«ԵՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԷԿՆ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ԶԲԱՂՒՈՒՄ ԵՄ ՄԻԱՅՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՄԲ» «ԱԶԴԱԿ»-ԻՆ ԱՍԱՑ ՄԱՅԵՍԹՐՕ ՅԱՐՈՒԹ ՖԱԶԼԵԱՆԸ

ԱՐԺԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Այս օրերին տեղական մամուլը լայնօրէն անդրադառնում է Լիբանանի պետական երաժշտանոցի տնօրէնի ընտրութեան հարցին. նախկին տնօրէն Ուալիտ Ղըլմիէի մահից յետոյ առաջադրուել են թեկնածուներ, որոնցից մէկն էլ մեր հայրենակից, խմբավար եւ երաժշտական գործիչ, Լիբանանի Ֆիլհարմոնիք նուագախմբի ղեկավար Յարութ Ֆազլեանն է:«Ազդակ»-ը նոյնպէս որոշեց անդրադառնալ այս թեմային` անհամբերութեամբ սպասելով, որ Լիբանանի կառավարութիւնը, առանց քաղաքական հաշուարկների, կը կայացնի ճիշդ որոշումն ու  այդ պաշտօնում մենք կը տեսնենք մայեսթրօ Յարութ Ֆազլեանին: Երաժշտանոցի տնօրէնի պաշտօնում առաջադրուած թեկնածուներից Յարութ Ֆազլեանի մասնագիտական տուեալներն ամենաշատն են համապատասխանում նման երաժշտական հաստատութեան տնօրէնի համար անհրաժեշտ պայմաններին: Նա մեծ դեր ունի Լիբանանի դասական երաժշտութեան ասպարէզի կերտման ու զարգացման գործում…

Դեռեւս տասնհինգ տարի առաջ մայեսթրօ Յարութ Ֆազլեանը, Քանատայից վերադառնալով Լիբանան, կանգնել է դասական երաժշտութեան լիբանանցի գործիչ, Լիբանանի պետական ֆիլհարմոնիք նուագախմբի հիմնադիր Ուալիտ Ղըլմիէի կողքին եւ միասին մեծ գործ են արել Լիբանանում դասական երաժշտութեան, մանաւանդ ֆիլհարմոնիք արուեստի զարգացման առումով… Յարութ Ֆազլեանը ծնուել է արուեստագէտների ընտանիքում նրա ծնողները բոլորիս ծանօթ Պերճ եւ Սիրվարդ Ֆազլեաններն են, որոնք իրենց որդու մէջ մանուկ տարիքից սերմանել են արուեստի հանդէպ հետաքրքրութիւն եւ սէր: Ծնողների ուշադրութեանն ու հետեւողականութեանը գումարուել են նաեւ  փոքրիկ տղայի բնածին երաժշտական ընդունակութիւնները եւ փոքր տարիքից արդէն պարզ է դարձել, որ նա երաժիշտ է դառնալու:  Յարութ Ֆազլեանը յաճախել է դաշնակի դասընթացների, իսկ երբ 1976 թուականին ընտանիքով տեղափոխուել են Քանատա, այնտեղ շարունակել է երաժշտական ուսումը: Սակայն, ինչպէս «Ազդակ»-ի հետ զրոյցի ժամանակ ասաց նա, ամբողջական ու լիարժէք երաժշտական ուսում ինքը ստացել է Երեւանում` 7 տարի  (1983-1990 թուականներին) ուսանելով Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցում:  Հենց այդ ժամանակ էլ ձեւաւորուել է ապագայ երաժիշտը, որը ուսումնառութեան եօթ տարիները նուիրել է միայն ու միայն ուսմանն ու դասական արուեստի ուսումնասիրութեանը. «Ոչ մի կողմնակի բան չէր կարող խանգարել ինձ: Բարեբախտաբար դրանք այն ժամանակներն էին, որ չկար համացանց  եւ ոչ մի համակարգիչ, համացանց եւ այսօրուայ շատ այլ զբաղումներ չէին կարող շեղել մեզ: Մենք նուիրուած էինք միայն ուսմանը, շատ  կը կարդայինք, երաժշտութիւն կը լսէինք, անվերջ ու անդադար  կ՛ուսումնասիրէինք…», ասաց Յարութ Ֆազլեանը: Այդ ուսումնատենչութիւնն ու նուիրուածութիւնը  տուել են լաւագոյն արդիւնքը (ի դէպ, հայաստանեան շրջանը նաեւ այլ ձեւով է անդրադարձել երաժշտի վրայ` նա  արեւելահայերէնով  մաքուր ու յստակ ձեւակերպում եւ արտայայտում է իր մտքերը):  Այսօր նոյնպէս Յարութ Ֆազլեանն ամբողջութեամբ ապրում է դասական երաժշտութեամբ, երաժշտութեամբ սկսւում եւ երաժշտութեամբ էլ աւարտւում է նրա օրը: Դասական երաժշտութեան ասպարէզի 20 տարուայ գործունէութեան ընթացքում նա ղեկավարել է մօտ 100 համերգ, ոչ միայն Լիբանանում, այլ նաեւ` այլ երկրներում.  Յարութ Ֆազլեանը միակ լիբանանցի երաժիշտն է որ միաժամանակ խմբավարած է լիբանանցի երեք աստղերի` Ֆէյրուզի, Մաժտա Ռումիի եւ  Ճուլիա Պութրոսի ընկերակցող նուագախումբը:

