ԳԵՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ ՅԱՅՏՆՈՒԱԾ ԸՆՏԱՆԻՔՆ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԷԱՆ

ԼՂՀ Մարտակերտի շրջան տանող Նոր Մարաղայ գիւղի ճանապարհին ուղեկիցներիցս մէկը յանկարծ յիշեց հայ-ազրպէյճանական պատերազմի ժամանակ գերեվարուած մի ընտանիքի պատմութիւն, որի մասին գրել էր ամերիկեան թերթերի համար: Նրա ստացած վերջին տեղեկութիւնն այն էր, որ 1,5 տարի գերութեան մէջ մնացած Լոլային ազրպէյճանցիները վերադարձրել են:

«Լոլան հիմա մեծ աղջիկ է, հաւանաբար` 19-20 տարեկան: Իսկ ինչու՞ չգտնել»,- յուզուած ասաց զրուցակիցս` գիւղացի թզավաճառ կնոջը հարցուփորձ անելով: Պարզուեց` գերութեան մէջ մնացած ընտանիքն ապրում է Շուշիում, իսկ ընտանիքի մօր հայրը` Նոր Մարաղայում, ում հետ, սակայն, չկարողացանք հանդիպել: Յաջորդ օրն առաւօտեան տեղեկութիւն ստացանք, որ Լոլան աշխատում է Շուշիի հիւանդանոցում, որտեղ էլ անմիջապէս ուղեւորուեցինք: Շուշիի հիւանդանոցի կիսախարխուլ շէնքում լռութիւն էր տիրում, որը երբեմն խախտում էին յատուկենտ հիւանդների ոտնաձայները:

Բարձրացանք ծննդաբերական բաժանմունք, որտեղ Լոլան աշխատում է` որպէս մանկաբարձ: Մի քանի վայրկեան անց մեզ ընդառաջ եկաւ հեզ, դէմքի մեղմ արտայայտութեամբ աղջիկը: Զրուցակիցս, որ Լոլայի մասին գրել էր նրա գերութեան տարիներին, սկսեց յուզուել: Մեր զրոյցը տեւեց մի քանի րոպէ: Նախ խօսեցինք Շուշիում ծնելիութեան մասին, որտեղ, ըստ նրա, ծնունդների թիւը կտրուկ նուազել է, եւ պատահում է, որ անգամ ամիսը մէկ ծնունդ չեն ունենում: «Պատերազմը մեծ հետքեր թողեց քաղաքում…», յանկարծ ասաց 21-ամեայ աղջիկը` նայելով դէպի հիւանդանոցի երկար միջանցքը: Իր գերութեան մասին Լոլան իմացել էր վերջերս: Նրա ասելով` մայրը միշտ թաքցրել էր այդ փաստը թէ՛ իրենից, թէ՛ եղբօրից, որը նոյնպէս գերեվարուել էր: «Բացարձակ բան չեմ յիշում… Փոքր էի», իրեն բնորոշ մեղմութեամբ պատասխանեց Լոլան: Ժամեր անց մենք ուղեւորուեցինք Լոլայենց բնակարան, որտեղ դուռը բացեց աղջկայ մօրական տատը` հրաւիրելով ներս: Տատն անտարբեր նստեց բազմոցի ծայրին` ուշադիր նայելով մեզ:

Կորուստների դառնութիւնից նա քչախօս էր դարձել: Վերջինս կանչեց աղջկան` Կարինէին` Լոլայի մօրը, ով դողդողացող ձայնով, հազիւ լսելի, բարեւ տուեց մեզ, յետոյ նստեց սենեակի անկիւնում: Տիկին Կարինէն խօսում էր կցկտուր` անընդհատ սրբելով արցունքները:

Նա, կարծես, չէր կարողանում բոլորի ներկայութեամբ խօսել, միայն մատնացոյց էր անում այժմ Ազրպէյճանի տարածքում գտնուող Մարաղայ գիւղն ու կրկին սրբում թաց դէմքը:

Քիչ անց խնդրեցի նրան առանձին զրուցել:

«Մարաղայից եմ: Էն ժամանակ ոեւէ մէկը չէր հաւատում, որ ազրպէյճանցիները գիւղ կը մտնեն:

