ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎՏԻ ԼԵԳԵՆԴԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՄԱՐԴԻ՞Կ ԵՆ ՆՄԱՆՒՈՒՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ, ԹԷ՞ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ` ՄԱՐԴԿԱՆՑ
Անցնող օրերին Երեւանի փողոցներում քայլում էր մի շատ տարօրինակ մարդ. ինչո՞վ էր տարօրինակ. նա փողոց էր դուրս եկել տրանսպորտի մի ինքնատիպ եւ Երեւանի համար անսովոր միջոցով` ինքնագլորիչով` սեքուէյով (Segway): Այդ մարդը աշխարհի միլիարտատէրերից մէկն էր, մեր ժամանակների ամենանշանաւոր ճարտարագէտ «Էփըլ քոմփիւթըր» կորփորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնեակը (Stephen Wozniak): Նա նոյեմբերի 10-ին Երեւան էր գնացել երկու օրով` ստանալու Հայաստանի Հանրապետութեան նախագահի սահմանած «Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հեղինակութիւն» մրցանակը: Սա մի մրցանակ է, որ ստեղծուել է Հայաստանում գործող «Սինոփսիս Արմենիա» ընկերութեան նախաձեռնութեամբ եւ «Վիվասել-Էմ. Թի. Էս.»-ի հովանաւորութեամբ (Սթիվ Վոզնեակը Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետութեան նախագահի մրցանակի երկրորդ արժանացողն է: Առաջին մրցանակը 2010 թուականին ստացել է «Ինտել» կորփորացիայի տնօրէնների խորհրդի նախկին նախագահ Քրէյկ Պարրեթը):
…Ինքնատիպ ու զարմանալի մի միլիարտատէր է Սթիվ Վոզնեակը, որը հայաստանցիներին զարմացրել է ոչ միայն ինքնագլորիչ քշելով. նա նաեւ շփոթութեան է մատնել եւ վախեցրել «Արմենիա-Մարիոթ» հիւրանոցի (որտեղ իջեւանել է) աշխատակիցներին. Վոզնեակն իր ճամպրուկների մէջ զետեղել է յատուկ սարքեր, որոնք յատուկ ձայնային նշաններ են արձակում, երբ ճամպրուկների տէրը սեղմում է իր մօտ եղած սարքը եւ ազդանշանների օգնութեամբ փորձում գտնել, թէ որտե՛ղ են ճամպրուկները: Նա հիւրանոցում եղած ժամանակ կատակով միացրել է սարքը եւ հիւրանոցի աշխատողների մօտ իրարանցում է սկսել. նրանք մտածել են, թէ իրենց հիւրի մօտ ռումբ կայ… Այսպէս, ամերիկացի 61-ամեայ ծանօթ ծրագրաւորողը (որ Հայաստան է այցելել իր կնոջ` Ջանեթ Վոզնեակի հետ եւ Համահայկական առցանց համալսարանի հիմնադիր Երուանդ Զօրեանի ուղեկցութեամբ) հումորով, անկաշկանդ ու տպաւորիչ երկու օր է անցկացրել մեր հայրենիքում… Սակայն մենք` հայերս ու պատմութիւնն ընդհանրապէս Վոզնեակին յիշելու է ոչ թէ նման անմեղ չարաճճիութիւնների, այլ համաշխարհային արհեստագիտութեան մէջ ունեցած նրա աննախադէպ յայտնագործութիւնների շնորհիւ:
Վերջերս կեանքից հեռացաւ «Էփըլ»-ի միւս համահիմնադիրը` Սթիվ Ճոպզը. Ճոպզի հետ միասին է Վոզնեակը 1979 թուականին հիմնադրել «Էփըլ» ընկերութիւնը, որը նոյն թուականներից յեղափոփութիւն է կատարել համաշխարհաին արհեստագիտութեան մէջ: Սթիվ անունով երկու ընկերների անունն այլեւս դրոշմուած է նոր ժամանակների պատմութեան մէջ: Ինքը` Վոզնեակը համարւում է աշխարհում առաջին անհատական համակարգիչ ստեղծողներից մէկը: Նրա շնորհիւ էր, որ համակարգիչները դուրս եկան գիտական ու ռազմական հաստատութիւններից, մեծ հիմնարկներից եւ մտան իւրաքանչիւր մարդու տուն, իւրաքանչիւրի կենցաղ` այսօր արդէն դառնալով ժամանակակից մարդու անբաժան ու կարեւորագոյն իրը:
Վոզնեակին ճանաչում են ամբողջ աշխարհում. նրա խնձորներով շրջապատուած լուսանկարը համակարգչային աշխարհի բազմաթիւ ֆանատներ կախում են իրենց պատերին` յուսալով իրենք էլ հասնել նոյն ճանաչմանն ու յաջողութեանը, ինչին հասել է Վոզնեակը: Իսկ յաջողութեան հասնելու նրա ճանապարհը հեշտ չի եղել: Մինչեւ անհատական համակարգիչ ստեղծելը Վոզնեակն աշխատել է HP ընկերութիւնում` իբրեւ գիտական հաշուիչներ նախագծող: Հէնց այդ ժամանակ էլ նա սկսել է ուսումնասիրել այդ հաշուիչների միկրոսխեմաները: Այդ տարիներին նա հրապուրուած է եղել տեխնոլոգիայով ու չիպերի դիզայնով եւ հաւատացել է, որ խելացի նախագծողը այդ աշխատանքում կարող է հասնել մեծ արդիւնքների.
«Ես մի տեսլական ունէի, ուզում էի համակարգիչներն ամբողջ աշխարհին հասանելի դարձնել: Գրպանումս սակայն գումար չունէի, իմ առաւելութիւնն այն էր, որ ես կարող էի օգտուել միկրոսխեմաների մատչելի աղբիւրից` «HP»-ի ունեցածից: Ես սովորական մատիտով սովորական թղթի վրայ նախագծում էի չիպերի դիզայնը: Իսկ գիշերները վերցնում էի միկրոսխեմաները, զօդում էի դրանք` փոխելով լարերի տեղերը: Գումար չունէի, որպէսզի վճարէի նախագծողին կամ պատրաստողին, ուստի ամէն ինչ ինքս էի անում: Ամէն օր կարդում էի օն-լայն մամուլը, փնտռում, թէ աշխարհում ինչ նոր յայտնագործութիւններ են կատարւում կամ ինչ մատչելի չիպեր են արտադրւում: Հետեւելով բոլոր զարգացումներին` մտածեցի, իսկ ինչո՞ւ ինքս չստեղծեմ այնպիսի սարքեր, որոնք նմանօրինակ մեծ կարեւորութիւն կ՛ունենան: Եւ ես մտածեցի, որ կարող եմ փող աշխատել` առանց լուրջ գումար ներդնելու, քանի որ չունէի այդ գումարը», Հայաստանում պատմել է Սթիվ Վոզնեակը:
Աւելի ուշ Սթիվի մտքերը վերածւում են առաջին անհատական համակարգչի, որն այսօր առայժմ անփոխարինելի սարք է մարդու կեանքում: «Ես հասկացայ, որ ծնուել եմ տեխնոլոգիաներ արարելու համար, բայց իւրաքանչիւր մարդ, ով իրեն իր գործում լաւ է զգում, կ՛ասի նոյնը: Թւում է` աշխատանքը տհաճ ու ծանր բան է, բայց եթէ դուք սիրէք այն, ինչպէս ես եմ սիրում իմ գործը, այն կը վերածուի հաճոյքի»:
Վոզնեակին քաջալերել է իր հայրը: Նա եւս տաղանդաւոր ճարտարագէտ էր, ով իր որդուն խրախուսեց սովորել ու զարգանալ, ստեղծել նոր արժէք եւ թերեւս ամենակարեւորը` լինել ազնիւ եւ աշխատասէր: Սրանք այսօր պարզագոյն արժէքներն են, որոնք յաճախ չեն կարեւորում յաջողութեան ձգտողները. նրանցից շատերին թւում է, թէ հրաշքը այլ տեղում է: Բայց Վոզնեակն իր փորձով ապացուցեց, որ հրաշքը իւրաքանչիւր մարդու ներսում է, եւ իւրաքանչիւր մարդ մի բան յատկապէս ինքն է ամենալաւը անում:
Այսօր ամենաարդիական պահանջներն են` համեստութիւնը, աշխատասիրութիւնը, ուսումնատենչութիւնը, ազնուութիւնը: Դրանք յատկանիշներ են, որոնք այսօր հնարաւորութիւն են տալիս ժամանակակից երիտասարդին` գրաւել ոչ միայն «Ուոլ Սթրիթ»-ը, այլեւ ամբողջ աշխարհն ընդհանրապէս` առանց պատերազմի եւ բռնութեան:
Ժամանակակից տեխնոլոգիաները ստեղծուել են նաեւ օգնելու մարդուն` պայքարելու պատերազմների եւ բռնութեան դէմ: Նրանք խաղաղութեան եւ հաշտութեան հասնելու համար կարող են մի վայրկեանում համախմբել հազարաւոր մարդկանց: Նրանք բռնութիւն չեն քարոզում:
«Բոլոր տեխնոլոգիաները կեանքն աւելի հեշտ դարձնելու համար են: Կը գայ մի օր, երբ բոլորս կ՛աշխատենք շաբաթը 4 օր, իսկ մնացած ժամանակը կը ծախսենք վայելքի եւ սիրելի բաների վրայ», ասել է Վոզնեակը, ով ի դէպ, հաճոյք սիրող մարդ է եւ իր ստեղծած համակարգիչն էլ համարում է նախ եւ առաջ հաճոյքի միջոց:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆՁՈՐ` ՎՈԶՆԵԱԿԻՆ
Հայաստանեան այցի երկու օրերի ընթացքում պարզուեց` iWoz մականունով այս գիւտարարը բազմաթիւ երկրպագուներ ունի նաեւ Հայաստանում: Ուշագրաւ էր «Զուարթնոց» օդանաւակայանում նրան երիտասարդների կողմից դիմաւորելու արարողութիւնը: Նրան դիմաւորեցին մի դրօշով, որի վրայ պատկերուած էր Հայաստանի դրօշի գոյներով Apple-ի ծանօթ խնձոր-լոգոտիպը: Նրան դիմաւորողներից ոմանք կրում էին Apple-ի լոգոտիպով շապիկներ: Սթիվ Վոզնեակը երկրպագուների iPad պլանշետների վրայ թողել է իր ստորագրութիւնը: Երկրպագուները նրան հայկական խնձոր են նուիրել…
Աւելի ուշ երիտասարդների եւ ուսանողների հետ հանդիպման ընթացքում Վոզնեակն ասել է, որ երիտասարդ տարիքում իրեն ոգեշնչել են յաջողութեան հասած մարդկանց մասին պատմութիւնները: «Հայաստանում ինձ նման մրցանակի յանձնման արարողութիւնը, կարծում եմ հայ ուսանողներին եւ ճարտարագէտներին նոյնպէս ներշնչանքի, ոգեւորութեան աղբիւր կարող է հանդիսանալ»:
ՎՈԶՆԵԱԿԵԱՆ ԽՈՀԵՐ
Այսօր ամբողջ աշխարհում համակարգչային արտադրութիւնն անհնար է պատկերացնել առանց «Էփըլ»-ի: Իր գործունէութեան ընթացքում Վոզնեակը մի շարք հետաքրքրական եւ ուշագրաւ մտքերի է յանգել: Նրա մտքերը տպագրւում են ժամանակակից ամսագրերում, թերթերում, համացանցում` տարածուելով նոյն արագութեամբ, ինչ արագութեամբ, որ տեխնոլոգիաները հնարաւորութիւն են տալիս տարածել դրանք: Ահա լեհական եւ գերմանական արմատներով 61-ամեայ ամերիկացի ծրագրաւորող-գիւտարարի խոհերից մի քանիսը.
«Տեխնոլոգիաները աստիճանաբար նմանւում են մարդկանց»:
«Ո՞րն է կարեւոր` մա՞րդը, թէ՞ տեխնոլոգիան: Եթէ մարդն է կարեւոր, ապա տեխնոլոգները պէտք է մտածեն` ինչպէ՞ս անել, որ մարդ աւելի մարդկային ապրի: Տեխնոլոգիաների աշխարհում մեծ յայտնագործութիւնները տեղի են ունեցել եւ տեղի են ունենում մարդու եւ սարքի շփման միջոցով: Մեր բջջայիններ հեռաձայնները հիմա ունեն թէ՛ աչքեր (տեսախցիկ), թէ՛ զգալու զգայարան (հպւում ես, զգում են), թէ՛ լսողութիւն, թէ՛ խօսք: Ամէն ինչ` մարդկանց պէս: Անգամ բջջայինը մեր տեղն է կարողանում ճշդել: Մարդ գնում է դէպի իրական բանականութեան ստեղծում, մենք ամէն օր մօտենում ենք նրան, որ մի օր տեխնոլոգիաները մեր ընկերները դառնան: Այսօր ոչ թէ մենք ենք յարմարւում համակարգչին, այլ համակարգիչը մեզ»:
«Ճիշդ է` ամպային տեխնոլոգիաները համարւում են վերջին միտումը, սակայն ես այնքան էլ չեմ վստահում դրանց: Մարդիկ մտածում են, որ դրանց վստահելով` չեն կորցնի իրենց ինֆորմացիան, որ կարիք չի լինի թարմացնել ծրագրերը եւ աւելի մատչելի կը լինի օգտագործողի համար: Ճիշդ է պահեստաւորելու համար դրանք լաւ են, սակայն եթէ հիմա ես հեռախօսիս ասում եմ` զանգիր այսինչ ընկերոջս, հեռախօսը մուտք է գործում ամպային սերվերներ եւ վերցնում ընկերոջս ինֆորմացիան եւ ապա զանգ կատարում: Սակայն ինձ համար դա հիասթափեցնող է: Ես հնարաւոր է չունեմ այդ լայնաշերտ կապը, որ մի սերվերից միւս սերվերի հետ միանամ, կամ օրինակ, եթէ ես այսօր իմ ֆեյսպուքի ինֆորմացիան վստահում եմ ամպային տեխնոլոգիաներին, ստացւում է` ե՞ս եմ տնօրինում իմ ինֆորմացիան, թէ՞ ուրիշի սերվերը: Կարծում եմ, որ ամպային տեխնոլոգիաները դեռ զարգանալու մեծ ճանապարհ ունեն: Լաւ կը լինէր, որ մեր սարքերն առանց «ամպերի» կարողանային մեզ սպասարկել»:
«Սովորաբար բոլոր մեծ ընկերութիւնները հիմնել են երիտասարդներ, որոնք փող եւ երաշխիք չեն ունեցել, սակայն ունեցել են կտրուկ զարգացում»:
«Էփըլ»-ը երբեւէ ամենաշռնդալից յաջողութիւններից մէկն էր այդ ասպարէզում` մեծ ու լաւ կառուցուած մի ընկերութիւն: Սակայն ասեմ, որ անկախ գիւտարարները այդպիսի խիստ կառոյց ունեցող միջավայրերում իրենց շատ լաւ չեն զգում: Ես փոքր խմբեր եմ սիրում, որոնք նոր գաղափարներ են քննարկում, նախընտրում եմ փոքր մեկնարկային ընկերութիւններ, որոնք մտածում են շրջանակներից դուրս եւ որդեգրում տարբեր մօտեցումներ»:
«Թէեւ տեղեկատուական տեխնոլոգիաների աշխարհի շատ յայտնի դէմքեր կիսատ են թողել ուսումը, սակայն ես շատ եմ կարեւորում այն: Ես նոյնպէս կիսատ էի թողել ուսումս, եւ աւելի ուշ, երբ արդէն աշխատում էի «Էփըլ»-ում, կրկին քոլեճ վերադարձայ: Ստիպուած էի փոխել անունս, որ ինձ չճանաչեն»:
«Մարդկանց թւում է` տեխնոլոգիաները քրտնաջան աշխատանք են, սակայն ինձ համար երբեք այդպէս չի եղել: Ես դա անում էի սիրով եւ իմ հաճոյքի համար»:
«Պէտք է ուղղակի խիզախութիւն` հաւատալու համար, որ դու կարող ես դա անել: Մենք Սթիվի հետ հաւատում էինք, որ մեծ գործ ենք անում»:
«Հաճելի է, երբ զգում ես, որ ինքդ քո ուժով կարող ես փոփոխութեան հասնել»:
«Ես սիրում եմ արտասովոր բաներ` արտասովոր ժամացոյց, արտասովոր արարք: Իմ արարքներում նոյնպէս այդպիսին եմ` սիրում եմ արտասովոր բաներ անել, ոչ բոլորի պէս»:
Ի դէպ, երբ ստեղծուեց «Այ-ֆոնի» նոր մոտելը` «Այ ֆոն-4»-ը, Վոզնեակը Twitter-ի իր միկրոբլոգում գրեց. «Ես դեռ չեմ տեսել նոր iPhone-ը, քանի որ ցանկանում եմ միւս օգտագործողների հետ հաւասար ձեռք բերել այն»: Եւ իսկապէս, երբ Միացեալ Նահանգներում սկսուեց վերջին «Այ-ֆոն»ի մեկնարկային վաճառքը, Վոզնեակը բոլորի հետ միասին հերթ կանգնեց` գնելու իր իսկ ստեղծած սարքը: «Սի. Էն. Էն.»-ը շուտով տեսանիւթով սփռեց այդ ամէնը` պատմելով արտասովոր այս մարդու մասին:
ՍԹԻՒ ՎՈԶՆԵԱԿԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
«Ես մի լաւ ընկեր ունեմ, բայց չգիտէի, որ նա հայ է, մինչեւ այսօր ինձ չէին ասել, որ Գարի Նաթաշեանը հայկական անուն է: Նա յաճախ է գալիս Հայաստան եւ աշխատում մանկատանը: Ես շատ եմ սիրում բարի արարքներով առանձնացող մարդկանց: Կարծում եմ Հայաստանն այն վայրն է, որտեղ մարդիկ շատ ուշադիր են նրանց նկատմամբ, ովքեր օգնութեան կարիք ունեն»:
«Ես կը գնամ եւ Սիլիկոնային հովտում կը պատմեմ այս զարմանալի երկրի` Հայաստանի մասին»:
«Ես կը դառնամ Հայաստանի դեսպանը` ամբողջ աշխարհում»:
«Խոստանում եմ նորից վերադառնալ Հայաստան. այս այցից յետոյ ես ընդմիշտ կիսով չափ հայ կը մնամ»:
«Ինձ համար Հայաստանում ստացուած այս մրցանակը յատուկ է»:
«Ես տեսայ, որ տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացման ասպարէզում Հայաստանը մեծ ներուժ ունի: Պէտք է զարգացնէք ձեր հնարաւորութիւնները: Կոչ եմ անում Հայաստանում հիմնել «Սինոփսիս-Արմենիա»-ի պէս ուսումնական կենտրոններ»:
Յ. Գ.- Ամպային տեխնոլոգիան (Cloud Computing) տեղեկատուութիւն մատուցելու բոլորովին նոր ձեւաչափ է. այն ամէնը, ինչ պահւում է անհատական համակարգչում, կարելի է տեղափոխել համացանցի սերվերներ:
Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