ԾԱՒԱԼԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ՀԱՒԱՍԱՐԱԿՇՌՈՒԹԻՒՆԸ

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Այս վերջին տարիներում, եթէ հետեւած լինենք թերթերին, միջազգային մամուլին եւ ընդհանրապէս զանգուածային լրատւամիջոցներին, Թուրքիային վերաբերող լուրերի ու վերլուծութիւնների մէջ միշտ խօսւում է, թէ Թուրքիան գնալով դառնում է ուժեղ երկիր, Թուրքիան յաջող երկիր է` իր արտաքին քաղաքականութեան մէջ, Թուրքիան ձգտում է դառնալ հզօր պետութիւն եւ այլն. բայց տեսնենք, թէ այս հզօրանալն ու արտաքին քաղաքականութեան մէջ յաջողելու մասին խօսքերը որտեղի՞ց եկան եւ արդեօք դա կարո՞ղ է երկար տեւել, թէ՞ ոչ:

Քաղաքական զանազան փորձագէտներ ու վերլուծաբաններ տարբեր կարծիքներ ունեն այդ մասին բայց այն, ինչ որ պատճառ է դարձել, որ Թուրքիան աւելի աշխուժ քաղաքականութիւն ունենայ եւ տարածաշրջանում աւելի խօսուի նրա մասին, կարելի է այսպէս բանաձեւել:

* Միացեալ Նահանգների քաղաքականութիւնը Միջին Արեւելքում յաջող չի ընթանում, Աֆղանիստանի հարցով ահաբեկչութեան դէմ պայքարի մէջ շատ էլ յաղթական չէ, Իրաքում չունեցաւ իր սպասուած արդիւնքը, հարկ եղած ազդեցութիւնը չունի Իսրայէլի վրայ իր քաղաքականութիւնների գործադրման համար, արաբական աշխարհի այս ընդվզումների շրջանում եւս Միացեալ Նահանգները փորձում են ճնշումներ բանեցնել այդ երկրների վրայ` դէպի աւելի ժողովրդավարութեան հաստատման, որոնք շատ էլ դուրեկան չեն արաբական երկրների համար, միւս կողմից` Միացեալ Նահանգներ տարածաշրջանում կարիք ունեն դաշնակցի եւ մի երկրի, որ իր քաղաքականութիւնների լրացուցիչը լինի Միջին Արեւելքում:

* Տարածաշրջանի արաբական երկրները արտաքուստ ուժեղ, բայց ներքուստ թոյլ երկրներ են. դրանք բռնատիրական պետութիւններ են, որ չունեն ներքին ամուր պայմաններ ու խաղաղութիւն:

* Եւրոմիութեանը Թուրքիայի կողմից ներկայացուած դիմումը (Թուրքիան 1987 թուականին դիմում ներկայացրեց անդամակցելու Եւրոմիութեանը, բայց այդ դիմումի գծով պաշտօնական բանակցութիւնները սկսուեցին 2005 թուականից), շատ է ձգձգւում: Թուրքիան դա տեսնելով` փորձում է նաեւ Արեւմուտքի փոխարէն` Արեւելքում` Միջին Արեւելքում եւ արաբական երկրներում ազդեցութեան գօտին տարածել եւ բարեկամական յարաբերութիւնների մէջ մտնել իր հարեւան երկրների հետ:

Նաեւ պէտք է նշել, որ Թուրքիայում ներկայում գործի գլուխ են մի շարք իշխանաւորներ, որ միահամուռ եւ միակամ են իրենց գործունէութեան եւ նպատակների մէջ:

* * *

Վերում նշուած պատճառները մի շարք ազդակներ էին, որոնք պատճառ են դարձել` Թուրքիայի աստղը փայլի, այսինքն` Միացեալ Նահանգների մի շարք ձախողութիւնները` տարածաշրջանում, արաբական երկրների թուլութիւնը, եւ դրան աւելացնենք նաեւ այն, որ Թուրքիան Միացեալ Նահանգների դաշնակիցն է ու ՕԹԱՆ-ի անդամ, եւ նրա աշխարհագրական դիրքը նրան վերածել են մի երկրի, որ ուժանիւթի տարանցման խաչմերուկն է…

Սակայն միջազգային քաղաքականութեան մէջ գոյութիւն ունի մի կարեւոր սկզբունք, որին հետեւում են բոլոր երկրները, եւ դա ուժերի հաւասարակշռութեան սկզբունքն է: Այս տարածաշրջանում եթէ որեւէ երկիր փորձում է աւելի ծաւալապաշտ լինել ու խախտել հաւասարակշռութիւնը, միւս երկրները փորձում են ստեղծել կամ վերականգնել խախտուած հաւասարակշռութիւնը. օրինակ` Թուրքիայում ՕԹԱՆ-ի հակահրթիռային համակարգի տեղադրումը պատճառ դարձաւ Իրանի ու Ռուսաստանի խիստ քննադատութեանը:

Եթէ Թուրքիան փորձի նոյն ձեւով շարունակել իր ընթացքը, հաւանաբար չկարողանայ լաւ յարաբերութիւններ պահպանել շրջանի երկրների հետ (արդէն լաւ չեն Թուրքիայի յարաբերութիւնները` Յունաստանի, Կիպրոսի, Իսրայէլի ու Սուրիոյ հետ, եւ անլոյծ է մնացել Հայաստանի հետ յարաբերութիւններ ստեղծելու հարցը) եւ տագնապներ կ՛ունենայ Միջին Արեւելքի երկրների հետ իր յարաբերութիւնների խնդրում. արաբական երկրները կը սկսեն չվստահել Թուրքիային, շրջանում կը ստեղծուի նոր հաւասարակշռութիւն եւ Թուրքիան ստիպուած կը լինի ենթարկուելով այդ ուժերի հաւասարակշռութեան սկզբունքին` նահանջներ արձանագրել իր քաղաքականութիւնների մէջ:

«Ալիք»

Share this Article
CATEGORIES