ՖՐԱՆՍԱՅԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ. ՓԱՐԻԶԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼՈՒ Է՞ ՀԱՅԵՐԻՆ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Թուրքական հեռուստաընկերութիւնների լրատուական թողարկումները արդէն մի քանի օր սկսւում են Ֆրանսայի խորհրդարանի վերին պալատում` Ծերակոյտում, սպասուող քուէարկութեան շուրջ թղթակցութիւններով: Թուրքերը ակնյայտօրէն խառնուել են ու նաեւ`  նեարդայնացել: Հաւանական է, որ դեկտեմբերի 22-ին ֆրանսացի օրէնսդիրները «այո» ասեն Հայոց ցեղասպանութեան հերքումը քրէականացնող օրինագծին:

Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանը նամակ է յղել Ֆրանսայի նախագահ Նիքոլա Սարքոզիին` յորդորելով  «երկկողմանի յարաբերութիւնները չզոհաբերել յանուն երրորդ կողմի», այսինքն` Հայաստանի: Նախագահ Սարքոզիի կեցուածքը, անկասկած, առանցքային է:

Դեռ 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսայի Ազգային ժողովը (խորհրդարանի ներքին պալատը) ընդունեց օրինագիծ, որով 1915-ի ժխտումը որակւում էր քրէօրէն պատժելի արարք, իսկ ժխտողներին սպասւում էր մէկ տարի ազատազրկում եւ 45 հազար եւրօ տուգանք: Սակայն օրէնքի ուժ ստանալու համար անհրաժեշտ էր, որ Ծերակոյտը եւս վաւերացնի օրինագիծը:

Ֆրանսայում 2007թ. նախագահական ընտրութիւնների նախօրէին թեկնածուներից Նիքոլա Սարքոզին ֆրանսահայ համայնքին խոստացաւ, որ ընտրուելու դէպքում օրինագծի վաւերացման ուղղութեամբ քայլեր կը ձեռնարկի, սակայն նախագահ ընտրուելուց կարճ ժամանակ անց խորհրդապահական կերպով Անգարա գործուղեց Էլիզէեան պալատի դիւանագիտական խորհրդատու Ժան-Տաւիտ Լեւիթին` թուրքական իշխանութիւններին վստահեցնելով, որ ինքը մտադիր է անել ամէն ինչ, որպէսզի հայկական օրինագիծը Ծերակոյտում «թաղուի»: Այս մասին յայտնի դարձաւ աւելի ուշ, երբ Ուիքիլիքս կայքը հրապարակեց գաղտնի փաստաթղթեր:

Ֆրանսայի Ծերակոյտը 2011 թ. մայիսի 4-ին հնարաւորութիւն ունէր քրէականացնել օրինագիծը, սակայն քուէարկութիւնից առաջ Ծերակոյտի սահմանադրական յանձնաժողովը առաջարկեց այն հանել քուէարկութիւնից, ինչը եւ արուեց: Օրինագծի ընդունմանը դէմ քուէարկողները բերում էին հիմնական երկու պատճառ. առաջին` այն կը խոչընդոտի Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորմանը, երկրորդ` սա պատմաբանների քննարկելիք հարց է:

Սարքոզին, ով քուէարկութիւնից առաջ ֆրանսահայերին խոստացել էր չխոչընդոտել օրինագծի քուէարկութեանը, ամիսներ անց` 2011թ. հոկտեմբերի 7-ին, Երեւանում յայտարարեց, որ եթէ Թուրքիան շարունակի ժխտել ցեղասպանութիւնը, ապա Ֆրանսան կը ցանկանայ քրէական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանութեան ժխտման համար: Ի պատասխան, Էրտողանը Սարքոզիին խորհուրդ տուեց մտածել գալիք սերունդների, այլ ոչ Ֆրանսայի գալիք ընտրութիւնների մասին:

Այո, որքան էլ հայ ժողովրդի համար Հայոց ցեղասպանութեան թեման զգայացունց է, պէտք է ընդունել, որ 1915-ի հայ ժողովրդի ողբերգութիւնը դարձել է խոշոր երկրների միջեւ հաշիւներ պարզելու միջոց: Միւս կողմից, դա բնական է, քանի որ Հայոց ցեղասպանութիւնը նաեւ ու նախ եւ առաջ քաղաքական հարց է, իսկ քաղաքականութիւն նշանակում է նաեւ շահարկում:

Հետեւաբար մենք չգիտենք, թէ Էլիզէեան պալատը, որը Ծերակոյտի վրայ ճնշելու բազմաթիւ լծակներն ունի, ի՛նչ որոշում է կայացրել: Եթէ հաւատանք Սարքոզիի` Երեւանում հոկտեմբերին հնչեցրած հրապարակային խօսքերին, ապա դեկտեմբերի 22-ի քուէարկութիւնը թուրքերին լաւատեսութեան տեղ չի թողնում: Նաեւ պիտի հաշուի առնել այն ճնշումներն ու սպառնալիքները, որ հնչեցնում է Անգարան: Բայց կարեւորը Ֆրանսան է, որը եթէ ցանկութիւն ունենայ եւ, աւելի՛ն, այս պահին նրա շահերից բխի, ապա դեկտեմբերի 22-ին օրինագիծը կ՛ընդունուի:

Անկախ քուէարկութեան արդիւնքներից, պէտք է ընդունենք, որ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող պետութիւնների շարքում ամէնից առաջ գնացել է հէնց Ֆրանսան:

Ֆրանսայի Ազգային ժողովը Հայոց ցեղասպանութեան մասին քննարկումներ անցկացրել է սկսած 1990-ական թթ. կէսերից: 1994թ. օգոստոսին Ֆրանսայի արտաքին գործերի նախարարի մասնակցութեամբ խորհրդարանական լսումների ընթացքում ճանաչման ջատագովներից Փաթրիք Լապոնը,  ակնարկելով Հայոց ցեղասպանութեան 80-ամեակին, յայտարարեց. «Մարդկութեան դէմ այս զազրելի յանցանքը, քսաներորդ դարում այս առաջին ցեղասպանութիւնը դեռեւս շարունակում է անպատիժ մնալ: Հակառակը, Թուրքիայում յուշարձաններ են կառուցւում եւ փողոցներ մկրտւում թուրքական Հիթլերի` Թալէաթ փաշայի անունով»:

1998թ. մայիսի 29-ին Հայոց ցեղասպանութիւնը քուէարկութեամբ ճանաչեց Ֆրանսայի Ազգային ժողովը: Օրինագիծը մէկ նախադասութիւն էր. «Ֆրանսան հրապարակաւ ճանաչում է 1915թ. Հայոց ցեղասպանութիւնը»:

2001թ. յունուարի 29-ին Ֆրանսան Հայոց ցեղասպանութիւնը ճանաչեց օրէնքի մակարդակով, երբ նախագահ Ժաք Շիրաքը ստորագրեց Ազգային ժողովի եւ Ծերակոյտի` 1915թ. Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող աւելի վաղ ընդունած բանաձեւը: Այսպիսով, խորհրդարանական բանաձեւը վերածուեց Ֆրանսայի օրէնքի, ինչը նշանակում է, որ ոչ ոք այլեւս չի կարող ժխտել պատմական այդ իրողութիւնը երկրի տարածքում: Այդ օրէնքի առկայութիւնը արդէն ճանապարհ էր բացում մէկ այլ օրէնքի համար, որը Հայոց ցեղասպանութեան փաստի ժխտումը կը պատժէր քրէօրէն:

Անգարան, ինչպէս այլ երկրների դէպքում, դատապարտեց Ֆրանսայի այս քայլը, Փարիզից յետ կանչեց իր դեսպանին: Մի շարք թուրք-ֆրանսական տնտեսական եւ ռազմական գործարքներ չեղեալ յայտարարուեցին: Ֆրանսան Թուրքիայում խոշոր ներդրողներից է եւ նրան զէնք վաճառող գլխաւոր երկրներից:

Այսօր էլ թուրքերը ջանք չեն խնայում` ֆրանսացիներին համոզելու, որպէսզի նրանք օրինագիծը չընդունեն: Արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուն Անգարայում Եւրոպական Միութեան դեսպանների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ այդ օրինագծի ընդունումը կը վնասի թուրք-ֆրանսական մերձեցմանը:

Թուրքիան սպառնում է Փարիզից յետ կանչել իր դեսպանին, եթէ օրինագիծը ընդունուի: «Պաշտօնական Անգարան դա կը դիտարկի որպէս թշնամական քայլ Ֆրանսայի իշխանութիւնների կողմից եւ կը սառեցնի Ֆրանսայի կառավարութեան հետ համագործակցութիւնն ու  բոլոր համատեղ ծրագրերը», ասել է Ֆրանսայում Թուրքիայի դեսպանը:

Երկուշաբթի Փարիզ կը մեկնի Թուրքիայի խորհրդարանի պատուիրակութիւնը եւ կը փորձի ֆրանսացի օրէնսդիրներին բացատրել, թէ ի՛նչ վնաս կարող է հասցնել օրինագծի ընդունումը թուրք-ֆրանսական յարաբերութիւններին:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES