ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ ՎԻՃԱԿ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՇՆՈՐՀԻՒ ԱԶՐՊԷՅՃԱՆԸ ՀԱՍԱՒ ՅԱՋՈՂՈՒԹԵԱՆ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Ֆութպոլում մի վիճակ կայ, որը կոչւում է օֆֆսայտ, անգլերէնից թարգմանաբար` խաղից դուրս վիճակ: Հայաստանը ինքնակամ իրեն հէնց այդ վիճակի մէջ էր դրել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ոչ մշտական անդամի ընտրութիւններում, որը կայացաւ հոկտեմբերի 24-ին:

Արեւելաեւրոպական խմբից պայքարի մէջ էին մտել Եւրոպական Միութեան անդամներ Սլովենիան ու Հունգարիան, ինչպէս նաեւ` Ազրպէյճանը: Չորրորդ թեկնածուն Հայաստանն էր, սակայն մեր երկիրը յուլիսին հրաժարուել էր քուէարկուելուց: Քուէարկութեան առաջին իսկ փուլում Հունգարիան դուրս մնաց պայքարից: Ապա թէժ մրցակցութիւն ծաւալուեց Ազրպէյճանի եւ Սլովենիայի միջեւ: Եւ միայն քուէարկութեան 16-րդ փուլից յետոյ, երբ վերջինս հանեց իր թեկնածութիւնը, Ազրպէյճանը առաջին անգամ դարձաւ աշխարհի ամենահեղինակաւոր կազմակերպութեան` ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ոչ մշտական անդամ առաջիկայ երկու տարիների համար:

Շուրջ տասը տարի առաջ Հայաստանը, ապա անմիջապէս` Ազրպէյճանը, ցանկութիւն էին յայտնել դառնալու ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ոչ մշտական անդամ 2012-2013 թթ. համար: Այս յուլիսին` ընտրութիւններից երեք ամիս առաջ յայտնի դարձաւ, որ Հայաստանը հանեց իր թեկնածութիւնը:

Հայաստանը իր թեկնածութիւնը հանելով, իրեն խաղից դուրս թողեց` էապէս մեծացնելով Ազրպէյճանի ընտրուելու հնարաւորութիւնը: Բոլոր այն երկրները, որոնք Հայաստանի առկայութեան պայմաններում վերապահ կը լինէին աջակցել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ազրպէյճանին, քանի որ նրանց միջեւ կայ չկարգաւորուած հակամարտութիւն, Հայաստանի բացակայութեան պայմաններում,  այլ նկատառումներից ելնելով,  լիիրաւ ազատութիւն ստացան աջակցելու Ազրպէյճանին:

Այդպէս վարուեց նաեւ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարուող Ռուսաստանը: Եւ այն ժամերին, երբ Մոսկուայում պետական այցով գտնուող նախագահ Սերժ Սարգսեանն ու Տմիթրի Մետվետեւը հայ-ռուսական բարեկամութեան մասին գովեստներ էին շռայլում, Ռուսաստանը ՄԱԿ-ում իր բարեկամ երկրներին յորդորում էր քուէարկել Ազրպէյճանի օգտին: Այս հարցում Ռուսաստանին քննադատելը արդարացի չէ,  քանի որ երբ Հայաստանը չի ցանկանում դառնալ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ոչ մշտական անդամ, ապա Ռուսաստանը այլեւս պարտաւորուած չէ չքուէարկել Ազրպէյճանի օգտին: Չէ՞ որ Ռուսաստանի համար Ազրպէյճանը եւս դաշնակից է, ԱՊՀ անդամ պետութիւն, անմիջական հարեւան: Հայաստանի կողմից թեկնածութիւնը յետ վերցնելուց յետոյ ինչպէս Ռուսաստանը, այնպէս էլ բազմաթիւ ուրիշ  պետութիւններ այլ կերպ չէին էլ կարող վարուել:

Առ այսօր ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի քուէարկութիւնները ցոյց են տուել, որ նոյնիսկ Ազրպէյճանի կողմից օրակարգ բերուած,  իրաւական ուժ չունեցող բանաձեւերի քուէարկութիւններում լաւագոյն դէպքում Ազրպէյճանը կարողացել է ապահովել չորս տասնեակից պակաս ձայն: Պատճառներից հիմնականը եղել է այն, որ հակադիր կողմում եղել է Հայաստանը:

Այսպէս, 2008 թուականի մարտին, երբ Հայաստանը ապրում էր ներքաղաքական բարդագոյն ժամանակներ, Ազրպէյճանը,  օգտագործելով առիթը, ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի օրակարգ բերեց իր իսկ հեղինակած` Lեռնային Ղարաբաղին վերաբերող բանաձեւ,  որի դրոյթները անընդունելի էին հայկական կողմի համար: Ազրպէյճանի օգտին քուէարկեց ընդամէնը 39 երկիր ՄԱԿ-ի աւելի քան 190 անդամ պետութիւններից: 100 պետութիւն ձեռնպահ քուէարկեց, ինչը նշանակում է, որ նրանք եւս չէին կիսում ԼՂ հարցում Ազրպէյճանի տեսակէտը: 7 երկրներ, որոնց շարքում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամներից երեքը` Ռուսաստանը,  Միացեալ Նահանգները եւ Ֆրանսան, որոնք նաեւ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահող պետութիւններն են, դէմ քուէարկեցին:

2011 թուականի հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի` Ազրպէյճանի ոչ մշտական անդամ ընտրուելը ղարաբաղեան հակամարտութեան առկայութեան պայմաններում պարզապէս  անհնար կը լինէր,  եթէ Հայաստանը չհանէր իր թեկնածութիւնը:

Մինչեւ այսօր հրապարակաւ չի յայտարարուել,  թէ ի՛նչ պատճառով է Հայաստանը հրաժարուել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամ դառնալու ցանկութիւնից եւ հնարաւորութիւնից: Ե՛ւ արտաքին գործերի նախարարութիւնից, ե՛ւ նախագահականից հրաժարւում են մեկնաբանութիւններ տալ:

Արտաքին գործերի նախարար Նալբանդեանն ու նախագահ Սարգսեանը հաւանաբար համոզուած էին, որ Հայաստանը չի կարող ընտրուել, հետեւաբար` եթէ ընտրուելու հնարաւորութիւն չունես, ապա ինչո՞ւ այլեւս պայքարես, դիւանագիտական ջանքեր գործադրես, ֆինանսական միջոցներ ծախսես: Այս հարցերի պատասխանը արդէն տրուել է. պայքարել ոչ թէ ընտրուել փորձելու, այլ` խոչընդոտելու Ազրպէյճանի անդամակցութիւնը: «Նախաձեռնողական արտաքին քաղաքականութիւն» իրականացնող նախագահի եւ նրա արտաքին գործերի նախարարի համար հաւանաբար անընդունելի էր պարտութիւն կրել Իլհամ Ալիեւից ու Էլմար Մամետեարովից: Թւում է, թէ պայքարից հրաժարուելով` Հայաստանի արտաքին քաղաքականութիւն իրականացնող երկու հիմնական պատասխանատուները պարտուած դուրս չեկան ազրպէյճանցի իրենց գործընկերներից: Գուցէ` այո, սակայն պարտուեց Հայաստանը:

Ազրպէյճանի ընտրութիւնը կարելի է համարել նախագահ Սարգսեանի արտաքին քաղաքականութեան լուրջ բացթողումը եւ  Հայաստանի դիւանագիտական կոպտագոյն սխալներից մէկը:

Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES