ԽՈՍՏՈՒՄ ԵՒ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀ. ՍԱՐՔՈԶԻԻ ԿՈՎԿԱՍԵԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԻՒՍ ԵՐԵՍԸ

Ֆրանսայի նախագահը հոկտեմբերի 7-ին Երեւանում յայտարարեց, որ եթէ Թուրքիան շարունակի ժխտել Ցեղասպանութիւնը, ապա Ֆրանսան այդ դէպքում կը ցանկանայ աւելի հեռուն գնալ եւ փոխելով իր օրէնսդրութիւնը` Հայոց ցեղասպանութեան ժխտման համար քրէական պատիժ կը սահմանի: «Տեւական հաշտութիւն չի կարող լինել` ժխտելով միւսի տառապանքները, տեւական հաշտութիւն չի կարող լինել պատմական փաստերի ժխտման հիման վրա: Եթէ Թուրքիայի նման մեծ երկիրը իր մէջ ուժ գտնէր այս քայլին (Ցեղասպանութիւնը ճանաչելու) գնալու համար, ապա Ֆրանսայի համար դա բաւարար կը լինէր, քանի որ օրէնքի ուժով Ֆրանսան ճանաչում է Հայոց ցեղասպանութիւնը», յայտարարեց նախագահ Նիքոլա Սարքոզին իր հայ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Հասկանալի է, որ առաջիկայ տարիներին Թուրքիան ոչ միայն չի ճանաչելու Հայոց ցեղասպանութիւնը, այլ աւելի մեծ ֆինանսական, քաղաքական, դիւանագիտական ու քարոզչական միջոցներ է յատկացնելու Հայոց ցեղասպանութիւնը ժխտելու ուղղութեամբ: Ինչպէս հայ աշխարհը, այնպէս էլ Թուրքիան, իւրաքանչիւրն իբր օրակարգով, պատրաստւում են 1915-ի հարիւրամեայ տարելիցին:

Պատրա՞ստ է Ֆրանսան Հայոց ցեղասպանութեան ժխտման համար քրէական պատիժ սահմանել, ինչպէս ակնարկեց Սարքոզին:

Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցում Ֆրանսան, կարելի է ասել, առաջամարտիկ է: 1998թ. մայիսի 29-ին քուէարկութեամբ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչեց Ֆրանսայի Ազգային ժողովը: 2001թ. յունուարի 29-ին Ֆրանսան Հայոց ցեղասպանութիւնը ճանաչեց օրէնքի մակարդակով, երբ նախագահ Ժաք Շիրաքը ստորագրեց ծերակոյտի եւ Ազգային ժողովի` 1915թ. Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող աւելի վաղ ընդունած բանաձեւը: Այսպիսով, խորհրդարանական բանաձեւը վերածուեց Ֆրանսայի օրէնքի, ինչը նշանակում է, որ ոչ ոք այլեւս չի կարող ժխտել պատմական այդ իրողութիւնը երկրի տարածքում: Այդ օրէնքի առկայութիւնը արդէն ճանապարհ էր բացում մէկ այլ օրէնքի համար, որը Հայոց ցեղասպանութեան փաստի ժխտումը կը պատժէր քրէօրէն:

2006թ.  հոկտեմբերի 12-ին Ֆրանսայի խորհրդարանի ստորին պալատը` Ազգային ժողովը, ընդունեց օրինագիծ, որով 1915 թուականի ժխտումը որակւում էր քրէօրէն պատժելի արարք, իսկ ժխտողներին սպասւում է մէկ տարի ազատազրկում եւ 45 հազար եւրօ տուգանք: Սակայն օրէնքի ուժ ստանալու համար անհրաժեշտ էր, որ վերին պալատը` ծերակոյտը, եւս վաւերացնէր այդ օրինագիծը:

2007թ. նախագահական ընտրութիւնների նախօրէին թեկնածուներից Նիքոլա Սարքոզին ֆրանսահայ համայնքին խոստացաւ, որ ընտրուելու դէպքում օրինագծի վաւերացման ուղղութեամբ քայլեր կը ձեռնարկի, սակայն նախագահ ընտրուելուց մէկ ամիս անց խորհրդապահական կերպով Անգարա  գործուղեց Էլիզէեան պալատի դիւանագիտական խորհրդատու Ժան-Տաւիտ Լեւիթին` թուրքական  իշխանութիւններին վստահեցնելով, որ ինքը մտադիր է անել ամէն ինչ, որպէսզի հայկական օրինագիծը ծերակոյտում «թաղուի»: Այս մասին յայտնի դարձաւ աւելի ուշ, երբ Ուիքիլիքս կայքը հրապարակեց գաղտնի հազարաւոր փաստաթղթեր:

Ֆրանսայի ծերակոյտը 2011 թ. մայիսի 4-ին հնարաւորութիւն ունէր քրէականացնել օրինագիծը, սակայն քուէարկութիւնից առաջ ծերակոյտը սահմանադրական յանձնաժողովը առաջարկեց այն հանել քուէարկութիւնից, ինչը եւ արուեց. առաջարկն ընդունուեց 196 «կողմ», 74 «դէմ» ձայներով: Օրինագծի ընդունմանը դէմ քուէարկողները բերում էին հիմնական երկու պատճառ. առաջին` այն կը խոչընդոտի Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորմանը, երկրորդ` դա  պատմաբանների քննարկելիք հարց է:

Սարքոզին, ով 2011 թ. մայիսի 4-ի քուէարկութիւնից մի քանի օր առաջ ֆրանսահայերին խոստացել էր չխոչընդոտել օրինագծի ընդունմանը, հոկտեմբերի 7-ին Երեւանում յայտարարեց, որ եթէ Թուրքիան շարունակի ժխտել Ցեղասպանութիւնը, ապա Ֆրանսան կը ցանկանայ քրէական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանութեան ժխտման համար:

Ժամանակը ցոյց կը տայ, թէ որքանով է Փարիզը հետեւողական: Ճիշտ է, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցում Ֆրանսայի ներդրումը անուրանալի է, սակայն նաեւ պիտի ընդունել, որ խոշոր երկրները իրենց որոշումներում առաջնորդւում են նախ եւ առաջ ոչ թէ մարդասիրական կամ պատմական արդարութեան վերականգնման մղումներով, այլ` որոշակի ազգային, պետական շահերով ու հետաքրքրութիւններով: Սարքոզիի` Երեւանում հնչեցրած խօսքերը շատ փորձագէտներ ու քաղաքագէտներ, այդ թւում` Թուրքիայում, որակեցին 2012 թուականի մայիսին Ֆրանսայում կայանալիք նախագահական ընտրութիւններում ֆրանսահայ համայնքի քուէները ակնկալելու ենթատեքստում:

Երկու օրերի ընթացքում` հոկտեմբերի 6-7-ը,  Նիքոլա Սարքոզիի այցը Հարաւային Կովկասի երեք պետութիւններ` Հայաստան, Ազրպէյճան եւ Վրաստան, յատկանշական էր: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ սա առաջին դէպքն է, երբ Ֆրանսայի ոեւէ նախագահ այցելում է Հարաւային Կովկասի միանգամից երեք երկրներ: Երեք տարի առաջ վրաց-ռուսական հինգօրեայ պատերազմից յետոյ, Սարքոզին այցելել էր Թիֆլիս, իսկ աւելի վաղ Երեւան էր այցելել Ժաք Շիրաքը:

Ֆրանսայում 2012 թուականի մայիսին կայանալիք նախագահական ընտրութիւնների նախօրէին Հարաւային Կովկասի երեք երկրներ այցով Սարքոզին հաւանաբար ուզում էր ցոյց տալ, որ ինքը միջազգային մակարդակով ազդեցիկ առաջնորդ է եւ ոչ միայն սոսկ Ֆրանսայի նախագահ:

Երեւանում նրա հնչեցրած խօսքերը հաւանաբար բաւարար կը լինեն, որպէսզի Սարքոզին ապահովի աւելի քան 400 հազար ֆրանսահայութեան քուէները:

Թիֆլիսում եւս Սարքոզին գովեստի խօսքեր շռայլեց Վրաստանի հասցէին: Մայրաքաղաքի Ազատութեան հրապարակում նա պաշտպանեց Վրաստանի տարածքային ամբողջականութիւնը, յիշեցրեց, որ երեք տարի առաջ` 2008թ. օգոստոսին, ինքը կարողացաւ կանգնեցնել պատերազմը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Չլինէր Սարքոզիի անմիջական միջամտութիւնը, մեծ էր հաւանականութիւնը, որ ռուսները կը գրաւէին Թիֆլիսը: «Ձեզանից խլել են ձեր տարածքի մի մասը», հրապարակում յայտարարեց Սարքոզին:

Հարաւային Կովկաս իր այցի նախօրէին Սարքոզին, անդրադառնալով ղարաբաղեան հակամարտութեանը, մի հարցազրոյցում ասել էր, որ հայերի ու ազրպէյճանցիների համար եկել է խաղաղութեան ռիսքին գնալու պահը, եւ` «չկայ աւելի մեծ վտանգ, քան սթաթիւս-քուոյի պահպանումը, որը ծնում է պատրանքներ, հրահրում վրէժխնդրութիւն եւ ամէն օր էլ աւելի հեռացնում խաղաղութեան հասնելու հնարաւորութիւնները»:

Անկասկած, խաղաղասիրական այս յայտարարութիւններով Սարքոզին հաւանաբար կարողացաւ ֆրանսացի ընտրողներին ցոյց տալ, որ ինքը այն առաջնորդն է, որը ձգտում է խաղաղութեան հաստատել այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին Կովկասն է: Այս յայտարարութիւններից դժգոհելու առիթ պիտի չունենային նաեւ ազրպէյճանցիները, քանի որ Սարքոզին խօսում էր սթաթիւս- քուոն փոխելու մասին, ինչի մասին նաեւ Պաքուն է խօսում:

Ազրպէյճանում, որտեղ մի քանի ժամով եղաւ Սարքոզին, Ֆրանսան ունի առաջին հերթին տնտեսական եւ ուժանիւթային շահեր: Բացի այն, որ ֆրանսական ընկերութիւնները տարիներ շարունակ ներգրաւուած են Կասպիցում ուժանիւթի աղբիւրների շահագործման ոլորտում, բոլորովին վերջերս` 2011-ի սեպտեմբերին, ֆրանսական «Թոթալ» ընկերութիւնը յայտնաբերեց հսկայական քանակութեամբ կազի պաշարներ: Այս յայտնաբերումից յետոյ կրկին օրակարգի վրայ է Նապուքօ խողովակաշարի կառուցումը, հետեւաբար` կը կարեւորուի Ազրպէյճանի կշիռը որպէս ուժանիւթեր արտահանող երկիր:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

 

 

Share this Article
CATEGORIES