ԽԱՂԱՐԿՈՒԹԻՒՆ` ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԲԵՄՈՒՄ

Թուրքիան փորձում է նոր դեր խաղալ Միջին Արեւելքում եւ արաբական աշխարհում: Թուրքիայի իշխանաւորները յաճախ յայտնել են, թէ մինչեւ 2023 թուականը, երբ լրանում է Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակը, այդ երկիրն ուզում են դարձնել մի մեծ ուժ տարածաշրջանում, այսինքն` Միջին Արեւելքում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Պալքանում եւ Հիւսիսային Ափրիկէյում, մէկ խօսքով` վերագտնել իրենց ուժն ու դերը, այն, ինչ ունէին դարեր առաջ, որպէս օսմանական պետութիւն եւ իսլամական աշխարհի դերակատարներից մէկը:

Պարզ է, որ Թուրքիան իր այդ ծրագրերը գործադրելու համար հէնց այժմուանից սկսել է քայլեր առնել ու դեռ աւելի՛ն, վերջին տարիներում քայլում է այն ուղղութեամբ, որ Իսլամական աշխարհում մեծ դերակատար լինի:

Մի քանի օրինակ:

2006 թուականին «Իսլամ եղբայրներ» կամ «Էխուան մուսլիմին» (իսլամական քաղաքական ամենահին խմբակցութիւններից, որը հիմնուեց 1928 թուականին` Եգիպտոսում, եւ արաբական շատ երկրներում դիտւում էր որպէս ընդդիմադիր կազմակերպութիւն) կազմակերպութիւնը, որ հիմնականում իսլամական հաւատամքներով հաւաքականութիւն է եւ աշխատում է արաբական աշխարհում, իր միջազգային խորհրդաժողովներից մէկը գումարեց Թուրքիայում եւ ոչ թէ` արաբական երկրներում: Նոյնպէս եւ առաջին անգամը լինելով` 2006 թուականին Թուրքիան հիւրընկալեց Համաս-ի քաղաքական գրասենեակի պատասխանատու Խալետ Մաշաալին (Համաս-ը պաղեստինեան իսլամական կազմակերպութիւն է, որը կառավարում է Կազան): Եւ աւելի՛ն. մի քանի ամիս առաջ էլ պաղեստինեան պատասխանատուները ժողով ունեցան Թուրքիայում` ՄԱԿ-ում պաղեստինեան պետութիւն հռչակելու ուղղութեամբ բանակցութիւններ ունենալու թուրք իշխանաւորների հետ, եւ Թուրքիան էլ խոստացաւ, որ այդ ուղղութեամբ կ՛օգնի պաղեստինցիներին` ՄԱԿ-ում:

Վերջին ամիսների ընթացքում էլ, երբ արաբական աշխարհում սկսուեցին ժողովրդական ընդվզումները` իրենց երկրների բռնապետերի դէմ, Թուրքիան յարմար վայր դարձաւ արաբ վարչակարգերի ընդդիմադիր ուժերի պատասխանատուների համար` ժողովների գումարման եւ Թուրքիան փորձեց միջնորդի դեր ստանձնել տարբեր ասպարէզներում: Այսպիսով, Թուրքիան փորձում է իր համար ոտքի տեղ բացել արաբական եւ իսլամական աշխարհում ու մանաւանդ հիմա, որ արաբական երկրներում տագնապներ են ստեղծուել եւ գոյութիւն չունի ազդեցիկ մի ուժ (ինչպիսին էր նախապէս Եգիպտոսը), Թուրքիան փորձում է դառնալ այդ ազդեցիկ ուժը:

Հնարաւոր չէ միաժամանակ բարեկամանալ արաբական երկրների հետ ու նաեւ մօտ ու բարեկամական կապեր ունենալ Իսրայէլի հետ:

2010 թուականի մայիսի վերջերում, երբ թուրքական մի նաւ փորձում էր մօտենալ Կազայի ափերին եւ իսրայէլեան ուժերը ընդդիմացան եւ սպաննուեցին ութ թուրքեր, Թուրքիա-Իսրայէլ յարաբերութիւնները սկսեցին աւելի սառել: Այդ երկու երկրները տարիներ էր, որ լաւ եւ մօտ յարաբերութիւններ ունէին միմեանց հետ` թէ՛ առեւտրի, թէ՛ քաղաքական եւ թէ՛ զինուորական տեսակէտից:

Անցեալ շաբաթ Թուրքիան յայտարարեց, թէ նուազեցնում է իր դիւանագիտական կապերը եւ սառեցնում է իր զինուորական համագործակցութիւնները Իսրայէլի հետ: Իսրայէլը մինչ այժմ սառնարիւնութեամբ է դիտել այս բոլորը, նոյնիսկ իսրայէլացի պետական դէմքերը, ինչպէս` արտաքին գործերի նախարարը եւ պաշտպանութեան նախարարը, յոյս են յայտնել, որ այս երկու երկրները կը վերականգնեն իրենց նախկին լաւ կապերը, իսկ եթէ հարկ լինի, իրենք (Իսրայէլի իշխանաւորները) էլ ամէն քայլի կը դիմեն Թուրքիայի այս ընթացքը չէզոքացնելու կամ ճնշումներ բանեցնելու Թուրքիայի վրայ. օրինակ` վերջերս իսրայէլացիները յայտնել են, թէ կապեր են հաստատել Քիւրտ աշխատաւորական կուսակցութեան (ՔԱԿ) Եւրոպայում պատասխանատու դէմքերի հետ, կամ եթէ Թուրքիան փորձի Իսրայէլին մեկուսացնել միջազգային բեմում, իրենք (իսրայէլացիները) էլ աշխարհում ունեցած իրենց կապերի ու լոպիների միջոցով կը փորձեն դէմ գնալ Թուրքիային: Պիտի տեսնել, թէ այս դերասանութիւնների աւարտը մինչեւ որտե՛ղ կը հասնի:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

«Ալիք»

Share this Article
CATEGORIES