ՀԱՅՐԵՆԱԿԱՆՉ

Մարսէյից եկած Նաթալիի հետ նստած ենք  Ստեփանակերտի սրճարաններից մէկում:

– Ի՞նչ է քեզ համար Արցախը,- հարցնում եմ ես:

Հայկական ծագումով աղջիկն ընկնում է մտքերի մէջ:

– Երեւի Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհն է,- ասում է նա, ապա արդարանում, որ դպրոցական տարիքում Ղարաբաղն այդ մայրուղու ձեւով է տպաւորուել իր մէջ, քանզի ընտանիքում դրանից էին խօսում եւ կարեւորում ճանապարհի կառուցման հանգանակութեանը մասնակցելը:

Արցախը, որպէս հայոց յաղթանակի խորհրդանիշ, անցեալ դարավերջին սկսեց մտնել հայերի ինքնութեան մէջ` Ցեղասպանութեան ցաւով յագեցած այդ ինքնութեանը նոր որակ տալով: Սակայն շատ արագ արժեզրկեցինք Արցախը` աղքատ հարազատի կերպար ստեղծելով հայութեան հոծ զանգուածների համար: Արցախ, այսինքն հանգանակութիւն` ճանապարհի, դպրոցի, ջրի համար…

Պատերազմի ժամանակ շատ հայեր էին շտապում Արցախ` մեռնելու: Այսօր շատ քչերն են այստեղ գալիս ապրելու համար: Ինչո՞ւ: Չէ՞ որ հայրենիքը այնտեղ ապրելով են պահում: Չէ՞ որ այսօր Արցախին աւելի շատ մարդ է հարկաւոր` աշխատող, ստեղծագործող, ծրագրեր կազմող, գաղափարների համար պայքարող: Մեր հայրենիքի այս մասը, որի այժմեան տարածքն աւելի մեծ է, քան Լիբանանի տարածքը, ընդամէնը 140 հազար բնակիչ ունի: Սա է հայութեան գլխաւոր խնդիրը: Մարդիկ են ստեղծում արժէքներ եւ հարստութիւն: Փողը, ինչքան էլ այն շատ լինի, ի վիճակի չէ առանց մարդու արժէք ստեղծել:

Վերջին տարիներին սփիւռքի տարբեր կառոյցների աւելի ու աւելի է հետաքրքրում Արցախը: Բազմաթիւ ճամբարումներ, միջոցառումներ են կազմակերպւում այստեղ` 7-10 օր Արցախը վայելելու հնարաւորութիւն տալով հարիւրաւոր հայերի աշխարհի տարբեր երկրներից:

Չնայած այս ամէնին` ես հիասթափութիւնս պէտք է յայտնեմ Արցախի նկատմամբ հայութեան կրաւորականութիւնից: Արցախը ո՛չ աղքատ հարազատ է, ո՛չ էլ զբօսաշրջութեան վայր, որտեղ կարելի կը լինի եօթ օր քեֆ անել ու գնալ: Արցախը հայրենիք է, հայրենիքի մի մաս եւ նրան պէտք է վերաբերուել որպէս հայրենատէ՛ր:

Դրա լաւագոյն տարբերակը որոշ ձեւաչափեր գտնելն է, որոնք թոյլ կը տան սփիւռքի հայութեանը եւ յատկապէս երիտասարդութեանը ներգրաւել Արցախի կեանքում: Յատկապէս հետաքրքիր պէտք է լինի հասարակական դաշտը, որտեղ կազմակերպութիւններն ունեն մարդուժի խնդիր, միեւնոյն ժամանակ այս ոլորտը բաւականին ճկուն է` յարմարուելու տարբեր կարողութիւններ ու ունակութիւններ ունեցող անձանց: Սրա առաջին քայլը կարող են լինել երեքից վեցամսեայ սթաժները, ինչը թոյլ կը տայ Հայաստանից դուրս ապրող հայ երիտասարդին ճանաչել Արցախը, հասկանալ խնդիրները, լուծումներ փնտռել: Հայրենիքի նկատմամբ սիրոյ լաւագոյն դրսեւորումն էլ հէնց հայրենաճանաչողութիւնն է, նրա խնդիրներին խորամուխ լինելը: Սա լաւագոյնս կը մօտեցնի սփիւռքն եւ Արցախը, կը փոխի յարաբերութիւնների տրամաբանութիւնը եւ հիմք կը հանդիսանայ նոր որակական համագործակցութեան համար:

Ամրան ընթացքում «Արցախի եւրոպական շարժումը» երկու սթաժէօր էր հիւրընկալել Պէյրութից: Հայկազեանի շրջանաւարտներ էին: Ցաւօք կազմակերպութիւնը գումարներ չունէր տղաներին երկար հիւրընկալելու, այնինչ նրանք ցանկանում էին առնուազն մէկ տարի մնալ: Սթաժէօրների համար փոքրիկ կրթաթոշակ ունենալու կազմակերպութեան ու տղաների նամակները տարբեր գործարարների, հիմնադրամների` մնացին անպատասխան:

Շուտով կը մեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահաւաքը: Ես ուրախ կը լինեմ, որ իմ այս յօդուածը մտածելու տեղիք տայ հիմնադրամին գումար փոխանցող մեր հայրենակիցներին: Հայրենիքը ձեր կարիքն ունի ու` ձեր որդիների: Գտէ՛ք մեքանիզմներ ու միջոցներ նրանց Արցախ գալն ապահովելու համար:

ՀԱՅԿ ԽԱՆՈՒՄԵԱՆ

«Արցախի եւրոպական շարժում» ՀԿ նախագահ
Ստեփանակերտ, Արցախի Հանրապետութիւն
Share this Article
CATEGORIES