«ՄԵՐ ՅԱՋՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ» ԱՍՈՒՄ Է ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ԼՂՀ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ՍԵՒ ԳՕՏԻՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԻՄՆԱԴԻՐ- ՆԱԽԱԳԱՀ, ՄԵԾ ՎԱՐՊԵՏ ԿԱՐՕ ՔԵՊԱՊՃԵԱՆ

ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Քեպապճեան, նախ շնորհաւորում եմ վերջերս LՂՀ-ի նախագահ Բակօ Սահակեանի կողմից արժանացած «Վաչագան Բարեպաշտ» յուշամետալի համար, ինչպէս նաեւ` «Շուշի Գրանդ հոթելի» բացման առիթով, եւ թոյլ տուէք հարցնել, թէ ինչո՞ւ որոշեցիք հիւրանոց հիմնել Շուշիում:

ՊԱՏԱՍԽԱՆ.-  Ես ԼՂՀ Քունկֆու ուշուի ֆետերասիոնի նախագահն եմ, որտեղ մարզուել են շուրջ 3500 երեխայ: Այն տարիներին փնտռում էինք մի վայր, որտեղ ֆետերասիոնը կը գործէր (ներկայումս կենտրոնը գտնւում է Ստեփանակերտի Ալէք Մանուկեան 8 հասցէում): Իսկ 12 տարի առաջ «Շուշիի Գրանդ Հոթել» հիւրանոցի ներկայ տարածքը յատկացուեց ինձ, որտեղ էլ պէտք էր հիմնէինք ֆետերասիոնի կենտրոնը: Այն ժամանակ Պարգեւ սրբազանի հետ որոշեցինք այս տարածքը վերածել մարտարուեստի դպրոցի: Անցան տարիներ, եւ մտայղացումն աստիճանաբար սկսել է կեանքի կոչուել: Այն համալիր ծրագիր է, որի առաջին փուլն իրականացաւ` խօսքը «Շուշի Գրանդ Հոթելի» մասին է: Այսինքն մեր նպատակը միայն հիւրանոց կառուցելը չէ, այլ համալիրի կառուցումը, որը կը դառնայ Միջազգային հայ սեւ գօտիների ֆետերասիոնի ուշուի կենտրոն: Իսկ 2008թ. մենք նպատակադրուեցինք կառուցել նաեւ հանգստեան գօտի, որտեղ պէտք է ներառուի առողջարան, մետիէյշընի կենտրոն: Հիւրանոցի տարածքը չինական բժշկութեան ամենայամրարաւէտ վայրն է: Դեռեւս Խորհրդային Միութեան տարիներին այն Շուշիի թիւ 1 առողջարաններից մէկն էր, որտեղ բազմաթիւ  ռուս զբօսաշրջիկներ էին գալիս: Հայ-ազրպէյճանական պատերազմի տարիներին առողջարանի շէնքը հիմնայատակ աւերուեց` վերածուելով ախոռի: Այսօր ուրախութեամբ կարող եմ փաստել, որ 12 տարի առաջ ծնուած մտայղացումն իրականութիւն է դառնում: Իսկ քանի որ նախագծի իրականացումը պայմանաւորուած է միլիոնաւոր տոլարներով, հետեւաբար ուզում էի, որպէսզի այս ծրագրին կամ, թերեւս, այս ուրախութեանը մասնակից դառնային իմ գործընկերները` Ժան Մալաքը` Լիբանանից, Ալեքս Սարաֆեանը` Նիւ Եորքից, Գօգօ Թերզեանը` Լիբանանից, ինչպէս նաեւ ես: Չորս հոգով հաւասարաչափ ներդրումներ կատարեցինք` հիւրանոցը կառուցելու համար: Առաջիկայում համալիրի կառուցման նախագիծը ամբողջապէս իրականութիւն կը դառնայ: Համալիրը պէտք է դառնայ պետութեան, թոյլ տուէք ասել` առաջադիմութեան հենքը, որտեղ օտարեկրացի զբօսաշրջիկներ կը գան հանգստանալու նպատակով` միաժամանակ կնքելով գործարարական պայմանագրեր:

Հ.- Ձեր նշած համալիրի կառուցումը բաւական ժամանակ կը պահանջի: Ըստ ձեզ, քանի՞ տարի յետոյ համալիրի կառուցման նախագիծը իրականութիւն կը դառնայ:

Պ.- Կարծում եմ` ամենադժուար աշխատանքը, այսինքն` հիւրանոցի կառուցումը, արդէն կատարել ենք: Շէնքը հիմնանորոգուեց, ընդ որում` աշխատանքներն արուել են նորագոյն արհեստագիտութիւններով: Մենք նպատակ ունէինք կառուցել ոչ թէ աշտարականման ենք, այլ` յարմարաւէտ մի վայր, որտեղ զբօսաշրջիկը կ՛արթնանայ թռչունների դայլայլից, այլ կերպ ասած` այն նաեւ առողջարարական կենտրոնի հիմքն է:

Հ.- Իսկ  թա՞նկ հաճոյք է «Շուշի Գրանդ Հոթելում» հանգստանալը. նկատի ունեմ ֆինանսապէս:

Պ.- Եթէ անձը այստեղ մնալով վերականգնելու է իր առողջութիւնը, ապա, բնականաբար, թանկ չէ: Ես ինքս տեղեակ չեմ հիւրանոցի գներից, այդ մասին կարող է պատասխանել հիւրանոցի տնօրէնը, բայցեւայնպէս, կարծում եմ` բնական  գներ են:

Հ.- Այնուամենայնիւ, արդեօ՞ք ռիսքային տարրեր չկան ԼՂՀ-ում նման համալիրի կառուցման համար:

Պ.- 30 տարի է` աշխատում եմ Հայ դատի համար, ինչը նշանակում է, որ ամէն վայրկեան կեանքդ վտանգում ես: Եթէ 30 տարի շարունակ ընտանիքս, տունս ձգելով` վտանգել եմ ինքս ինձ, դա  ենթադրում է, որ ռիսքային որեւէ գործօն չկայ, համալիրի կառուցումը, մեղմ ասած խաղ ու պար է:  12 տարի առաջ ԼՂՀ էի գալիս` բարեսիրութիւն անելու նպատակով, իսկ այս հիւրանոցի կառուցումը, իսկապէս, ուրախութիւն է ինձ համար: 30 տարիներիս կեանքը եղել է զոհողութիւն: Այն գումարները, որոնք աշխատել եմ, ծախսել եմ իմ ազգի համար: Հսկայական գումարներ ծախսեցի Միջազգային հայ սեւ գօտիների ակադեմիայի եւ դրա մասնաճիւղերի ստեղծման համար, որտեղ ուսուցումը բացառապէս անվճար է, այսինքն այնտեղ ամէն բան կատարւում է բարեսիրական սկզբունքներով: Այսօր հպարտութեամբ կարող եմ նշել, որ ակադեմիայի շնորհիւ 50 հազար հայ երեխայ եւ պատանի դաստիարակուեցին:

Հ.- Իսկ այսօրուայ սերունդը որքանո՞վ է հետաքրքրուած մարտարուեստով.  չէ՞ որ դարի հետաքրքրութիւնները փոխուել են` տեղեկատուական արհեստագիտութիւններ, համակարգչային խաղեր եւ այլն: Ի՞նչ խնդիրներ էք դնում ձեր առջեւ:

