ԴԻՊՈՒԿԱՀԱՐ-ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՅԵՏ ՔԱՇԵԼ ԱՌԱՋԻՆ ԳԾԻՑ . «ՈՉ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ, ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄ»-Ի ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԸ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Ղարաբաղեան պատերազմը չի աւարտւում ու անվերջ մղձաւանջի է վերածւում այն ընտանիքների համար, որոնց 18-20-ամեայ տղաները դիպուկահար-մարդասպանների զոհն են դառնում: Երբեք չյայտարարուած ու դեռ չաւարտուած այս պատերազմը շարունակւում է դժբախտացնել հայ եւ ազրպէյճանցի ընտանիքներին սահմանի այս ու այն կողմերում: Այս տղաները «ոչ խաղաղութիւն, ոչ պատերազմ» իրավիճակի անմեղ ու անիմաստ զոհերն են: Բայց նրանք առաջին հերթին այն ղեկավարութեան զոհերն են, որոնք անտեսում են միջնորդների յորդորները եւ շփման գծի առաջապահ հատուածներից չեն հեռացնում դիպուկահարներին:

2008 թուականի դեկտեմբերին Հելսինքիի ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների տարեկան հանդիպման ընթացքում Մինսքի խմբի համանախագահող պետութիւնների բարձրաստիճան դիւանագէտները Հայաստանին եւ Ազրպէյճանին կոչ արեցին դիպուկահարներին դուրս բերել առաջապահ դիրքերից: Հայկական կողմը դրական պատասխան տուեց, մինչդեռ Ազրպէյճանը այն չտեսնելու տուեց: Հետագայում եւս բազմիցս հնչեց կոչը, սակայն ազրպէյճանական կողմը ոչ միայն մերժում է իր դիպուկահարներին դուրս բերել առաջապահ գծից, այլ իւրաքանչիւր յարմար առիթի դէպքում սպաննում հայ սահմանապահներին կամ դիմում խափանարարական գործողութիւնների:

Մինսքի խմբի համանախագահների տարածաշրջան վերջին այցից յետոյ, որը տեղի ունեցաւ հոկտեմբերի երրորդ տասնօրեակում, միջնորդները տարածեցին յայտարարութիւն, համաձայն որի` «իրենց յաջողուել է Երեւանի,  Ստեփանակերտի եւ Պաքուի միջեւ սկզբունքային համաձայնութիւն ձեռք բերել շփման գծում արձանագրուող միջադէպերի հետաքննութեան հարցում»: Նման լաւատեսական բովանդակութեամբ բազմաթիւ յայտարարութիւններ արուել են նաեւ նախկինում, այդ թւում Հայաստանի, Ազրպէյճանի եւ Ռուսաստանի նախագահների մակարդակով, այս տարուայ մարտին, Սոչիում, սակայն ոչ միայն որեւէ միջադէպի քննութիւն անց չի կացուել (գոնէ հրապարակաւ այդ մասին չի յայտարարուել), այլ շփման գծում վերջին տարիներին աւելացել են ինչպէս հրադադարի խախտումները, այնպէս էլ աշխուժացել են դիպուկահարները:

Այս իրողութեան գլխաւոր պատճառն այն է, որ  կողմերի մօտ աւելի ու աւելի է նուազում խաղաղ ճանապարհով հակամարտութեան կարգաւորման հեռանկարը, այսինքն բանակցային գործընթացը խորը փակուղում է: Միւս կողմից, տարօրինակ է ԵԱՀԿ-ի այս կազմակերպութեան գործող նախագահի ու վերջինիս անձնական ներկայացուցիչ Անճէյ Քասպրչիքի լռութիւնը, երբ կայ զոհը եւ յայտնի է կրակող կողմը:

Հայկական կողմը գտել է հակառակորդին զսպելու իր տարբերակը, որն անուանւում է «անհամաչափ պատժի» կիրառում: Այսինքն, եթէ ազրպէյճանական կողմը սպաննում է մէկ հայ զինուորի, ապա հայկական կողմը ի պատասխան սպաննում է մէկից աւելի ազրպէյճանցու: 2011 թուականի ընթացքում հայկական կողմից արձակուած կրակոցներից սպաննուել է աւելի քան 40 ազրպէյճանցի, թէեւ ազրպէյճանական կողմը միշտ չէ իր տուած կորուստների մասին տարածում պաշտօնական ճշմարիտ տեղեկատուութիւն: Այսպիսով, իւրաքանչիւր մէկ սպաննուած հայ զինուորի դիմաց ազրպէյճանական կողմը տալիս է երեք անգամ աւելի զոհ:

Բայց սա այն վիճակագրութիւնը չէ, որով պիտի հպարտանալ կամ ոգեւորուել: Հայկական կողմը պէտք է ձգտի հասնել նրան, որ հայկական բանակում նուազագոյնի հասցուեն հակառակորդի գնդակներին զոհ գնացող ժամկէտային զինծառայողների թուերը: Անգամ մէկ զոհը շատ է:

Մինչդեռ հակառակորդի գնդակներից, ինչպէս նաեւ ներքին կանոնադրական անառողջ փոխյարաբերութիւնների պատճառով, միայն այս տարուայ ընթացքում հայկական բանակը տուել է շուրջ հինգ տասնեակ զոհ: Դրանցից վերջինը 19-ամեայ ժամկէտային երկու զինծառայողներ էին` Արէն Սիմոնեանը եւ Միհրան Մարգարեանը, որոնք սպաննուեցին ազրպէյճանական դիպուկահար-մարդասպանների կրակոցներից նոյեմբերի 19-ին եւ 20-ին Լեռնային Ղարաբաղի հարաւարեւելեան պաշտպանական դիրքերում:

1994 թուականի մայիսեան հրադադարից ի վեր սահմանային միջադէպերի արդիւնքում Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Ազրպէյճանը, համաձայն միջազգային կազմակերպութիւնների ոչ պաշտօնական, սակայն արժանահաւատ տուեալների, տուել են աւելի քան երեք հազար զոհ այն դէպքում, երբ այդ զինադադարից ի վեր հայ-ազրպէյճանական եւ արցախ-ազրպէյճանական սահմանները, որոնք անուանւում են շփման գիծ, փոփոխութեան գրեթէ չեն ենթարկուել:

Եթէ հրադադարի հաստատմանը յաջորդած առաջին տարիներին հայկական եւ ազրպէյճանական առաջապահ դիրքերը միմեանցից տրամաբանական հեռաւորութեան վրայ էին, ապա հետագայում, երբ կողմերը սկսեցին ամրապնդել իրենց առաջին գծերը` կառուցելով ամրութիւնների համակարգ, հնարաւոր տեղերում առաջ գնացին չէզոք գօտու հաշուին: Այսպիսով, հակառակորդ բանակները տարին տարու վրայ միմեանց մօտեցան: Այսօր շփման գծի որոշ հատուածներում այդ հեռաւորութիւնը չի գերազանցում հարիւր մեթրը:

Պաշտպանական առաջին գծին ծանօթ մարդիկ հասկանում են, որ գրեթէ անիրական է նոր գծեր կառուցել եւ դրանք միմեանցից հեռացնել, որպէսզի կողմերի միջեւ չէզոք գօտին աւելի լայն լինի, ինչպէս նախկինումե պակասեն զոհերի թիւը երկու կողմերից, ինչպէս նաեւ թուլանայ լարուածութիւնը շփման գծի ողջ երկայնքով:

Սակայն եթէ հակամարտութեան մէջ ներքաշուած կողմերը ցաւում են իրենց երիտասարդ քաղաքացիների կեանքի կորստի համար, ապա նրանք պէտք է շուտափոյթ կերպով առաջին գծից դուրս բերեն դիպուկահար-մարդասպաններին: Նման քայլը ոչ միայն կը նուազեցնի սպանութիւնների թիւը սահմանի երկու կողմերում, այլ նաեւ ցոյց կը տայ, որ հակամարտութեան կողմերը անկեղծ ձգտում ունեն կարգաւորելու հակամարտութիւնը:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES