ԷՎԸՆԶԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ ԲԱՌԻ ՀԱՄԱՐ ՅԵՏ ԿԱՆՉԵՑԻՆ. ԱԶՆԱՒՈՒՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԴԵՍՊԱՆ

Հայաստանում Միացեալ Նահանգների նախկին դեսպան Ճոն Էվընզին 2006 թուականին յետ կանչեցին, ապա նաեւ հեռացրին արտաքին գործերի նախարարութիւնից այն պատճառով, որ նա 2005 թուականի փետրուարին ամերիկահայերի հետ հանդիպումներից մէկի ընթացքում 1915 թուականին հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը որակել էր ցեղասպանութիւն:

Զուիցերիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնաւուրին ոչ միայն յետ չեն կանչում (բայց ո՞ւր կանչեն, մեծ ճանաչում ունեցող երգիչը Ֆրանսայի քաղաքացի է, ունի կեցութեան յատուկ կարգավիճակ Զուիցերիայում) կամ զրկում դեսպանի պարտականութիւններից, այլ Երեւանի պաշտօնական շրջանակները եւ Հայաստանի իշխանութիւնների վերահսկողութեան տակ գտնուող լրատուամիջոցները պապանձուել ու նրա հասցէին որեւէ քննադատական խօսք չեն հնչեցնում:

Հասկանալի է, որ Ազնաւուրը համաշխարհային հռչակ վայելող երգիչ է, հայ ժողովրդի ծանր օրերին նրա կողքին է եղել: Նրա արժանիքները, նրա անուրանալի վաստակը ոեւէ մէկը չի նսեմացնում: Երգիչ Ազնաւուրը, որպէս համաշխարհային հռչակ վայելող անձ, իրաւունք ունի Հայոց ցեղասպանութեան մասին իր կարծիքը արտայայտել: Եթէ այդ կարծիքը անընդունելի է անգամ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնութեան համար, ապա դրանից Ազնաւուրի կարծիք արտայայտելու իրաւունքը չի սահմանափակւում:

Երգիչ Ազնաւուրը իրաւունք ունի Հայաստանի արտաքին քաղաքականութեանը հակասող յայտարարութիւն անել, սակայն դեսպան Ազնաւուրը նման իրաւունք չունի: Դեսպանը որպէս մարդ, որպէս արուեստագէտ կարող է համաձայն չլինել երկրի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների հետ, բայց լինելով պետութեան ներկայացուցիչ` նա պէտք է միայն ասի այն, ինչը տեղաւորւում է արտաքին քաղաքականութեան շրջանակներում:

Աւելի՛ն. եթէ Հայաստանի դեսպանը երկրի արտաքին քաղաքականութեանը հակասող յայտարարութիւն է անում եւ այդ պատճառով յետ չի կանչւում, ապա դա անգամ կարող է ընկալուել ուղերձ, տուեալ դէպքում` Թուրքիային, որ Երեւանի համար կարեւոր չէ, թէ 1915 թուականի դէպքերի համար ինչ բառ կ՛օգտագործուի: Միայն թէ սահմանը բացուի:

Որպէսզի աւելի հասկանալի լինի ասուածը, բերենք այլ օրինակ: Հայոց ցեղասպանութեան հետ միասին Հայաստանի արտաքին քաղաքականութեան օրակարգի առաջնահերթութիւններից է Արցախի խնդիրը: Հայաստանը պաշտպանում է Արցախի ինքնորոշման իրաւունքը: Պատկերացնո՞ւմ էք, եթէ Հայաստանի ոեւէ դեսպան հրապարակաւ յայտարարի, որ ինքնորոշումը ինքնորոշում է, ի՞նչ տարբերութիւն` Ազրպէյճանի՞ կազմում, թէ՞ նրանից դուրս: Բնականաբար այդպիսի դեսպանը անմիջապէս յետ կը կանչուի եւ կը վտարուի արտաքին գործերի նախարարութիւնից:

Այս տարուայ սեպտեմբերի 4-ին ֆրանսական «Վիվըման տիմանշ» հաղորդման ընթացքում Ցեղասպանութեան մասին հարցին ի պատասխան Ազնաւուրը ասել է. «Դա խանգարող բառ է: Այն նաեւ ինձ է խանգարում: Այն, ինչ հիմա կ՛ասեմ, կարող է ինձ մէջքով դարձնել որոշ հայերի նկատմամբ, բայց ես կարծում եմ` դա կարեւոր չէ: Եթէ իսկապէս թուրքերը ազնուութիւն ունեն ասելու, որ իրենց խանգարողը «ցեղասպանութիւն» բառն է, մենք այլ բառ կը գտնենք, միայն թէ սահմանները բացուեն եւ թուրքական կառավարութիւնը մտածի մեզ հետ երկխօսութիւն սկսելու մասին»: Լրագրողի այն նկատառմանը, թէ «1.5 միլիոնը պատկառելի թիւ է փոքրիկ երկրի համար», Ազնաւուրը պատասխանել է. «2 թէ 1.5 միլիոն, նոյնն է: Երբ սպաննում են 2 երեխայ կամ 1.5 միլիոն հայ կամ 6 միլիոն հրեայ նոյնն է: Սպաննել են, ցանկացել են սպաննել, դա է կարեւոր»:

Շատ հայեր չհաւատացին, որ Ազնաւուրը կարող է նման բան ասած լինէր: Մի քանի շաբաթ անց Փարիզի «Նուվել տ՛Արմենի» հանդէսի հետ հարցազրոյցում Ազնաւուրը աւելի առաջ գնաց` բառացիօրէն ասելով. «Հայաստանը մեծ վտանգի մէջ է, եւ բոլորը յապաղում են ցեղասպանութիւն բառի վրայ: Ես չեմ տեսնում, թէ դա ինչպէս է նպաստում երկրի առաջընթացին: Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանութիւնը: Մարդիկ, ովքեր քննադատում են ինձ նման կարծիք յայտնելու համար, ո՞ւր են նրանք: Ի՞նչ են նրանք անում Հայաստանին օգնելու համար: Ո՞ր պահին են նրանք գումար ուղարկում»:

Նոյն հարցազրոյցում Ազնաւուրը շարունակում է. «Ինձ պարբերաբար Թուրքիա են հրաւիրում: Թուրքիայի արտաքին գործերի նախարարն անգամ ինձ հրաւիրել է արձակուրդս անցկացնելու իր մօտ: Որպէսզի համաձայնութեան գանք, թէ ինչ ենք պահանջելու® Ես ուզում եմ, որ սահմանը բացուի, եւ այս երկիրը (Հայաստանը) մի փոքր շունչ քաշի»:

Երգիչ Ազնաւուրը կարող է իր հանգիստն անցկացնել Թուրքիայում, ինչպէս շատ հայաստանցիներ, բայց դեսպան Ազնաւուրը իրաւունք չունի թուրք արտաքին գործերի նախարարի հետ քննարկել, թէ ինչ բառ է Հայաստանը պահանջելու Թուրքիայից 1915-ի համար:

«Ուզում եմ, որ նրանք (թուրքերը) ճանաչեն ջարդերը: Ժամանակին այդ էին ասում: Ամբողջ աշխարհը խօսել է կոտորածների մասին: Եւ յետոյ յանկարծ, յիսունականներից սկսած, սեւեռուեցին այդ ցեղասպանութիւն բառի վրայ, որը շատ ծանր է ընդունել, եթէ անգամ համապատասխանում է իրականութեանը», շարունակում է Ազնաւուրը:

Հարցազրոյցի այս հատուածը թւում է անհաւանական, բայց ասուածը ասուած է. «Ես միշտ լաւ բաներ եմ ասում թուրքերի մասին: Ես կարծում եմ, որ հետաքրքիր ազգ են: Թուրքիայում չկայ մի հայ, որ ասի, որ չի սիրում թուրքերին: Չեն սիրում, հաւանաբար, նրանց պահուածքը, նրանց քաղաքականութիւնը, բայց ոչ ժողովուրդն` ինքին: Իմ նպատակն է, որ մի փոքր առաջ գնանք»: Ապա դեսպան Ազնաւուրը հրաժարւում է Արաքսից այն կողմում մնացած հայկական տարածքներից` ասելով. «Գերմանացիներն այլեւս չեն պահանջում Ալզաս-Լոթարինկիան, իսկ մենք (նկատի ունի ֆրանսացիներին) այլեւս չենք մտածում Ռուհրի մասին: Պէտք է գոնէ խելացի լինել: Պէտք է հասկանալ իրերի դրութիւնը: Այս ամէնը վերջացած է: Ես աւելի հեռուն կը գնամ: Եթէ անգամ նրանք (թուրքերը) մեզ վերադարձնեն տարածքները, ո՞վ կը գնայ: Ո՞վ կը գնայ ապրելու այդ տարածքների վրայ: Ոչ ոք: Իրատես լինենք: Խելացի լինենք: Հաշուարկենք»:

Ազնաւուրը նաեւ ասում է, որ Հայաստանի գործող իշխանութիւնների համար առաջնահերթ է հայ-թուրքական սահմանի բացումը:

Զարմանալ կարելի է, որ դեսպան Ազնաւուրը կարծում է, թէ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման, դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութեան պատճառը ցեղասպանութիւն բառն է: Պատճառը Արցախն է: Թուրքերը հազար անգամ են ասել, որ քանի դեռ ղարաբաղեան հարցում չկայ առաջընթաց, որը կը բաւարարի Ազրպէյճանին, իրենք սահմանը չեն բացի: Ի վերջոյ, ցիւրիխեան երկու արձանագրութիւնները, որոնց ստորագրումը ջերմեռանդ կերպով պաշտպանում էր նաեւ Ազնաւուրը, խորքում կասկածի տակ էին դնում Հայոց ցեղասպանութիւնը: Այդ  արձանագրութիւններով Հայաստանը ճանաչում էր ժամանակակից Թուրքիայի սահմանները եւ փաստացի հրաժարւում պահանջատիրութիւնից: Սակայն Թուրքիային դա բաւարար չեղաւ: Նրանք սպասում էին, որ Արցախում կը լինի սթաթիւս քուոյի փոփոխութիւն յօգուտ Ազրպէյճանի:

Գուցէ զարմանալի չէ, երբ Ազնաւուրը հռետորական հարց է տալիս, թէ ո՛վ է գնալու Արեւմտեան Հայաստան, երբ այսօրուայ Հայաստանի Հանրապետութիւնից են հայերը  հեռանում: Այո՛,  ճիշդ է, այսօր Հայաստանից նորից արտագաղթ է նկատւում` ինչպէս մի քանի անգամ հարցազրոյցում շեշտում է Ազնաւուրը: Այո՛, այսօր «մաֆիոզները խժռում են գիւղացիներին իրենց հողերի վրայ», ինչպէս պնդում է Ազնաւուրը: Սակայն ի՞նչ կապ ունի այս ամէնը հայ-թուրքական սահմանի փակ կամ բաց լինելու հետ: Երբ թուրքերը բացեն սահմանը, կեանքը Հայաստանում այնքան է լաւանալու, որ մարդիկ այլեւս չհեռանա՞ն Հայաստանից: Երբ կամ եթէ թուրքերը բացեն սահմանը, Հայաստանում վերանալո՞ւ են  տնտեսական ու քաղաքական մենաշնորհները: Եթէ թուրքերը բացեն սահմանը, Հայաստանում ընտրութիւններն այլեւս չե՞ն կեղծուի:

Ցաւօք, այսօր Հայաստանից հիմնականում հեռանում են ոչ այնքան ընկերային վատ պայմանների պատճառով, այլ որովհետեւ մարդիկ այլեւս չեն դիմանում անարդարութիւններին,  ընտրական կեղծիքներին, ամէն քայլափոխի հանդիպող ապօրինութիւններին: Այսօր մարդիկ հեռանում են Հայաստանից, որովհետեւ իրենց զաւակների ապագան չեն տեսնում մեր հայրենիքում:

Ա՛յս մասին է պէտք մտածել: Պէտք է մտածել ոչ թէ հայ-թուրքական սահմանի բացման, այլ երկրում կարգ ու կանոն հաստատելու մասին:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

 

 

Share this Article
CATEGORIES