ԹՐՔԱԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹԻՒՆ
ԻԳՈՐ ՄՈՒՐԱՏԵԱՆ
Հոկտեմբերի 21-ին Ղազախստանում կրկին հաւաքուել են թրքական (աւելի ճիշդ թրքական ու թրքալեզու) պետութիւնների ղեկավարները` քննարկելու թրքական միասնութեան խնդիրները, որը աւանդական քաղաքագիտութեան մէջ անուանւում է «փանթուրքիզմ»: Քաղաքական ներկայիս պայմանները, ուժի համաշխարհային կենտրոնների մօտ իրական ռազմավարութեան բացակայութեան զգացումը, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հերթական փուլից առաջ համաշխարհային վերնախաւերի որոշակի շփոթուածութիւնը Եւրասիոյ շատ պետութիւնների ստիպում է մարտահրաւէրների պատասխանը որոնել տարածաշրջանային տարբեր դաշինքների ու միաւորումների ձեւաչափում:
Դրան են ձգտում նաեւ թրքական աշխարհի պետութիւնները, Չինաստանի ծաւալումի նոր փուլի հեռանկարի, Ռուսաստանի ու Միացեալ Նահանգների ոչ այնքան հասկանալի նախաձեռնութիւնների, եւ գլխաւորը` Աֆղանիստանից ու հարաւային Ասիայից սպառնալիքների սպասումների խորապատկերին: Տուեալ երկրների վերնախաւերը արդէն բախուել են համաթրքական գաղափարի շրջանակում համախմբման խնդիրներին, եւ լաւ են հասկանում այն բանի պատճառներն ու գործօնները, թէ ինչո՛ւ մինչ այժմ չի յաջողուել բաւական յստակ ձեւակերպել տուեալ միաւորման ռազմավարութիւնը:
Միեւնոյն ժամանակ ակնյայտ է դարձել, որ համաթրքութեան գաղափարն ըստ էութեան վերնախաւային է համարւում, այսինքն ուղղուած է նախ եւ առաջ քաղաքական վերնախաւերի միաւորմանն ու համերաշխութեանը, եւ բաւական անտարբեր է տուեալ երկրների բնակչութեան պահանջմունքներին, ինչն էլ պայմանաւորում է հասարակութեան կողմից այդ վարդապետութեան չընկալուելը:
Եօթ տասնամեակների ընթացքում թրքական պետական միաւորումների առաջնորդի դերը խաղում էր Ռուսաստանը, աւելի ճիշդ` Խորհրդային Միութիւնը: Միութեան փլուզումը յանգեցրեց Թուրքիայի առաջադրմանը առաջնորդի դերին, թէեւ Ուզպեքստանը եւ Ղազախիստանը նոյնպէս ձգտում են նշանաւորել իրենց դերը հնարաւոր նախագծում:
Սակայն ներկայում առաջ է քաշուել նոր գաղափարախօսութիւն համաթրքական վարդապետութեան շրջանակներում, որը յանգում է ոչ թէ վերնախաւերի, այլ հասարակութիւնների ու ժողովուրդների միաւորում: Այդ գաղափարախօսութեան կարեւոր կրողներից մէկը Նուրչուրլար միութիւնն է, որը հանդէս է գալիս չափաւոր իսլամի եւ ընկերային ուղղուածութեան ծրագրերով:
Անշուշտ, տուեալ վարդապետութեան համակիրները սեփական գործունէութիւնը թուրքական պաշտօնէութեան հետ իրականացնում են «մրցակցութեան-գործընկերութեան» միջոցով: Սակայն նկատւում է նաեւ Նուրչուրլարի որոշակի համագործակցութիւն Միացեալ Նահանգների հետ: Դա արդէն կասկած չի հարուցում վերլուծաբանների հանրակցութեան մօտ, սակայն առայժմ մնում է նուրբ թեմա` քաղաքական գրականութեան մէջ:
Այդ այլընտրանքային համաթրքութեան առաջացումը որոշակի մտահոգութիւն է առաջացնում Կենտրոնական Ասիայի պետութիւններում ու Ազրպէյճանում, ինչպէս նաեւ Ռուսաստանում, որտեղ տուեալ միութեան գործունէութիւնը անօրինական է ճանաչուել:
Հնարաւոր է, թրքական աշխարհի քաղաքական վերնախաւերը ջանքեր են գործադրում պարզելու համաթրքութեան վարդապետութեան նախաձեռնողների իրական խնդիրներն ու նպատակները: Միաժամանակ առաջանում է նաեւ Կենտրոնական Ասիոյ պետութիւնների մտահոգութիւնների խնդիրը Թուրքիայից չափից աւելի հեռանալու մասով, կապուած այլ վարդապետութեան շրջանակներում Թուրքիայի հռչակած արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների հետ` նորօսմանականութիւնը, երբ առաջին գիծ են մղւում Անգարայի խնդիրները ոչ թէ թրքական աշխարհի, այլ մերձաւոր տարածաշրջանների ուղղութեամբ, որոնք նախորդ դարաշրջանում գտնւում էին Օսմանեան կայսրութեան վերահսկողութեան տակ:
Երեւում է` Թուրքիան ստիպուած է ցոյց տալ, որ նորօսմանականութիւնը Եւրասիայում իշխելու նրա ռազմավարութեան ընդամէնն առաջին փուլն է: Հարցն այն է, թէ որքանով համոզիչ կ՛անի այդ բանը` չառաջացնելով Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ու Միացեալ Նահանգների լարուածութիւնը:

