ՉԱՐԼԻ ՉԱՓԼԻՆ. «ԴՈՒ ՊԷՏՔ Է ՏԵՍՆԵՍ, ԹԷ ԻՆՉՊԷ՛Ս ԵՆ ԱՊՐՈՒՄ ՄԱՐԴԻԿ»
Մեծ կատակերգու Չարլի Չափլինի արխիւում պահուող նամակների շնորհիւ` յայտնի են դարձել նրա մասին մինչեւ օրս անյայտ կենսագրական մանրամասներ: Ինչպէս նշում է «Տէյլի մէյլ»-ը, անգլիացի Չափլինը ծնուել է մի գնչուհու ծածկասայլում. գնչուհին եղել է նրա մօր ազգականուհին:
Այս տեղեկութիւնը բացայայտուել է վերջերս` Չափլինի երեխաների յայտնաբերած նամակում, որը պահուել է դերասանի գրասեղանի դարակում: Նամակն ուղարկել է կատակերգուի քեռորդին` Ճեք Հիլլը: Նամակի բովանդակութիւնից յայտնի է դառնում, որ Չափլինը ծնուել է Պիրմինկհամի շրջակայքում, որը գտնւում է Անգլիայի կեդրոնական մասում` Սմեթուիք փոքր քաղաքի մօտ:
«Ողջոյն Չարլի,- գրել է Ճեքը,- եթէ ուզում ես իմանալ` դու ծնուել ես ծածկասայլում, ինչպէս եւ ես: Դա շատ լաւ ծածկասայլ էր եւ պատկանում էր գնչուների թագուհուն, որը իմ բարեկամուհին էր: Դու ծնուել ես Պլեք Փեթչում` Սմեթուիքում: Այնտեղ ծնուել եմ նաեւ ես` երկուսուկէս տարի յետոյ: Քո մայրը յետոյ հեռացել է քո հօր կրկէսի հետ, իսկ յետոյ բնակութիւն հաստատել Լոնտոնում, բայց թէ որտե՞ղ` ես չգիտեմ»:
Մինչ այս բացայայտումը համարում էին, որ բրիտանացի կատակերգուն ծնուել է Լոնտոնում` միւզիք-հոլի դերասանների ընտանիքում, իսկ նրա ծնողները` Չարլզ Սպենսեր Չափլին աւագը եւ Հաննա Չափլինը, եղել են էսթրատային դերասաններ:
Չարլի Չափլինի որդու` Մայքլի խօսքերով, իր հայրն այդ նամակը կողպուած էր պահում գրասեղանի դարակում: Կատակերգուն շատ նամակներ էր ստանում մտացածին պատմութիւններով, բայց անմիջապէս վերացնում էր դրանք: Բայց ահա Ճեքից ստացած այս նամակը նա պահել է:
Իսկ ահա Չափլինի պաշտօնական կենսագիրները յայտնում են, որ նա ծնուել է 1889 թ.-ի ապրիլի 16-ին, Լոնտոնում, դերասանների ընտանիքում: Նրա հօր` Չարլզ Սփենսեր Չափլինի բեմական ասպարէզը ողբերգական աւարտ է ունեցել: Կորցնելով ձայնը` նա սկսել է խմել` մահանալով 1894 թուականին: Չափլինի մայրը` Հաննա Չափլինը, ամուսնու մահից անմիջապէս յետոյ ծանր հիւանդացել է եւ 1896 թուականին խելագարուել: Չարլի Չափլինն առաջին անգամ բեմում ելոյթ է ունեցել հինգ տարեկանում: Արդէն 9 տարեկանում նա ընդունուել է «Ութ լանքաշիրեան տղաներ» պարային խումբը: 14 տարեկանում Չափլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում` «Շերլոք Հոմս» թատերգութեան մէջ կատարելով Պիլի դերը: 16 տարեկանից Չափլինը սկսել է ջութակ նուագել` օրուայ ընթացքում պարապելով մինչեւ 16 ժամ եւ ուսանելով իր ծանօթներից մէկի` թատերական խմբավարի մօտ: 1912 թուականին բնակութիւն է հաստատել Միացեալ Նահանգներում` սկսելով նկարահանուել կարճամեթրաժ շարժանկարներում:
Արդէն 1914 թուականին Չափլինն ինքնուրոյն նկարահանում է իր առաջին շարժանկարը` «Անձրեւի տակ մնացածը», որում նա հանդէս է գալիս որպէս դերասան, բեմադրիչ եւ բեմագրութեան հեղինակ: Միմեանց հետեւից մեծ յաջողութիւն են ունենում Չարլի Չափլինի նկարահանած «Փոքրիկը» (1921թ.), «Ոսկու տենդը» (1925թ.), «Կրկէս» (1928թ.) շարժանկարները, որոնք այսօր համարւում են շարժապատկերային արուեստի մեծ գործչի լաւագոյն գործերը:
Չափլինի շարժանկարներից 3-ը («Ոսկու տենդը», « Նոր ժամանակներ», «Մեծ քաղաքի լոյսերը») տեղ են գտել ամերիկեան բոլոր ժամանակների 100 լաւագոյն շարժանկարների ցանկում:
Չափլինին ճանաչում է բերել համր շարժապատկերը, ու չնայած 1927 թ.-ին շարժապատկերն արդէն ձայն ունէր, նա մի ամբողջ տասնամեակ հաւատարիմ է մնացել հին սարքաւորումներին: Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թուականին նկարահանուած Չափլինի հակաֆաշական «Հանճարեղ բռնապետը» ժապաւէնը: Միեւնոյն ժամանակ այդ ժապաւէնը վերջինն էր, որտեղ հանդէս է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը: Նա է համաշխարհային շարժապատկերում ստեղծել ամենայայտնի թափառաշրջիկի կերպարը:
Չափլինն ամուսնացել է 4 անգամ եւ ունեցել է 11 երեխայ: Նրա զաւակներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպէս դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ճերալտինա Չափլինը, որն իր դերասանական հաստատուն խօսքն է ասել համաշխարհային շարժապատկերային արուեստի մէջ: Հէնց նրան` Ճերալտինային էլ Չափլինը նուիրել է իր հանճարեղ նամակը, որ անցեալ դարից ի վեր բազմաթիւ անգամներ տպագրուել է աշխարհի հազարաւոր թերթերում, ամսագրերում, ժողովածուներում: Այդ նամակը մտել է համաշխարհային գրականութեան նամականիի մէջ եւ համարւում է նամակագրութեան գրական սեռի լաւագոյն ստեղծագործութիւններից մէկը:
Այսօր, առաւել քան երբեւէ, մենք բոլորս կարիքն ունենք ջերմ խօսքերի, երբ մարդն անուշադիր է դարձել իր հարազատի եւ մերձաւորի հանդէպ, երբ ժամանակակից կեանքը խեղդում է բոլոր երազները, երբ աստղային փառքով տոգորուած մարդիկ անտեսում են իրենց կողքին ապրող պարզ մահկանացուներին, մէկ անգամ եւս կարդանք Չափլինի նամակը` իր դստերը.
ՉԱՐԼԻ ՉԱՓԼԻՆԻ ՆԱՄԱԿՆ ԻՐ ԴՍՏԵՐԸ`
ՃԵՐԱԼՏԻՆԱՅԻՆ
Հիմա գիշեր է: Ծննդեան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզէն պահապանները քնել են: Քնած են եւ եղբայրդ ու քոյրդ: Նոյնիսկ մայրդ արդէն քնել է: Ես քիչ մնաց արթնացնէի այդ նիրհող թռչնակներին` մինչեւ կը հասնէի իմ այս աղօտ լուսաւորուած սենեակը: Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թէ քո պատկերը, թէկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առջեւից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մէջ: Այդտեղ, հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմի վրայ, Ելիսեան դաշտերում: Ես դա լաւ գիտեմ, եւ ինձ թւում է` գիշերուայ այս լռութեան մէջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպէս աստղերը` ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տօնական ու շողշողուն ներկայացման մէջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերուած է թաթարական խանից: Գեղեցկուհի՛ եղիր եւ պարիր, ա՛ստղ եղիր եւ փայլիր, բայց եթէ հանդիսատեսի ցնծութիւնն ու շնորհակալութեան խօսքերն արբեցնեն քեզ, եթէ գլուխդ պտոյտ գայ քեզ ընծայուած ծաղիկների բոյրից, ապա քաշուիր մի անկիւն եւ կարդայ իմ նամակը, ունկնդիր եղիր հօրդ ձայնին.
Ես քո հայրն եմ, Ճերալտինա:
Ես`Չարլին, Չարլի Չափլինը:
Գիտե՞ս, թէ քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մօտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում ե՛ւ քնած գեղեցկուհու, ե՛ւ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրայ ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկայ երազանքներն են»: Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ճերալտինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը, ես տեսնում էի բեմի վրայ խաղացող մի աղջկայ, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի` ինչպէս մարդիկ ասում են. «Տեսնո՞ւմ էք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Յիշո՞ւմ էք` ինչ էր նրա անունը` Չարլի»:
Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտուած անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսեայ հագուստով: Այդ պարերն ու ծափահարութիւնների որոտը քեզ երկինք կը հանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջի՛կս, բայց եւ վերադարձիր երկիր, դու պէտք է տեսնես` ինչպէ՛ս են ապրում մարդիկ, ինչպէ՛ս են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. նրանք պարում են ցրտից եւ սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ճերալտինա՛: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրօրուելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. ես նայում էի քո դէմքին, լսում էի քո սրտի զարկերը եւ ինձ հարց էի տալիս. «Չարլի՛, մի՞թէ այս փիսիկը կը ճանաչի քեզ երբեւէ»: Դու ինձ չես ճանաչում, Ճերալտինա… ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նոյնպէս հետաքրքիր է: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնտոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա… ողորմածութիւն հայցում…
Ահա նա` իմ հեքիաթը: Ես գիտեմ` ինչ բան է սովը, ի՛նչ է անօթեւան լինելը: Դեռ աւելի՛ն. ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկւում է հպարտութեան մի ամբողջ ովկիանոս եւ այդ հպարտութիւնը մեռցնում էին նետած դրամները… եւ չնայած այդ ամենին` ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խօսւում:
Աւելի լաւ է խօսենք քո մասին:
Քո անուանը, Ճերալտինա, հետեւում է իմը` Չափլին: Այդ անունով ես աւելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես աւելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ճերալտինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտութիւնը չէ, որ գոյութիւն ունեն…Կէս գիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանայ այն թաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին… Եւ եթէ նա յղի է, եթէ նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպէսզի դրամատնում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է միւսներին, դու նրանց վճարիր ճիշդ հաշուով: Ժամանակ առ ժամանակ օգտուիր մեթրոյից, կամ շրջիր) օթոպիւսով եւ շատ աւելի յաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին եւ որբերին եւ գոնէ օրը մէկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո, դու հէնց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եւ նոյնիսկ` աւելի պակաս: Արուեստը, նախքան մարդուն թեւեր տալը, որպէսզի նա կարողանայ ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եւ, եթէ գայ այն պահը, երբ դու քեզ վեր կը զգաս հասարակութիւնից, անմիջապէս թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած թաքսին եւ գնա Փարիզի արուարձանները: Դրանք ինձ շատ լաւ ծանօթ են: Դու այնտեղ կը տեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նոյնիսկ աւելի գեղեցիկները, աւելի նազելիները, աւելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լոյսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:
Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ թւում քեզ արդեօք, որ նրանք քեզանից աւելի լաւ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր, աղջիկս: Միշտ էլ կը գտնուի մէկը, որ քեզանից լաւ կը պարի եւ քեզանից լաւ կը խաղայ: Եւ յիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մէկը, որ հայհոյէր կառապանին կամ ծաղրէր Սենայի ափին նստած աղքատին:
Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր` ի՛նչ բան է աղքատութիւնը:
Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացուած դրամական չէք, որպէսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր յիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ, այն պէտք է պատկանի այն անծանօթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտութեամբ կը գտնես այդպիսի մէկին: Ես քեզ հետ խօսում եմ փողի մասին, որովհետեւ գիտեմ նրա դիւային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկէսում եւ միշտ երկիւղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պէտք է քեզ, աղջիկս ասեմ մի ճշմարտութիւն. մարդիկ գետնի վրայ աւելի անհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրայ: Գուցէ կարող է պատահել այս երեկոյ քեզ կ՛ուրացնի մի թանկագին ադամանդի փայլ, հէնց դա էլ կը լինի քո անյուսալի պարանը, եւ քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերուես ինչ-որ արքայազնի գեղեցկութեամբ, այդ պահին դու կը դառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արեւն է: Բարեբախտաբար նա լուսաւորում է բոլորին: Եւ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարուես մէկն ու մէկին, ապա նուիրուիր նրան մինչեւ վերջ: Ես ասել եմ մօրդ, որպէսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սէրը աւելի լաւ գիտի, քան` ես, նրան աւելի վայել է խօսել այդ մասին…
Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկուած է մի կտոր մետաքսով: Յանուն արուեստի կարելի է յայտնուել բեմի վրայ նաեւ մերկ, բայց այնտեղից պէտք է վերադառնալ հագնուած եւ մաքրուած: Ոչինչ եւ ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպէսզի տեսնի աղջկայ նոյնիսկ ոտքերի եղունգները: Մերկութիւնը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, եւ իմ խօսքերը, հնարաւոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պէտք է պատկանի նրան, ով կը սիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկայ, եթէ քո համոզմունքներն այս հարցում տասնեակ տարիների վաղեմութիւն ունենան, եթէ այն պատկանի անցած ժամանակին: Մի՛ վախեցիր, այդ տասնեակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ, որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կը դառնան տկլորների կղզու հպատակը:
Ես գիտեմ, որ հայրերի եւ որդիների միջեւ գնում է յաւերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքերի հետ կռուի՛ր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, եւ քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրայ, ուզում եմ հաւատալ` ծննդեան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կը ցանկանայի, որպէսզի հրաշք կատարուէր, որ դու իսկապէս հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացայ ասել քեզ:
Չարլին արդէն ծերացել է, Ճերալտինա: Վաղ թէ ուշ, բեմական սպիտակ մետաքսի փոխարէն, ստիպուած պիտի լինես սեւ զգեստ հագնել, որպէսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կը տեսնես: Քո երակներով իմ արիւնն է հոսում: Նոյնիսկ այն ժամանակ, երբ արիւնը կը սառչի իմ երակներում, ես կ՛ուզենայի, որ դու չմոռանաս հօրդ` Չարլիին:
Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ:
Փորձիր եւ դու:
Համբուրում եմ քեզ:
Չարլի»:
«ՄԵՆՔ ԱՐԴԷՆ ԳԻՏԵՆՔ, ՈՐ ԴԱ ԿԵԱՆՔՆ Է»
Չարլի Չափլինի կեանքն իսկական հեքիաթ է յիշեցնում: Ունենալով միայնակ, սոված, աղքատ ու դաժան մանկութիւն` նա կարողանում է «պոկուել» ծանր աղքատութիւնից եւ ձեռք բերել համաշխարհային փառք` ընդմիշտ մնալով շարժապատկերի պատմութեան մէջ: Նա աշխարհի ամենատխուր մարդն էր, որը սակայն ծիծաղեցնում էր ողջ աշխարհը:
Մի անգամ մեծ գիտնական Այնշթայնը գրում է Չարլի Չափլինին. «Ձեր ժապաւէնը` «Ոսկու տենդը», հասկանում են ողջ աշխարհում եւ դուք անպայման կը դառնաք հանճարեղ մարդ», ինչին Չափլինը պատասխանում է. «Ես հիանում եմ ձեզանով նոյնիսկ աւելի շատ: Ձեր յարաբերականութեան տեսութիւնը աշխարհում ոչ ոք չի հասկանում, բայց եւ այնպէս դուք արդէն դարձել էք հանճարեղ մարդ»:
Իր 70-ամեայ տարեդարձի ժամանակ Չարլի Չափլինը մի ճառ է արտասանում, որը ներկայացնում ենք ստորեւ.
1. Երբ ես ինձ սիրեցի, ես պարզ հասկացայ, որ իմ ցաւն ու տառապանքը` դա միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ինչ-որ բան անում եմ սեփական ճշմարտութեան դէմ: Հիմա ես արդէն գիտեմ, որ դա պարզապէս կոչւում է ԼԻՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԴՈՒՔ ԿԱՔ:
2. Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացայ, թէ որքան ուժեղ դուք կարող էք վիրաւորել մարդուն, երբ ձգտում էք պարտադրել նրան ձեր սեփական ցանկութիւնները այն ժամանակ, երբ նա դեռ պատրաստ չէ դրան, եւ երբ այդ մարդը, դուք ինքներդ էք: Դա կոչւում է ՅԱՐԳԱՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
3. Երբ ես ինձ սիրեցի եւ դադարեցի ուրիշ կեանք ցանկանալ, ես զարմանքով բացայայտեցի, որ իմ ներկայիս կեանքը արդէն տալիս է բոլոր անհրաժեշտ հնարաւորութիւններն իմ աճի համար: Դա կոչւում է ՀԱՍՈՒՆՈՒԹԻՒՆ:
4. Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացայ, որ կեանքի ցանկացած իրավիճակում ես գտնւում եմ ճիշդ վայրում, ճիշդ ժամանակին եւ դա միշտ պատահում է ամենաճիշդ պահին: Այդ պատճառով ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Դա կոչւում է ՎՍՏԱՀՈՒԹԻՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
5. Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը եւ երազել ապագայ մեծ ծրագիրների մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ մեծ ուրախութիւն եւ հաճոյք է պարգեւում` դարձնելով ինձ երջանիկ: Ես անում եմ այն, ինչը սիրում եմ եւ ինչը ստիպում է իմ սրտին եւ հոգուն ժպտալ: Ես անում եմ դա այնպէս, ինչպէս ինքս եմ ցանկանում` յարմարեցնելով դա իմ սեփական կեանքի կշռոյթին: Դա կոչւում է ՊԱՐԶՈՒԹԻՒՆ:
6. Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապէս սկսեցի ազատուել այն ամէնից, ինչն իմ առողջութեանը վնաս էր պատճառում` մարդկանցից, ուտելիքից, իրավիճակներից, իրերից: Ես հեռացրեցի իմ կեանքից այն ամէնը, ինչը շեղում էր ինձ իմ ճանապարհից եւ տանում էր դէպի ներքեւ: Դա կոչւում է ՍԻՐԵԼ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:
7. Երբ ես ինձ սիրեցի, ես ազատուեցի «միշտ ճիշդ լինելու» սովորութիւնից: Երբ ես արեցի դա, ես սկսեցի աւելի ու աւելի քիչ սխալուել: Դա կոչւում է ՀԱՄԵՍՏՈՒԹԻՒՆ:
8. Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի անհանգստանալ ապագայի մասին եւ մտածել անցեալի մասին: Այժմ ես ապրում եմ միայն ներկայով եւ անուանում եմ դա ԲԱՒԱՐԱՐԱԾՈՒԹԻՒՆ:
9. Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացայ, որ իմ իսկ սեփական ուղեղը կարող է ինձ շատ խանգարել, որ դրանից հնարաւոր է նոյնիսկ հիւանդանալ: Եւ միայն այն ժամանակ, երբ ես ամուր կապեցի այն իմ սրտի հետ, հէնց այդ ժամանակ այն դարձաւ իմ ամենալաւ ընկերը: Դա կոչւում է ՍՐՏԻ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ:
Մեզ այլեւս պէտք չէ վախենալ վէճերից, կռիւներից, հակասութիւններից, այլ` մարդկանց հետ խնդիրներից եւ ինքներս մեզանից: Մենք գիտենք, որ նոյնիսկ աստղերն են իրար բախւում, բայց այդ բախման արդիւնքում ծնւում են նոր աշխարհներ: Եւ այսօր մենք արդէն գիտենք, որ դա ԿԵԱՆՔՆ է:
Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ


