«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ». ՑԱԾՐ ՀԱՐԿԵՐԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔ ՉԵՆ

Ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցութեան եւ տնտեսական հարցերի
մշտական յանձնաժողովի անդամ Արա Նռանեանը

ՀԱՐՑՈՒՄ.- Կառավարութիւնն  արդէն հաւանութիւն է տուել 2012 թուականի պիւտճէի նախագծին: Վարչապետ Տիգրան Սարգսեանն էլ յայտարարեց, թէ պիւտճէն պէտք է լինի տնտեսական մրցակցութիւն ապահովող: Դա ի՞նչ է նշանակում:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Կարելի է ենթադրել, որ մրցակցային պիւտճէ ասելով` վարչապետը նկատի է ունեցել պիւտճէի  համալրումը եւ հարկային եկամուտների աճի ապահովումը` հիմնականում խոշոր տնտեսվարողների եւ մենաշնորհների կամ գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների հաշուին: Չժխտելով ստուերային տնտեսութեան դէմ պայքարի, հարկային պարտաւորութիւնների կատարմանը հետամուտ լինելու անհրաժեշտութիւնը, պէտք է արձանագրել, որ բոլորովին էլ պարտադիր չէ, որ դրանց հետեւի մրցակցային իրավիճակի բարելաւումը: Որովհետեւ եթէ տնտեսվարողն ունի գերիշխող կամ մենաշնորհային դիրք, չի բացառւում, որ հարկային բեռի աւելացումը յանգեցնի ծառայութիւների եւ ապրանքների գնաճին:

Արձանագրենք, որ Հայաստանում մրցակցային ոչ բաւարար վիճակը պայմանաւորուած է աւելի շատ ստուերային կառավարման մեքանիզմներով: Այսինքն գործում են աւանդոյթներ, ապրանքների ներմուծման եւ արտահանման ոչ պաշտօնական մասնաբաժանումը, ստուերային մասնաբաժինների բաշխումը, մի խումբ մարդկանց նկատամբ աւելի արտօնեալ վերաբերմունքի ցուցաբերումը` մաքսազերծման կամ հարկահաւաքման հարցում: Եթէ մենք արձանագրում ենք, որ Հայաստանում ստուերային տնտեսութեան ծաւալները կազմում են առնուազն 30-40 տոկոս, եւ դրանք ասում են Համաշխարհային դրամատունն ու Արժոյթի միջազգային հիմնադրամը եւս, եթէ կառավարութիւնն ինքն էլ գիտակցում է, որ այո՛, մենք ունենք ստուերային տնտեսութիւն, ուրեմն քո ցանկացած քայլ չի կարող արդիւնաւէտ լինել, որովհետեւ դու քո ներգործութեան միջոցներն ուղղում ես երեւացող կողմի վրայ:

Հ.- Կառավարութիւնը ստուերային տնտեսութիւն ասելով` հիմնականում նկատի ունի հարկահաւաքման ցուցանիշի ցածր մակարդակը:

Պ.- Մեր կուսակցութեան եւ խմբակցութեան դիրքորոշումը միշտ եղել է յստակ. ինքնին մեզ համար վիճելի է Հայաստանում համախառն ներքին արդիւնքի (ՀՆԱ) ցուցանիշը: Համոզուած ենք, որ յայտարարուող ցուցանիշն անհամեմատ ցածր է իրական թուից, այսինքն Հայաստանի տնտեսութեան ծաւալներն իրականում շատ աւելի մեծ են, քան փաստում են վիճակագրական ծառայութիւնն ու պետական մարմինները: Հետեւաբար առաջին մարտահրաւէրը ՀՆԱ-ի իրական չափերի բացայայտումն է: Երկրորդը, հարկահաւաքման ցուցանիշն է: Եթէ մենք այսօր ասում ենք, որ Հայաստանի օրէնսդրութիւնը եւ հարկային, մաքսային համակարգը թոյլ են տալիս ապահովել մինչեւ 24-25 տոկոս հարկահաւաքման ցուցանիշ, իսկ մենք հաւաքում ենք 17 եւ մի քիչ աւելի տոկոս, դա նշանակում է, որ մենք առնուազն ՀՆԱ-ի մէջ եւս 7-8 տոկոսով ի վիճակի ենք բարձրացնել մեր հարկահաւաքման ցուցանիշը: Սակայն մենք չենք ուզում սահմանափակուել ներկայիս 7-8 տոկոսով, այլ նկատի ունենալով ՀՆԱ-ի իրական չափերը, համոզուած ենք, որ հնարաւորութիւնը շատ աւելի մեծ է: Յաջորդը, որի մասին չի խօսւում, թաքնուած զբաղուածութիւնն է եւ ինքնազբաղուածութիւնը: Միայն պաշտօնական տուեալներով, Հայաստանում աւելի քան 250 հազար մարդ լինելով զբաղուած` հաշուառուած չէ եւ չի կատարում իր հարկային պարտաւորութիւնները: Ուրեմն մենք ոչ թէ պէտք է հաշուի առնենք այսօրուայ ՀՆԱ-ն, այսօրուայ հաւաքագրման ցուցանիշը եւ փորձենք դրանցով խնդիրներ լուծել, այլ պէտք է պարզենք տնտեսութեան իրական ծաւալները եւ հարկման դաշտ բերենք այն մի քանի հարիւր հազար զբաղուածներին, որոնք այսօր գործունէութիւն են իրականացնում ստուերում: Այսօր լաւ աշխատող է համարւում այն տեսուչը, ով շատ է տուգանում, այնինչ պէտք է այնպէս անել, որ խուսափեն խախտումներից: Մենք պէտք է հարկային մարմիններին ազատենք պետական պարտադիր ծրագիր կատարելու համար աշխատելու բեռից: Բոլոր նրանք, ովքեր սրում են պետական մարմին-գործարար յարաբերութիւնները, վտանգում են պետական կառավարման համակարգը: Ես չեմ հանդիպել գործարարի, որը դէմ լինի օրինական վճարումների կատարմանը: Խախտում ու հարկերից խուսափում են, որովհետեւ այդպիսին է համակարգը:

Հ.- 2012 թ. պետական պիւտճէի եկամուտները կը կազմեն 910 միլիառ դրամ, որի 96 տոկոսից աւելին հարկերն են: Օրերս պետական եկամուտների կոմիտէի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրեանը լուրջ կասկած յայտնեց, թէ պիւտճէում նախատեսուած հարկերը կը հաւաքագրուեն: Առաջին դէպքն է, երբ ՊԵԿ-ի կողմից նման յայտարարութիւն է արւում:

Պ.- ՊԵԿ-ի ղեկավարն ասել է, որ հնարաւոր չէ հարկային բարեփոխումներ իրականացնել առանց հարկահաւաքման որոշակի կորուստների: Անշուշտ եթէ դու ուզում ես, օրինակ, աւելացուած արժէքի հարկի տոկոսադրոյքը նուազեցնել, ապա պէտք է պատրաստ լինես յաջորդ տարի աւելի ցածր հաւաքագրում ունենալուն: Եթէ մենք ուզում ենք փոխել քաղաքականութիւնը, պէտք է հասկանանք, որ կարող է որոշ հարկատեսակների մասով հաւաքագրումը չլինի ծրագրուածի նման: Եթէ համատեղ ջանքերով գնում ենք այդ բարեփոխումներին` պէտք է ունենանք համապատասխան միջոցներ ու աջակցութիւն: Հակառակ դէպքում` տարիներ շարունակ նոյն աւանդոյթներով կազմելու ենք պիւտճէ ու ասելու ենք, թէ` գիտէ՞ք, այս անգամ նոյնպէս պետական պիւտճէն չի արտայայտում տնտեսական քաղաքականութեամբ ծրագրուած շահերը:

Հ.- Ամէն տարի պիւտճէն մի անունով են կոչում` հակաճգնաժամային, ընկերային եւ այլն: Այս տարի արդէն յայտարարուեց, որ այն լինելու է ներդրումային: Հարկային նման քաղաքականութեան պարագայում ներդրումներ կարո՞ղ են լինել. հրապարակումներ կան, որ որոշ խոշոր գործարարներ պիզնեսը տեղափոխում են հարեւան երկիր` Վրաստան:

Պ.- Մենք ասել ենք, որ Հայաստան ցաւօք, ներդրումների համար նպաստաւոր երկիր չէ: Մենք պէտք է ոչ թէ մեղադրենք այն մարդկանց, որ ներդրումներ են անում դրսում, այլ հասկանանք, թէ ինչո՛ւ Հայաստանը նպաստաւոր չէ: Մենք որպէս փոքր երկիր` ի վերջոյ պէտք է շահագրգռուած լինենք Հայաստանում տարբեր խոշոր ընկերութիւնների կողմից արտադրութիւնների հիմնումով: Բայց ինչպէս տեսնում էք, այս 20 տարիների ընթացքում յաջողութիւնների չենք հասել: Մեծ խոչընդոտ են փտածութիւնը  հովանաւորչութիւնը, ոչ պաշտօնական թոյլտուութիւնների համակարգը: Մեզ միշտ թուացել է, թէ ցածր հարկերը երաշխիք են ներդրումների համար, սակայն կեանքը ցոյց տուեց, որ Եւրամիութիւնում, ուր աւելի թանկ են ծառայութիւնների ու ապրանքների գները, աւելի հեշտ է պիզնես սկսելը, քան Հայաստանում:

Հ.- Պիւտճէն կազմելիս տնտեսութեան ո՞ր ուղղութիւններին պէտք է առաւել ուշադրութիւն դարձնել:

Պ.- Մեր երկրի տնտեսական քաղաքականութիւնն այնքան բացթողումներ ունի, որ դժուար է առանձին կէտ մատնանշել: Այսօրուայ քաղաքականութիւնը չի պատասխանում այն հարցին, թէ ի՞նչ պէտք է անել, որպէսզի կասեցուի արտագաղթը, որ ոչ միայն քաղաքացիներն աշխատանք ունենան, այլեւ վերադառնան Հայաստան: Մեր աշխարհաքաղաքական դիրքն էլ մեզ թելադրում է ունենալ ռազմավարական եւ ազգային անվտանգութեան ապահովումը խթանող ամբողջական տնտեսական համակարգ, որպէսզի հայը ոչ միայն ապրի այս տարածաշրջանում, այլեւ զարգանայ եւ ստեղծի կայուն պետութիւն:

Հ.- Պիւտճէի նախագծի վերաբերեալ խորհրդարանական ընդդիմութեան առաջարկութիւնները թէեւ քննարկման առարկայ են դառնում, սակայն որպէս կանոն` չեն ներառւում փաստաթղթում: Նոյն մտավախութիւնն այս տարի ե՞ւս ունէք:

Պ.- Առաջարկութիւնները լինում են հիմնականում երկու բնոյթի` ծախսային, որոնք ուղղուած են այս կամ այն ընկերային խնդրի լուծմանը եւ գաղափարական` տնտեսական քաղաքականութեան մասով: Առաջին մասով, ըստ էութեան, մենք ունենում ենք պիւտճէի վերաբաշխում` ըստ քաղաքական հաւատարմութեան: Այսինքն, եթէ դու ներկայացնում ես առաջարկութիւն այս կամ այն բնակավայրում, աւանում կամ դպրոցում շինարարութիւն կամ նորոգում իրականացնելու վերաբերեալ եւ ակնյայտ է, որ այդ ընկերային ծրագիրը պէտք է իրականացուի միայն այն պատճառով, որ դա առաջարկում է ընդդիմութիւնը, շատ յաճախ չի ընդունւում: 2009-ին, երբ դուրս եկանք քոլալիսիոնից կառավարութիւնը հրաժարուեց կատարել այն ծախսային ծրագրերը, որոնք Դաշնակցութիւնն էր ներկայացրել, եւ ընդունուել էին ԱԺ-ի կողմից: Այսինքն նոյնիսկ հաստատուած պետական պիւտճէի այն մասը, որն ընդդիմութեան կողմից էր ներկայացուած, չկատարուեց: Կառավարութիւնը պէտք է հասկանայ, որ իր քաղաքականութեամբ ոչ թէ պատժում է այս կամ այն պատգամաւորին, որը քաղաքակասն մեծամասնութեան ներկայացուցիչ չէ, այլ` ժողովրդին: Կառավարութիւնը ի վերջոյ կոչուած է լուծելու բոլոր քաղաքացիների խնդիրները` անկախ նրանց քաղաքական հայեացքներից:

Առաջարկութիւնների երկրորդ հատուածը, որի հեղինակները հիմնականում մենք ենք լինում, գաղափարական բնոյթի են` ուղղուած պետական կառավարման համակարգի, տնտեսական քաղաքականութեան մոտելի ռազմավարական մօտեցումների փոփոխութեանը: Այստեղ մօտեցումները հիմնականում նրանով են պայմանաւորուած, որ ներկայիս քաղաքական համակարգը արատաւոր լինելով` չի կարող գնալ այնպիսի արմատական բարեփոխումների, որոնք կարող են որոշ չափով վտանգել իրենց սեփական շահը կամ քաղաքական դիրքերը: Այսինքն այն առաջարկները, որոնք յանգեցնում են քաղաքական եւ տնտեսական մրցակցութեան բարձրացմանը, մերժւում են զուտ սեփական վերարտադրութեան հնարաւորութիւնը չվտանգելու համար:

Հ.- Հնարաւո՞ր է, որ ընտրութիւններով պայմանաւորուած` հասարակութեանը «սիրաշահող» պիւտճէ ներկայացուի:

Պ.- Դեռ անցած տարի մենք ասում էինք, որ կառավարութիւնն իրականում ունի հնարաւորութիւններ` աշխատավարձն ու թոշակը բարձրացնելու, սակայն կուտակումներ է իրականացնում: Այդ միջոցների կուտակումը,  ինչի մասին նաեւ կառավարութեան ղեկավարն ասաց, ապահովուել է, եւ դա արուել է, մեր խորին համոզմամբ` ընտրութիւներից առաջ այդ պահեստները թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման համար օգտագործելու նպատակով: Անշուշտ ընտրութիւնների տարին կառավարութիւնը ցանկանում է որոշակի կիսատօնական մթնոլորտ ապահովել հասարակութեան համար, որպէսզի քաղաքացիները բարձր տրամադրութեամբ իրենց ձայները տան իշխանութեանը: Սա յայտնի սխեմա է, որն ընտրութիւններից առաջ կառավարութիւնները կիրառում են:

ԽԱՉԻԿ ՍԵՒՈՒՆՑ

www.sobesednik.am

Share this Article
CATEGORIES