Ի՜ՆՉ «ԼԱՒ ՀԱՇՈՒԵԼ» ԳԻՏԵՆ ԱԶՐՊԷՅՃԱՆՑԻՆԵՐԸ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍԵԱՆ
«Վերջին 20 տարում Շուշիի եւ Աղտամի շրջանների զբօսաշրջային տնտեսութեանը հասցուել է 1 միլիառ 894 միլիոն 740 հազար մանաթի վնաս: Դրանից 1 միլիառ 850 միլիոն 410 հազար մանաթը բաժին է ընկնում Շուշիի, 44 միլիոն 330 հազարը` Աղտամի շրջանին: Շուշի քաղաքում եւ մերձակայքում մինչեւ «բռնագրաւումը» (չակերտները մերն են- Վ. Ա.) գործել է մօտ 100 զբօսաշրջային վայր, տարեկան շահոյթը` կազմել 68 միլիոն մանաթ, իսկ 20 տարուայ ընթացքում կարող էր կազմել 1,3 միլիառ»:
Այս տնտեսագիտական հաշուարկը հնչեցրել է Ազրպէյճանում գործող «Խօսքի ազատութեան հիմնադրամի» ղեկավար Վուկար Թոֆիկլին: Ազրպէյճանական «հանրային» գործչի տեսակէտը մեզ հետաքրքրեց երկու առումով: Նախ` ի՞նչ առնչութիւն ունի նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ մասնաւորապէս Շուշիի շրջանի հետ: Երկրորդ` հարեւան հանրապետութեան պաշտօնական քարոզչութիւնը ջանք չի խնայում բոլորին «համոզելու», որ «տասնամեակներ շարունակ կերակրել եւ պահել է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց»: Իսկ այսօր հրապարակւում են թուեր, որոնք, մեղմ ասած, այդ մօտեցումը չեն ամրապնդում:
Եթէ միայն Շուշիի եւ նրան յարակից մօտ 100 զբօսաշրջային վայրերից Ազրպէյճանը տարեկան 68 միլիոն մանաթի շահոյթ է ունեցել տասնամեակներ շարունակ, միջանկեալ նկատենք, որ 1 մանաթի փոխարժէքը 1 եւրօ է կազմում, ապա պարզագոյն թուաբանական հաշուարկը յուշում է, որ միայն զբօսաշրջային պիզնըսի շնորհիւ Պաքուն 1923-1988 թուականներին Լեռնային Ղարաբաղից քաղել է 4 միլիառ 420 միլիոն եւրօ գումարի զուտ շահոյթ: Եթէ այդ փողերի գոնէ մի մասը Պաքուն վերադարձներ Լեռնային Ղարաբաղին` տնտեսական կամ ենթակառուցուածային ներդրումների տեսքով, ապա բազմաթիւ հարցեր լուծուած կը լինէին: Այդ թւում` զբօսաշրջային պիզնըսի բնագաւառում, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը միայն Շուշին եւ շրջակայքը չէ, եւ 100-ի փոխարէն հնարաւոր կը լինէր ստեղծել աւելի շատ զբօսաշրջային վայրեր: Նկատենք, որ 1988 թ. Խորհրդային Միութեան կառավարութեան մշակած ԼՂԻՄ ընկերային-տնտեսական վերականգնման
7-ամեայ ծրագրի արժէքը կազմում էր ընդամէնը 400 միլիոն խորհրդային ռուբլի: Այսինքն, նախատեսւում էր տարեկան ծախսել աւելի քիչ գումար, քան Ազրպէյճանն ինքնավար մարզից կորզում էր միայն զբօսաշրջութեան բնագաւառից:
Պաշտօնական Պաքուն այլ դէպքերում «ոսկէ սարեր» է խոստանում եւ հոխորտում, որ «հարուստ Ազրպէյճանը կարող է Լեռնային Ղարաբաղում մեծ ներդրումներ անել»: Ի՞նչ է պատահել, որ այնտեղ սկսել են «մանրադիտակային» հաշուարկներ անել եւ սգալ «իրենց եկամուտների կորուստը»:
Եւ, վերջապէս, նոյն քարոզչութիւնը կաշուից դուրս է գալիս` «ապացուցելու», որ Լեռնային Ղարաբաղն «ինքնուրոյն տնտեսութիւն ունենալ չի կարող»: Պարզւում է, միայն զբօսաշրջութիւնից ԼՂՀ-ն կարող է տարեկան 68 միլիոն եւրօ մաքուր շահոյթ ունենալ: Իսկ գուցէ զբօսաշրջութեան ենթակառուցուածքների վերականգնման` Արցախի կառավարութեան կողմից յաջողութեամբ իրականացուող ծրագի՞րն է գրգռել Ազրպէյճանի ախորժակը: Գուցէ, այնուամենայնիւ, ղարաբաղեան կարգաւորման բանակցութիւններում Ազրպէյճանի ծայրայեղական դիրքորոշումն ամենեւին էլ «պատուի գործի» մղումներից չէ, այլ ունի յստակ տնտեսական ենթատե՞քստ:
Նոյնիսկ` շատ հնարաւոր է: Եւ կարծես ժամանակն է, որ մենք էլ մեր հերթին, խնդրի լուծման պատմա-իրաւաքաղաքական հիմնաւորումներին զուգահեռ, շեշտադրենք նաեւ ԼՂՀ հանդէպ Ազրպէյճանի կողմից իրականացուած տնտեսական ծաւալապաշտութեան բաղադրիչը: Ի վերջոյ, յայտնի է, որ քաղաքականութիւնը տնտեսութեան շարունակութիւնն է: Կամ ընդհակառակը` տնտեսութիւնն է քաղաքականութիւն ծրագրում:
«Ազգ»