Կանոնաւոր բանակ չկար, գիւղի տղամարդիկ էին հսկում սահմանները: Յետոյ ինչ-որ ծրագիր էին կազմել` հակառակորդի շղթան ճեղքելու, գիւղից դուրս գալու համար, բայց չստացուեց», փայտեայ աթոռին կուչ եկած` պատմում էր կինը, ում խօսքով` մինչ 1992թ. կրակոցներ մշտապէս էին լինում, գողութիւններ էին անում դաշտերից, կրակում դաշտում աշխատող մարդկանց վրայ: «1992թ. ապրիլի 10-ին ազրպէյճանցիները մտան գիւղ: Դա բանակ չէր, այլ անկանոն հրոսակախումբ` զինուորական, ոստիկանական, քաղաքացիական համազգեստներով: Ոնց որ գազազած վոհմակ լինէր: Անխնայ ծեծում, ջարդում, գերի էին վերցնում գիւղացիներին: Իմ աչքի առաջ սպաննում էին: Ես տեսել եմ սպանութիւններ, արեան լճակներ,  մոխրացած,  մորթուած դիակներ, կանայք, որոնց աղիքները դուրս էին թափուած: Տները եւ տներին մօտ ընկած դիակները վառում էին: Էն ժամանակ այս ամէնը չէի զգում, կարծես քարացել էի», վերյիշում էր պատերազմի ականատեսը: Կնոջ փոխանցմամբ, ապրիլի 10-ի ամբողջ գիշերը ազրպէյճանցիները հրետակոծել են ամբողջ գիւղը: «Յետոյ կէսօրին անցան գնդացիրներին:

Գնդացիրներին գնդակները կարկուտի տարափի պէս թափւում էին: Նրանք, որոնք մենակ էին եւ ապրում էին գիւղի ծայրամասերում, կարողացան փախչել, իսկ նրանք, ովքեր երեխաների հետ էին, մնացին գիւղում: Մենք մտածում էինք, որ տղաները դիրքում էին ու կը զգուշացնեն: Օրինակ մենք շատ հոգով էինք, չկարողացանք: Գետնափոր ապաստարաններում էինք մնում: Տան առջեւի մասում աւազէ պարկեր էին դրել, որտեղ թափւում էին գնդակները: Նրանք խփում էին մեր գիւղի խաղողի այգիներից: Լուսամուտով դուրս էին գալիս, գնում էին փոսը: Յետոյ արկեր էին պայթեցնում, ու ամէն արկի պայթիւնից էնքան մեխ ու մետաղ էր թափւում: Էդ ժամանակ մենք անմիջապէս գնում էինք գետնափոր ապաստարանները», սառը հայեացքով պատմում էր զրուցակիցս: Ըստ նրա, ազրպէյճանցիներն իրենց գտան գետնափոր ապաստարանում, որտեղ թաքնուել էին 12 հոգով: «Մեր հարեւաններն էին, մեր ընտանիքից` ես, երկու երեխաներս ու կեսրայրս: Իմ աչքի առաջ ազրպէյճանցիները տարան ամուսնուս հօրը, ով այն ժամանակ 65 տարեկան էր, ոտքից էլ վիրաւոր էր, չէր կարող փախչել, բայց յետոյ գերիների փոխանակման ժամանակ այդպէս էլ չգտանք նրա անունը», նշեց տիկին Կարինէն, ով դժուարացաւ յիշել, թէ վերջին անգամ ե՞րբ էր տեսել ամուսնուն, ով այդպէս էլ մնաց անյայտ կորածների ցուցակում: Գիւղը շատ զոհեր է տուել, որոնց թիւը զրուցակիցս յստակ չգիտէր: Նրա ասելով` մօտ 56 դիակներ միայն գիւղից էին հաւաքել, բոլորի աճիւններն ամփոփուել են գիւղի գերեզմանատանը, մօտ 70 հոգու գերի են տարել` այդ թւում նաեւ 10 երեխաների:

Գերեվարուած երեխաների թւում էին նաեւ տիկին Կարինէի երկու երեխաները` Նարեկն ու Լոլան: «Երբ արդէն ինքնապաշտպանական շղթան ճեղքել էին` մտնելով գիւղ, եւ սկսել էին վայրագ սպանութիւնները: Այդ օրը երեխաներիս խլեցին ինձնից` աղջիկս` 1,5, տղաս` 3 տարեկան էր: Նրանց ձեռքին գնդացիրներ, կացնանման գործիքներ կային, որոնց մի կողմը կացինի նման սուր էր, միւս կողմն էլ մուրճի էր նման: Մի կողմով խփում էին, միւս կողմով` կտրում: Գնդացիրներ ամէնքը չունէին, բայց այդ գործիքը կար մեծամասնութեան մօտ», շարունակեց կինը, ում եւս գերի էին տարել: Կնոջ ասելով` որդին գտնուեց գերութեան երրորդ օրը: «Յետոյ ինձ էլ տարան այդ օրը: Երեխաներին առանձին տարան, ինձ` առանձին: Ես չտեսայ երեխաներին: Ինձ 3 ամիս յետոյ փոխանակեցին: Ապրում էի ազրպէյճանցի գիւղացու տանը: Նրանք ինձ ազատ արձակեցին էն պայմանով, որ գամ Ղարաբաղ եւ փորձեմ գտնել իրենց տղային: Հէնց այդ մարդը գտաւ իմ տղային», նշեց գերութեան մէջ յայտնուած կինը: Կնոջ փոխանցմամբ, շուրջ 3 ամիս ինքն ու որդին բնակւում էին ազրպէյճանցիների ընտանիքներում` գիւղէ գիւղ թափառելով: «Նրանք մեզ թաքցնում էին շրջապատից: Եթէ որեւէ մէկը գլխի ընկներ, որ իրենք հայ են պահում, վատ կը լինէր: Տարբեր գիւղերում ապրեցինք: Ես վախենում էի դուրս գալ տնից, բայց երեխան իրենց երեխաների հետ խաղում էր դրսում: Իսկ երբ շրջապատը կասկածում էր, որ իրենք հայ են թաքցնում, մեզ աղջիկների հետ տեղափոխում էին մէկ այլ գիւղ», վերյիշում էր զրուցակիցս, ում ազրպէյճանցիները հետագայում Հադրութի Տող գիւղում փոխանակել են դիակների հետ: Այդ ժամանակ էլ զրուցակիցս լսեց քրոջ մահուան լուրը, ով դիակների հետ փոխանակելիս ականից էր մահացել` որբ թողնելով երկու երեխաներին: «Արդէն 1,5 տարի էր անցել, որ Լոլային գերի էին տարել: Ես չէի հաւատում, որ կը գտնէինք: Լոլային, փաստօրէն, Գանձակի մանկատուն էին տարել: Երեխայի աչքերից զգացի, որ նա իմ երեխան է», պատմում է կինը:

Այդ տարիներին գերութիւնից վերադարձած ընտանիքը տեղափոխուեց Ստեփանաւան, որտեղ բնակւում էր ամուսնու քոյրը: Շուշի վերադարձան 2007թ.: Երկու երեխաներն էլ ընդունուեցին համալսարան:

Տիկին Կարինէն այս ամբողջ պատմութիւնը պատմում էր բաւական սառը, մի տեսակ զսպելով արցունքները: Ըստ նրա, թէեւ հիմա գերութեան մէջ չեն, բայց դժուարութիւնները շարունակւում են: Այսօր նա աշխատանք չունի:

Նարեկն ու Լոլան աշխատում են, բայց նրանց աշխատավարձով, մեղմ ասած, ծերը ծերին չեն հասցնում: «Ինչ էլ լինի` թող պատերազմ չլինի:

Էն ժամանակ ամուսնուս կորցրեցի,հիմա տղաս մեծացել է… Նրանք տուժած սերունդ են:

Երեխաներից շատ բան թաքցրել եմ գերութեան, պատերազմի մասին: Երբ տղաս դպրոց գնաց, այրեցի բոլոր այն թերթերը, որտեղ գրել էին մեր մասին,- ասաց զրուցակիցս եւ աւելացրեց. էն ժամանակ ուժեղ էի, հիմա ուժեղ չեմ:

Ուժասպառ եմ եղել»: Երբ արդէն հրաժեշտ էի տալիս տիկին Կարինէին, տան դրան մօտ սկսեց անզուսպ լաց լինել: Երկուսս էլ լռեցինք:

Յետոյ պատմեց, թէ ինչպէս է Նոր Մարաղայ գիւղի վերաբնակիչներից մէկը փորձում խլել հօր հողամասը: «Ես գիտեմ, որ մեզ դժուար թէ օգնեն, բայց գոնէ էս մի հարցում ընդառաջեն մեզ: Ախր, հայրս էդ միրգն ու բանջարեղէնը աճեցնում է երկու որբերի համար»: Կնոջ փոխանցմամբ, վերաբնակիչը մեծ կապեր ունի «վերեւներում», իսկ իրե՞նք…. Իրենք որեւէ բան չունեն, բացի այն ծանր յիշողութիւններից ու դառը կեանքից, որ, թւում է, դարից էլ երկար է ձգւում…

 

«168 ժամ»

Share this Article
CATEGORIES