«ՓՈՂԸ, ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԻՆՔՆԱՇԱՐԺՆԵՐԻ ՏԵՍԱԿԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆ ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՅ ՍՊԱՅԻ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՀԱՄԱՐ»

ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Բանակի հիմնախնդիրների քննարկման նպատակով Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանն ընդունել է պաշտպանութեան նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին: Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Յարութիւնեանը նախարարին է ներկայացրել խորհրդի աշխատանքները, զինուած ուժերում կարգապահութեան ամրապնդման եւ արտակարգ միջադէպերի կանխարգելման վերաբերեալ առաջարկութիւններ արել: Նախարարութիւնից ստացուած հաղորդագրութեան համաձայն, նախարար Օհանեանը, կարեւորելով հասարակական խորհրդի առաքելութիւնը, նշել է, որ խորհուրդն իր աշխուժ գործունէութեամբ պէտք է բանակի եւ հասարակութեան միջեւ ձեւաւորի երկխօսութեան ու քննարկումների մթնոլորտ` նպաստելով բանակում առկայ խնդիրների վերհանմանը եւ լուծմանը, նաեւ` հասարակութիւնից դէպի բանակ առողջ գաղափարների ու առաջարկութիւնների ներթափանցմանը:

Բանակի խնդիրներին Փարիզում անկախութեան 20-ամեակին նուիրուած միջոցառմանը անդրադարձել է ՀՅԴ բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը:

«Մեր յաղթական բանակը մեր պատիւն է, մեր աչքի լոյսը, սակայն մեր հասարակութեան մասն է, շարունակութիւնը, որը հասարակութիւնից ստանում է ամբողջ լաւն ու վատը: Բանակում պէտք է լինի այնպիսի վիճակ, որպէսզի լաւն ընդունելով հանդերձ, չէզոքացուի վատը», Մարգարեանի խօսքն է փոխանցում ՀՅԴ մամլոյ դիւանը:

Մարգարեանի մեկնաբանութեամբ, ժամանակն է ճշգրտօրէն ձեւակերպելու եւ քաջալերելու հայ սպայի, հրամանատարի կերպարի յատկանիշները: Նախ անհրաժեշտ է համարել փոխել արժեչափերը: «Փողը, շրջապատը, թիկնապահների քանակը, ինքնաշարժների տեսակը չեն կարող հեղինակութիւն ապահովել հայ սպայի ու հրամանատարի համար, այլ` ասպետութիւնը, համեստութիւնը, հայրենասիրութիւնը, պարկեշտութիւնն ու պատուախնդրութիւնը»: Անդրադառնալով վերջին շրջանում բանակում տեղի ունեցած միջադէպերին` Մարգարեանը կարծիք է յայտնել, որ եթէ դրանք ժամանակին չկանխուեն, ապա սպառնում են ստանալ շարունակական բնոյթ:

«Նկատի ունեմ` կանխուի բանակում առկայ խնդիրներն ու տեղի ունեցող միջադէպերին հասարակական հնչեղութիւն տալը: Ոմանք կ՛ասեն, որ դրա լաւագոյն միջոցը հէնց խնդիրներն ու միջադէպերը վերացնելն է: Անշուշտ դա այդպէս է: Բայց քիչ առաջ նշեցի, որ բանակը մեր հասարակութիւնից անջատ չէ, այլ նրա շարունակութիւնը: Անշուշտ, բանակի ղեկավարութիւնը պէտք է յստակ պատասխանատուութիւն կրի բանակի ներքին մթնոլորտի եւ վատ երեւոյթների վերացման համար, սակայն «զարմանալի» է, որ ոմանք մասնաւորապէս թիրախ են դարձնում բանակը` ընդհանրապէս մեր հասարակութեան մէջ առկայ արատաւոր երեւոյթների համար»:

Մարգարեանը նշել է, որ Հայաստանը Աւստրիա չէ, եւ նրա հարեւանները քաղաքակիրթ չեխերն ու հունգարները չեն: «Չեմ կարծում, որ նրանք, ովքեր բանակում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող տխուր միջադէպերը դարձնում են մատի փաթաթան, այս ամէնը չեն գիտակցում: Մեր բանակը մեր ամենամեծ ձեռքբերումն է: Նա մեր նորանկախ պետականութեան ամենակազմակերպուած դրական կառոյցն է, եւ չի կարելի վարկաբեկել մասնաւոր սխալների եւ պարագայաբար դրսեւորուող անընդունելի արատների համար, որոնցից, ցաւօք, զերծ չէ մեր հասարակութեան որեւէ կառոյց» եզրափակել է դաշնակցական ներկայացուցիչը:

 

«Ազգ»

Share this Article
CATEGORIES