ՀԱՄԱՑԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ԿՈՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Երբ 1829  թուականին ծագումով ֆրանսացի Լուի Պրայլը կոյրերի համար ստեղծեց գրատիպ, շատերը զարմանում էին, թէ ինչպէ՞ս կարող են մարդիկ առանց տեսնելու գրել եւ մատներով կարդալ: Այսօր ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած պրայլեան համակարգն արդէն ոչ ոքի չի զարմացնում. վաղուց ստեղծուել են նաեւ յատուկ համակարգիչներ` կոյր մարդկանց համար: Աւելի՛ն. կոյրերը կարող են օգտուել նաեւ համացանցից: Համացանցը կոյր մարդկանց մատչելի դարձնելու ծրագիրը մուտք է գործել նաեւ Հայաստան, եւ շաբաթներ առաջ, կոյրերի միջազգային օրուայ առթիւ, Երեւանում բացուեց կոյրերի համար առաջին համացանցային կեդրոնը, որ իր տեսակի մէջ առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ` ԱՊՀ անդամ երկրներում: Կենտրոնում տեղադրուել է տասնհինգ համակարգիչ, որոնք բնագիրը վերածում են ձայնի, իսկ եթէ տեսողութիւնից զրկուած մարդը տիրապետում է նաեւ այլ լեզուների, ապա, օգտուելով համացանցի ընձեռած լայն հնարաւորութիւններից, կարող է տեղեկանալ, թէ ի՞նչ է կատարւում այսօր վիրթուալ աշխարհում:

ԼՈՒԻ ՊՐԱՅԼ ԵՒ ՆԻԿՈՂԱՅՈՍ ՏԻԳՐԱՆԵԱՆ

Նիկողայոս Տիգրանեան

Իսկ երկու դար առաջ Լուի Պրայլի ներդրած  համակարգն իսկապէս յեղափոխութիւն մտցրեց ոչ միայն կոյրերի կեանքում, այլեւ` գրատիպերի ու ընթերցանութեան համակարգերի ասպարէզում:

Ծագումով ֆրանսացի Լուի Պրայլը համաշխարհային մեծ վաստակ ունեցող անձ է:  3 տարեկանում դժբախտ պատահարի պատճառով  նա կորցնում  է տեսողութիւնն ու կուրանում:  Կրելով կոյր մարդու կեանքի բոլոր դժուարութիւնները` Պրայլը, զգալով կոյրերի  համար ընթերցանութեան անհրաժեշտութիւնը,  15 տարեկանում ստեղծում  է մի համակարգ,  որը   կոյրերին կարդալու եւ գրելու հնարաւորութիւն է  տալիս: Նրա ստեղծած համակարգը շատ աւելի յարմար էր եւ աւելի մեծ հնարաւորութիւններ եւ դիւրութիւններ ունէր, քան մինչ այդ գործողը. մինչ այդ գործածւում էր ֆրանսական բանակի «գիշերային գրութիւն» կոչուող համակարգը, որն էլ հէնց պատանի Լուիի մէջ կոյրերի համար գրատիպ ստեղծելու գաղափարն է առաջացնում:

Պրայլեան համակարգը Փարիզի կոյրերի դպրոցում պաշտօնապէս ընդունւում է միայն 1854 թուականին` Լուի Պրայլի մահուանից 2 տարի անց…

Այսօր ամբողջ աշխարհն արդէն գիտի կոյրերի եւ տեսողութեան խանգարում ունեցողների համար ստեղծուած պրայլեան գրատիպի մասին, որը   հիմնուած է վեց ուռուցիկ կէտերի զուգորդութեան վրայ:

Լ. Պրայլը նախ ընդունել է լատիներէն այբբենական կարգը, այնուհետեւ լրացնելու համար յաջորդող տառերի շարքը, վեցակէտ համակցութեանը ձախից եւ աջից, վերեւից եւ ներքեւից աւելացրել է կէտեր: Պրայլեան գրատիպի միջոցով հնարաւոր է արտայայտել մաթեմաթիքական նշաններ, քիմիական տարրերի համակարգը, ինչպէս նաեւ նոթաներն ու տարբեր կէտադրական նշաններ: Որոշակի հաստութեամբ ստուարաթուղթ յիշեցնող թուղթն ամրացւում է յատուկ անցքեր ունեցող փայտեայ հարթակին, որից յետոյ համապատասխան տառային կէտային համակցութիւնը «դակւում» է այդ թղթի վրայ` սուր ծայրով յարմարեցուած «գրիչով»: Պրայլեան համակարգով գրելու համար պահանջւում են  յատուկ տետրեր եւ գրքեր, ինչպէս նաեւ` թղթերի հանդէպ ուշադրութիւն եւ խնամք: Անհրաժեշտ է նաեւ համապատասխան ջերմաստիճան, համապատասխան պահարան, որպէսզի թղթերն  իրար վրայ չդրուեն, քանի որ տառերի ուռուցիկ մասերը կը սեղմուեն կամ խոնաւութիւնից կը փափկեն եւ մատներով շօշափելու եւ կարդալու  համար հնարաւոր է, որ հասկանալի ու զգալի չլինեն: Այս վտանգը հաշուի առնելով` մարդիկ ժամանակի ընթացքում ստեղծել են «Խօսող գրքեր», յետոյ նաեւ` համակարգչային ծրագրեր, որոնք տեսողութեան սահմանափակում ունեցողներին հնարաւորութիւն են տալիս  համակարգչից օգտուել  եւ կողմնորոշուել համակարգչի տուած ձայնային ազդանշաններով: Զարգացած ու առաջադէմ երկրներում կան նաեւ  դպրոցական հաստատութիւններ, աշխատանքային գրասենեակներ, որտեղ բացի «խօսող համակարգիչներից», կան նաեւ  յատուկ տպագրական մեքենաներ, որոնք, ըստ պրայլեան գրատիպի, համապատասխան թղթի վրայ դակում են բնագիրը:

Պրայլեան համակարգն այսօր գործածում են  երկրագնդի բոլոր երկրներում եւ իւրաքանչիւր երկիր այն յարմարեցնում է իր երկրի այբուբենին:

Պրայլեան համակարգը հայկական այբուբենին   յարմարեցրել է Նիկողայոս Թ. Տիգրանեանը:

Նիկողայոս Տիգրանեանը ազգութեամբ հայ եւ հայախօս կոյրերի համար նոյն մեծագործութիւնն է արել, ինչ որ արել է Պրայլը` տեսողութիւնից զրկուած բոլոր ազգերի համար: Ինքը` Տիգրանեանը Պրայլի պէս նոյնպէս փոքր տարիքում կորցրել է տեսողութիւնը:

Նա ծնուել է 1857 թուականի օգոստոսի 19-ին` Ալեքսանդրապոլում (այժմ` Գիւմրի)` կիրթ, արուեստասէր մի ընտանիքում: (Ի դէպ, Նիկողայոս Տիգրանեանի եղբայրը` Սիրեկան Տիգրանեանը, եղել է Հայաստանի առաջին հանրապետութեան կառավարութեան եւ խորհրդարանի անդամ):

Նիկողայոս Տիգրանեանը մանուկ հասակից առնչուել է քաղաքի երաժշտական կեանքին: Իսկ Ալեքսանդրապոլում այդ տարիներին երաժշտական կենցաղը շատ բազմազան էր. այնտեղ հնչում էին գեղջկական երգն ու պարը, աշուղների ու սազանդարների խօսքն ու նուագը, յաճախ այգում լսւում էին եւրոպական   ստեղծագործութիւններ` զինուորական փողային նուագախմբերի կատարմամբ: Ինը տարեկան հասակում ծաղկախտի պատճառով Նիկողայոս Տիգրանեանն ընդմիշտ զրկւում է տեսողութիւնից: 1871 թուին նրան տեղաւորում են Վիեննայի կոյրերի հիմնարկում, ուր եւ ստանում է ընդհանուր եւ երաժշտական կրթութիւն` Վիեննայի երաժշտանոցի դաշնամուրի դասարանի փրոֆեսէօր Շենների մօտ: Հիմնարկում,  աւարտելուց յետոյ Տիգրանեանը լեզուների եւ երաժշտութեան գծով եւս երեք տարի կատարելագործւում է Վիեննայում եւ 1880 թուականին, վերադառնալով հայրենիք,  երաժշտական մեծ գործունէութիւն է ծաւալում  Հայաստանում:

Տիգրանեանը գրի է առել եւ դաշնամուրի համար մշակել տարածուած պարեղանակներ ու երգեր, որոնք լոյս են տեսել «Անդրկովկասեան ժողովրդական երգեր եւ պարեր» խորագրով ժողովածուի մէջ (1888 թ.): Այն ընդգրկում է եօթ գործ` վրացական «Ախ դիլաւ, դիլաւ», Գաբրիէլ Երանեանի հայ հասարակութեան մէջ տարածուած «Կիլիկիա» երգերը, հայկական «Դիւզպարն» ու «Ետ ու առաջը», աշուղ Ջիւանու  «Ընկերը» եւ «Քո փափաքովը», պարսկական «Շարաշուպ» պարը: Առաջին իսկ քայլերից երաժշտահանը երաժշտութեան տարբեր սեռերի տեսակէտից երաժշտական լայն իմացութիւն է ցուցաբերում: Նա մշակում է ոչ միայն ազգային երգեր, այլ նաեւ` հարեւան ժողովրդների երաժշտութիւնները, ինչպէս, օրինակ, մուղամներ. այս հարցում մեծ  դեր է խաղացել նրա համագործակցութիւնը նշանաւոր թառահար, արեւելեան երաժշտութեան մեծ գիտակ Աղամալ Մելիք-Աղամալեանի հետ:

1893 թուականին կատարելագործուելու նպատակով Տիգրանեանը մեկնում է Փեթերսպուրկ եւ մասնաւոր  դասեր վերցնում Փեթերսպուրկի երաժշտանոցի փրոֆեսէօր Ն. Սոլովեովից: 1894-1900 թուականները նրա ստեղծագործական աշխատանքի առաւել բեղմնաւոր տարիներն են դառնում: Տիգրանեանը հանդէս է գալիս ոչ միայն մանկավարժ եւ ուսումնասիրող այլ նաեւ` դաշնակահար:

1894 թուականից սկսւում է Տիգրանեանի կատարողական գործունէութիւնը: Կոյր երաժշտի առաջին համերգը տեղի է ունենում  Փեթերսպուրկում: Ծրագրում ընդգրկուած  էին  հինգ ստեղծագործութիւններ իր առաջին ժողովածուից, «Պայաթի քիւրտը», Պեթհովենի թիւ 14 («Տօ տիեզ-մինոր») սոնաթը եւ Շոփենի «Ֆանթազիա-էքսփրոմթը»: Նա համերգներ է տուել Մոսկուայում, Տոնի Նախիջեւանում, Եկատերինոտարում, Թիֆլիսում, Շուշիում, Ալեքսանդրապոլում եւ այլուր` ամէնուրեք արժանանալով ունկնդրի ջերմ վերաբերմունքին:  Տիգրանեանի ելոյթները առանձնակի խանդավառութեամբ էին ընդունում հայ երաժշտասէրները: Ահա թէ ժամանակին ինչ է գրել «Մշակ» թերթը. «Երաժիշտ Ն. Տիգրանեանի կոնցերթը, որ տեղի ունեցաւ չորեքշաբթի, մարտի 22-ին, Թիֆլիսի արքունական թատրոնում, հետաքրքրեց մեր հասարակութեանը, իբրեւ  հայկական եւ առհասարակ արեւելեան եղանակները եւրոպական երաժշտական կանոններով մշակելու առաջին լուրջ  փորձերից մէկը: Պարզ երեւում է, որ շնորհալի եւ աշխատասէր երաժիշտը երկար եւ մեծ աշխատանք է կատարել արեւելեան եղանակները այնպէս մշակելու, որ եւրոպական երաժշտական կանոններով փոփոխութեան ենթարկելու դէպքում չկորչեն նրանց բնաւորութիւնն ու ոգին: Եւ Տիգրանեանը հասել է իր նպատակին»:

1900 թուականին Փարիզի համաշխարհային ցուցահանդէսում նա, որպէս «արեւելեան մեղեդիների հաւաքագրման եւ մշակման յառաջապահ», ստանում է պրոնզէ մետալ:

1898 թուականին Փեթերսպուրկում տեղի է ունենում Տիգրանեանի եւ Ալեքսանտր Սպենդիարեանի հանդիպումը: Վերջինս հետագայում գրում է, որ Տիգրանեանի ստեղծագործութիւնների ուսումնասիրութիւնը մեծապէս օգնել է իրեն` աւելի խորը թափանցելու ազգային եւ առհասարակ արեւելեան երաժշտութեան մէջ: Փեթերսպուրկում Տիգրանեանը ծանօթութիւն է հաստատում նաեւ ջութակահար Հ. Նալբանդեանի` «Շահնազի» առաջին եւ լաւագոյն կատարողի հետ:

Նիկողայոս Տիգրանեանի գործունէութիւնն աւելի ընդգրկուն է դառնում 1921 թուականից: Ալեքսանդրապոլի` այն ժամանակ կրթական ու մշակութային հարցերը համակարգող բաժնի  (Լուսբաժնի) յանձնարարութեամբ նա կազմակերպում է երաժշտական բաժանմունք-սթիւտիօ եւ մէկուկէս տարի ղեկավարում այն:

1922-ին երաժիշտը իր հայրենի քաղաքում հիմնում է կոյրերի դպրոցը, որտեղ դասաւանդում էր երաժշտութիւն եւ այլ  առարկաներ: Նա յաճախ էր համերգներ եւ դասախօսութիւններ ունենում (արեւելեան երաժշտութեան եւ դրա մշակման հարցերի շուրջ) զօրամասերում եւ բանուորական լսարաններում:  1927 թուականին Լենինկրատի Նիւթական մշակոյթի եւ պատմութեան ակադեմիան նրան հրաւիրել է դասախօսութիւն կարդալու նաեւ Լենինկրատում:

1930-1940 թուականներին Տիգրանեանը ստեղծագործական նոր վերելք  է ապրում: Այդ տարիներին էին, որ Հայաստանում (Խորհրդային Հայաստանում) ստեղծւում էին տարբեր երաժշտական խմբեր, համոյթներ, տարբեր երաժշտական խմբերի առկայութիւնն ու  երաժշտական կեանքի աշխուժացումը բարենպաստ պայմաններ են ստեղծում ստեղծագործական կեանքի համար: Նիկողայոս Տիգրանեանը տարբեր համոյթների համար գրում է մի շարք գործեր, իսկ իր դաշնամուրային մշակումներից շատերը փոխադրում է սիմֆոնիք եւ ժողովրդական գործիքների նուագախմբերի համար, գրում է նաեւ քայլերգեր` փողային նուագախմբի համար:

Իր գործունէութեան համար Ն. Տիգրանեանը արժանանում է կառավարական բարձր պարգեւների, «Հայաստանի ժողովրդական արուեստագէտ» կոչմանը:

1951 թուականին հայ երաժիշտը  կնքում է իր մահկանացուն: Այսօր Գիւմրիում Նիկողայոս Տիգրանեանի անունով է կոչւում Արուեստի դպրոցը, ինչպէս նաեւ` տեսողութեան խանգարում ունեցող երեխաների Երեւանի թիւ 14 յատուկ դպրոցը:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

 

Share this Article
CATEGORIES