ՆԱՒԱՍԱՐԴ ԼԵՐԱՆ ԼԱՆՋԻՆ («ՏԻԳՐԱՆ ԱՐՔԱՅԻ ՄՈՒՏՔԸ ՄՈՒՍԱՆԵՐԻ ԼԵՐԱՆ ՇԷՆ» ՀԱՏՈՐԻՑ ԿՐՃԱՏՈՒԱԾ ՄԻ ՀԱՏՈՒԱԾ)

ՊՕՂՈՍ ԼԱԳԻՍԵԱՆ

Իրենց աշխարհի լեռների քարայծների մորթուց պատած թմբուկներն էին որոտում, փողեր հնչում, հարիւր-հարիւր մարդիկ իրենց մանչերի հետ հայոց արքային էին դիմաւորում: Թմբուկի յաղթ զարկերի որոտից արքայի, Վարդանի, Բագարատի նժոյգներն էին երկու ոտքերը վեր բարձրացրած` բարեւի կանգնել: Շէնի մարդիկ խոնարհելով արքայի, Վարդանի ու Բագարատի առաջ` բարձր կանչել էին.

– Փա՜ռք արմէնների աշխարհի արքաների արքայ Տիգրանին:

Թմբուկների խրոխտ զարկերով արքային ու նրան ուղեկցողներին առաջնորդել էին լերան լանջ: Տների դիմացի ճանապարհի եզրի ձիթենիների, թզենիների հովանու տակ եղէգից հիւսուած աթոռներ ու սեղաններ էին: Պարոյրը, Տիգրան արքային, ծովակալ Վարդանին, փոխարքայ Բագարատին հրաւիրել էր նրանց համար պատրաստուած սեղանին: Այդ եւ միւս սեղանների վրայ շէնի լանջի դարաւանդներին հասունացած խաղող, տանձ, խնձոր, դեղձ, թուզ, հատապտուղներ էին: Միհր արեւ աստծոյ ծիածանն էր իջել սեղաններին, հրաբխահար արիւնոտ խաղողն էր հրավառւում: Կանչել էին արքայի հետ եկած Անտիոքի արմէններին բազմել սեղաններին: Արքան նայել էր սեղաններին, ժպտացել.

– Միհրի լոյսն էք փռել սեղաններին,- մեղմիկ խօսել էր:

Դիմացի արտի խոզանի բացատն էր հարթեցուած ու յարդախառն ցեխով ծեփուած, եղէգից պատրաստուած աթոռներ, սեղաններ, ցորեանի ցողուններից հիւսուած խսիրներ էին փռուած: Թմբկահարներն էին ելել բացատ, Նաւասարդին նուիրուած պարի եղանակներ էին զարկել: Հայոց Սասուն աշխարհի շէներում, ասում են, հիմա էլ նման զարկերով թմբուկ է որոտում: Այն յուշն է իրենց հեթանոս աշխարհի Նաւասարդեան տօնախմբութիւնների: Շէնի այրերը, հարսերը, իրար թեւանցուկ առած, բացատ էին ելել, կարծես իրենց աշխարհի  մեհեանները, իրենց աստուածներին գրկած` Նաւասարդեան շուրջպար էին բռնել: Այդ շուրջպարերը հազար-հազար տարիներ յետոյ էլ յարատեւում են հայոց աշխարհում: Տեսե՞լ էք արդեօք Խոսրով թագաւորի անտառի դիմացի բարձունքին յառնած Միհր աստուծոյ տաճարի առաջ հեթանոսացած արմէնների Վահագնի ծնունդին նուիրուած շուրջպարերը: Եւ յանկարծ, մանչ Տիգրանը վազել էր շուրջպարի կեդրոն, կարմիր թաշկինակը վեր պարզած` պար էր նմանակել: Բոլորը ապշած նայել էին, նրա հոգուց պայթել իր նախնիների աստուածների ոգու կրակը:

– Տիգրա՛ն արքայ, իրենց մանչերը լանջերին սեղմած շէնքի նորահարսերն են,- ձեռքը դէպի նրանց երկարելով ասել էր Պարոյրը:- Այս տները պատելուց, շէնի կրակարաններից դէպի իրենց աստուածների տիեզերական տաճարներ իրենց լինելիութեան պատգամը յղելուց, արտերի հողը հերկելուց, այդ ձորերի կողերին դարաւանդներ արարելուց, ցորեանի առաջին բերքը հաւաքելուց յետոյ… մայրացել են շէնի պարմանուհիները: Նրանք իրենց մանչերն բերել, որ քու եւ քու նախնի մեծերի քաջութեան արարումների ոգու կրակը հոսես նրանց սրտիկներին, քու ափերով քաղած արեւ աստուած Միհրի լոյսով ցօղես դէմքերը նրանց, իւրաքանչիւրին պարգեւես քու եւ արմէն նախնիների անուններ` Հայկ, Արա, Արամ, Արամէ, Արմայիս, Արամանեակ, Արաստ, Արմինակ, Տիգրան, Արտաշէս, Սաթենիկ, Արտաւազդ, Տիրան, Երուանդ, Արթվարդ, ու հայոց աստուածների անուններ` Արա, Արամազդ, Վահագն, Անահիտ, Աստղիկ, Նանէ, Ծովինար, Միհր, Վանատուր, Գիսանէ, Տիր, Արեգ, Հրանդ, Վարագ:

Տիգրան արքան փողերի անուշ հնչիւնների, թմբուկի մեղմ զարկերի ուղեկցութեամբ, գիրկն էր առել իւրաքանչիւր մանչի, արմենական անուն շնորհել, Միհր աստուծոյ արեւի ճառագայթների քաղած լոյսով օծել դէմքերը նրանց:

Անտիոքի արմէնները հաց, պտուղ, խորոված միս, գինիի ու գարիի ջուրի փարչեր, շէնի հարսերը, իրենց արտերի ցորենի հացը, լերան կաղնու անտառներում որսացած վարազների խորոված միսը փռել էին սեղաններին: Նաւասարդ էր, իրենց խոնջանքի երախայրիքն էին նուիրում իրենց բարեպաշտ աստուածներին` փառաբանելու իրենց դիցամայր Անահիտի մայրութիւնը, գովերգելու Հայկ Նահապետի ազատութեան կռուի յաղթանակը: Հայոց աշխարհի լեռների յուշը իրենց սրտերում` խրախճանալու էին այնպէս, ինչպէս `իրենց աստուածների մեհեանների առաջ կատարած տօնախմբութիւնների ատեն:

Միջօրէ, Միհր արեւ աստուածն էր կանգնել լերան լանջի շէնի կապոյտ երկնակամար, լոյս, լուսեղէն ժպիտ ցանում: Տիգրան արքան էր բացատի կեդրոն.

– Նաւասարդ է այսօր, կանչել էր արքան, լոյս երկնած Միհր աստուածն է բազմել լերան լանջի երկնակամար, կրակալոյս հոսում, ձորի կողերի դարաւանդներին հազար գոյնի ծիածան կապել:

– Նաւասարդ, արմէնների տարիի առաջին օրն է այսօր: Երկու հազար հինգ հարիւր քառասուն տարիներ առաջ, արմէնների Նահապետ Հայկը ազատութեան կռուի էր տարել իր քաջերին: Նրանք կռուի էին ելել ոչ թէ մահուան գնալու, այլ` մահ սփռելու իրենց երկիր եկած թշնամու շարքերին: Նահապետն արմէնների շատ հեռուից նետահարել էր իրենց ստրկացնելու եկած թշնամու թագաւորին: Ամէն տարուայ այս օրը իրենց աստուածների մեհեանների հրապարակներում արմէնները իրենց նահապետի յաղթանակն են տօնախմբում, փառաբանում իրենց մարդացած աստուածներին: Գուսաններն էին երգել խորհուրդը նրանց: Այս լերան լանջի շէնի արտի բացատում ձեզ հետ միասին այսօր Նաւասարդ ենք տօնախմբելու:

– Քաջե՛ր, արմէնների լեռնաշխարհի երկնակամար եկած Հայկ Նահապետի աստղաբոյլի բոցավառ աստղի լոյսը սրտերում, իրենց զէնքով հասան ծովեր, ծովերից այն կողմը աշխարհներ, հասան այս լեռներ: Որտեղ որ հասաւ իմ քաջերի զէնքը, նրանք չստրկացրին աշխատանքը նրանց մարդկանց, այնտեղ տարան իմաստնութիւնը իրենց աշխարհի արարումների, հայոց մտքի լոյսի ջահերը վառեցին շատ, շատ հեռուներ, պաշտպանական կառոյցներ պատեցին: Ինքնակառավարման իրաւունք շնորհեցին նրանց մարդկանց քաղաքներին: Ճանապարհներ շինեցին, որ տարբեր ազգերի ժողովուրդներ իրենց արարումները տանեն` վաճառեն, փոխանակեն, հաղորդակից լինեն իրարու իմաստուն գործերին: Քաջերն այդ զէնքով գնացին աշխարհներ, որ արմէնների արարչութեան ոգին հոսէր հեռուներ:

– Հայացել է լերան լանջն այս, հայացել են այս ձորերի կողերը, այնտեղ է հասել հայոց աշխարհի լեռների գագաթներից ժայթքած կրակ խաղող, պտուղներ, իրենց աստուածների երկնի աստղերի բոցերից հրդեհուած ծիրանենի: Տիեզերքի տաճարների հանդերից աստուածների Արմինա երկրի բերած ցորենն է այս արտերում: Բարձր գագաթներով լեռ է ձեր թիկունքին: Փարած մնացէք այս լեռներին, վտանգի ժամանակ բարձրացէ՛ք նրանց գագաթներ: Լեռն ի վեր բարձրացող թշնամու վրայ ժայռեր նետէ՛ք, տեսէ՜ք, նրանք ինչպէ՜ս են փախչելու:

– Ծովի կապոյտն է ձեր առաջ փռուել, նոր շէներ թող հասնեն նրա ջրերին: Ծովն ապահով ելք է դէպի Կիլիկիայի իմ նաւահանգիստներ, հելլէն բնակավայրեր: Ո՞վ կարող է կանխատեսել պատմութեան ընթացքը: Արօրների ու հողի մշակման գործիքների հետ նիզակ, թուր, աղեղ, կապարճներով նետեր արարէք: Զէնքին, ուժին, հրաբխածին Վահագն աստծոյն, արմէնների աստուածներին փառաբանեցէք, նրանք ձեր սրտերին քաջութեան, բարեպաշտութեան ոգի կը հոսեն: Հողին պաշտամունք նուիրեցէ՛ք, ձեր մանչերին զէնք կրել վարժեցրէ՛ք: Այս լեռները որպէս վահան պահած` կռուի ելէ՛ք թշնամու դէմ:

– Լցրէ՛ք գինու թասերը, Նաւասարդեան ողջոյն բոլորիդ, Հայկ Նահապետին յաւերժութիւն, Արամազդն ու արմէնների աստուածները զօրավիգ լինեն իմ քաջերին, արմէնների աշխարհին, նորալոյս այս շէնին: Խմէ՛ք գինի, ցնծացէ՛ք, ծիծաղէ՛ք, արբեցէ՛ք: Նաւասարդ է այսօր, հեթանոսական խրախճանքով խնդան ձեր հոգիները: Փա՜ռք հայոց աստուածներին, որ այսքան բարիք են հոսել այս լերան լանջերին:

Տիգրան արքան, Վարդանը, Բագարատը, մանչ Տիգրանը գրկին Արտեմիսը, Անտիոքի արմէնները, շէնի հայերի հետ նստել էին խսիրներին, սեղանների աթոռներին ճաշակել իրենց աստուածների պարգեւած ուտելիքը: Կարմիր գինիով լի թասերը զարկել էին իրար, խմել, արբեցել, գրկախառնուել իրար, գողթան երգեր նմանակել, իրենց Նասաւարդն էր, հեթանոս արբեցում, կեանքի արփիագեղ ըմբոշխնում:

– Հայոց արքան ողջ լերու,- կանչել էր շէնի աւագ Պարոյրը:- Շէնի արմէնները ոտքի կանգնած, գինու թասերը վեր պահած` ցանկանում են խմել Տիգրան արքայի, նրա քաջերի ողջութեանը, թող նրանց զէնքերը երբեք չպաղեն:

– Նաւասարդ է այսօր, Տիգրան արքայի նախապապ հայկազուն Արտաշէս արքայի ըղձանքն է եղել.

«Ո՛ տայր ինձ զծուխ ծխանի եւ զառաւօտն Նաւասարդի.
Զվազելն եղանց եւ զվազելն եղջերուաց,
Մեք փող հարուաք եւ թմբկի հարկանեաք,
Որպէս օրէն թագաւորաց»:

– Հայոց աշխարհի անուշ շէների ըղձանքը, պայթած աղբիւրների ջրերի խոխոջիւնը, լերան լանջերի անտառների դողի հեշտանքը, հայրենի հողի կարօտի ոգու սարսուռը մեր սրտերում: Տիգրան արքայի զօրքի հետ հասել ենք այստեղ` հայու արարման իմաստնութեամբ հոսելու այս կողմն աշխարհի: Հայկեան ոգու արարչագործ իմաստութեամբ հայացրել ենք այս լեռները, հողը նրա:

– Տիգրան արքան աշխարհի այս կողմի հելլէների աւանդապատումի յուշը պանծացնելու համար փոխարքայ Բագարատին թելադրել է Անտիոքի մատեանում լեռն այս անուանել այնպէս, ինչպէս իրենք էին կոչել` «Մուսաների պաշտամունքի լեռ» եւ այս շէնը` «Մուսաների լերան շէն»: Հոգ չէ անունը, լեռն այս, նրա լանջի շէնն այս «արմէն-հայ» է, այն դարերին կը գնայ, պատմութիւն կը դառնայ: Եւ ո՜վ իմանայ… նրա սխրանքները հայոց զէնքին ինչքա՜ն փառք կը բերեն: Ըմպում ենք աստուածների խմիչք արիւնոտ գինի, Տիգրան արքային յաղթական ճակատամարտեր, հայոց աստուածները անսասան պահեն արմէնների աշխարհի գահը, արքայի հայկազունեան թագին արեւի անմար շողեր, լոյսի կրակ շեղջեր:

– Ծովակալ Վարդանը ողջ լերու, լերան լանջի շէնի արմէն-հայեր, Անտիոքի արմէններ, արիւնոտ գինիով լիքը թասերը դէպի Միհր արեւ աստուած բարձրացած` խմենք նրա ողջութեանը, նրա նաւերը անխորտակ մնան, մշտապէս տիրեն այս ծովին: Հայկեան Նաւասարդի խնդութեամբ արբեցած արմէններ, վազէ՛ք դէպի ծովակալը, թասերը զարկէ՛ք նրա թասին, գինու ծով թող հոսի նրա առաջ: Հարսեր, որպէս Նաւասարդեան ջրախաղ, թասերով ջուր ցանէ՛ք ծովակալի վրայ:

– Ողջո՜յն Անտիոքի փոխարքայ` զօրավար Բագարատին, հայոց անուշ հարս Արտեմիսին, մանչ Տիգրանին, ողջ լերուք: Հելլէնները, արմէնները հիացած են Անտիոքը կառավարելու ձեր հմտութեամբ: Արմէնների արարման իմաստութիւնն էք բերել Անտիոք: Առաւել բարգաւաճել է քաղաքը: Արտեմիս քնքուշ հարս, քու Տիգրան մանչը արժանաւոր լինի հայոց արքայի անուանը, արմէնների զօրքի ջոկատներ մարտի առաջնորդի: Գինով լի ձեր թասերը զարկէ՛ք Բագարատի ու Արտեմիսի թասերին, գրկեցէ՛ք մանչ Տիգրանին, բարձրացրէ՛ք դէպի արեւ աստուած Միհր, դէպի հայոց Նահապետ Հայկի աստղերի բոյլ, Նաւասարդեան հրայրք նրա սրտիկին:

Բացատն էր բացուել, ալեհեր արմէն-հայի առաջնորդութեամբ մի խումբ պարմաններ արքայի առաջ կանգնած` գողթան երգիչների նաւասարդեան երգեր են հնչեցրել: Արքան էր ոտքի, ակներից հրճուանքի լոյս հոսող դէմքով հետեւել նրանց երգին:

– Թմբկահար, զա՛րկ թմբուկը` ի պատիւ Հայկ Նահապետի յաղթանակի, զա՛րկ թմբուկը, որ արքայի քաջերի զէնքերը ամրանան, զա՛րկ թմբուկը, որ հայոց աստուածների յաւերժութիւն լինի, զա՛րկ թմբուկը, որ արքայի զարմին անմահութիւն լինի, նրա թագին` Միհրի արեւալոյսի մշտավառ շողեր:

Բացատ էր մտել թմբկահարը, որոտում էր թմբուկը, արբեցած արմէնները, կարծես լերան գագաթները գրկած. շուրջպար էին բռնել:

Արմէնների բոլոր շուրջպարերը հեթանոս աստուածներ տիեզերական ոգու քնքշանքը, նրանց պաշտամունքի ոգեղէն խորհուրդն են երկնում: Շուրջպարի երկու թեւերին Վարդան ծովակալը ու փոխարքայ Բագարատն էին, Ատեմիսն էր նրանց առաջ պարի ելել: Եթէ տեսնէիք նրա նազանքը, Մուսաներ քոյրերի նման կարծէք սահում էր լերան լանջերին, գնում նրա կարմիր գագաթ` կրակ քաղելու: Եւ յանկարծ Նաւասարդով, Նաւասարդեան գինով արբեցած արքան բացատ էր իջել: Միհր արեւ աստուածն էր նրա ծիրանի պարեգօտից հազար գոյներ քաղած` հոսում պարողների վրայ: Պարի շարքերը սեղմուել էին արքայի շուրջ: Եւ նրան որպէս մեհեան վեր պահած, խելայեղ պար էին եկել, զէնքով աշխարհներ անցած խենթացած արմէններ:

«Բացէ՛ք բացատը», կանչել էր թմբկահարը: Քաջերի թմբուկ էր զարկում: Երկու կողմերից պարմաններ, մերկ սուրերը վեր պահած, պարի խրոխտ շարժումներով, մօտեցել էին իրարու, զարկել սուրերը: Կայծեր էին ժայթքել, վախեցած մանչեր կպել էին մայրերի հագուստներին: Ետ էին ընկրկել, շարունակել պարել եւ նորէն, նորէն սուսերների ճարճատիւն, կայծեր էին թռչում, բարձրանում երկինք աստղերին զարնուելու: Արմէններն էին իրենց կանչերով խրախուսում նրանց: Արքան էր հրճուալից նայել նրանց զէնքերի վարժ շարժումներին, սրերի յանդուգն բախումներին, նրանց մենամարտ պարին:

Անտիոքի ու հայոց շէնի պարմանուհիներն էին բացատ, փողահարներն էին մեղմ, անուշ նուագ հնչեցնում: Արտեմիսն էր մտել այնտեղ: Պարում էին նազանի ջրահարսերի ելեւէջներով, ծովի ալիքների նման փրփրում, հովիկներին յենած թռչում դէպի լերան լանջեր, արեւի ճառագայթներ քաղում, հոսում արքայի ծիրանի պարեգօտին, ձիւնոտ ափերը վերեւ պահած` Միհրի լոյսը բուռ` բուռ նետում հայերի շէնին: Մարել էին հնչիւնները նուագարանների, քանդուել էին շուրջպարի շարքերը, շանթուած սրտերով պարմանները վազել խելագար, գրկել նրանց, Նաւասարդեան խոյանքի հրճուանք էր:

Նաւասարդի հրավառութեամբ արբեցած արմէններ կաւէ սափորներով ջուր էին ցանում իրար վրայ, ջրում, ջրւում, ջուր ցանում արքայի ծիրանի պարեգօտին: Մանչ Տիգրանն էր ջուր ցանում Արտեմիսի ու Բագարատի վրայ: Ջրուած արմէն այրեր ու տիկնայք գրկում էին իրար, պինդ փաթաթւում: Պարմանները վազում պարմանուհիների վարսերից, իրաններից հոսած անուշ ջուրը ըմպում, սքանչանում, արբենում կեանքի հեթանոսական վայելքով: Նաւասարդ էր, իրենց նահապետի յաղթանակ տօնահանդէսը:

– Նաւասարդեան խաղեր թող լինեն,- կանչել էր Տիգրան արքան:- Անտիոքի արմէնների եւ լերան շէնի կտրիճ, առոյգ տղաներ թող բացատ ելլեն: Ծովակալ Վարդանը թող վարի հայոց նախնիների Նաւասարդեան մարտական խաղերը, որոշի յաղթողին:

Ծովակալ Վարդանն էր կանգնել բացատ, առաջարկել Անտիոքի արմէններին ու շէնի հայերին իրենց քաջերին բացատ առաջնորդել: Ջերմ բացագանչութիւններով ողջունել էին իրար: Բացատի բոլորակ էին ելել գօտեմարտի առաջին զոյգի մասնակիցները: Կիսամերկ երկու կտրիճ տղաներ կանգնել էին իրարու դիմաց, ողջագուրուել, պինդ գրկել իրար, երդուել նախնիների սահմանած կարգով գօտեմարտել: Լեռնականներն էին գոչել` յաղթանակը կտրիճին է վայել:

Վարդանը ձեռքը առաջ պարզելով` ազդարարել էր սկսել մարտը: Կտրիճները խոյացել էին իրարու վրայ, հնարքներ փնտռել գրկելու հակառակորդի իրանը: Վերջապէս բռնուել էին, տապալել էին իրար` առանց կարողանալու հակառակորդի իրանը սեղմած պահել գետնին: Կողմերի երկրպագուներն էին բարձր կանչերով ոգեւորում իրենց քաջին: Բացատի շարքերից երկու պարմանուհիներ էին առաջ եկել, իրենց ակների շանթերով ուժ հոսել նրանց բազուկներին: Եւ լերան շէնի կտրիճի սրտին իրենց Անգեղաց տան Տորքի ուժի հրայրքն էր պայթել, զգետնած հակառակորդի կռնակն էր հողին սեղմած պահել: Ծովակալն էր երկու ձեռքերը վեր բարձրացրած` յաղթանակ շնորհել նրան:

Նաւասարդեան տօնախմբութեան հրայրքից պայթած ոգու, հայոց աշխարհից բերած տնկիների խաղողից քամուած գինու կրակից վառուած պարմանուհին, գգուելու, տենչալու, համբոյր շաղելու հեթանոսական տենչանքով վազել էր դէպի յաղթող քաջը, գրկել նրան: Մի կարճիկ պահ յետոյ վազել էին դէպի դարաւանդներ` վայելելու իրենց աստուածների պարգեւած հեթանոսական հեշտանքը, արգասաւորութիւնը նուիրաբերելու իր քաջին:

Ծովակալը հրամայել էր բացատից հինգ հարիւր ոտնաչափ հեռաւորութեան քարին գինով լիքը թաս դնել: Երկու հազար տարիներ առաջ իրենց Նահապետ Հայկն էր հինգ հարիւր ոտնաչափ հեռաւորութիւնից նետով խոցել իր երկիր եկած բռնակալի լանջը: Եւ հազար-հազար տարիներ իրենց

ազգապետ նահապետի սխրանքը փոխանցուել է սերունդներին: Հայերը հարիւր-հարիւր դարեր այդ ասքը տանում են իրենց յաւերժութեան ճանապարհներով: Չէ՛, ոչ ոք պիտի կարողանայ մարել այս արիական ցեղի ոգու ճրագալոյսը: Այրեցին շէներն իրենց, փլեցին տաճարները, ողջերը հասան անապատներ: Այդ ողջ մնացածներ դարձեալ արմենական հանճարի լոյսը ճառագեցին աշխարհներ, եւ դարձեալ ծիծաղեցին աշխարհին: Եւ հիմա թշնամին հազար դռներ զարկած` սպառնում է, աղաչում է իրենց մարդ սպաննող չյայտարարել: Նրանց ասում են` դո՛ւք մարդ էք սպաննել, այդ յանցանք է մարդկութեան հանդէպ:

Վարդանն էր գիծ արել հողի եզրին, հրաւիրել առաջին նետաձիգին: Յաղթ տղան մի պահ ուժ էր հաւաքել, իրեն ձգել աղեղի լարը, պահել պինդ, նշան բռնել, ապա թողել այն: Նետն էր սուրալով թռել… կպել քարին, կայծեր ժայթքել: Լուռ էին շէնի հայերը:

Երկրորդ տղան էր կանգնել գծի եզրին: Մի պահ նայել թասին, ապա ետ դարձած` փնտռել իր պարմանուհուն: Կանգնել էր ձգուած հասակով: Առանց բազուկը շարժելու դէպի իրեն էր քաշել աղեղի լարը, նետի ծայրն էր նշանին ուղղել, պահել աղեղը պինդ ու թողել լարը: Նետն էր արծուային թռիչքով սուրացել, փշրուել էր թաս, գինին կարմիր-կարմիր շիթերով հոսել քարին, կարծես խոցուած Բելի արիւնն էր հոսում:

Շէնն էր նորէն դողացել ծափերի որոտով, Անտիոքի արմէն կտրիճ տղան էր խոցել գինու թասը: Նաւասարդեան տօնահանդէսի խորհուրդի վայելքը ըմբոշխնած պարմանուհին, գրկել էր յաղթանական քաջին, աղեղը կախել վզից, փարուել նրան, ո՜վ պիտի կարողանար մարել նրանց հեթանոսական հեշտանքի վայելքի դողը: Եւ նրանք էլ վազել էին դէպի դարաւանդներ: Նաւասարդ էր, կարգն էր այդպէս:

Շարունակուել էին Նաւասարդեան տարբեր խաղերի մրցամարտերը` կռփամարտ, մուրճի նետում, սուսերամարտ, վազք, սկաւառակի նետում, ձիավարութիւն: Հայոց աշխարհում քաջերին էր վայել ձիերին զինակիր բազմած` մարտի գնալ: Հայոց այրուձին` բազում յաղթանակներ էր պարգեւել հայոց աշխարհին: Հայոց լեռնաշխարհի նրբիրան նժոյգներին հարաւ էին տարել, որոնց հետագային «Արաբական ձի» պիտի կոչէին:

– Այս լերան շէնի հայեր,- բացագանչել էր արքան,- այսօր ինձ ու ծովակալ Վարդանին Նաւասարդեան տօնահանդէսի ու բազում խաղերի խրախճանքը պարգեւեցիք: Իմ զօրքի քաջերի հետ մարտերի եմ գնում,

շրջագայում հպատակեցրած երկրներ, մարտիկներին զինավարժութիւնների տանում, քաղաքացիական, ռազմական հետախուզութիւններին հետեւում, գնում իմ նուաճումների հանդէպ ոտնձգութիւններ կատարողներին «խելքի բերելու»: Երկար տարիներ Նաւասարդեան տօնախմբութիւններին չէի մասնակցել, հայոց աստուածներին փառաբանելու թասերով գինի չէի ըմպել, արբեցած չէի շուրջպարի հեշտանքով:

– Ինչքա՜ն եմ հրճուել այսօր, որ այս լերան լանջին հայկեան լոյսի կանթեղ եմ վառել: Հայեր եմ տարել իմ նուաճած երկրներ, որ այնտեղ հասնի լոյսը հայոց Հայքերի,- նրա իմաստնութիւնը գնայ աշխարհներ, հայանան լեռներ, ծովեր, դաշտեր, գետեր, շէներ: Այդ սեւ հունով գետի ջրերից մինչեւ իմ նաւերի կառանման ծովախորշը գնան ձեր շէները: Հազար-հազար տարիներ այս լերան լանջերով բարձրանան այս կողմն աշխարհի հայոց շէների կրակարանների ծուխի սիւները դէպի Վահագն աստծոյ տաճար: Արեւ աստուած Միհրն է յոգնել երթից, գնում ծովի ջրերին բազմելու: Ժամանակն է ետ դարձի:

– Տիգրան արքայ,- միջամտել էր Պարոյրը,- շէնի մարդիկ ցանկանում են Անտիոք վերադառնալու ձեր ճանապարհին բարձրանայիք մօտիկ ձորի կողերին իրենց ստեղծած դարաւանդների մրգաստաններ, քայլէիք նրանց հողին, տեսնէիք իրենց արարումը: Նրանց սերունդները կը պատգամեն դարերին, որ հայոց Տիգրան արքան է անցել այդտեղից: Ձեզ ուղեկցող ջոկատի մարտիկները նժոյգները կը տանեն գետի եզերք:

Մուսալեռցի խրոխտ զաւակներ, դուք, ես շառաւիղներն ենք այդ շէների հայերի: Նաւասարդով, գինիով, ծիծաղով արբեցած շէնի հայերը, երգերով ու կանչերով արքային, ծովակալին, փոխարքային, մանչի ձեռքը պահած Արտեմիսին, Անտիոքի արմէններին առաջնորդել էին դարաւանդներ: Հազար գոյնի ճարմանդներ իրենց թեւերին` ծառերն էին արեւի ճառագայթներից հուրհրում: Հայեացքները դէպի դարաւանդներ յառած` ունկնդրել էին վերեւ բարձրացող զեփիւռի քնքշաքից օրօրուող ծառերի սօսափիւնը, դիտել նրանց ոստերի դողը, այնտեղ յառնած լոյսի հրավառութեան սքանչանքը: Ո՜վ իմանար, գուցէ Անահիտ դիցուհին էր իջել դարաւանդներ, զրոյցի կանգնել մայրացած ծառերի հետ: Մեհեան չկար այնտեղ, որ նրա քուրմերը մեկնաբանէին, գուշակէին մրմունջը նրանց:

– Լերան ձորի այս դարաւանդները հրավառւում են հայոց արարման ոգու ջահերով,- բացագանչել էր Տիգրան արքան:- Ծիծաղում են դարաւանդները, հայոց լեռնաշխարհի հրաբուխների կրակալոյսն էք փռել այս լերան լանջերին, հազար-հազար դարերին տարէ՛ք այն: Հայոց արարման հրավառութեամբ այս լերան լանջերին նոր շէներ պատէք մինչեւ իմ նաւերի կառանման ծովի ափեր: Անցորդները թող ասեն, որ հայեր են այստեղ, ցեղակից հելլէների աստուծոյ Մուսա դուստրերի անունով հայացած լեռ է այն:

Արքան էր, երկար վարսերը զեփիւռի համբոյրին տուած, խրոխտ բարձրացել դարաւանդների շարքեր, կանգնել նրանց եզրերին, բարձր կանչով գովաբանել հողի արարման հրայրքի նրանց ոգին: Աշնանային հազար գոյնի երանգներով դեղձ է փրցրել, հասուն, անուշ, ծաղկաբոյր աշնանային դեղձ: Ծովակալը, փոխ արքան հիացմունքի կանչերով քայլել էին դարաւանդներով: Մանչ Տիգրանն էր փախչել Արտեմիսի ձեռքից, վազվզել դարաւանդների շարքերով, պտուղ լցրել ծոցիկը:

Լերան շէնի հայերը նրանց հետ իջել էին գետի եզերք: Նաւասարդեան խրախճանքով արբեցած Տիգրան արքան իր աշխարհի նրբիրան նժոյգին բազմած` թռել գետի միւս ափ: Իրեն էին հետեւել ծովակալ Վարդանը եւ որդին լանջին սեղմած Արտեմիսին գրկած` փոխ արքայ Բագարատը: Նաւասարդեան ոգու հրայրքով լեցուն` Անտիոքի ձիավար արմէններն էլ ճախրել էին միւս ափ: Նժոյգների թռիչքի Նաւասարդեան հանդէս էր գետի վարար ջրերի վրայ: Երկու ափերից բարձր կանչերով ողջերթ էին մաղթել իրարու:

Կլենտէյլ, 2011

Share this Article
CATEGORIES