«ՀԱՅԱՍՏԱՆ-2011. ԱՌԱՆՑ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻ» – ՍԻՎԻԼԻԹԱՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՏԱՐԵԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԶԵԿՈՅՑԸ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

«Հայաստան-2011. առանց պատրանքների». այսպիսի խորագիր ունի Երեւանում գործող «Սիվիլիթաս» հիմնադրամի տարեկան թուով չորրորդ զեկոյցը, որը դեկտեմբերի 28-ին ներկայացուեց հայ հանրութեանը երկու լեզուներով` հայերէն եւ անգլերէն: Զեկոյցի հետ ներկայացուեց նաեւ «Հայաստան եւ հարեւաններ. 20 տարի թուերով» գրքոյկը, որում ներկայացուած վիճակագրական տուեալներով հնարաւոր է պատկերացում կազմել Հայաստանի, Վրաստանի եւ Ազրպէյճանի զարգացման միտումների մասին:

«Սիվիլիթաս» հիմնադրամի (հիմնադիր`  Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեան, տնօրէն` Սալբի Ղազարեան) ինչպէս նախկին երեք, այնպէս էլ տարեկան չորրորդ զեկոյցը կազմուած է երեք հիմնական մասերից` Հայաստանի արտաքին քաղաքականութիւն, ներքին իրավիճակ եւ տնտեսութիւն: Ի տարբերութիւն Հայաստանի մասին կազմուող այլ զեկոյցների, որոնք գրւում են դրսում` տարբեր միջազգային կազմակերպութիւնների կողմից, իսկ դրանց հեղինակները օտարներ են, «Սիվիլիթաս»-ի զեկոյցները գրւում են Հայաստանում, հեղինակները հայ փորձագէտներ, տնտեսագէտներ ու քաղաքագէտներ են: Այսպիսով, «Սիվիլիթաս»-ի զեկոյցները Հայաստանի մասին հայեացք են ներսից: Բացի այդ, այդ զեկոյցներում ոչ միայն ներկայացւում են անցնող տարուայ իրադարձութիւնները, այլ նաեւ արւում են կանխատեսումներ յաջորդ տարուայ համար եւ առաջարկւում են լուծման տարբերակներ:

Տարածաշրջանային կտրուածքով` «Սիվիլիթաս»-ի փորձագէտները կանխատեսում են, որ 2012 թուականին հայ-թուրքական յարաբերութիւններում առաջընթացի չի լինի, քանի որ Անգարան շարունակում է առաջ քաշել երեք նախապայմաններ: Փորձագէտները կարծում են, որ հայ-թուրքական յարաբերութիւնների լճացած իրավիճակը աշխատում է Թուրքիայի օգտին: «2012 թ. առաջին ամիսների ընթացքում Հայաստանը պէտք է լուրջ քայլերի դիմի եւ փորձի Թուրքիային վերադարձնել գործընթացի նախկին հուն: Դրա ամենաարդիւնաւէտ ճանապարհը հայ-թուրքական արձանագրութիւնների հետ կապուած որոշակի քայլերի դիմելն է, ընդհուպ դրանց յետկանչը խորհրդարանից», առաջարկում են փորձագէտները:

Լեռնային Ղարաբաղի բանակցային փաստաթութը անորոշ վիճակում է: Մինչ Ազրպէյճանը շարունակում է աղաւաղել այդ փաստաթուղթը, Հայաստանը պէտք է փորձի յստակութիւն մտցնել եւ շեշտադրել ու ամրագրել հանրաքուէի անցկացման գաղափարը: «Ղարաբաղա-ազրպէյճանական շփման գծի երկայնքով լարուածութիւնը կը պահպանուի` հրադադարի խախտումներով եւ դիպուկահարների աշխուժ գործողութիւններով: Ազրպէյճանը շարունակելու է անտեսել ԵԱՀԿ-ի` շփման գծի առաջապահ դիրքերից դիպուկահարներին յետ քաշելու յորդորները: Շփման գծի երկայնքով լարուածութիւնը, սակայն ռազմական լայնածաւալ գործողութիւնների չի տանի», ասւում է զեկոյցում:

Զեկոյցի երկրորդ բաժնում, որը կրում է «Գարնան ակնկալիքով» խորագիրը, ասւում է, որ 2011 թ. դեկտեմբերին Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրութիւնները, որոնք խիստ քննադատութեան արժանացան Արեւմուտքում եւ նաեւ երկրի ներսում, կարեւոր էին Հայաստանի համար: 2012 թ. մայիսին խորհրդարանական ընտրութիւններ են տեղի ունենալու նաեւ Հայաստանում: «Սիվիլիթաս»-ի  փորձագէտները կանխատեսում են, որ իշխող Հանրապետական կուսակցութիւնը նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ շարունակելու է ճնշումներ բանեցնել քոալիսիոն գործընկեր Բարգաւաճ Հայաստանի (ղեկավար` Գագիկ Ծառուկեան) նկատմամբ, որպէսզի քոալիսիոն կուսակցութիւնները ընտրութիւններին մասնակցեն միասնական ցուցակով: «Եթէ Բարգաւաճ Հայաստանը ստիպուած լինի ընդունել իշխանութիւնների խաղի կանոնները, ապա ընտրութիւններում Հանրապետական-Բարգաւաճ- Օրինաց երկիր (ղեկավար` Արթուր Բաղդասարեան) կուսակցութիւնների եռեակը կ՛ապահովի ձայների մեծամասնութիւնը եւ հերթական անգամ Հայաստանը կ՛ունենայ խորհրդարան, որը կը լինի կառավարութեան կամակատարը եւ ոչ հակակշիռը»:

Փորձագէտները կանխատեսում են, որ ընդդիմութեան դաշտում դաշինքները քիչ հաւանական են: Երեք հիմնական ընդդիմադիր ուժերից երկուսը` Հայ ազգային քոնկրեսը (ղեկավար` Լեւոն Տէր Պետրոսեան) եւ ՀՅԴ-ն (Հայաստանի ներկայացուցիչ` Արմէն Ռուստամեան), ամենայն հաւանականութեամբ առանձին կը մասնակցեն ընտրութիւններին, իսկ Ժառանգութիւնը (ղեկավար` Րաֆֆի Յովհաննիսեան) հնարաւոր է մասնակցի Հայ ազգային քոնկրեսից անջատուած ամենամեծ եւ  ազատական հատուածի` նորաստեղծ Ազատ դեմոկրատներ կուսակցութեան հետ:

Հայաստանի տնտեսութեան համար 2012 թուականը հեշտ տարի չի լինելու, քանի որ դժուար տարի է սպասւում  համաշխարհային տնտեսութեան համար: «Եթէ միջազգային կառոյցների կանխատեսումները ճիշդ դուրս գան, եւ համաշխարհային տնտեսական աճը սկսի դանդաղել, Հայաստանը կը յայտնուի դժուարին իրավիճակում, քանի որ մաքրոտնտեսական ցուցանիշներով Հայաստանը այժմ շատ աւելի թոյլ դիրքերում է, քան` 2008 թ. ճգնաժամի նախօրէին: Հայաստանի պետական պարտքը էականօրէն աւելացել է, բնակչութեան գնողունակութիւնը` նուազել, իսկ օտարերկրեայ ուղղակի ներդրումները կրճատուել են», ասւում է զեկոյցում:

«Սիվիլիթաս»-ի փորձագէտները կասկածում են, թէ Հայաստանի կառավարութեանը կը կարողանայ 2012-ին ապահովել 4 տոկոս տնտեսական աճ, ինչպէս խոստացել է:

Յատուկ «Ազդակ»-ի համար   

Share this Article
CATEGORIES