«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»Ի «ՌԻԼ ՓՈԼԻԹԻՔ» ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՅԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆԻ ՀԵՏ. «ԱՅՍ ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ ՄԱՐԴՆ ԻՐ ԱՊԱԳԱՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ, ՉԻ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ ՊՆԱԿԱԼԷԶ»

ՀԱՐՑՈՒՄ.- Մենք մի քաղաքական հանգրուանում ենք գտնւում, որտեղ նախընտրական իրավիճակ է, եւ արտախորհրդարանական ընդդիմութեան, ինչպէս նաեւ խորհրդարանական ընդդիմութեան դաշտում հնարաւոր են իշխանական նոր դասաւորութիւններ: Նախընտրական շրջանի մեկնարկը ինչպէ՞ս էք գնահատում, եւ, ձեր կարծիքով, ի՞նչ հնարաւոր դասաւորութիւններ կը լինեն:

ՊԱՏԱՍԽԱՆ.- 2012 թուականն արդէն թակել է մեր քաղաքական դարպասները: Հասարակական-քաղաքական կեանքում անհանգստութիւն կայ, վերադասաւորումների, քաղաքական զօրաշարժի ընդհանուր վիճակ, որը շատ բացատրելի է: Բացատրելի է առաջիկայ ընտրական շրջանով: Մտահոգիչը մեր իրականութեան մէջ տիրապետող թուաբանական դասաւորումն է, երբ քաղաքական պլոքներում, միեւնոյն հարթութեան մէջ յաճախ յայտնւում են քաղաքական ուժեր, որոնք իրենց գաղափարական հենքով բացարձակապէս միմեանց հետ կապ ու եզր չունեն: Ցաւօք, Հայաստանի քաղաքական դաշտում գաղափարական եզրեր փնտռելը ոչ թէ անշնորհակալ, այլ անիմաստ ջանք է` անկախութեան քսան տարիների ընթացքում դժուարանում եմ յիշել քաղաքական պլոքներ, որոնք ձեւաւորուած լինէին գաղափարական հենքի վրայ: Այս անգամ եւս ուրուագիծը տեսանելի է: Հնարաւոր զարգացումներն ըստ էութեան մէկ առանցքի շուրջ են` իշխանութիւն ունենալու, իշխանութիւն պահելու, ինչու չէ` նաեւ իշխանութիւն զաւթելու: Հիմնական մեկնակէտը սա է: Անշուշտ, հասկանալի է, որ որեւէ քաղաքական ուժի համար վերջնագիծը իշխանութիւն ունենալն է, բայց ոչ այդքան մերկապարանոց, ոչ այդքան ցինիկ, ոչ ազգային եւ պետական շահի հաշուին:

Իսկ առհասարակ քաղաքական վերադասաւորումների եւ զարգացումների մէջ երկու կարեւոր խնդրի վրայ կ՛ուզէի շեշտադրում անել` քաղաքական մշակոյթ եւ քաղաքական կամք: Արդեօք կը կարողանա՞նք արդար ընտրութիւններ անցկացնելու քաղաքական որակներ ու կամք ապահովել: Պակաս կարեւոր չէ նաեւ քաղաքականութեան բարոյականութիւնը` վերջին հաշուով քսան տարին այնքան էլ մեծ ժամանակաշրջան չէ, եւ արեւի տակ տեղ ունենալու մրցավազքում նաւից ճողոպրելու եւ նոր նաւի վրայ տեղ գրաւելու, գունափոխութեան եւ առնէտավազքի վարքագիծը տեսանելի է, ինչը նոյնպէս ոչ պակաս կարեւոր է Հայաստանի ներքաղաքական հեռանկարի ու քաղաքական մշակոյթի համատեքստում:

Հ.- Հայ յեղափոխական դաշնակցութիւն կուսակցութիւնը քաղաքական այս խայտաբղէտ դաշտում որեւէ ուժ տեսնո՞ւմ է, որի հետ կարող է համագործակցել առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում` հանդէս գալով դաշինքով, հաշուի առնելով 2009 թուականին Երեւանի քաղաքապետի ընտրութիւնների ձախողումը, որտեղ ըստ էութեան ՀՅԴ-ն չկարողացաւ անհրաժեշտ նուազագոյն շեմը յաղթահարել:

Պ.- Ես կը խուսափէի ձախողում բառը գործածել: Կը համաձայնէի այդ գնահատականին, եթէ կարողանայինք Հայաստանում արդար ընտրութիւններ ապահովել: Բայց մեր նորանկախ պետութեան քսան տարիների ընթացքում երբեք էլ չյաջողուեց ունենալ արդար ընտրութիւններ, եւ երբեք որեւէ քաղաքական ուժ թուաբանական պատկերով չի ներկայացրել իր իրական քաղաքական դրամագլուխն ու աղբիւրները:

2012 թուականի խորհրդարանական ընտրութիւններին միայնակ գնալու մեկնակէտն ունենք, թէեւ չեմ բացառում գաղափարական հենքի վրայ որեւէ դաշինք: Այնուամենայնիւ, քաղաքականութիւնը իւրօրինակ ստեղծագործական գործընթաց է, եւ օրուայ թելադրանքն ու քաղաքական համատեքստը որոշիչ են: Իսկ մեր քաղաքական հիմնական շեշտադրումը Հայաստանում արդար, կամքի ազատ արտայայտման վրայ յենուած ընտրութիւններն են:

Հ.- Քաղաքական համաձայնական դաշինքի երկու հիմնական ուժերը` ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, միմեանց հերթ չտալով, ընդհուպ մինչեւ վերջնագրային յայտարարութիւններ են անում (ով չհամագործակցի ՀՀԿ-ի հետ, ջարդած տաշտակի առջեւ կը յայտնուի), միւս կողմից` հսկայական միջոցներ են ծախսւում ՀՀԿ-ից դէպի ԲՀԿ նորանոր ուժեր ներգրաւելու համար: Այս «մշակոյթի» պայմաններում ինչպէ՞ս էք պատկերացնում ազատ, արդար ընտրութիւնների անցկացումն ու այն նոր «Ընտրական օրէնսգրքի» գործադրումը, որն արդէն սեղանի վրայ է:

Պ.- Ես կը գերադասէի աւելի բաց տեքստով խօսել: Մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանի «դարակազմիկ» արտայայտութիւնը լսեցի, որը մօտաւորապէս «ով մեզ հետ չի, հայ չի» շարքից էր: Հաւանաբար մեր վարչապետը մոռացել է, որ մենք գոնէ Սահմանադրութեամբ ժողովրդավարական, ընկերային եւ իրաւական երկրի հաստատում ենք ամրագրել, եւ հրապարակային յայտարարութիւն է անում, որը ոչ միայն հակաժողովրդավարական է, այլեւ հակաքաղաքակրթական: Եթէ ինչ-որ շարքային կուսակցական ասէր, թերեւս չանդրադառնայի: Բայց սա հնչում է պետական բարձրագոյն պաշտօնեայի շուրթերից: Որեւէ արժանապատիւ, ժողովրդավարական երկրում այդ բարձրագոյն պաշտօնեան այլեւս պիտի դադարէր լինել այդ պաշտօնին: Վարչապետ, նախագահ` սրանք հայրապետական բարձունքից պէտք է խօսեն: Ինչպէ՞ս կարելի է հակապետական այդ մտածողութեամբ առաջնորդուել 21-րդ դարում եւ միւս կողմից էլ` ունենալ երեսպաշտութիւն եւ խօսել մրցունակ, գիտելիքահեն տնտեսութեան մասին: Ըստ էութեան սա մեր օրերի քաղաքական արժէքների շարքից է, եւ այս քաղաքական արժէքներով էլ երկրի կառավարումն են իրականացնում: Եւ յետոյ էլ զարմանում են կամ անկեղծանում ու խօսում քրէասակաւապետական, մենաշնորհային տնտեսութիւնից: Կարծում են, թէ շարունակ համաձայնական կառավարութեան յուշագիր ստորագրելով մարդկանց հաւատարմութեան, պնակալէզութեան, ստրկամտութեան դաշտում պէտք է պահեն: Այս մտածողութիւնը որեւէ հեռանկար չունի: Սա մէկ սակաւապետի տնտեսութիւն է, մէկ տիրոջ ու ծառայի երկիր է: Սրանք հէնց այնպէս ուղերձներ չեն: Սա քաղաքական վերնախաւի մտածողութեան ուղերձն է հասարակութեանը: Այսքանից յետոյ պէտք է պարկեշտութիւն ունենալ եւ չգնալ եւրոպական խորհրդարաններում եւրոպական համարկման, ժողովրդավարութեան հեքիաթներ պատմել:

Հ.- Երկու տարի առաջ նրանք համաձայնական կառավարութեան գործընկերներն էին: Կարծում էք` այս տարիների ընթացքում նրանք աւելի բիրտ, աւելի վատ, աւելի բացասական փոխակերպումների՞ են ենթարկուել: Նրանք 2009 թուականից առաջ աւելի՞ լաւն էին եւ աւելի վատն են հիմա՞:

Պ.- Ես շատ եմ ցաւում, ցաւում եմ, որ 20 տարիները մեզ ոչինչ չտուեցին, պատմութիւնը մեզ համար դաս չդարձաւ, խեղուած արժէքների իրականութեան մէջ ենք ապրում: Ես ոչ թէ վարչապետի համար եմ ցաւում, այլ Հայաստանի Հանրապետութեան, որովհետեւ Հայաստանը այլընտրանք չունի: Մեր դատարկուող երկիրը ծորացող, չփակուող վէրք է, երկու ճակատով պատերազմ ունենք, երկնիշ տնտեսական անկում, ունենք ամենավատը` բարոյական անկումի, յոռետեսութեան եւ անապագայ երկրի համատարած վիճակ, որտեղ իւրաքանչիւր երրորդը աղքատ է, իւրաքանչիւր հինգերորդը` ծայրայեղ աղքատ: Բացասական սպասումների մի մթնոլորտ է, որտեղ իւրաքանչիւրն իր ապագան մեր երկրում չի տեսնում, որովհետեւ ինքը չի ուզում լինել պնակալէզ, չի ուզում քաղաքական ահաբեկչութեան ենթարկուել, իսկ վարչապետի ասածը քաղաքական ահաբեկչութեան մտածողութեան շարքից է: Ես այլ գնահատական չեմ տեսնում: Ցաւալի է, որ այսպէս խօսեց քաղաքական մեծամասնութեան ղեկավարներից մէկը: Սա մեր վարչապետի համար անկեղծութեան պահ էր, արժէքների արտայայտութեան պարզ դրսեւորում:

Հ.- Որքանո՞վ էք արտաքին ուժերի ազդեցութիւնը իրական համարում, եւ որքանո՞վ են նրանք որոշում ընդհանրապէս Հայաստանի պետականութեան ճակատագիրը:

Պ.- Քանի դեռ Հայաստանը այսպէս մտածող քաղաքական այրերի ձեռքին է, այստեղ դերակատար կը լինեն արտաքին ուժերը: Մեր արտաքին ճակատի ամրութիւնը, յաղթական քուէն պայմանաւորուած են միայն ու միայն ներքին ամրութեամբ, ներքին ընկերային համախոհութեամբ: Ես դժուարանում եմ ասել, որ մեր ժողովրդի թէկուզ փոքր հատուած այսպէս մտածող քաղաքական ուժի հետ կարող է համախոհութիւն ունենալ: Ցանկացած արտաքին քաղաքական ուժ կենսունակ է դառնում, երբ տեսնում է, որ դու դիմադրողական չունես քո երկրում, չունես քաղաքական համախոհութիւն ու հանրային համերաշխութիւն: Օրինականութիւն ասածը պարզ քուէն չէ, կայ բարոյական օրինականութիւն: Ցաւօք սրտի, մեր իշխանութիւնները այսօր ոչ բարոյական օրինականութիւն ունեն, ոչ մտաւոր: Ովքե՞ր են առաջնորդները: Այս քարեդարեայ մտածողութեամբ է իմ երկիրը կառավարւում, իմ իշխանութիւնը, իմ կառավարութիւնը, իմ արժէքների ամբողջ փիլիսոփայութիւնը ինքը պէտք է բերի եւ ինձ համար 2012 թուականի պիւտճէ, կառավարութեան ծրագիր, Հայաստանի ապագա՞յ ձեւաւորի: Նրանք իրաւունք չունեն կանխորոշել իմ ապագան այն արժէքներով, որոնցով առաջնորդւում են:

Հ.- ՀՅԴ-ն 2009 թուականին պահանջում էր արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանի հրաժարականը, հիմա վարչապետ Տիգրան Սարգսեանի հրաժարականի պահանջ կայ: Որքանո՞վ էք հետեւողական լինելու, եւ այս փուլում իշխանափոխութեան խնդիր դրւո՞ւմ է, թէ՞ շարունակելու էք արտաքին քաղաքականութեան ձախողման համար մեղադրել արտաքին գերատեսչութեան ղեկավարին, տնտեսութիւնը ձախողելու համար` Տիգրան Սարգսեանին: Չէ՞ք կարծում, որ այս կէս քայլերով կուսակցութեան նկատմամբ հասարակական վստահութիւնը չի կարող մեծ լինել:

Պ.- Երբ մենք 2008 թուականին համաձայնական կառավարութեան յուշագիրը ստորագրեցինք` 22 առաջնահերթութիւններով, այն համոզումն ունէինք, որ կը կարողանանք համախոհութեամբ, ներքին պահանջատիրութեամբ ինչ-որ բան փոխել: Այդ ժամանակ երկիրը առաջ տանելու համար մեզ ներուժի զօրաշարժ էր պէտք: Մենք դժգոհ էինք բարեփոխման քայլերից, բայց դերակատարութիւն ունենալու ներքին համարում ունէինք: Հայ-թուրքական արձանագրութիւնները մեր բաժանումի վերջին կաթիլն էր:

Եւ առանձնապէս տնտեսագիտական վերլուծութեան կարիք չկայ` տեսնելու, որ բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, ընկերային, մշակութային, ձախողումների ճանապարհ ենք բռնել` դատարկուող հայրենիքն ու բարոյապէս մեռնող երկիրը դրա վկայութիւնն են: Ամբողջութեամբ ձախողուած ընկերային քաղաքականութիւն` նուազագոյն աշխատավարձ` 35 հազար, միւս կողմից` նոյն պետական համակարգում դատաւորների մինչեւ 1 միլիոնի հասնող աշխատավարձ: Ինչպէ՞ս կարելի է միեւնոյն հասարակութեան մէջ այսքան բեւեռացնել հասարակական շերտաւորումը: Արհամարհուած մշակոյթ, կրթական համակարգի կոռումպացուածութիւն, հոգսի հետ մենակ թողնուած գիւղացի ու հայլուրային հեքիաթներ: Իշխանափոխութիւնը բացարձակապէս հատուածական խնդիր չէ. այս կամ այն նախարարին հանելով` վիճակը չի փոխուի. ոչ, համակարգուած իշխանութիւն եւ իսկապէս արժէքների յեղափոխութիւն է անհրաժեշտ:

Հ.- Այնուամենայնիւ, Սերժ Սարգսեանի հրաժարական չէ՞ք պահանջի:

Պ.- Համակարգային իշխանափոխութիւնը նախ եւ  առաջ կառավարման համակարգի անարդիւնաւէտութիւնն է կանխատեսում: Այսօր Հայաստանում, ցաւօք սրտի` բոլոր օղակներում,  ամէն վայրկեան տգիտութեան ու անպատասխանատուութեան մի սելաւի ենք բախւում, 20 տարիների ընթացքում կուտակած սխալներ, մեղքեր, ձախողումներ, եւ ոչ մէկը քաղաքական պատասխանատուութիւն չի կրել: Ամենասարսափելին` մենք սպաննել ենք քաղաքացիական հասարակութեանը, երբ քաղաքացին իր դերակատարութիւնը չի տեսնում, իր ձայնի կարեւորութիւնը չի հասկանում, իսկ սա նշանակում է քաղաքացու արժանապատուութեան կորուստ: Բարոյական անկումով այսպիսի հասարակութիւնը հեռանկար չունի: Արժէքների յեղափոխութիւն ասելով նկատի ունեմ քաղաքացիական հասարակութեան եւ քաղաքական բոլոր ինստիտուտների արժեւորման, դերակատարութեան ընկալման խնդիրը, որովհետեւ այս արժէքներով եւ այս մշակոյթով, ցաւօք սրտի, մեր երկրի հեռանկարը չեմ տեսնում:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»

Share this Article
CATEGORIES