ԱՖՂԱՆԻՍՏԱՆԸ ԵՒ ՓԱՔԻՍՏԱՆԸ ԿԱՄՈՒՐՋ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Նոյեմբերի սկզբներում Պոլսում տեղի ունեցաւ Թուրքիա-Աֆղանիստան-Փաքիստան եռակողմ գագաթաժողով` մասնակցութեամբ յիշեալ երեք երկրների հանրապետութեան նախագահների: Գագաթաժողովի օրակարգն էին` Աֆղանիստանի ապահովութեան եւ անվտանգութեան հարցերը եւ շրջանի երկրների դերը` այդ հարցում: Նախագահները նաեւ ստորագրեցին մի շարք համաձայնագրեր` անվտանգութեան եւ պաշտպանողական հարցերի վերաբերեալ:

Պոլսում կայացած այս ժողովը պիտի տեսնել Արեւմուտքի, Միացեալ Նահանգների եւ Թուրքիայի հետապնդած քաղաքականութիւնների պարունակում: Պոլսի  ժողովից յետոյ Գերմանիայի Պոն քաղաքում տեղի է ունենալու մի այլ ժողով` դեկտեմբերի առաջին շաբաթուայ ընթացքում, իսկ նոյն շարանից 2012 թուականի մայիսին տեղի է ունենալու «Ճի. 8» երկրների հանդիպումը` Շիքակոյում: Յիշեալ ժողովների գլխաւոր օրակարգերից են լինելու Աֆղանիստանը թողնելը եւ այն, որ մինչեւ 2014 թուականը ուժը լրիւ կերպով փոխանցուելու է Աֆղանստանի պետութեանը:

Իսկ Փաքիստանն ու Աֆղանիստանը ի՞նչ նշանակութիւն ունեն Թուրքիայի համար: Նախ այս երկու երկրների կարեւորութիւնը իրենց աշխարհագրական դիրքի պատճառով է: Փաքիստանը եւ Աֆղանիստանը գտնւում են Միջին Ասիայի հարեւանութեամբ, սահմանակից են Միջին Արեւելքի եւ Հնդկական ովկիանոսի հետ: Ուստի Թուրքիայի համար կարեւոր է, որ ներկայութիւն լինի այդ երկրներում, Թուրքիան Սեւ եւ Միջերկրական ծովերի միջոցով ճանապարհ ունի դէպի Ատլանտեան ովկիանոս, բայց կարճ ճանապարհ չունի դէպի Հնդկական ովկիանոս եւ Միջին ու հեռաւորասիական երկրներ եւ նկատի ունենալով Միջին Ասիայի երկրների գործօնը` Թուրքիայի արտաքին քաղաքականութեան սկզբունքներից է, որ զերոյի իջեցնի իր հարեւանների հետ ունեցած խնդիրները, իսկ իր հարեւան երկրներից անդին ստեղծել դաշնակից երկրների օղակ: Փաքիստանն ու Աֆղանիստանը այդ օղակի շարանում են գտնւում Թուրքիայի համար:

Յիշեալ քաղաքական նկատառումներից բացի` Աֆղանիստանը եւ Փաքիստանը պարարտ շուկաներ են Թուրքիայի արտադրութիւնների համար, յատկապէս որ Թուրքիան ձգտում է տնտեսական լայն կապեր ստեղծել Միջին Արեւելքի եւ Հեռաւոր Ասիայի երկրների հետ (Փաքիստանն ունի շուրջ 187 միլիոն բնակչութիւն, իսկ Աֆղանիստանը` 30 միլիոն):

Նկատի ունենալով ասիական երկրների զարգացող ընթացքը, բնականաբար, Թուրքիայի համար կարեւոր է, որ որեւէ ձեւով ներկայութիւն լինի այդ շրջաններում, յատկապէս երբ տարիներ է, որ Թուրքիան Արեւմուտքի կողքին լինելով հանդերձ, հայեացք է նետել դէպի Արեւելք` թէ՛ տնտեսական, թէ՛ մշակութային եւ թէ՛ վերջին հաշուով քաղաքական շահերի ու նկատառումների պատճառով: Ասիայի արեւելքում ապրում են թուրքական ծագում ունեցող միլիոնաւոր ժողովուրդներ, որոնց մէջ Թուրքիան փորձում է խարիսխներ նետել եւ ստեղծել իր սփիւռքը: Փաքիստանն ու Աֆղանիստանը կամուրջ են Թուրքիայի դէպի Արեւելք տարածուելու համար:

Այս բոլորի կողքին, պէտք է նկատի ունենալ այն հարցը,  որ Թուրքիան որպէս ՕԹԱՆ-ի միակ իսլամական երկիր` իր զինուորական ուժերն ունի Աֆղանիստանում եւ քաղաքական ոտնահետք ունենալը երաշխիք է ստեղծում իր զինուորական ուժերի հովանաւորութեան համար, եւ ամենակարեւորն այն է, որ Թուրքիան Արեւմուտքի քաղաքականութիւնները լրացնողն է տարածաշրջանում:

«Ալիք»

Share this Article
CATEGORIES