Պ.- Իմ խնդիրն այն է, որ ԼՂՀ-ում 10 հազար երեխայ մարզուի իմ միութեան` «Այբ-3» նշանաբանով` «Առողջ մարմին, արթուն միտք, ազնիւ հոգի»: Այստեղ կան ոչ թէ իզմեր ու քաղաքական խաղեր, այլ` արմատական լուծումներ: Հայ երեխան պէտք է լինի մարմնով առողջ, մտքով արթուն, որպէսզի չխաբուի աղանդաւորական զանազան հոսանքներից, եւ հոգով ազնիւ, այսինքն` ղեկավար դառնալու դէպքում ազնիւ վարուի իր ժողովրդի հետ: Այստեղ փիլիսոփայական մեծ խնդիր կայ: Երբ  30 տարի առաջ ես խօսում էի Հայաստանի անկախացման մասին, ոեւէ մէկը չէր հաւատում ինձ: Առաջին անգամ Հայաստան եկայ Խորհրդային Հայաստանի մարմնակրթութեան կոմիտէի հրաւէրով` որպէս մարտարուեստի մեծ վարպետ: Դեռեւս այն ժամանակ հեռուստահաղորդավար Համլէթ Ղուշչեանի հետ հարցազրոյցի ընթացքում ես յայտարարեցի, որ Հայաստանը անկախ պետութիւն է դառնալու: Դա 1987թ. էր: Այդ ժամանակուանից էլ, այսպէս ասած, կապուեցի Հայաստանի հետ, այնույետ  1988թ. Սպիտակի աւերիչ երկրաշարժից տուժածների համար օդանաւով օգնութիւն բերեցի:

Հ.- Ի՞նչ տեղաշարժեր էք նկատում Հայաստանում:

Հ.- Եթէ փոփոխութիւն ասելով` նկատի ունէք սրճարանների, ապակեպատ բարձրայարկ շէնքերի կառուցումը, ապա ասեմ, որ դրանք չեն հետաքրքրում ինձ: Ինձ հետաքրքրում է մարդկանց հոգիներում կատարուող փոփոխութիւնը: Լինելով մեծ վարպետ` ինձ հետաքրքրում է միայն իմ ազգի մշակութային, հոգեւոր մակարդակը: Ի հարկէ, ֆիզիքակական փոփոխութիւններ նկատելի են, բայց դրանք, նորից եմ շեշտում, ինձ չեն հետաքրքրում: Երբ 30 տարի առաջ յայտարարում էի, որ Հայաստանում տեսնում եմ ապակեպատ շէնքեր, ոմանք ծիծաղում էին ասածներիս վրայ: Դրանք այն օրերն էին, երբ ճրագ, լոյս չկար, եւ մարդիկ յուսալքուած էին: Այդ ամէնը տեսնելով` ես շարունակում էի խօսել անկախ Հայաստանի ու դրա բարեկեցիկ ապագայի մասին: Այսօր ցաւում եմ, որ արտագաղթի ալիք է բարձրացել Հայաստանում: Հայն իր հայրենիքում պէտք է ապրի պատուով, եւ որքան ցաւալի է, երբ հայը պանդուխտի գաւազանը ձեռքին` գնում է Ռուսաստանի Դաշնութիւն` աշխատանք որոնելու, գումար վաստակելու: Այնինչ, հայը  պէտք է ապրի Հայաստանում:

Հ.- Չէ՞ք կարծում, որ այսօր հայը թողնում-հեռանում է իր հայրենիքից ընկերային ոչ լաւ պայմաններից ելնելով, հիասթափուելով սեփական երկրի իշխանութիւններից:

Պ.- Հայաստանը գտնւում է բաւական ծանր պաշարման գօտում, ինչին նպաստում են օտար երկրների ճնշումները: Ստեղծուած իրավիճակից օգտւում են որոշ անձեր: Խնդիրն այն չէ, որ Հայաստանի իշխանութիւնները չեն ցանկանում Հայաստանի տնտեսական վիճակը բարելաւել: Կան ճնշումներ, միջազգային հարցեր: Անգամ մեր բարեկամ երկրները չեն ցանկանում Հայաստանը տեսնել հզօր. աւելի՛ն. նրանք ուզում են, որ Հայաստանը մնայ առանց հայերի: Տուեալ պարագայում կան այլ հարցեր ու հիմնախնդիրներ: Մեր փրկութեան  միակ ձեւը ազգային ինքնագիտակցութիւնն է: Պէտք է խուսափել ներքին պայքարներից` կազմելով ազգային փրկութեան մէկ ճակատ: Մենք պէտք է չպառակտուենք: Միջազգային հարիւրաւոր կազմակերպութիւններ այլասերուած գաղափարներով  «խանութներ» են բացել Հայաստանում: Իսկ ոեւէ մէկը հարց տուե՞լ է, թէ նրանք ի՛նչ գործ ունեն մեր երկրում: Մենք պէտք է ուժ հաղորդենք մեր եկեղեցուն, ազգային գերագոյն շահերին: Դժբախտաբար աշխարհը, ասես, գործ չունի, բացի այն բանից, որ փորձում է մեզ դարձնել քրիստոնեայ: Այնինչ մոռանում են, որ մենք առաջինն էինք, որ քրիստոնէութիւնը հռչակեցինք իբրեւ պետական կրօն: Մենք պէտք է վերադառնանք մեր ազգային գիտակցութեանը: Դա լինում է 100 տարին մէկ անգամ: Վերջինը արցախեան հերոսամարտի ժամանակ էր, երբ հայերը միացան: Այսօր պէտք է ուրախ լինենք, որ ունենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն, Հայաստանի Հանրապետութիւն եւ չմոռանանք, որ յաջորդ հանրապետութիւնը լինելու է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը: Անին չի կարող մնալ թուրքերի ձեռքում:

Հ.- Քանի՞ տարի յետոյ կ՛ունենանք այդ հանրապետութիւնը:

Պ.- Յստակ ժամկէտ դժուարանում եմ ասել: Երբ 30 տարի առաջ յայտարարեցի Հայաստանի անկախութեան մասին, նոյնիսկ կուսակցականները ծիծաղեցին իմ խօսքերի վրայ` ասելով. «Կարօ՛, դու խենթ ես, ոնց կարող է Ռուսիան քանդուել»: Իսկ այսօր ասում եմ` Թուրքիան պէտք է քանդուի, եւ մօտ ապագայում պէտք է պատրաստ լինենք` թէ՛ հզօր տնտեսութեամբ, թէ՛ հզօր բանակով, որպէսզի անցնենք Արաքսի միւս ափը: Ամէն օր Արարատը բարեւում է մեզ, բարի լոյս մաղթում, ասում է, որ սպասում է իր ազատագրման, այնինչ մենք չենք լսում: Բաւական է Արարատի լուսանկարը դնել մեր բնակարաններում, այլ պէտք է փորձել հասնելու այնտեղ:

Հ.- Ի՞նչ պէտք է անել դրա համար:

Պ.- Դրա համար անհրաժեշտ է կիրառել «Այբ 3»-ի ծրագիրը, որպէսզի Հայաստանը տնտեսապէս հզօրանայ, ռազմականապէս տիրանայ գերագոյն ուժի, մտաւորապէս զօրանանք, իսկ Աստուած մեզ տուել է հոգին ու հաւատքը: Մեզ անհրաժեշտ է միջոց:  Իսկ հայ ազգը մեծ ուժ ունի: Երեխան ծառը նկարում է առանց արմատների, որովհետեւ արմատները տգեղ են եւ գտնւում են հողի տակ, այնինչ այդ ուժերն են  ամուր պահում ծառը: Հայութիւնն ունի հողի մէջ թաղուած հոգեւոր ուժեր, որոնք չեն երեւում, բայց  շարունակում են գործել: Մի խաբուէք ծառի տերեւներով: Արմատները երեւան կը գան այն ժամանակ, երբ ազգը վտանգի առաջ է: Սա է մեր ազգի ճակատագիրն ու փրկութիւնը: Այդ արմատների շնորհիւ մեր ազգը շարունակում է ապրել հազարամեակներ շարունակ:

Հարցազրոյցը`
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆի

Յատուկ «Ազդակ»-ի համար
Երեւան

Share this Article
CATEGORIES