Մայեսթրոյի հետ զրոյցի ընթացքին նա ասաց, որ  իր համար  դասական երաժշտութիւնը արուեստներից բարձրագոյնն է, որ կարող է մարդուն վեհացնել, նրա մէջ սերմանել ազնուագոյն զգացումներ, կտրել առօրէական հոգսերից եւ ունկնդրին տեղափոխել բոլորովին ուրիշ աշխարհ:

ՍՏԵՂԾՒՈՒՄ Է ԴԱՍԱԿԱՆ ԱՐՈՒԵՍՏԻ ԱՒԱՆԴՈՅԹ

1997 թուականից  ղեկավարելով Լիբանանի ֆիլհարմոնիք նուագախումբը` մայեսթրոն եկել է այն եզրակացութեան, թէ սխալ է այն կարծիքը, որ Լիբանանում չկայ դասական երաժշտութեան ունկնդիր, եւ առհասարակ չի կիսում տարածուած այն մտայնութիւնը, թէ Լիբանանը արուեստի երկիր չէ. «Այն երկրներն ու ժողովուրդները, որոնք հարուստ պատմութիւն եւ անցեալ ունեն, բնականաբար, ունեն նաեւ հարուստ արուեստ եւ մշակութային աւանդոյթներ: Լիբանանն էլ այդպիսի մի երկիր է, այստեղ ժողովրդական արուեստը անցեալից է գալիս եւ շատ արժէքաւոր է: Բայց ինչ վերաբերւում է դասական արուեստին, այդ առումով, համաձայն եմ` չկայ աւանդոյթ: Դասական երաժշտութիւնն ընդամէնը 15-20 տարուայ պատմութիւն ունի: Եւ քանի որ չկար աւանդոյթ,  ուստի մենք չգիտէինք` կայ՞ հանդիսատես, թէ՞ չկայ: Այ, երբ որ ստեղծուեց նուագախումբը, որը շաբաթը մէկ անգամ համերգ է ունենում, մենք տեսանք, որ Լիբանանում կա՛յ դասական երաժշտութեան հանդէպ սէր եւ հետաքրքրութիւն ունեցող հանդիսատես», ասաց Յարութ Ֆազլեանը` աւելացնելով, որ Լիբանանի ֆիլհարմոնիքի` ամէն ուրբաթ օր Սեն-Ժոզեֆ եկեղեցու սրահում ընթացող համերգները միշտ լեցուն են լինում հանդիսատեսներով: Ճիշդ է` Լիբանանի հանդիսատեսը չես համեմատի եւրոպական երկրների հանդիսատեսի հետ, բայց ամէն դէպքում, ինչպէս նշում է Յարութ Ֆազլեանը, արաբական երկրների համեմատութեամբ մենք ունենք նուրբ եւ, այսպէս ասած, «տեսած» արուեստասէրներ: Լիբանանի Ֆիլհարմոնիքը մասնակցում է նաեւ տարբեր փառատօների, ինչպէս Լիբանանում, այնպէս էլ` դրսում:

Յարութ Ֆազլեանի նպատակներից է Լիբանանում կառուցել օփերայի եւ սիմֆոնիք համերգասրահ, քանի որ, ինչպէս ասաց, եկեղեցու սրահը, որտեղ ընթանում են համերգները, ժամանակաւոր է եւ ոչ այնքան յարմար վայր` դասական երաժշտութեան համերգների համար: Համերգասրահի ծրագիրը միակը չի լինելու երաժշտանոցի ապագայ տնօրէնի առջեւ դրուած նպատակներից: Նա նպատակ ունի ընտրուելու դէպքում բարելաւել  նաեւ երաժշտանոցի աշխատանքները. «Արդէն ստեղծուածի վրայ, աւանդոյթի վրայ ստեղծելու ենք նորը, ժամանակակիցը:  Ես բարձր եմ գնահատում դոկտոր Ղըլմիէի կատարած աշխատանքը. նա պատերազմից յետոյ, դժուարութեամբ, կարելի է ասել` փլատակներից կառուցեց այս երաժշտանոցը, եւ  ինչ-որ պիտի ստեղծուի, ստեղծուելու է նրա հիմնած աւանդոյթի վրայ: Ամէն սերունդ տարբեր հայեացք եւ տարբեր մօտեցում ունի երաժշտութեանը, եւ այսօր անհրաժեշտութիւն կայ արդիականացնել ուսուցման գործընթացը», մեր զրոյցի ընթացքում նշեց Յարութ Ֆազլեանը: Խօսելով երաժշտանոցի մասին` նա ասաց, որ Լիբանանի պետական երաժշտանոցի դասաւանդման ձեւը տարբեր է Հայաստանի, ինչպէս նաեւ այլ երկրների երաժշտանոցների դասաւանդման ձեւերից. «Եթէ այլ երկրներում երաժշտանոցը համարւում է բարձրագոյն կրթութեան հաստատութիւն, ապա Լիբանանում այն ուղղակի երաժշտական հաստատութիւն է, որտեղ գործում են  նախապատրաստականից մինչեւ 11-րդ դասարաններ: 11-12 տարի աշակերտները ստանում են երաժշտական կրթութիւն», յայտնեց մայեսթրոն: Տեղեկացանք, որ այս առումով նոյնպէս սպասւում են փոփոխութիւններ: Յարութ Ֆազլեանը նպատակ ունի, դպրոցից զատ, երաժշտանոցի մէջ հիմնել նաեւ բարձրագոյն ուսումնական հաստատութիւն, որտեղ բարձրագոյն երաժշտական ուսում կարող են ստանալ դպրոցն աւարտածները: Մօտ 5000 աշակերտ ունի Լիբանանի պետական երաժշտանոցը եւ նախատեսւում է, որ փոփոխութիւնները կ՛ազդեն նաեւ աշակերտների թուի աւելցման վրայ, ինչպէս նաեւ մարդկանց մօտ կը մեծացնեն երաժշտական ուսում ստանալու հետաքրքրութիւնը: Յարութ Ֆազլեանը այդ առումով ողջունում է լուսահոգի հիմնադրի` Ղըլմիէի այն սկզբունքը, որ նա որդեգրել էր աշակերտներ ներգրաւելու ուղղութեամբ. ոչ թէ  աշակերտները պէտք է գան դէպի մեզ, այլ մենք պէտք է գնանք դէպի իրենց: Լիբանանի տարբեր շրջաններում բացուել է երաժշտանոցի 10 մասնաճիւղ,  որոնք հնարաւորութիւն են տալիս տուեալ շրջանի բնակիչներին` յաճախելու իրենց շրջանի մասնաճիւղը: Յարութ Ֆազլեանը նշեց, որ ծրագրուած է աւելացնել  մասնաճիւղերի թիւը:  Իսկ ընդհանրապէս, մայեսթրօ Ֆազլեանն այն կարծիքին է, որ պարտադիր չէ, որ երաժշտանոցն աւարտած բոլոր աշակերտները ապագայում երաժիշտներ դառնան եւ աշխատեն այդ ասպարէզում. «Ինձ համար շատ կարեւոր է, որ նրանք ստանան երաժշտական կրթութիւն, ինչը գեղարուեստական դաստիարակութեան հիմքերից մէկն է: Իսկ գեղեցիկի, երաժշտութեան եւ բարձր արուեստի հետ շփուելը շատ կարեւոր է մարդու հետագայ կեանքի համար: Նա կեանքին այլ հայեացքով կարող է նայել: Փաստուած բան է, որ եթէ մարդն իր մէջ արուեստի դաստիարակութիւն ունի, ապա դա երեւում է իր կեանքի, իր շարժուձեւի, իր մտածողութեան մէջ, անկախ նրանից, թէ նա հետագայում ինչ մասնագէտ կը դառնայ», «Ազդակ»-ի հետ զրոյցի ընթացքում ասաց Յ. Ֆազլեանը: Այդ սկզբունքը նրան ուղեկցում է նաեւ Ֆիլհարմոնիքի համերգների ժամանակ: Լիբանանցի հանդիսատեսին նա չի համեմատում որեւէ ուրիշ երկրի հանդիսատեսի հետ. մեր հանդիսատեսը տարբեր է, եւ ես գիտեմ` ինչ ծրագիր մատուցեմ նրան: Մեր ծրագիրը երբեք պատահական չի ընտրւում: Մատուցւող երաժշտութիւնը ոչ միայն հաճոյք պատճառելու, այլեւ դաստիարակելու նպատակ ունի:  Ժամանակի ընթացքում ծրագիրն էլ կը փոխուի, մատուցուող նիւթն էլ աւելի բազմազան կը դառնայ», աւելացրեց «Ազդակ»-ի հիւրը:

