ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆ ՀՐԱՄՑՆՈՒՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ԽՕՍՔԸ
ՍՓԻՒՌՔԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՈՒ ԵՒ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՈՒ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Ելոյթիս առիթը եւ ժամկէտը ինձ պարտադրում են լինել, ասեմ, անզգուշութեան աստիճանի բաց եւ անկեղծ:

Սկսեմ նրանից, որ մի տեսակ հակասականութիւն եմ տեսնում մեր այսօրուայ իրականութեան մէջ:

Մի կողմից մեր պետութիւնը կարեւորում է արտերկրի մեր հայրենակիցներին, նրանց կարողութիւններն ու հնարաւորութիւնները, ցանկանում է նրանց համախմբուած տեսնել հայկական պետականութեան շուրջ եւ զինակից` արտաքին դժուարութիւններն յաղթահարելու գործում: Սա տեսանելի է եւ անշուշտ` գնահատելի:

Սակայն միւս կողմից մեր պետութիւնը հնարաւորութիւն չի տալիս իրենից հեռու ապրող իր որդիներին ու դուստրերին իրենով հպարտանալու, իրենով դրականօրէն ներշնչուելու եւ իրեն անմնացորդ նուիրուելու:

Խոստովանենք, դժուար է հայրենիք-պետականութիւն, պետութիւն-իշխանութիւն, քաղաքական իրավիճակ ու պետական համակարգ հասկացութիւնների զանազանութեան գիտակցումը` այս ամէնից հեռու հասարակ հայորդու համար` բանուորի, բժշկի կամ նկարչի, ով անում է իր գործը, ապրում է իր առօրեայով եւ, դրան զուգահեռ, պարզապէս ուզում է սիրել իր հայրենիքը, հպարտ լինել իր հայրենիքով եւ անհրաժեշտութեան դէպքում օգտակար լինել նրան:

Մինչդեռ մենք, աւելի ճիշդ մեր իշխանութիւնները, ինչպիսի՞ հայրենիք են հրամցնում մեր ժողովրդին:

Հայրենիք, ուր անկախութիւնից 20 տարիներ ետք իսկ յամենում է աղքատութիւնը, անգործութիւնը, թերաճ տնտեսութիւնը, ընկերային անապահովութիւնը, անարդարութիւնը, արտօնեալ քրէական, կիսաքրէական խաւի սանձարձակութիւնը: Հայրենիք, որից շարունակում են անխնայ հեռանալ:

Հայրենիք, ուր դեռ յստակ ու պարզորոշուած չեն ազգային հիմնահարցերի ըմբռնումն ու հետապնդումը: Ուր կայ հաւանականութիւնը, որ ինչ-ինչ հաշիւներից ելնելով կարող են մանրադրամի վերածուել ազգային խնդիրները:

Ամենավառ օրինակը, որ հակառակ Սահմանադրական դատարանի յայտնի որոշման, շարունակում ենք յամառել մեր ստորագրութիւնը յետ վերցնել հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրութիւններից:

Մեր հայրենի պետական այրերը ուզում են մեզ համախմբուած տեսնել հայրենիքի շուրջ: Ու սա արդար է, ու անհրաժեշտ: Բայց բաւարար չէ: Բաւարար չէ միայն հաշուարկ անել մարդկանց ազգային, հայրենասիրական, զգացական մղումների վրայ, որովհետեւ այս ամէնը կարող է սպառուել, եթէ չզուգահեռուի յիրաւի արդար եւ զարգացման ընթացք ընդունած հայրենիքի կառուցմամբ:

Թող լինենք հոգատար եւ արդար մեր ժողովրդի հանդէպ, մեր պետութեան քաղաքացու հանդէպ, թող մեր ազգային ու քաղաքացիական արժանապատուութեան ու իրաւունքների տէրը լինենք եւ կը տեսնենք, թէ ինչպէ՛ս կ՛ունենանք մեր ժողովրդի ամբողջական զօրակցութիւնը: Կը տեսնենք, թէ ինչպէ՛ս կ՛ունենանք զարգացման ուղի դուրս եկած երկիր` պատրաստ դիմակայելու ցանկացած արտաքին մարտահրաւէրի:

Չգիտեմ ուր` ինչպէս, բայց մեր երկրում, մեր հայրենիքում առկայ ընկերային-տնտեսական այս պայմաններում հայրենակերտումը, պետականաստեղծ գործը նաեւ ու անպայման պէտք է լինի արդարութիւն կերտող, արդարութիւն պարտադրող գործ: Առանց ընկերային արդարութեան մենք հզօր հայրենիք չենք ունենալու, առանց բարօր ու արդար Հայաստանի մենք մեր պետականութեան շուրջ ազգային համախմբուածութիւն չենք ունենալու, առանց արդարութեան մենք ազգային միասնականութիւն չենք ունենալու:

Մեր հասարակութիւնը բեւեռացւում է, ծայրայեղօրէն բեւեռացւում է: Եւ այս ծայրայեղ ընկերային բեւեռացման պայմաններում խօսք անգամ չի կարող լինել համերաշխութեան, միասնականութեան եւ համախոհութեան մասին: Երբ խեղուած է ներազգային համընդհանուր մթնոլորտը, իրավիճակն անխուսափելիօրէն դառնում է պայթիւնավտանգ:

Առաջին հայեացքից դժուար է սիրել այն հայրենիքը, որ թաղուած է փտածութեան մէջ, ուր տիրում է անարդարութիւնն ու ազգային հարցերում շփոթը: Այլ խօսքով մեր երկրում առկայ վիճակը կարող է սպաննել հայրենասիրութիւնը մեր մէջ: Բայց միթէ՞ մենք դրա իրաւունքն ունենք: Միթէ՞ մենք իրաւունք ունենք թոյլ տալու, որ մեր մէջ սպաննեն կամ մեռնի հայրենասիրութիւնը: Հակառակը: Որքան ուզում է ծանր, անհասկանալի եւ անընդունելի լինի մեր երկրում տիրող իրավիճակը, այն առաւել պիտի մղի մեզ հայրենասիրութեան, էլ առաւել պիտի իմաստաւորի եւ արժեւորի հայրենասիրութիւնը մեր մէջ:

Շողշողուն, անհոգ, վարդագոյն երկրները բոլոր հայրենասէրներն էլ կարող են սիրել, իսկ տառապեալ եւ զրկանքներ կրող երկիրը` միայն իրական հայրենասէրները:

Հայրենասիրութիւնը կարելի է համեմատել ծնողի հանդէպ տածած սիրոյ հետ: Ծնողին սիրում ես, եթէ նոյնիսկ նա թոյլ է, աղքատ ու անգամ` անդամալոյծ: Սիրում ես ու հոգատարութեան պարտաւորութիւն ու պատասխանատուութիւն ես զգում նրա նկատմամբ: Երբեք քեզ թոյլ չես տալիս ծնողիդ խնդիրները ի ցոյց դնել հանրութեան առջեւ: Ծնողիդ ունեցած խնդիրները չեն կարող պատճառ դառնալ, որ երես թեքես նրանից, հեռանաս նրանից ու հակադրուես նրան:

Հայրենասիրութիւնը եւս նոյնանման երեւոյթ է: Բայց կայ մի հիմնական տարբերութիւն: Ծնողի հանդէպ հոգատարութեան ինքնագիտակցումն ու ինքնապարտադրանքը ինչ որ տեղ բնութեան օրէնքն են ու յաճախ իրենց մէջ պարունակում են խղճահարութեան տարրեր: Յաճախ նաեւ անզօր ես լինում որեւէ բան փոխել ու համակերպւում ես:

Մինչդեռ հայրենիքի պարագայում անզօրութիւնն ու համակերպումը տեղ պիտի չունենան: Հայրենասիրութիւնը պէտք է պարտաւորեցնի առանց հայրենիքիդ խնդիրներն ու արատները աշխարհին ի ցոյց դնելու, հետեւողականօրէն պայքարել դրանք վերացնելու համար: Եւ այդ պայքարն իրաւունք չունի չար լինելու: Պայքարը պէտք է լինի ոչ թէ ընդդէմ, այլ յանուն: Ոչ թէ ընդդէմ անձերի, այլ յանուն գաղափարի: Յանուն պետութեան եւ ժողովրդի բարօրութեան գաղափարի: Եւ հաւատացած եղէք, որ ճիշդ պայքարի դէպքում խանգարող անձերը կը դադարեն խանգարել եւ ինքնուրոյն ասպարէզից կը հեռանան: Հայրենասիրութիւնը հայրենիքի այսօրուայ, գլխաւորապէս այսօրուայ համար յանձնառութիւն ու պատասխանատուութիւն է` միտուած ապագային:

Անհրաժեշտ է հայրենասէրների համախմբում: Հայաստանի Հանրապետութիւնում քաղաքական դաշտը բեւեռացած է, եւ դա արհեստական բեւեռացում է: Այդ բեւեռացման մէջ օդ չկայ շնչելու, յոյս չկայ փոփոխութիւնների, բայց կայ այդ բեւեռացման ամենակարեւոր զոհը` հասարակ ժողովուրդը, հայրենասէր մտաւորականութիւնն ու քաղաքական ուժերը, որոնք պարտաւոր են սթափուելու, պարտաւոր են պոռթկալու, մի կողմ թողնելով անձնական յաւակնութիւններն ու նեղմտութիւնը, պարտաւոր են քով-քովի գալու, համախմբուելու, միանալու ու նոր ճամբայ բացելու երկրի, ու ժողովրդի առջեւ: Բաժան-բաժան մնալով մենք երկարացնելու ենք բեւեռների կեանքը, որը եթէ կեանք է իրենց համար, մահ է` ըստ էութեան:

Ամենակարեւորը. վիճակը անյուսալի չէ, վստահ եմ իրական հայրենասէրների պայքարը արտերկրում եւ հայրենիքում արդիւնաւորուելու է եւ մենք ունենալու ենք այն հայրենիքը, որով կարողանալու ենք հպարտանալ ամէնուր, որը հիմնական կռուանն է դառնալու հայ ժողովրդի բարօրութեան, զարգացման եւ ազգային իղձերի իրականացման համար:

Շնորհակալութիւն:

 

 

 

Share this Article
CATEGORIES