ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ

ԱՐԻԿ ՄԱՆՈՒԿԷԱՆ

Իսլամական աշխարհում կատարուող իրադարձութիւններն ստիպում են մտածել` արդեօք հակամարտութիւնների շղթայ չի՞ ձեւաւորուել եւ, ինչպէս ասում են, որտեղի՞ց են աճում ոտքերը:

Ամերիկայի կողմից ստեղծուած Իսրայէլն ու տարածաշրջանում իր միակ դաշնակից Թուրքիան դադարել էին ճկուն ու արդիւնաւէտ լինելուց:

Այդ պատճառով էլ, ճնշման նոր լծակներ ու առանց այն էլ բաժանուած, բայց նաւթով ու կազով հարուստ իսլամական աշխարհ ներխուժման պատճառներ էին անհրաժեշտ:

Ամէն ինչ սկսուեց սեպտեմբերի 11-ից: Միջազգային ահաբեկչութեան դէմ պայքար: Երբ Ամերիկան ու նրա դաշնակիցներն ընդունեցին Իրաքի վրայ յարձակուելու որոշում, հէնց դրանով սկիզբ դրեցին համաշխարհային նորագոյն պատմութեան սկզբի… Եւ ինչպէս այն ժամանակ էին ասում,  աշխարհը բաժանուեց երկու մասի` մինչեւ սեպտեմբերի 11-ը եւ դրանից յետոյ:

Պէտք է նշել, որ աստիճանաբար ամրապնդուող ու հեղինակութիւն ձեռք բերող Իրանը դառնում էր իսլամական աշխարհի ոչ պաշտօնական առաջնորդը, որը սեփական հիւլէական ռումբեր ստեղծելու համար իւրանիոմ հարստացնելու ինքնուրոյն փորձեր էր անում:

Այս ամէնը չէր կարող անտարբեր թողնել Միացեալ Նահանգներին ու նրա համախոհներին:

Հին քաղաքականութեան վերաբեռնում եւ խաղի նոր կանոնների առաջադրում. այս ամէնն իրեն երկար սպասեցնել չտուեց: Ընդամէնն առիթ էր պէտք տարածաշրջան ներխուժելու:

Իրաքից յետոյ դաշնակիցների զօրքերը մտան Աֆղանստան, իսլամական աշխարհում դժգոհութիւնների ալիք բարձրացաւ ինչպէս հարուստ, այնպէս էլ աղքատ շրջաններում:

Ամերիկային դէմ տրամադրուած Իրանն սկսեց վայելել ողջ իսլամական աշխարհի համակրանքը` դրանով իսկ իր վրայ կրելով իսլամական աշխարհի առաջնորդի գործառոյթները… Բնականաբար այս ամէնը չէր կարող դուր գալ Ամերիկային:

Միջին ու Առաջաւոր Արեւելքի հետ յարաբերութիւնների նոր հայեցակարգ մշակուեց: Եւ, համապատասխանաբար,  հիմնական շեշտը դրուած էին Իսրայէլի ու Թուրքիայի վրայ:

Ձեռնահարութեան ենթարկելով այդ յարաբերութիւնները մասնաւորապէս լիբանանեան երկրորդ հակամարտութեան սկզբում, որի ընթացքում հեռացուեցին «ՀԱՄԱՍ» շարժման առաջնորդներ` շէյխ Ահմետ Եասինն ու Ապտուլազիզ Ռանթիսը, Թուրքիայի իշխանութիւնները, ի դէմս վարչապետ Էրտողանի, ծայրայեղ բացասաբար արձագանգեցին Թել Աւիւի Միջին Արեւելքի խնդիրների կարգաւորման մեթոտներին` հրէական ղեկավարութեան քաղաքականութիւնը բնութագրելով որպէս «պետական ահաբեկչութիւն»:

Թուրքիայի ու Իսրայէլի յարաբերութիւնների եռման կէտը դարձաւ Կազայի հատուած մարդասիրական օգնութիւն տեղափոխող «Կապոյտ Մարմարա» նաւատորմի հետ կապուած միջադէպը:

Իսրայէլի հետ յարաբերութիւնների վատացմանը զուգահեռ` լարւում էին նաեւ Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնները:

Միացեալ Նահանգների Քոնկրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովն ընդունեց 1915 թուականին Թուրքիայում կատարուած դէպքերն ընդունող բանաձեւ:

Ի պատասխան քոնկրեսականների քայլի` Թուրքիան յետ է կանչում Միացեալ Նահանգներում իր դեսպանին:

Այս պարագայում մենք ականատես ենք լինում` ի՛նչ վարպետօրէն է օգտագործւում Հայկական հարցը` տարբեր նպատակների հասնելու համար: Հայոց ցեղասպանութիւնը դառնում է լուրջ խաղաքարտ, որը խաղարկւում է Միացեալ Նահանգների, Թուրքիայի ու Իսրայէլի կողմից: Վերջինս, ապրած լինելով Հոլոքոսթը, պէտք էր հայերի հետ համերաշխ լինէր այդ հարցում, սակայն մինչ օրս չի ընդունում Հայոց ցեղասպանութիւնը` շահարկելով դա քաղաքական նպատակներով:

Ինչպէս ընդգծել էր Հրէական համալսարանի գիտնական Մայքըլ Սթոնը` «Հրեաները, որպէս Հոլոքոսթ վերապրած ազգ, կիսում են հայերի ցաւը, սակայն Իսրայէլ պետութիւնն այլ կերպ է մտածում»:

Այս կերպ Թուրքիան, օգտագործելով իր դաշնակիցներին, որոնց համար Հայաստանը ոչինչ չի նշանակում, իսլամական աշխարհին շատ զգուշօրէն տրամադրում է Հայաստանի դէմ:

Իսլամական աշխարհը, հետեւելով Թուրքիայի, Միացեալ Նահանգների ու Իսրայէլի դիւանագիտական յարաբերութիւնների վայր ի վերումներին եւ տեսնելով` ինչպէ՛ս է Թուրքիան միայնակ պայքարում երբեմնի մօտիկ դաշնակիցների դէմ` պաշտպանելով իր «մահմետական եղբայրներին», սկսում է համակրել Թուրքիային: Այդպիսով, մի առ ժամանակ Թուրքիան դառնում է տարածաշրջանի գլխաւոր խաղացողը:

Անգամ Եգիպտոսը, որ նոյնպէս իրեն համարում է առաջնորդ արաբական աշխարհում, վերջերս տեղի ունեցած յեղափոխութիւնից յետոյ սկսում է աւելի համակրել Թուրքիային, քան Իրանին, վերջինիս մեղադրելով հակակառավարական ալիքների ու անկարգութիւնների հրահրման մէջ, յատկապէս` արաբական երկրների շիայ բնակչութեան շրջանում (Սէուտական Արաբիա,  Քուէյթ, Քաթար, Պահրէյն, Արաբական Միացեալ Էմիրութիւններ եւ Օման):

Նրանց աջակցել է նաեւ Յորդանանը` ցանկութիւն յայտնելով դառնալ խորհրդի անդամ:

Վերջերս Յորդանանի թագաւորն այցելել էր Սէուտական Արաբիա, որտեղ երկու արաբ միապետերը պայմանաւորուել են սերտ համագործակցութեան եւ լիակատար փոխօգնութեան մասին: Այսպէս, Եգիպտոսի նոր արտաքին գործերի նախարար Մոհամետ Արապին պարզաբանել է եգիպտական կառավարութեան դիրքորոշումը` կապուած Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ յարաբերութիւնների բնականոնացման հետ:

Այս հարցը քննարկւում է նաեւ փետրուարեան յեղափոխութիւնից եւ նախագահ Հիւսնի Մուպարաքի տապալումից յետոյ Եգիպտոսի քաղաքական օրակարգում:

Արապին ասել է. «Իրանի հետ մերձեցումը երբեք տեղի չի ունենայ Պարսից ծոցի մեր եղբայրների հաշուին: Պարսից ծոցի անվտանգութիւնը գտնւում է Եգիպտոսի ուշադրութեան կենտրոնում եւ հանդիսանում է եգիպտական գլխաւոր առաջնահերթութիւնը»: «Արաբական աշխարհն աւելի հակուած է Եգիպտոսի հետ համագործակցութեան», ընդգծել է նա: Արդիւնքում կարելի է ասել, որ Իրանի դաշնակից մնացել են միայն Իրաքի շիաները,  Լիբանանի շիական «Հզպալլան» եւ Սուրիոյ նախագահ Պաշշար Ասատի ալեւիական վարչակարգը: Սակայն Իրանի համար այստեղ էլ ամէն ինչ այնքան հարթ չէ:

Սուրիայում Ասատի դիրքերը խիստ խախտւում են, եւ դեռ պարզ չէ` կը դիմադրի՞ նրա վարչակարգը, թէ ողջ երկրում աննախադէպ լայնածաւալ խռովութիւնները կը տապալեն նրա իշխանութիւնը:

Աւելի քան 10 հազար սուրիացի փախստականներ ապաստան գտան Թուրքիայում: Երկրում դեռ շարունակւում են անհանգստութիւնները,  իսկ Թուրքիան շարունակում է շահեր հաւաքել:

«Թուրքիան պէտք է օրինակ դառնայ արաբական աշխարհի համար», Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի հետ յունիսի 1-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում յայտարարել է Միացեալ Նահանգներիի նախագահի նախկին թեկնածու ծերակուտական Ճոն Մաքքէյնը:

Նրա խօսքով, Միացեալ Նահանգներն ուշադիր հետեւում են տարածաշրջանի զարգացումներին եւ արաբական աշխարհում ժողովրդավարական վերափոխումներին ուղղուած Թուրքիայի նախաձեռնութիւններին:

«Պրն. Էրտողանի հետ մենք շատ օգտակար հանդիպում ենք ունեցել, եւ շատ հարցերում մեր տեսակէտները համընկնում էին: Մենք կարծում ենք, որ Թուրքիան պէտք է շարունակի սուրիական խնդիրները լուծելու իր ջանքերը: Այդ երկրում մարդկային ամենաիրական ողբերգութիւն է տեղի ունենում: Ամէն օր այնտեղ մարդիկ են զոհւում, եւ նախագահ Ասատը պէտք է պատասխան տայ այդ ամէնի համար: Մեր կարծիքը հետեւեալն է` Ասատը պէտք է հեռանայ,  որպէսզի արիւնայեղութիւնն այդ երկրում ի վերջոյ դադարի», ծերակուտականի խօսքն են մէջբերել թուրքական լրատուամիջոցները:

Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի վարչապետն սկսեց իր այցը «արաբական գարուն»-ի երկրներ (Եգիպտոս, Լիպիա, Թունուզ): Այցի նպատակն այդ հանրապետութիւններում «ժողովրդավարութեան հաստատումն» էր,  ինչպէս նաեւ` Միջին Արեւելքում ռազմավարական գործընկերութեան հարցերի քննարկումը: Բայց, այն, թէ ինչպէ՛ս են այս երկրներում ընդունում Թուրքիայի վարչապետին, ցոյց է տալիս, որ Թուրքիայի հեղինակութիւնն ու ազդեցութիւնը մեծանում է արաբական աշխարհում:

Լիպիայի մայրաքաղաք Թրիփոլիում խանդավառուած ժողովրդի առաջ Թուրքիայի վարչապետը յայտարարեց. «Տարածաշրջանում միահեծան վարչակարգերի ժամանակն իր աւարտին է մօտենում, միահեծանութիւնը սպառել է իրեն: 21-րդ դարում մարդիկ ցանկանում են ապրել ազատ երկրում: Արեան գնով հնարաւոր չէ իշխանութեան աթոռին երկար մնալ: Առաջնորդները, ովքեր սեփական ժողովրդի արիւնն են հեղում, վաղ թէ ուշ` անհետանալու են: Լիպիացիներն ապացուցեցին, որ կարող են ապրել ազատ»:

Այս ամէնը` Միացեալ Նահանգների եւ նրա երկու դաշնակիցների կողմից գրագէտ կերպով ղեկավարուող այս ողջ արշաւը տուեց իր պտուղները: Հիմնական նպատակը Իրանին որպէս իսլամական աշխարհի առաջնորդ չէզոքացնելն ու Թուքիային առաջնորդ դարձնելն է: Հէնց սրանով էլ Միացեալ Նահանգներն իսլամական աշխարհն ու Միջին Արեւելքը դարձնում է կառավարելի:

Իսկ ինչի՞ ականատեսն ենք մենք հիմա. յեղափոխութիւնների ալիք արաբական երկրներում ու Միջին Արեւելքում` Թունուզ, Եգիպտոս, Լիպիա, Եմէն, Սուրիա… Այս շղթան դեռ կը շարունակուի: Քաղաքական նուաճումներից յետոյ տեղի կ՛ունենայ եւ տնտեսական լիակատար նուաճում,  եւ այդ դէպքում Միջին Արեւելքի ու արաբական երկրները լիովին «կը ժողովրդավարացուեն»:

«Հայնիուզ»

Share this Article
CATEGORIES