ՄԱՐԻՆԷ ԳՐԻԳՈՐԵԱՆԸ` ԿՐԿԻՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ
Այս տարուան հոկտեմբերի 17-ին Լիբանանում տեղի ունեցաւ հայրենի դասական երգչուհի Մարինէ Գրիգորեանի մենահամերգը: Նրա կատարումներն արժանացան մեծ գնահատանքի եւ Մարինէն կրկին հրաւիրուեց Լիբանան. այս օրերին նա կրկին մենահամերգ պիտի ունենայ այստեղ` կրկին ներկայացնելով հայ դասական երգարուեստ:
Մարինէ Գրիգորեանը ծնուել է Գիւմրի քաղաքում` երկրաշարժից մէկ տարի առաջ: 1998-2007 թուականներուն եղել է «Տիրամայր Հայաստան» կեդրոնի սան: 2007 թուականին աւարտել է Գիւմրիի «Իմաստասէր Անանիա Շիրակացի»ի անուան համալսարանի բանասիրութեան բաժինը: «Տիրամայր Հայաստան» կեդրոնում էլ հէնց քաջալերել են Մարինէի երաժշտական ձիրքը, եւ քոյր Արուսեակ Սապունճեանի օգնութեամբ նա մեկնել է Մոսկուա եւ հատուածներ ձայնագրել հայկական Ս. պատարագից: Մարինէն տարբեր տարիներին երգել է Հայաստանի տարբեր երգչախմբերում: 2005-2011 թուականներին եղել է «Տիրամայր Հայաստանի», «Սպեղանի» եւ «Կանտուս» երգչախմբերի անդամ:
Հէնց այդ երգչախմբերից մէկի` «Սպեղանիի» կազմում էլ 2010 թուականին Սանթ Փեթերսպուրկում մասնակցել է Եուրի Ֆալիկի անուան երգչախմբային մրցոյթին եւ շահել առաջին մրցանակը:
Երգչուհու հոգում մեծ ու անջնջելի տպաւորութիւն է թողել անցեալ տարուան օգոստոսին Մոսկուայի «Սուրբ Աստուածածին» եկեղեցում տեղի ունեցած իր մենահամերգը, որը իրականութիւն էր դարձել հայր Գէորգ Նորատունկեանի օգնութեամբ:
Այս տարի երգչուհի Մարինէ Գրիգորեանն աւարտեց Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի վոկալ-տեսական բաժինը եւ ընդունեց երաժշտանոցի մագիստրատուրան:
Ներկայացնելով հայ դասական երաժշտարուեստի գոհարները` Մարինէն միշտ էլ արժանացել է հիացմունքի եւ մեծ գնահատականի: Այս տարի նա Երեւանում մասնակցեց Տաթեւիկ Սազանդարեանի անուան մրցոյթ-փառատօնին եւ կրկին արժանացաւ գնահատականների: Մարինէն մենահամերգներ է ունենում 2006 թուականից, եւ ինչպէս «Ազդակ»-ի հետ զրոյցի ընթացքում նշեց, ամէն մի մենահամերգ հայ դասական գոհարներին հաղորդակցուելու եւ հայ երաժշտարուեստի ոգին փոխանցելու իւրայատուկ տօն է իր համար: Բացի հայ հեղինակներից, ինչպէս Մարինէն է նշում, շատ է սիրում նաեւ համաշխարհային դասականներին` Պուչինի, Վետի, Մոցարթ:
Իսկ ընդհանրապէս, յայտնեց, որ Կոմիտասն իր ստեղծած արուեստով միշտ իր կողքին է. «Կոմիտասի ստեղծագործութիւնները իմ երգացանկի անբաժանելի մասն են»,-«Ազդակ»-ի հետ զրոյցի ընթացքում նշեց Մարինէ Գրիգորեանը: Այսօր Մարինէն նաեւ «Յոյսի այգի» բարեգործական հիմնադրամի սան է եւ երգում է Օշականի «Սուրբ Մեսրոպ» եկեղեցու երգչախմբում:
Լիբանանում նոյնպէս Մարինէն արժանացած է պատշաճ ուշադրութեան եւ ինչպէս ինքն է նշում, առաջին մենահամերգն այստեղ ցոյց տուեց, որ մարդիկ հոգեւոր երաժշտութեան հանդէպ ակնածանք ունեն. «Եւ դա պատահական չէ, քանի որ հոգեւորն է, որ հարստացնում, բարձրացնում է մարդուն», ասաց Մարինէ Գրիգորեանը` յոյս յատնելով, որ իր երկրորդ մենահամերգը Լիբանանում նոյնպէս շատ լաւ ընդունուի:
Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