ՉԻՆԱՍՏԱՆԻ ԹՌԻՉՔՆ ՈՒ ԱԾԱՆՑԵԱԼ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Միջազգային ճգնաժամը շատ աւելի խորն է, քան վերջին երկու տարիներին կանխատեսում էին տնտեսագէտները: Այսպիսի տրամադրութիւններն այսօր շատ աւելի տարածուած են, քան` ամպագորգոռ յայտարարութիւններն այն մասին, թէ ճգնաժամը լիովին յաղթահարուած է եւ շարժւում ենք առաջ` դէպի պայծառ ապագայ: Մի կողմից Միացեալ Նահանգների քաղաքական շրջանակների «մանկապարտէզային» մակարդակի վիճաբանութիւնները (որ չափից աւելի անվստահութեան մթնոլորտ են ստեղծում աշխարհի առայժմ գոնէ ամենահզօր պետութեան տնտեսական քաղաքականութեան նկատմամբ), միւս կողմից` եւրոպական երկրներում մոլեգնող ամենաիսկական քաոսը, համաշխարհային տնտեսութեան անիւներն են արգելակում: Իսկ ինչպէ՞ս է իրեն զգում այս իրավիճակում Չինաստանը, որի մասին խոստացել էինք աւելի հանգամանօրէն զրուցել, բայց ինչ-որ տեղ թերացել էինք մեր խոստման մէջ: Պարզւում է` ոչ այնքան լաւ: Բայց ամէն ինչ` հերթականութեամբ:

Նախանցեալ ուրբաթ Չինաստանի ներկայացուցիչը բացայայտօրէն յայտարարեց, որ աշխարհը չի կարող Չինաստանին տեսնել որպէս փրկութեան օղակ, եւ եւրոպական պարտքը հետաքրքրում է իրենց երկրին միայն սահմանափակ այնպիսի քանակութեամբ, որը Չինաստանի տնտեսութիւնը «կարող է մարսել»: Սա միանշանակօրէն մեկնաբանւում է հետեւեալ կերպ. Իտալիայի, Յունաստանի եւ այլ ճգնաժամային պետութիւնների պարտքերը վարկաւորելուց Չինաստանն անմիջապէս հրաժարւում է: «Եթէ Եւրոպան պարտամուրհակներ թողարկի, որոնք յարգուեն եւրոպական ԲՈԼՈՐ պետութիւնների կողմից, ապա Չինաստանը կը մտածի դրանք գնելու մասին` սահմանափակ քանակութեամբ», ասել է բարձրաստիճան մի պաշտօնեայ մայրաքաղաք Փեքինում:

Սրա տակ պէտք է հասկանալ հետեւեալը. եթէ Գերմանիան եւ միւս զարգացած եւրոպական պետութիւնները երաշխաւորեն պարտամուրհակների օրինական վաճառքը, ապա չինացիները դրանք կը գնեն այնպիսի ծաւալով, որ իրենց համար շահաւէտ կը լինի: Եւ ընդհանրապէս, վերջին մի քանի տարիներին տնտեսագէտներն աւելի շատ են դիւանագիտական արտայայտութիւններ գործածում եւ խուսափում են ուղղակի գնահատականներ տալուց, քանի որ մի անզգուշ խօսքը կարող է նոր ցնցումների տեղիք տալ, իսկ ամերիկեան Տաու Ճոնզ Ինտասթրիըլ եւ Նազտաք տնտեսական ցուցանիշները կատաղած ճօճանակի պէս տատանւում են` իրենց ազդեցութիւնը թողնելով աւանդական շահաբաժինների եւ նոյնիսկ ոսկու արժէքի վրայ: Անցեալ շաբաթ ներդրողները խուճապի մատնուած` վաճառում էին նաեւ ոսկին, որը վերջին մի քանի տարիների ընթացքում կրկնապատկել էր իր արժէքը:

Բայց եկէք` վերադառնանք մեր արեւելեան հսկային:

Այսօր Չինաստանի տնտեսութիւնը աճում է մօտաւորապէս տարեկան 9 տոկոսով: Չինաստանի Կենտրոնական դրամատան տնօրէն Չժոու Սիաոչուանը յայտարարել է, որ բազմաթիւ տնտեսագէտների կանխատեսումներն այն մասին, թէ Չինաստանի տնտեսութիւնը աճելու է 15 տոկոսով, անիրական է ու հեքիաթային: Իրական պատկերը 8-10 տոկոսի սահմանագիծն է: 2008-2009 թուականների ճգնաժամային տարիներին Չինաստանը 1,7 թրիլիոն տոլար ներդրեց իր տնտեսութեան մէջ` նպաստելով արդիւնաբերական ապրանքների գների աճին եւ դրամի արժեզրկմանը: 2010 թուականից ի վեր Չինաստանի վրայ ճնշում է գործադրւում ազատ արձակել չինական դրամանիշը` եուանը, որից յետոյ մէկ տարուայ ընթացքում ազգային դրամանիշն աւելի քան 5,5 տոկոսով արժեւորուել է տոլարի նկատմամբ: Պարոն Չժոուն խոստացել է, թէ Չինաստանն այլեւս ջանք չի ներդնի իրենց ազգային դրամանիշի արժեւորուիլը զսպելու կապակցութեամբ, ինչպէս դա արեցին 2008 թուականին: Արեւելքի հսկան նոր մօտեցում է որդեգրել, որ հաւանաբար հաշուարկուած է եղել մէկ կամ երկու տասնեակ տարի առաջ:

Մի բան ակնյայտ է. Չինաստանի ձայնը գնալով աւելի հաստատուն է դառնում ինչպէս պետական քաղաքականութեան, այնպէս էլ տնտեսական ոլորտներում. «համայնավարական» այս վերջին հանգրուանի հետ հաշուի են նստում դրամատիրութեան դարաւոր հսկաները` յաճախ գլուխ խոնարհելով նրա պահանջների առաջ: Բայց արդեօ՞ք ամէն ինչ այդքան վարդագոյն է Չինաստանում: Մի՞թէ ճգնաժամը եւ համաշխարհային աղէտալի այս քամիները ոչ մի բացասական ազդեցութիւն չեն գործում այս պետութեան վրայ:

Պարզւում է, որ յաջողութիւնը միայնակ չի գալիս, այն իր հետ բերում է նաեւ համապատասխան հոգսեր: Երկրում աճում է անհատների եւ ձեռնարկութիւնների կողմից վերցուած պարտքերի ծաւալը: Շատերը նաեւ արդարօրէն կասկածում են, թէ համաշխարհային տնտեսութեան արգելակման հետ զուգընթաց կը դադարի նաեւ չինական ապրանքների նկատմամբ ցուցաբերուած հետաքրքրութեան աճը, եւ անհատներն ու ձեռնարկութիւնները չեն կարողանայ դուրս գալ իրենց վարկային պատասխանատուութիւնների տակից: Չինաստանում նկատւում է նոր մի երեւոյթ. զանգուածային բողոքների ալիքները գնալով աւելի յաճախակի են դառնում: Այսօր` հոկտեմբերի մէկին, երկիրը տօնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան հիմնադրման 62-րդ տարեդարձը, եւ շատ բարձրաստիճան ղեկավարներ ահով-դողով սպասում են, որ արդեօք զանգուածների բողոքը կը պոռթկա՞յ յարմար այս առիթի ընթացքում: Ժողովուրդը բողոքի ձայն է բարձրացնում ոչ միայն Թիպեթում եւ Սինցզեանում, որտեղ հիմնականում ազգային փոքրամասնութիւններն են կենտրոնացած. դժգոհում են նաեւ աւանդաբար «խելօք» համարուող շրջանների բնակիչները, եւ բողոքի ալիքը հիմնականում ուղղուած է կաշառակերութեան եւ դիւանակալութեան սանձազերծած ամենաթողութեան, ինչպէս նաեւ հողերի զաւթման դէմ:

Փողի արժեզրկումն իր կործանիչ դերն ունի վերոյիշեալ դժգոհութիւնների հարցում: 2009 եւ 2010 թուականներին երկրի կառավարութեան դրամական մօտ 3 թրիլիոն տոլարի խթանման պատճառով ուտելիքի գինն աննախադէպ չափով բարձրացել է: Վերջին տուեալների համաձայն, դրանց արժէքը մօտ 13,5 տոկոսով աճել է. խոզի միսը, որ չինացիների ամենասիրած կերակրատեսակներից է, թանկացել է աւելի քան 52 տոկոսով: Սա ուղղակիօրէն թշուառացրել է ընչազուրկ քաղաքացիներին: Չինաստանում ընթացիկ բողոքի ցոյցերի հիմքում ընկած են ուտելիքի գնի կտրուկ աճը եւ միլիոնաւոր մարդկանց գոյատեւման հարցը: Երկրում նկատւում է աւատապետութիւնից դրամատիրութեան անցման շրջանին յատուկ մի երեւոյթ. գիւղացիների ձեռքից հողը «գնում»` իրականում խլում են եւ հարուստների համար խոշոր ամարանոցներ կառուցում: Ծանօթ պատկեր է, այնպէս չէ՞: Գիւղացիներին հողի շուկայում գնի կէսը տալով` դուրս են վռնտում իրենց պապական տներից:

Առկայ է նաեւ մէկ այլ երեւոյթ. Չինաստանում տեղական կառավարման մարմինների կուտակած պարտքը գերազանցում է 10 թրիլիոն եուանի սահմանագիծը, եւ շատերի կարծիքով, վերջիններս չեն կարողանալու այդ պարտքերը վճարել, նոյնիսկ եթէ գիւղացիների ձեռքից խլեն իրենց հողերն ու վաճառեն դրանք գերհարուստներին: Սա իր հերթին առաջացնում է հաւասարակշռութեան խախտման մէկ այլ վտանգ:

Չինաստանն ունի չափազանց մեծ քանակի բնակչութիւն եւ սահմանափակ քանակութեամբ հող. հաշուի առնելով բնակչութեան թիւը` կարող ենք ենթադրել, որ եթէ կառավարութիւնը շուտափոյթ լուծումներ չգտնի կաշառակերութեան եւ անարդարութիւնների դէմն առնելու տեսանկիւնից, Չինաստանը կարող է կորցնել իր հաւասարակշռութիւնը, որ ոչ մի լաւ բան չի խոստանում մեզ բոլորիս: Չէ՞ որ համաշխարհային տնտեսութեան շոգեքարշն այսօր այս երկիրն է, եւ բազմաթիւ արեւմտեան տնտեսագէտներ զգուշութեամբ կանխատեսում են, թէ առնուազն մեր կեանքի ընթացքում Չինաստանի թռիչքը սանձել հնարաւոր չէ, բայց թռիչքն այդ իր հետ բերում է նոր խնդիրներ:

 


Share this Article
CATEGORIES