ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԷՆԵԱՆ

ՅԱԿՈԲ ՅԱԿՈԲԵԱՆ

Տակաւին 24 ժամ էլ չի անցել, եւ ես ստիպուած այս տողերն եմ գրում պատանեկութեան ընկերոջս` Կիպրոսի Մելգոնեան կրթական հաստատութիւնում սկսուած ընկերութեան մասին, աւելի ճիշդ պիտի ըլլայ ըսել` եղբօրս մասին: Քանի որ այն տարիները, երբ մի քանի հարիւր հայ պատանիներ եւ պարմանուհիներ, հաւաքուած տարբեր գաղթօճախներից, ապրում էին Մելգոնեան կրթական հաստատութեան սահմաններում, Կիպրոս կղզու մի հողակտորի վրայ` փշալարերով առանձնացուած մարդկային հասարակութիւնից, անշուշտ նախ եւ առաջ բաժանուած իրենց ընտանիքներից, իրենց ամենաթանկագին հարազատներից, կազմւում էր մի նոր ընտանիք` տասից քսան տարեկան պատանիներու, որոնք շատ շուտով դառնում էին եղբայրներու եւ քոյրերու պէս, հարազատանում եւ կապւում իրարու: Եւ կարծեք, այդ էր դժբախտ ճակատագիրը այդ անբախտներուն, որ մի քանի տարի անց նորից, այդ եղբայրները եւ քոյրերը, ստիպուած, ցաւօք, պէտք էր բաժնուէին իրարից: Իրենց նոր ընտանիքից: Դուրս գալով փշալարերի շրջափակումից` պիտի վերադառնային իրենց ընտանիքներուն, վերադառնալով կեանք` ստիպուած նորից ապրելու բաժանումի դառը յիշատակը: Մարդուս ապրած ամենատխուր ապրումներէն մէկը, զգացումներէն մէկը, կը կարծեմ, որ բաժանումն է սիրելիներէ եւ տեղէ մը, ուր, օրինակ, ծնուել ես:

Կարպիսի հետ մեր հանդիպումներէն ու խօսակցութիւններէն յիշում եմ մահուան մասին խօսակցութիւն մը, երբ ինքը, յիշելով հին յոյն փիլիսոփայի մը մահուան մասին մտածումները, կրկնում էր` ինչո՞ւ վախնալ մահից, մահը ի՞նչ է, ըստ յոյն փիլիսոփային, երբ կենդանի ես, ուրեմն չես գիտեր` ի՛նչ է մահը, իսկ երբ մեռած ես, արդէն չես գիտեր` ինչ է ողջ ըլլալը: Բայց ահաւասիկ երեւի առաջին «մահը» մարդ ապրում է, երբ բաժանւում է սիրելիէ մը, հարազատէ մը, երբ մարդ կորցնում է հարազատ մը, սիրելի մը` կա՛մ հեռանալու պատճառով, կա՛մ մահուան պատճառով. արդէն հո՛ն գիտես` ի՛նչ է մահը. հարազատ մը կորցնելով, հարազատի մը հեռանալով, անկէ բաժանուելով: Եւ ահաւասիկ ես այս տողերը գրած ժամանակս գիտեմ, թէ որքան ապրիմ, պիտի չտեսնեմ ընկերս, պիտի չլսեմ իր ձայնը: Մահ բառը իմաստ չունի, բայց բաժանում բառը ամենատխուր իմաստը ունի. կորուստը, բան մը կորցնելը, արժէք մը կորցնելը ամենադառն զգացումն է` ե՛ւ անմոռանալի, ե՛ւ անհանդուրժելի…

Սակայն մահուան յաջորդում է յարութիւնը… Եւ այսպէս, 1962 թուականին հանդերձ ընտանեօք հայրենադարձուելով Խորհրդային Հայաստան` ես գտայ իմ մելգոնեանցի ընկերներս, որոնցից բաժանուել էի 1941 թուականին:

Եւ ահաւասիկ` Կարպիս Սարկաւագեանը. գրող Կարպիս Սուրէնեանին ես գտայ Խ. Հայաստանում, որուն հետ Հայաստան գալուս առաջին օրերին ես հանդիպեցի Երեւանում, «Արուեստ» ամսագրի խմբագրութիւնում, ուր Կարպիսը վարում էր երաժշտութեան բաժինը… Բայց մեր աւելի սերտ յարաբերութիւնները սկսեցին վերջին տարիները. 5 տարի, 10 տարի, չեմ հաշւում, երեւի 20 տարի:

Հեռախօսը հնչում է. Կարպիսն է, հարցնում է` ի՞նչ ես անում, տա՞նն ես, պատասխանում եմ, ասում եմ` արի՛: Մի կէս ժամ յետոյ դրան զանգը հնչում է, դուռը բացում եմ` Կարպիսն է, ասում եմ` հրամմէ,  ո՞նց ես, եւ Կարպիսը արդէն սկսում է գանգատուել, հառաչանքներով: Ասում եմ` հալա ներս մտիր դրան սեմից` նոր սկսէ գանգատներդ: Կարպիսը ներս է մտնում: Ասում եմ` հիմա քեզի սուրճ մը կ՛եփեմ, կը խմես` նոր կը սկսինք մեր զրոյցը… Եւ ես երկու սուրճ կ՛եփեմ` իրեն եւ ինծի համար, Մարին ալ անպայման մի բան կ՛ունենայ` մի խմորեղէն հիւրասիրելու… Եւ Կարպիսը կը տեղաւորուի իմ արուեստանոցումս գտնուող բազկաթոռներէն մէկուն, որը այս պահուն, երբ այս տողերն եմ գրում, ինձանից մի քանի մեթր հեռու է եւ… դատարկ: Մտերիմ ընկերոջս մասին է խօսակցութիւնը: Յիշեմ այստեղ, որ այն մի քանի ժամերը, որ Կարպիսը ինձ հետ անցկացնում էր, ես իմ արուեստանոցում չէի նստում իր դիմացը եւ զրուցում… Ես նկարակալիս դիմաց շարունակում էի աշխատել` իր հետ զրուցելով: Այդ վիճակը բնական էր եւ ընդունելի. ես զինք մտիկ էի անում, հետը զրուցում եւ նաեւ շարունակում էի իմ նկարներս նկարել, այսինքն` աշխատել… Ես իր խօսքին հետեւում էի ուշադիր, եւ մենք զրուցում էինք: Այդ տարիներուն Կարպիսը, երբ այցելում էր մեզ, իր հետ բերում էր արդէն տպագրութեան պատրաստ մի ձեռագիր, որուն առաջին ընթերցողը ես էի դառնում: Ինքը կարդում էր, եւ ես հաճոյքով լսում էի: Իր վերջին տարիներու հրատարակուած բոլոր գրքերի բնագրերին ես կարծեմ առաջինն եմ ծանօթացել: Երբեմն վիճում էինք: Մեր ձայները բարձրանում էին, եւ կինս` Մարին յայտնւում էր եւ ասում` ի՞նչ է, ինչո՞ւ էք գոռգոռում, խո՞ւլ էք, իրար չէ՞ք լսում: Կիները չեն սիրում անկարգութիւնը: Վերջին տարիները Կարպիսը ինձ զանգում էր կիրակի օրերը եւ հարցնում էր` ի՞նչ եմ անում, հարցնում էր` կրնա՞յ գալ մեր տունը, անշուշտ ասում էի` արի, սպասում եմ:

Կարպիս Սարկաւագեանը Մելգոնեան եկաւ, եթէ չեմ սխալւում, 36 թուականին: «Մելգոնեան»ի լաւագոյն սովորող ուսանողներից էր: Միշտ էլ լինում են լաւագոյններ, որ բազմաթիւ չեն անպայման: Կարպիսը Մելգոնեանում արդէն սկսել էր գրել: Փայլուն իւրացրել էր Մելգոնեանի կրթական ծրագիրը, հիանալի տիրապետում էր հայերէնին, գիտէր յունարէն: Սովորեց այնքան անգլերէն, որ Հայաստանում թարգմանեց բնագրից Կոլսուորտիի «Ֆորսայթների պատմութիւնը»: Մելգոնեանում սիրահարուած ըլլալով Տոսթոյեւսքիին, կեանքի նպատակն էր արել մի օր անպայման թարգմանել Տոսթոյեւսքին բնագրից: Սովորել էր ռուսերէն եւ վերջում իրականացրեց իր երազը` «Քարամազով եղբայրները» թարգմանեց ընտիր հայերէնով:

Կարպիս Սուրէնեանը մէկն էր այն արեւմտահայերից, որոնք փնտռում էին հայրենիք եւ ուզում էին կրթուել հայրենի համալսարաններում եւ աշխատել հայրենիքում: Բայց ողբերգութիւնը այն էր, որ Կարպիսը իբրեւ լաւագոյն սովորող` հնարաւորութիւն ունէր իր ուսումը շարունակելու Պելճիքայի  համալսարաններում. կար կրթաթոշակ, որից կարող էր օգտուել: Կարպիսը եթէ չգար Խ. Հայաստան եւ ուսում ստանար Պելճիքայում եւ նորից դառնար գրող ու գրէր արեւմտահայերէն, ի՞նչ պիտի ըլլար իր կեանքը, ի՞նչ էր իրեն համար վերապահել ճակատագիրը` չենք գիտեր: Բայց տասը տարի Հայաստանում Չեկայի ձեռքը չէր տանջուելու` ատիկա անվիճելի է: Կարպիսը մինչ ի մահ չհաշտուեց այդ վիրաւորանքներու հետ, որոնց ենթարկուեց Չեկայի հարցաքննութիւններով: Զազրելի երկիր Խորհրդային Միութիւն:

Կարպիսը շարունակեց գրել, փառք Աստուծոյ, շնորհիւ իր ընկերներուն քաջալերանքին,  մանաւանդ` Սարգիս Խաչէնցի եւ Երուանդ Տէր Խաչատրեանի (Եուրի Խաչատրեան), իր ձեռագրերը տպուեցին եւ ինքը կարեւոր աւանդ ունեցաւ մեր մշակոյթին մէջ:

Կարպիսը վերջին ամիսներում քիչ էր ինձ այցելում: Ես զինք միշտ ընդունել էի գրկաբաց: Մի օր էլ զանգեց, որ` ինձ լաւ չեմ զգում: Հարցնում եմ` ի՞նչ է պատահել: Ասաց, որ այգում նստում էի, կարծեմ մրսել եմ, ինձ լաւ չեմ զգում, կարծեմ թոքաբորբ ունեմ: Ասացի` ես երեք անգամ թոքաբորբով ծանր հիւանդացել եմ: Երեք անգամն էլ ինձ մահից փրկել է Յովիկ Սարկաւագեանը,  նոյն ինքը` Կարպիս Սուրէնեանի որդին, որ հանրապետութեան գլխաւոր մասնագէտն է կրծքավանդակի հիւանդութիւններու եւ լաւագոյն վիրաբուժը: Մտածում եմ, որ ընկերս անտէր չէ, բայց Կարպիսը իրեն լաւ չի զգում… Երեք անգամ ինձ զանգեց, որ իրեն նկարագրեմ իմ վիճակը, երբ ես թոքաբորբով հիւանդ էի: Ես տեսնում էի, որ իր «թոքաբորբ»ի վիճակին եւ ունեցածս վիճակի միջեւ որոշ տարբերութիւններ կան, բայց իրեն յոյս էի ներշնչում, որ շուտով ամէն բան կ՛անցնի եւ ինքը նորից լաւ կը զգայ, մանաւանդ որ իր կողքին ունի կրծքավանդակի լաւագոյն մասնագէտ, հայրն է սքանչելի մի անձնաւորութեան: Մէկ էլ իմանում եմ, որ Կարպիսը շատ ծանր հիւանդ է, իր ունեցածը թոքաբորբ չէ: Այդ մասին ես տեղեկացայ մի քանի շաբաթ առաջ, եւ յանկարծ երէկ իմացայ, որ ընկերս մահացել է: Ինձանից երկու տարի էլ փոքր էր:

Ես շնորհակալ եմ, որ այսքան երկար ապրեցի, որ կարողացայ իրականացնել իմ որոշ գործերս, որոնք եթէ աւելի շուտ մահանայի, պիտի չկարողանայի իրականացնել: Այո, բայց չէի մտածում, որ երկար ապրելով` ես նաեւ պիտի իմանամ, տեսնեմ ընկերոջս մահը եւ պիտի գրեմ այդ մասին… Այստեղ յիշեցի հին եգիպտական անէծք մը, որ ասում է` բոլոր ընկերներդ թաղես եւ նոր մահանաս:

 

«Ազգ»

Share this Article
CATEGORIES