ՎԱՂԸ ԿԱՄ ԳՈՒՑԷ` ՎԱՂԸ ՉԷ ՄԻՒՍ ՕՐԸ ԱՅԴ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՐ ԱՅՍ ՏԵՍԱԿ ԱՐԱՐՔՆԵՐԸ «ԲՆԱԿԱՆ» ԵՆ

Ստորեւ կու տանք հայրենի «Առաւօտ» օրաթերթին երէկուան թիւով լոյս տեսած հարցազրոյց մը` ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հետ: Հարցազրոյցին մէջ Հրանդ Մարգարեան կը կեդրոնանայ մասնաւորաբար Հայաստանի մէջ տիրող նախընտրական մթնոլորտին վրայ:

«Ես յստակ փաստերի մասին տեղեկացուած չեմ, որ  կարողանամ արժէքաւոր տեսակէտ յայտնել», անդրադառնալով  ուժանիւթի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանի` Ազգային ժողովում  քննարկման ընթացքում «Այ. Փետ»-ով  խաղեր խաղալուն,  ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը: «Առաւօտ»-ի յիշեցմանը, որ  նախարարի այդ զբաղմունքը արձանագրել եւ  հանրութեանը ներկայացրել է «Երկիր Մետիա»   հեռուստատեսութիւնը, պարոն Մարգարեանն ասաց, որ ինքը երէկ  հեռուստացոյց չի դիտել. «Ամէն դէպքում, դա տեսակի հարց է: Իսկ ինչ վերաբերում է առհասարակ պետական գործիչների նմանօրինակ արարքներին, դա հետեւանք է այն բանի, որ նրանք յաճախ իւրայատուկ տեսակ են: Երբ մարդը չունի գաղափարական համոզմունքներ եւ յստակ արժեհամակարգ, այդ տեսակի համար այս տեսակ  արարքները «բնական» են»:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի գնահատմամբ` ներկայ իշխանութիւնների խօսքն ու գործն անցած 3 տարիներին չեն համընկել: Իսկ ահա Դաշնակցութիւնը նման խնդիր չունի:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Մարգարեան, խորհրդարանական ընտրութիւններին մի քանի ամիս է մնացել. Հայաստանի հանրապետական կուսակցութիւնը (ՀՀԿ)  արդէն ձեւաւորում է իր նախընտրական արշաւը, Օրինաց երկիր կուսակցութիւնը (ՕԵԿ) գրասենեակներ է բացում, Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը (ԲՀԿ) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների մոտելով փորձարկում է իր  առաջիկայ ռազմավարութիւնը, ինչպէ՞ս է պատրաստւում Դաշնակցութիւնը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ամէն քաղաքական ուժ պատրաստուելու իր ոճն ունի: Ամբողջ հարցն այն է, թէ ինչ ակնկալիքով ես գնում ընտրութիւնների եւ ինչպէս ես փորձում քուէ հաւաքել: Մեր կազմակերպութիւնն  արդէն այնքան կայացած է, որ մենք անհրաժեշտութիւն չունենք  նոր մեծ վերադասաւորումների, գրասենեակներ բացելու եւ այլն: Բաւական է  պարզապէս սկսել աշխատանքները: Եւ գրեթէ արդէն սկսել ենք:  Վերջին հաշուով, ՀՅԴ աշխատանքը մի քիչ տարբեր է այն առումով, որ մենք փորձում ենք ստանալ ժողովրդի գիտակցուած քուէն: Այսինքն, մենք չունենք այն նիւթական հնարաւորութիւնները, եթէ ունենայինք էլ` չէինք անի, որ դրամի ուժով փորձենք ապահովել մեր քուէները:  Մենք չունենք պետական լծակներ, չունենք այն ազատութիւնը, որ մեզ թոյլ տանք ամէն մարդու հետ գործ բռնել: Մենք ունենք սկզբունքներ, արժեհամակարգ, որոնք անփոփոխ են, եւ որոնց համահունչ  պէտք է կարողանանք աշխատել:

Հ.- Բայց իւրաքանչիւր ընտրութիւն  ընթանում է նախորդից որոշակիօրէն տարբերուող քաղաքական մթնոլորտում եւ դրանից ելնելով` թելադրում է  նոր մարտավարութիւն:   Օրինակ գալիք ընտրութիւնների հետ կապուած` իշխանութիւնները յայտարարել են, որ դրանք լինելու են աննախադէպ թափանցիկ եւ  որակապէս յեղափոխական: Դաշնակցութիւնը պատրա՞ստ է  որակապէս նոր ընտրութիւնների, եւ որքանո՞վ էք  ներկայ իրավիճակում դա իրական համարում:

Պ.- Կ՛ուզենայի հաւատալ,  որ դա այդպէս կը լինի: Բայց փորձը ցոյց է տալիս, որ այս իշխանութիւնների խօսքն ու գործը չի համընկնում: Կարող եմ մատնանշել նախագահի բազմաթիւ ելոյթներ, որոնցում նա այս երկրում ինչ-որ բան փոխելու յոյս է  ստեղծել, կամ  վարչապետի գեղեցիկ խօսքերը, որոնցից ոչ մէկը, սակայն, իրականութիւն չեն դարձել: Դրա համար ես մեծ փոփոխութիւնների ակնկալիք  չունեմ: Թէպէտ, կրկնում եմ, կը ցանկանայի, որ այդպէս լինէր, որ իշխանութիւնը կամք ցոյց տար`  որակապէս այլ ընտրութիւն անցկացնելու: Իսկ  Դաշնակցութիւնն ընտրութիւններին գնում է իր ընկերային-տնտեսական փլաթֆորմով` այն, ինչով մենք տարբերւում ենք  հրապարակի վրայ եղած բոլոր կուսակցութիւններից, որոնք գրեթէ բոլորն անխտիր  հաւատում են ազատ շուկայական յարաբերութիւններին, ազատականութեան եւ այլն: Իսկ մենք ընկերվարական ծրագիր ունենք, եւ հէնց այս առումով արդէն մենք այլընտրանք ենք բոլորին:  Այլ հարց է, որ ժողովուրդը հիմա այնքան ծանր իրավիճակի մէջ է, որ այլեւս ընդհանրապէս չի ուզում խօսքերին հաւատալ: Նաեւ` հաւանաբար  մեր խօսքին էլ  չի ուզում հաւատալ:

Հ.- Ի դէպ,  խօսքերին հաւատալու հետ կապուած մի այսպիսի յիշեցում. ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեանը, ով նախօրէին յայտարարեց, որ 2012 պիւտճէի նախագիծը ձախողուած է եւ կառավարութեան միակ ճանապարհը հեռացումն է, դեռեւս անցած մայիսին ՀՅԴ անունից հրապարակաւ խոստացաւ, որ աշնանային նստաշրջանը սկսելուն պէս Դաշնակցութիւնն Ազգային ժողովում կը բարձրացնի կառավարութեանն անվստահութիւն յայտնելու հարցը:  Երկու ամիս առաջ դուք կրկին պնդեցիք դա, սակայն մենք տեսնում ենք, որ Դաշնակցութիւնը բաւարարւում է ընդամէնը  քննադատութիւններով: Հետեւաբար, Դաշնակցութեան գործն ու խօսքն էլ միշտ չէ, որ համընկնում է:

Պ.- Ոչ, դա դեռ լինելու է, դա ուղղակի խորհրդարանական գործունէութեան թելադրանքներով է պայմանաւորուած: Այդ յայտարարութիւնը մենք ձեւական չենք արել, հարցը  օրակարգում է, եւ, այսպէս ասած,  հերթի մէջ է:

Հ.- Բայց չէ՞ք կարծում, որ հերթն անցնում է, ըստ էութեան` էլ ժամանակ չմնաց:

Պ.- Երբ էլ անենք` վնաս չկայ,  շահ է:

Հ.- Նայած` թէ ում շահն է:

Պ.- Մեր շահն է` ժողովուրդի բնականաբար:  Խօսքի ու գործի համապատասխանութեան առումով մենք խնդիր չունենք: Անցած 20 տարուայ ընթացքում մենք կարեւորել ենք  Ղարաբաղի հարցը, եւ մեր կուսակցութեան մէկ ութերորդը զոհուել է Ղարաբաղում: Մենք կարեւորել ենք ազգային խնդիրները եւ  մշտապէս սկզբունքային ենք եղել: Մենք ընկերային առումով զանազանուել ենք  բոլորից եւ թէ՛ կառավարութեան մէջ, թէ՛ դրանից դուրս  փորձել ենք ընկերային հարցերը յաջողեցնել եւ  դրա մասին ունենք յստակ փաստեր: Ի հարկէ, կան նաեւ փաստեր, որ չենք յաջողել, բայց դա այն պատճառով, որ մեր ունեցած քուէն բաւարար չի եղել:

Հ.- Չէ՞ք կարծում, որ դաշնակցական որոշ ղեկավարների պիզնըս գործունէութիւնը որոշակիօրէն ստուերում է Դաշնակցութեան` ընկերային  արդարութեան համար պայքարողի պատկերը:

Պ.- Նախ, դաշնակցականները, ինչպէս եւ սովորական մարդիկ, իրաւունք ունեն պիզնըս ունենալ: Բայց Դաշնակցութեան մէջ խոշոր, աչք ծակող, սակաւապետական պիզնըսի երեւոյթներ գոյութիւն չունեն:

Հ.- Ուզում էք ասել Հայաստանում  դաշնակցական սակաւապետներ չկա՞ն:

Պ.- Ցաւօք սրտի` չկան: Ցաւօք սրտի, որովհետեւ, եթէ մարդը կարողանում է  պիզնըսում յաջողութիւն ունենալ եւ հարստանալ, դա վատ երեւոյթ չէ: Խնդիրն այն է, թէ մենք հարստացման ո՛ր չափի մասին ենք խօսում: Ինչ վերաբերում է որոշակիօրէն Դաշնակցութեան անդամների պիզնըս գործունէութեանը, ապա ես կարծում եմ, որ այդ հարցը յաճախ շահարկւում է  մեր համեստութեան պատճառով: Այսինքն` որ հրապարակաւ չենք պատասխանում  այդ ամէնին: Ի վերջոյ, ոչ մի անգամ որեւէ անուն չի  նշւում, պարզապէս ընդհանուր խօսակցութիւններով տպաւորութիւն է ձեւաւորւում:

Հ.- Պարոն Մարգարեան, դուք մի քանի ամիս առաջ  ենթադրեցիք, որ Ռոպերթ Քոչարեանը քաղաքականութիւն կը վերադառնայ 2012 թուականի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ: Նման տարբերակին նախապատրաստուելու համաթեքսթում  հնարաւո՞ր է այլ` քոչարեանամէտ քաղաքական ուժերի հետ նախընտրական դաշինք կազմէք:

Պ.- ՀՅԴ-ն ինքնուրոյն կուսակցութիւն է, եւ որեւէ ուժի, մանաւանդ անձի կցորդ կազմակերպութիւն չի կարող լինել: Եթէ ոեւէ մէկն այդպէս է մտածում, նշանակում է լաւ չի ճանաչում Դաշնակցութեանը: Ի հարկէ դաշինքները բացառուած չեն, բայց երկու հարց կայ, որոնց պատասխանները  պէտք է մեզ համար յստակ լինեն ի սկզբանէ: Նախ` ո՞րն է դաշինքի նպատակը: Եթէ աւելի շատ քուէ ստանալն է, ապա դա չի կարող մեզ համար այլ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու պատճառ հանդիսանալ: Մեր դաշինքը պէտք է լինի ինչ-որ ուղղորդուած նպատակ յաջողեցնելու շուրջ:

Հ.- Իսկ կարո՞ղ է այդ նպատակը լինել հէնց Ռոպերթ Քոչարեանին իշխանութեան  վերադարձնելը:

Պ.- Դա մեզ համար չի կարող նպատակ լինել:  Եւ նշեմ երկրորդ հարցը` ինչպէս ենք մենք իրականացնելու մեր ընդհանուր նպատակային միասնութիւնը: Ահա այս հարցերը յստակեցնելու դէպքում մենք կարող ենք ճշդուած նպատակների, թիրախների շուրջ  համագործակցել ցանկացած ուժի հետ:

Հ.- Ցանկացած` նաեւ ՀԱԿ-ի՞:

Պ.- Կարծում եմ` ՀԱԿ-ի հետ չի կարող լինել այդ նպատակային ընդհանրութիւնը:

Հ.- Պարոն Մարգարեան, Ռոպերթ Քոչարեանն իր վերջին հարցազրոյցում սահմանեց  քաղաքականութիւն վերադառնալու համար անհրաժեշտ երեք գործօնները, որոնցից մէկը վերաբերում էր նրա քաղաքական պահանջարկին: Ի՞նչ էք կարծում, ներկայումս որքանո՞վ է  Քոչարեանի վերադարձի քաղաքական պահանջարկն առկայ:

Պ.- Կարծում եմ,  այդ հարցը պէտք է իրեն ուղղէք: Ճիշդ չէ, որ մենք այդ հարցին պատասխանենք:

Հ.- Այնուամենայնիւ, որպէս Ռոպերթ Քոչարեանի երբեմնի քաղաքական յենարան, Դաշնակցութիւնն այսօր  նման պահանջարկ զգո՞ւմ է:

Պ.- Ես կարծում եմ, այսօր առկայ է  Դաշնակցութեան իշխանութեան գալու քաղաքական պահանջարկ:

ԱՐԵՒԻԿ ՍԱՀԱԿԵԱՆ

«Առաւօտ»

Share this Article
CATEGORIES