ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻԱԿ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ

Նախորդ շաբաթ ամբողջ աշխարհում նշուեց հաշմանդամների միջազգային օրը: Մի խաւ, որ առանձնայատուկ ուշադրութեան կարիք ունի:

Հայաստանում գործում է հաշմանդամների մի երգչախումբ, որն արդէն սիրողական մակարդակից հասել է արհեստավարժի եւ ելոյթներ է ունենում աշխարհի շատ արհեստավարժ բեմերում: «Փարոս» սենեկային երգչախումբն է, որ հիմնուել է 1993 թուականին` Հայաստանի Կարմիր խաչի յետվնասուածքային վերականգնողական կեդրոնին կից:

«Փարոս»-ը աշխարհում միակ երգչախումբն է, որի անդամների մեծ մասը կազմում են սայլակ օգտագործող հաշմանդամներ: Իր գործունէութեան ընթացքում երգչախումբը բազմաթիւ ելոյթներ է ունեցել Երեւանում, Հայաստանի տարբեր շրջաններում եւ արտերկրում: Հիւրախաղերով հանդէս է եկել Լիբանանում (1997թ.) եւ Ֆրանսայում (2005թ.), ինչպէս նաեւ յաջողութեամբ մասնակցել է Մեծն Բրիտանիայում (2000թ.) եւ Իտալիայում (2003թ.) անցկացուած միջազգային մրցոյթ-փառատօներին: «Փարոս»-ն արդէն թողարկել է երկու ձայներիզ: Հաշմանդամների երգչախմբի ելոյթներն ու ձայներիզներն արժանացել են հայ եւ արտասահմանեան առաջատար մասնագէտների բարձր գնահատանքին:

2010թ. դեկտեմբերի 3-ին «Փարոս»-ն աշխարհահռչակ թենոր Փլաչիտօ Տոմինկոյի երեւանեան համերգին արժանացել է վերջին երկու երգերը մեծն Տոմինկոյի հետ կատարելու պատուին: Այս տարուայ մայիսին Վիեննայի քաղաքապետարանի հրաւէրով Աւստրիայի մայրաքաղաքում կազմակերպուել են երգչախմբի հիւրախաղերը:  Իսկ մայիսի 26-29 «Փարոս»-ը Պրաթիսլաւայում (Սլովաքիա) մասնակցել է  «Միւզիքա սաքրա» հոգեւոր երաժշտութեան մրցոյթին: Մեր երգչախումբն  արժանացել է 3 մրցանակի` «Պրոնզէ վկայականներ» «Սենեկային երգչախմբեր» եւ «Եկեղեցական երաժշտութիւն» անուանակարգերում, ինչպէս նաեւ` յատուկ` «Հայ երաժշտութիւնը ներկայացնելու համար» մրցանակի:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
CATEGORIES