ՃԱՏՐԱԿ. ԱՇԽԱՐՀԻ 16 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ ՈՂԻՄՊԻԱԿԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆ ՅԱՂԹԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ (4-0), ՍԱԿԱՅՆ ՊԱՐՏՈՒԵՑԱՒ ՌՈՒՍԻԱՅԷՆ (2,5-1,5)
Թուրքիոյ Իզմիթ քաղաքին մէջ տեղի ունեցող ճատրակի աշխարհի 16 տարեկանէն վար Ողիմպիականին ծիրին մէջ, երէկ` չորեքշաբթի, 26 հոկտեմբերին կատարուեցան 4-րդ եւ 5-րդ հանգրուանի ճակատումները:
Հայաստանի պատանիներու հաւաքականը, որ 4-րդ հանգրուանին իրեն մրցակից ունէր Վրաստանը, 4-0 արդիւնքով շռնդալից յաղթանակ մը արձանագրեց: Կարէն Գրիգորեան, Յովհաննէս Կապուզեան, Տիգրան Յարութիւնեան եւ Զոհրապ Ապրեսեան արձանագրեցին մէկական յաղթանակ:
Ինչ կը վերաբերի 5-րդ հանգրուանին, Հայաստան կրեց մրցաշարքի իր առաջին պարտութիւնը` Ռուսիայէն, 2,5-1,5 արդիւնքով: Յովհաննէս Կապուզեան միակն ըլլալով յաղթանակ արձանագրեց: Կարէն Գրիգորեան արձանագրեց հաւասարութիւն մը մինչ Յարութիւնեան եւ Ապրեսեան պարտութիւն կրեցին:
Հակառակ իր կրած այս պարտութեան, Հայաստան 16 կէտով կը շարունակէ գրաւել պարագլուխի դիրքը` 1,5 կէտով գերազանցելով Ռուսիան:
6-րդ հանգրուանին, Հայաստան այսօր կը մրցի Ազրպէյճանի դէմ (4-րդ), իսկ Ռուսիա` Վրաստանի դէմ (3-րդ):
Ստորեւ կու տանք դասաւորումը` 5-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- ՀԱՅԱՍՏԱՆ | 4 | 0 | 1 | 16 |
| 2.- Ռուսիա | 4 | 0 | 1 | 14,5 |
| 3.- Վրաստան | 4 | 0 | 1 | 13,5 |
| 4.- Ազրպէյճան | 3 | 2 | 0 | 13 |
| 5.- Իրան | 3 | 1 | 1 | 12 |
| 6.- Չեխիաc | 4 | 0 | 1 | 12 |
| 7.- Մալեզիա | 3 | 1 | 1 | 12 |
| 8.- Հնդկաստան | 2 | 1 | 2 | 11,5 |


