտաւորապէս քառասուն օր առաջ կառավարութիւնը տեղեկացրեց մեզ, որ մեր վեց գիւղերը պէտք էր տարագրուէին: Մենք աւելի սիրով գերադասեցինք քաշուել մեր լեռները, քան` դրան հնազանդուել: Մենք հիմա քիչ ուտելիք ունենք եւ զօրքերը շրջապատում են մեզ: Մենք հինգ կատաղի ճակատամարտեր ենք ունեցել: Աստուած մեզ յաղթանակ է շնորհել, սակայն յաջորդ անգամ շատ աւելի խոշոր ուժերի դէմ պիտի կանգնենք:

«Պարոն, Քրիստոսի անունով կոչ ենք անում ձեզ:

«Մենք թախանձում ենք ձեզ` փոխադրել մեզ Կիպրոս կամ այլ ազատ երկիր: Մեր ժողովուրդը ծոյլ չէ: Մենք պիտի վաստակենք մեր հացը, եթէ աշխատանքով ապահովուենք: Եթէ այս չափազանց շատ կը լինէր շնորհելու, առնուազն փոխադրել մեր կանանց, ծեր մարդկանց ու երեխաներին, սպառազինէք մեզ բաւարար զէնքերով, զինամթերքով եւ մեր ամբողջ զօրութեամբ պիտի պայքարենք ձեզ հետ` թրքական ուժերի դէմ: Բարի եղէք, պարոն, մի՛ սպասէք, մինչեւ որ չափից աւելի ուշ լինի:

«Յարգանքով` ձեր ծառան, այստեղի բոլոր քրիստոնեաների անունից`

Սեպտեմբեր 2
Տիգրան Անդրէասեան»:

Օրեր էին անցել, բայց որեւէ նաւ չէր երեւացել: Տիգրանի խորհուրդով ու խմբագրութեամբ, երկու սպիտակ դրօշներ էին պատրաստել` մէկը անգլերէն սեւ տառերով «Քրիստոնեաները դժբախտութեան մէջ են: Փրկեցէք»: Իսկ միւսը` նոյն բովանդակութեամբ, կարմիր խաչով: Դրօշները ամրացրել էին մի ծառի գագաթին` նրանց մօտ շուրջօրեայ հերթապահներ նշանակելով:

Թուրքերը նորից յարձակում էին գործել, եւ նրանց դէմ մի քանի յաղթական մարտեր էին մղուել: Դիտարկման կէտերի մէկից գլաժայռեր էին գլորել թշնամու զօրքի վրայ` կործանարար վնասներ պատճառելով նրան: Այնուհետեւ, յանձնուելու համար, թուրքերը վիրաւորական կոչեր էին ուղղել, սակայն ապստամբները աւելի ազդու ձեւով էին պատասխանել նրանց:

Մի կիրակի առաւօտ Տիգրանի խրճիթին էր վազելով մօտեցել մի մարդ` գոռալով, որ մի ռազմանաւ էր երեւացել, պատասխանել իրենց ձեռքի շարժումներին եւ սկսել աւելի մօտենալ ծովափին: Այն ֆրանսական «Կիշեն»  ռազմանաւն էր եղել, որը ծովափին մօտենալու համար նաւակ էր իջեցրել: Մի քանի երիտասարդներ անմիջապէս դէպի նաւ էին լողացել: Նաւապետը պահանջել է պատուիրակութիւն ուղարկել` տիրող կացութիւնը բացատրելու համար: Նա նաւատորմի ծովակալին հեռագիր էր ուղարկել, որը ժամանելով ծովափ, առանց իր կառավարութեան նախնական թոյլտուութեան, կարգադրել է լեռ ապաստանած բոլոր մարդկանց նաւերի վրայ վերցնել: Հրաւիրել էր ներկայանալու նաեւ մի անգլիական ռազմանաւի: Երկու օրերի նաւարկութիւնից յետոյ, սեպտեմբերի 14-16-ին հասել էին Փոր Սայիտ` անգլիական իշխանութիւնների կողմից տրամադրուած վրանների ճամբար:

Տիգրանը երախտագիտութիւն է յայտնել ճամբարի կազմակերպիչ պարոն Ուիլիըմ Ս. Հորմպլոըրին, տիկին Իլկուտին եւ օրիորդ Ռուսելլին` իրենց նկատմամբ ցուցաբերած անխոնջ ջանքերի համար եւ` Գահիրէի Հայկական կարմիր խաչի ընկերութեանը, որի պատուաւոր նախագահն էր եղել «Կոտակ» ընկերութեան տնօրէն պարոն Ֆերմանեանը, իսկ քարտուղարը` փրոֆեսէօր Գայայեանը, որոնք ճամբար էին ուղարկած եղել երեք բժիշկներից ու երեք բուժքոյրերից բաղկացած բուժական անձնակազմ:

Կատարուած ճշգրիտ վիճակագրութեան համաձայն, Փոր Սայիտ ժամանածների թուաքանակը եղել է`

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԱԾ ՖՐԱՆՍԱԿԱՆ ՆԱՒԱՏՈՐՄԻ
ՌԱԶՄԱՆԱՒԵՐԻ ԿՈՂՄԻՑ

(Կազմուած Եգիպտոսի լուսաւորչական համայնքի
եպիսկոպոս Թորգոմի կողմից)

Գաղթականների թուաքանակը
Ճշգրիտ վիճակագրութիւն էր կատարուած այդտեղ, որը ցոյց է տալիս գաղթականների թուաքանակի կազմը`

4200, ներառեալ`
915 տղամարդ
1408 կին
702 տղայ
539 աղջիկ
639 երեխայ

Գաղթականների ծագումը
Նրանք բոլորը եկան Սելեւկիայի գիւղերից (Հալէպի Վիլայէթ, Անթաքիայի սանճագ, Լեֆֆիայի գաւառ), ներառեալ.

160 ընտանիք Խըտըրպեկ գիւղից
228 ընտանիք Եողունոլուգ գիւղից
220 ընտանիք Հաճի Հապապլի գիւղից
221 ընտանիք Վագըֆ գիւղից
10 ընտանիք Քէպուսիէի գիւղից
170 ընտանիք Պիթիաս գիւղից

Ընդհանուր` 868

Սակայն այս ընտանիքները չեն ներկայացնում ընդհանուր թուաքանակը այն ընտանիքների, որոնք բնակւում էին իւրաքանչիւր գիւղում, քանի որ.

240 ընտանիք Քեպուսիէ գիւղում
2 ընտանիք Եողունոլուգ գիւղում
80 ընտանիք Հաճի Հապապլի գիւղում
10 ընտանիք Պիթիաս գիւղում

Ընդհանուր` 332

Այսպիսով, 332 ընտանիքներ տանը, իրենց գիւղերում մնացին: Նրանք տարագրուեցին:

Այսպէս, իրենց լեռները գրկած ռանչպարներ ազգի արժանապատուութեան, կանանց պատուի, զաւակների ու ծնողների կեանքի եւ ազատ ապրելու տենչանքի համար յիսուներեք օրեր դիւցազնօրէն մարտնչել էին թշնամու բազմահազար կանոնաւոր զօրքի ու աշխարհազօրի դէմ եւ հինգ յաղթական ճակատամարտեր մղելուց յետոյ, հանգրուանել այդ վրանների քաղաքը:

ՊՕՂՈՍ ԼԱԳԻՍԵԱՆ

Share this Article
CATEGORIES