… Վերադառնալով Լիբանանի պետական երաժշտանոցի տնօրէնի առաջիկայ ընտրութեանը` Յարութ Ֆազլեան չժխտեց, որ նման կարեւոր որոշումների մէջ կարող է ինչ-որ դեր ունենալ քաղաքականութիւնը, մանաւանդ Լիբանանի պէս քաղաքականացուած երկրում դա անխուսափելի է, բայց եթէ հարցը վերաբերւում է մշակոյթին, ապա նա յոյս ունի, որ կ՛ընդունուի անաչառ որոշում, որի արդիւնքում կը շահի միայն արուեստը: Նա շնորհակալ է հայկական համայնքից` այս հարցում իրեն քաջալերելու համար եւ չմոռացաւ նշել նաեւ, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.ն ու Լիբանանի խորհրդարանի հայ երեսփոխան Յակոբ Բագրատունին իրեն ամէն կերպ աջակցել են` ինքնավստահ զգալու թեկնածուութիւնն առաջադրելու ժամանակ:

Մեր զրոյցը լաւատեսօրէն աւատրելով` Յարութ Ֆազլեան նշեց, որ ինք լաւատես է ընդհանրապէս. «Կիսատ գաւաթի մասին երբեք չեմ ասում` կէսը պարապ է, այլ` կէսը լեցուն է…»: Լաւատեսութիւնն ու նպատակասլացութիւնն էլ շատ են օգնում նրան կեանքում, ասում է, որ իրեն համար անյաղթահարելի բարձունք չկայ. «Ինչքան իմ առջեւ դրուած նպատակը կամ պատնեշը բարձր լինի, այնքան իմ մէջ ամրանում է այն յաղթահարելու ուժը», ասաց մայեսթրօ Յարութ Ֆազլեանը:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
CATEGORIES