ԵՒՐՈՊԱՅԻ 19 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆ ՅԱՂԹԵՑ ԱՆՏՈՐՐԱՅԻՆ ԵՒ ԱՊԱՀՈՎԵՑ Բ. ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ԻՐ ՏՈՄՍԸ
Հայաստանի 19 տարեկանէն վար կրտսերներու ֆութպոլի ազգային հաւաքականը երէկ` չորեքշաբթի, 26 հոկտեմբերին կատարեց Եւրոպայի 19 տարեկանէն վար կրտսերներու ախոյեանութեան զտումի Ա. հանգրուանի իր երրորդ եւ վերջին մրցումը` ճակատելով Անտորրայի դէմ:
Ժ. խմբակին մրցումները հիւրընկալող Հայաստան, որ իր այս մրցումը կատարեց Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ, 1-0 արդիւնքով յաղթեց իր մրցակիցին` շնորհիւ Աղուան Պապիկեանի նշանակած փենալթիին (82-րդ):
Իր արձանագրած այս յաղթանակին շնորհիւ, Հայաստան գրաւելով իր խմբակին երկրորդ դիրքը, իրաւունք ստացաւ մրցաշարքը շարունակելու եւ մասնակցելու Բ. հանգրուանի մրցումներուն:
Նշենք, որ Բ. հանգրուանի մրցումները տեղի պիտի ունենան մայիս 2012-ի վերջը:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք Հայաստան ապահովեց 6 կէտ` պարտութիւն կրելով միայն Յունաստանէն, որ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրելէ ետք Սլովաքիոյ հետ 7 կէտով գրաւեց պարագլուխի դիրքը:
Շատ հաւանական է, որ Բ. հանգրուանի մրցումներուն Հայաստան իր դէմ ունենայ Իտալիան, Գերմանիան, Պոսնիան, Այիրը, Ռումանիան, Պելճիքան, Սլովենիան, Դանիան, Սլովաքիան եւ կամ Աւստրիան:
Ստորեւ` Ժ. խմբակին վերջնական դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Յունաստան | 2 | 1 | 0 | 13 | 2 | 7 |
| 2.- ՀԱՅԱՍՏԱՆ | 2 | 0 | 1 | 4 | 3 | 6 |
| 3.- Սլովաքիա | 1 | 1 | 1 | 3 | 3 | 4 |
| 4.- Անտորրա | 0 | 0 | 3 | 0 | 12 | 0 |


