«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ»

ԼԵՆԱ ԲԱԴԱԼԵԱՆ

Հայաստանը ես եմ: Հայաստանի փոքրիկ մասը: Նրա մարմնի ու հոգու ամենաջերմ կտորներից մէկը: Ազատ իմ երկրում ազատ եմ, ոտքս էլ գետնին դնելուց առաջ` վստահ ու համարձակ:

Այստեղ ծնուածս օրուանից երազել եմ ու դեռ շարունակում եմ երազել: Երկրիս հետ մեծացել եմ ու դժուարութիւններ յաղթահարել: Բայց անցեալի դժուարութիւնների մասին բաւ է խօսել ու անվերջ տառապել: Պէտք է առաջ շարժուել:

Հայաստանի փոքրիկ մասնիկը, այսինքն` ես, Հայաստանում իրեն իսկապէս տանն է զգում: Քայլում է հպարտ, երջանիկ, իր նման շատ ու շատ մասնիկների կողքին: Հասակակիցս ունի թերութիւններ ու շատ խնդիրներ, որոնք յաճախ կոտրում եմ թռիչքի պատրաստ թեւերս ու ստիպում են գլխիկոր քայլել: Բայց ես անյոյս լաւատես եմ ու գիտեմ` Հայաստանը դեռ խենթ ու խելառ 20 ամեայ երիտասարդ է, որին ինձ պէս թոյլատրելի են սխալներ: Այդ սխալներն պարզապէս պէտք է ժամանակին գիտակցել ու ուղղել, որ դրանք չմեծանան ու ձնագունդ չդառնան:

Հայաստանի փոքրիկ մասնիկը լինելով` ներուժիս ու գիտելիքներիս շնորհիւ ցանկանում եմ գնահատելի լինել հէնց իմ երկրում, ինչպէս որ Հայաստանն է ուզում ըստ արժանաւոյնս գնահատուել աշխարհի կողմից: Տարիների ընթացքում Հայաստանի հետ սովորել եմ յաղթել ու պարտուել, լալ ու խնդալ, երբեմն արհամարհուել ու ընկճուել եմ, բայց երբեք էլ չեմ դադարել պայքարել: Չէ՞  որ ունեմ Հայաստանի նման ուժեղ հասակակից, ով նման է ինձ. նա էլ է միշտ պայքարող:

Եթէ Հայաստանում ես երկրիս փոքրիկ մասնիկ եմ, ապա Հայաստանից դուրս հէնց Հայաստանն եմ: Երբեմն տպաւորութիւն է, թէ ես երգիչ եմ կամ դերասան, ով դրօշը ձեռքին երկիր է ներկայացնում: Չէ՛, գտայ բառը` ես չարտօնագրուած դեսպան եմ: Եւ դա ամենեւին էլ պարտադրանք չէ, դա մասնիկի հոգու կանչն է:

Հայաստանից դուրս Հայաստանը հզօր է. չէ՞ որ երկրի ներսում ստացել է գիտելիքներ, որոնց շնորհիւ կարող է ցանկացած հարցի շուրջ բանավիճել ցանկացածի հետ: Ճակատիս պարզապէս գրուած է` ՀԱՅԱՍՏԱՆ: Հայրենիքից հեռու միեւնոյն է, ես եմ, ես եմ Հայաստանը` հզօր ու անսասան:

Ու այստեղ, Հայաստանից բազում քիլոմեթրեր հեռու, ես ունեմ նպատակ` պատմել բոլորին իմ մասին, Հայաստանի մասին: Իսկ պատմելու շատ բան կայ` հնագոյն ժողովուրդ, բազմադարեայ պատմութիւն, երեք հանրապետութիւն, պատերազմներ, աշխարհին ճշմարտութիւնը ներկայացնելու ու յաղթելու մեծ ձգտում:

Ներքին խնդիրներս էլ դրսի ականջների համար չեն: Դրանք իմն են, անձնականը, որ հէնց երկրիս ներսում պէտք է լուծել` իմ ու ինձ նման երիտասարդ մասնիկների մեծ ջանքերով: Ուժեղները միայն կարող են ներքին խնդիրները թողնել ներսի համար: Դրսում պէտք է պայքարել մեր ոտնահարուած իրաւունքների համար, որ յետոյ հանգիստ խղճով կարողանաս յետ գալ Հայաստան, միանալ միւս մասնիկներին ու շարունակել արդէն ներսի պայքարը` աշխատելով երիտասարդ 20-ամեայ պատանուն հնարաւորինս հեռու պահել սխալներից ու ճիշդ ուղով ընթանալ նրա հետ միասին` ձեռք ձեռքի:

Հպարտ, երջանիկ, ընկճուած, երբեմն ոչ արժանաւոյնս գնահատուած ու արհամարհուած, բայց մեծ երազանքներով ու նպատակներով Հայաստանն եմ ես …

 

Share this Article
CATEGORIES